Կրթություն

Տեսակետների բախում․ գիտության ոլորտի բարեփոխումներն ու ԳԱԱ-ի անորոշ կարգավիճակը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Այս անգամ «Ամփոփ Մեդիան» հարթակ է տրամադրում կրթության ոլորտի երիտասարդ մասնագետներին՝ Տիգրանին և Զավենին, իրենց տեսակետը հայտնելու վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած կրթությանն ու գիտությանը վերաբերող ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին։

Ընթերցելուց հետո չմոռանաք մասնակցել քվեարկությանը՝ Ձեր ձայնը տալով այն հեղինակին, ում դիրքորոշումն ավելի հոգեհարազատ կհամարեք։

[poll id=”14482″]

Բարեփոխումներ կատարելու մեծ ցանկությունն ու անցանկալի հետևանքները

Տիգրան Չանդոյան

Հետխորհրդային Հայաստանում կրթության վիճակը մխիթարական չէ, և սա մեղմ է ասված: Շարքային ուսանողից սկսած մինչև ոլորտի գերատեսչական մարմինների ղեկավարներ սա հասկանում են։

Թերևս այս հարցի կարգավորմանն էր ուղղված ԿԳՄՍ նախարարության՝ ԱԺ բերված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այսինքն, ցանկություն և քաղաքական կամք՝ բարեփոխումներ կատարելու և կրթական համակարգի վիճակը բարվոքելու, այնուամենայնիվ, կա: Այլ հարց է, թե ինչպես են այդ խնդիրների լուծումը տեսնում հանրության տարբեր շահառու խմբերը, և ինչպես է դրան արձագանքում համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչական մարմինը:

Նախագծի և ընդհանրապես բարեփոխումների շուրջ բուռն քննարկումներ առաջացան հասարակության շրջանում, երբ հայտնի դարձավ, որ նախատեսվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների «անկախացում»:

Վերոնշյալ օրենքի նախագծի հիմնավորման մեջ կան հետևյալ տողերը.

«Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտներն օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով, կայացվող որոշումներն ենթակա են վավերացման Ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից…»

Եթե փորձենք պարզ մեկնաբանել վերը շարադրվածը, ստացվում է, որ ՀՀ ԳԱԱ-ն պետք է լուծարվի։ Ուրիշ տարբերակ չի մնում, եթե վերջինիս կցված ինստիտուտները «անկախանան»՝ դուրս գալով Ակադեմիայի կազմից:

Այս տարվա մարտի առաջին օրերին Ակադեմիայի կազմում գործող բոլոր ինստիտուտներում փակ և գաղտնի քվեարկություն էր կազմակերպվել՝ պարզելու ԳԱԱ կազմում մնալ-չմնալու հարցը:

Հաշվի առնելով այն, որ Ակադեմիայի կազմից դուրս գալու դեպքում ինստիտուտների ճակատագիրը ևս անորոշ է մնում շատերի համար, ԳԱԱ-ի կազմից դուրս գալու փակ քվեարկության արդյունքները միաձայն դեմ են եղել:

Սա ԿԳՄՍ նախարարության կողմից ԱԺ բերված օրենքի փոփոխության նախագծի անորոշ կողմերից միայն մեկն է, իսկ նախագիծն ունի «խորդուբորդություններ» նաև իրավական սահմանումների ու տրամաբանության հետ կապված: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում կարդում ենք, որ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է.

  • բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական և հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության շարունակական ընդլայնում,
  • բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստում՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, պետության կարիքները և աշխատաշուկայի պահանջները:

Եթե բուհն օժտված է ինքնավարությամբ, սա նաև ենթադրել է տալիս, որ վերջինիս հայեցողությանն է թողնվում կոնկրետ մասնագիտություններով կրթական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը, ինչը կարող է հանգեցնել կոնկրետ մասնագիտություններին հատկացվող տեղերի միջև բալանսի խախտման:

Եվ հետո պարզ չէ, թե ինչպես են բուհի ինքնավարության պայմաններում հաշվի առնվելու «անձի պահանջմունքները, պետության կարիքները և աշխատաշուկայի պահանջները» ու, ըստ այդմ, մշակվելու կրթական ծրագրերը: Այսինքն, ըստ էության, ազատ շուկայի օրենքներով է կարգավորվելու նաև կրթության ոլորտը:

Այս պարագայում նպատակահարմար կլիներ գերատեսչական մարմնի կողմից կրթական ռազմավարության մշակումը և բուհերի կողմից ըստ այդ ռազմավարության կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը: Այդպիսի մի ռազմավարություն մշակվել էր նախորդ իշխանությունների կողմից, ինչը, սակայն, իր նպատակին չհասցրեց ծառայել:

Իսկ ներկա իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները, որոնց առանցքային տրամաբանությունը կարճ կարելի է ձևակերպել որպես «ուղի դեպի անսանձ ազատականություն», գոնե այս պահին խելամիտ չէ կիրառել հասարակության բոլոր ոլորտներում, ի մասնավորի՝ կրթության ոլորտում:

 


ԳԱԱ-ում բարեփոխումներն անխուսափելի են

Զավեն Տոնոյան 

Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ գիտության զարգացմանը միտված որոշումներ կայացնելուց առաջ դեռևս չի ձևավորվել քննարկման մշակույթ։

Նման եզրահանգման գալու համար բավարար էր հետևել 2019 թ․դեկտեմբերին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի շուրջ խորհրդարանական քննարկումներին։

Այդ մասին է վկայում այն, որ մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ, խոսվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից գործող ինստիտուտների դուրս բերման և դրանց ինքնուրույն գործունեության մասին:

Դեռ անհասկանալի է նշված նախագծերի ճակատագիրը, սակայն ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն արդեն հայտարարել է, որ նման առաջարկին «դեմ են բոլոր 34 ինստիտուտները»։

Մի պահ վերացարկվելով ԳԱԱ-ի տված արդյունքներից, այդ արդյունքների որակից և մի կողմ դնելով այդ տեսակ քննարկումները՝ արձանագրենք, որ որոշումները ներկայացվում են իբրև փաստ և, արժանանալով բացասական արձագանքի, նվազեցնում հետագա կառուցողական և բովանդակային քննարկում ունենալու հավանականությունը։

Այսպիսի «լուծումը» իր ուղղակի ազդեցությունն է ունենալու Ակադեմիայի գիտաշխատողների վրա, ազդելու է բացասաբար՝ զրկելով նրանց աշխատանքից։ Սակայն, սրան զուգահեռ, անհնար է չարձանագրել, որ բարեփոխումներ, այնուամենայնիվ, հարկավոր են և առաջին հերթին հարկավոր են գիտության զարգացման համար համապատասխան նախապայմաններ ստեղծելու նպատակով։

Ակնհայտ է, որ տվյալ հարցի շուրջ առաջարկված յուրաքանչյուր լուծում պետք է միտված լինի գիտության զարգացմանը։ Իսկ նման միտվածություն ստեղծելու համար պետք է բարեփոխումները լինեն փոխհամաձայնեցված գործելաոճի շնորհիվ։ Հարկ է առաջանում խոստովանել, որ այդ փոխհամաձայնեցումն ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում, և կա որոշակի բախում։

Անկեղծ լինելու դեպքում կարող ենք տեսնել, որ այդ բախումն իր հիմքում ԳԱԱ-ի թերությունների և կառավարության անտարբերության միջև է։

Բանակցային գործընթացը բացակայում է։ Շահագրգիռ կառույցները նախընտրում են դիմել միջազգային փորձագետների՝ այդպիսով կասկածի տակ դնելով Ակադեմիայի գործունեության որակը և գիտաշխատողների հետազոտական ունակություններն ու պրոֆեսիոնալիզմը։ Բանը հասնում է նրան, որ պետական տարբեր կառույցների և հանրության մոտ նվազում է վստահության մակարդակը Ակադեմիայի հանդեպ, իսկ մյուս կողմից Ակադեմիայի գիտաշխատողը չգնահատված լինելու և ցածր աշխատավարձի պատճառով ստիպված է լինում փնտրել հավելյալ վարձատրում՝ դիմելով այլ աշխատանքների, ինչի պատճառով էլ երկրորդ պլան է մղում աշխատանքի որակը։

2012-2018 թթ-ին հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում տատանվել է 9.4-12 մլն դրամի շրջանակներում, որից 6.750-9.300 մլն-ը իրականացվել է պետական միջոցների հաշվին, իսկ 2.463-2.962 մլն-ը՝ այլ միջոցների: Պետական ֆինանսավորումը հիմնականում իրականացվել է Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի հաշվին:

Հաշվի առնելով, որ ԳԱԱ-ի շուրջ ստեղծված խնդիրների զգալի մասը կապված են ֆինանսական անբարենպաստ պայմանների հետ՝ միակ ռացիոնալ և արդարացի լուծումը պետք է հենված լինի հնարավոր բոլոր կողմերի միջև ստեղծվելիք համագործակցությունների վրա։

Նախ և առաջ անհրաժեշտ է հնարավորինս սերտ կապեր ստեղծել գիտականի և կրթականի միջև տարբեր համատեղ հետազոտական ծրագրերի խրախուսման միջոցով, Ակադեմիան և բուհերը պետք է համագործակցեն։

Պետք է ինքնուրույն գոյատևման ներուժ ունեցող ինստիտուտները գործեն անկախ, բայց և տարբեր ծրագրերի շրջանակներում հետազոտություններ իրականացնեն կառավարությանն անհրաժեշտ ոլորտներում։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել Ամուլսարի հարցը, երբ կառավարությունը նախընտրեց դիմել միջազգային փորձագետներին՝ գիտակցելով, որ հանրության վստահությունը նույնպես շնորհվում է միջազգայինին, այլ ոչ թե մեր Ակադեմիայի փորձագետներին։ Դա խարխլում է պրոգրես ենթադրող համագործակցության հիմքերը։ Իսկ Ակադեմիայի ներսում գործող թույլ կառույցները պետք է ինտեգրվեն բուհական համակարգ։

Առաջարկությունների հետ կապված՝ ցանկանում եմ նշել, որ, լինելով համակարծիք, հիմնականում օգտվել եմ «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն»-ի 2019 թ․-ին լույս տեսած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտական ամփոփման գրքույկից, որոշ տվյալներ ևս այդտեղից են վերցված։

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Եթե ցանկություն ունեք ձեր ուժերը փորձել սույն նախագծում, ուղարկեք [email protected] հասցեին ձեր կենսագրությունն ու վերջին ամիսներին ձեր կողմից գրված որևէ վերլուծական նյութ։

Կարդացեք նաև

#տեսակետ

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/09/2020