Միջազգային

Ի՞նչն է հայտնի և ի՞նչն՝ անհայտ Բեյրութի պայթյունների մասին․ Նյու Յորք Թայմս

Երեքշաբթի երեկոյան Բեյրութ քաղաքում որոտացին երկու պայթյուններ՝ երկրորդը շատ ավելի ուժգին, քան առաջինը, որի հետևանքով զոհվեց առնվազն 100 մարդ, վիրավորվեց ավելի քան 4000-ը և քաղաքը կրեց հսկայական վնասներ, գրում է Նյու Յորք Թայմսը:

Երկրորդ պայթյունի հետևանքով նավահանգստի երկնքում հայտնվեց բոցավառվող ահռելի օդային զանգված, որի ալիքը, մղոններով տարածվելով, փշրեց բոլոր ապակիները: Չորեքշաբթի առավոտյան, չնայած հսկայական որոնողական աշխատանքներին, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած էին Լիբանանի մայրաքաղաքում՝ Միջերկրական ծովի արևելյան ափին:

Քանի դեռ իշխանությունները վերլուծում են տեղի ունեցածը, հասկանանք՝ ինչ է հայտնի, ինչը՝ ոչ։

Ի՞նչն էր պայթունների պատճառը

Հստակ պատճառը դեռ հայտնի չէ: Առաջին պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել նավահանգստի հրավառության պահեստում: Պաշտոնյաներն ասում են, որ երկրորդ՝ ավելի ավերիչ պայթյունը, ամենայն հավանականությամբ, առաջացել է առկա 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթելու հետևանքով։ Այն խիստ պայթուցիկ քիմիական նյութ է, հաճախ օգտագործվում է որպես պարարտանյութ։ Ըստ Վարչապետ Հասան Դիաբի՝ այդ նյութն արդեն վեց տարի է պահեստում էր:

Պատկան մարմինները կփորձեն պարզել ՝ պայթյունները դժբախտ պատահարի արդյո՞ւնք էին, թե՞ դիտավորություն: 1975 – 1990 թ-ը Բեյրութը ներքաշված էր քաղաքացիական պատերազմում և այդ ժամանակից ի վեր քաղաքը ռմբակոծությունների և բախումների էպիկենտրոնում էր՝ մշտապես գտնվելով բռնությունների հնարավոր վերսկսման ռիսկի տակ: Բայց գեներալ-մայոր Աբաս Իբրահիմը՝ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը, նախազգուշացրել է չշահարկել ահաբեկչության մասին ենթադրությունները՝ նախքան փաստերի ի հայտ գալը:


Կարդացեք նաև․ Արաքս Փաշայան․ «Լիբանանահայերի վիճակը դժոխային է․ պետք է ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար»  


Որտե՞ղ է տեղի ունեցել դեպքը

Պայթյունները լուրջ վնաս են հասցրել քաղաքի հյուսիսային նավահանգստի շենքերին, պահեստներին և հացահատիկային պահեստարաններին: Բացի ափամերձ արդյունաբերական շինություններից՝ պայթյունների որոտից տուժել են ժամանցային և առևտրային շրջանները, ինչպես նաև խիտ բնակեցված թաղամասերը: Ավելի քան 750,000 մարդ է ապրում քաղաքի տուժած հատվածներում:

Պայթյուններից առաջ էլ Լիբանանը ճգնաժամային իրավիճակում էր՝ արտարժույթի սրընթաց արժեզրկում, հարևան Սիրիայից փախստականների ներհոսք և կորոնավիրուսի համաճարակ: Անցած աշնանից սկսած՝ ցուցարարները փողոց էին դուրս գալիս իրենց բողոքն արտահայտելու Լիբանանի քաղաքական էլիտայի դեմ՝ նրանց մեղադրելով երկրի սխալ կառավարման մեջ:

Ի՞նչ ուժգնության էին պայթունները

Վկաների խոսքով՝ երկրորդ պայթյունը, կարծես, երկրաշարժ լիներ։ Այն զգացվել է ավելի քան 100 մղոն (160կմ) հեռավորության վրա գտնվող Կիպրոսում:

Ամոնիումի նիտրատի պայթյուններն աղետների պատճառ են եղել տարբեր ժամանակներում: Մոտ 2000 տոննա միացություն տեղափոխող նավի վրա կրակ է արձակվել և այն պայթել է Տեխաս նահանգի Տեխաս քաղաքում 1947 թ․, որի հետևանքով զոհվել է 581 մարդ: 1995 թ․ Օկլահոմա քաղաքում դաշնային շենքի ահաբեկչական ռմբակոծության ժամանակ օգտագործվել է մոտ երկու տոննա քիմիական նյութ, որի արդյունքում զոհվել է 168 մարդ:

Ի՞նչ աստիճանի վնասներ են պատճառվել

Փլուզվել են առաստաղներ, պատեր, փշրվել են պատուհաններ, որոնց բեկորները հայտնաբերվել են անգամ նավահանգստից երկու մղոն (3կմ) հեռավորության վրա։ Շրջվել են մեքենաներ, իսկ քաղաքի փողոցները լեփ-լեցուն են պայթած շենքերի փլատակներով:

Խիստ վնասվել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով գերծանրաբեռնված մի շարք հիվանդանոցներ: Քաղաքի կենտրոնում գտնվող Bikhazi Medical Group հիվանդանոցում առաստաղն ընկել է հիվանդների վրա, ինչպես հաղորդում է հիվանդանոցի տնօրենը: Պայթյունից մահացել են նաև շատ բժիշկներ ու բուժքույրեր:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հեռուստատեսային ուղերձում ասել է, որ վնասվել են կառավարական պահեստները, և որ երկրում «սպառվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է տուժածներին փրկելու և բուժելու համար»:

Հեղինակ՝ Օսթին Ռամզայ [Austin Ramzy]

Աղբյուրը՝ Nytimes.com

Տեսանյութը՝ «Գարդիանի» 

Լուսանկարը՝ «Ասոշեյթդ պրեսի»

Թարգմանությունը՝ Ամփոփ Մեդիայի

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/08/2020