Արդեն հինգերորդ ամիսն է Հայաստանում մշակութային կյանքը պարալիզացված է։ Արտակարգ դրությունը ժամանակի ընթացքում մեղմացավ, գրեթե բոլոր ոլորտներում վերսկսվեցին աշխատանքները, մինչդեռ թատրոնները, թանգարաններն ու գրադարանները դեռ սպասման փուլում են։
«Արվեստի միջոցով է մարդը վերաիմաստավորում իր լինելիությունը, ապրելը, կյանքը։ Թատրոն գնալով ու այդ հույզերն ապրելով՝ մարդը վերահաստատում է, որ ինքը գոյություն ունի։ Հիմա բարդ իրականությունն է մնացել»․- իր մտահոգությունն է հայտնում Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։
Ի թիվս մշակութային մյուս օջախների՝ Փոքր թատրոնը ևս տուժել է մեծ ճգնաժամից։
Բադալյանը հիշում է՝ մեծ ոգևորությամբ ու հետաքրքիր գաղափարներով են մտել նոր տասնամյակ։ Տարվա սկզբին 3-4 ներկայացման վրա էին աշխատում, որոնցից մեկը՝ «Փոքրիկ իշխանը», մայիսին միջազգային ծրագրի շրջանակներում պիտի ներկայացնեին Գերմանիայում, սեպտեմբերին՝ Իտալիայում։
Իրավիճակի սրման պատճառով բոլոր ծրագրերը սառեցվել են, բայց լավատեսությունը չի կորցնում՝ վստահ է, որ ծանր ժամանակները կանցնեն․ սա ընդամենը մի շրջափուլ է։
Փոքր թատրոնը՝ մինչև Կորոնավիրուսը
Բադալյանը Փոքր թատրոնում հայտնվեց 23 տարի առաջ՝ Հենրիկ Իգիթյանի հրավերով։ Հենց ինքն էլ 5 մետր լայնությամբ ու 9 մետր երկարությամբ բեմով, 80 հանդիսատեսի համար նախատեսված թատրոնին տվեց այս անունը․ «Անունով ու չափերով փոքր է, գործունեությամբ՝ շատ մեծ»։
Թատրոնը ներկայացումներ ցուցադրելուց բացի աշխատանքային այլ ուղղություններ ևս ունի։ Դրանցից մեկը թատերական արվեստին ծանոթանալ ցանկացող երեխաների համար իրականացվող կրթական ծրագիրն է․
«Արդեն 5 սերունդ է մեծացել։ Շուտով կսկսենք ծրագրեր, որ դերասանության հետ որևէ կապ չունեցող մարդիկ կարողանան սովորել թատերական արվեստը։ Ես ուզում եմ Հայաստանում ստեղծել հարթակ, ուր ունակություններ զարգացնելու ցանկությամբ մարդը կկարողանա անել դա պրոֆեսիոնալ մակարդակով»։
2013 թ-ից թատրոնում նման հարթակից օգտվել կարողացան նաև հաշմանդամություն ունեցող անձինք․ ստեղծվեց ներառական պրոֆեսիոնալ պարային խումբ, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողները հանդես են գալիս միասին՝ հավասարապես ներկայանալով։ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի օգնությամբ ու աջակցությամբ ստեղծված այս ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 2014-ին՝ «Մի լքիր ինձ» ներկայացմամբ։
Սակայն հին ծրագրերը շարունակելու և նորերը նախաձեռնելու պլաններն անկատար մնացին։ Կորոնավիրուսը բոլորովին այլ մտորումներ առաջ բերեց։
«Սկզբում բոլորիս մոտ փիլիսոփայական հարցեր էին առաջանում՝ ո՞նց է աշխարհը փոխվելու։ Մտածում էինք, որ թատրոնը իր ձևը կփոխի, սոցիալական հեռավորությունը անհնար կդարձնի որոշ բաներ, որովհետև այն շատ ինտիմ արվեստ է»,- ասում է Վահան Բադալյանը։
Կորոնավիրուսյան «ներկայացում»
Թատրոնն իսկապես ձևափոխվում էր, ինչը դուր չէր գալիս Բադալյանին։
«Անկեղծ ասեմ՝ երբ բոլորն օնլայն ցուցադրություներ էին անում, ես ներքին ընդդիմություն ունեի։ Կարծես մեզ ուզում էին սովորեցնել, որ թատրոնը կարող է նաև այսպես լինի։ Բայց ես վստահ եմ՝ չի կարող․ թատրոնն իր բնույթով կենդանի արվեստ է, երբ իրեն ձևափոխում ենք, դառնում է կինո, տեսաարվեստ, անիմացիա։ Թատրոնը թատրոն է կենդանի շփման, այսօր և այստեղ ստեղծագործելու, հանդիսատեսի հետ աշխատելու շնորհիվ»։
Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարը իրադարձությունների զարգացման մեջ տրամաբանական սխալներ է տեսնում․ «Տրանսպորտի մեջ մարդիկ կարող են կողք կողքի նստել, կարող են սրճարանում առանց դիմակ միասին նստել, բայց, չգիտես ինչու, թատրոնում չեն կարող»։
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի կազմում գտնվելու շնորհիվ աշխատողները շարունակել են ստանալ պետական աշխատավարձերը, սակայն թատրոնը նյութական շատ մեծ կորուստներ է ունեցել, քանի որ հիմնական ֆինանսական աղբյուրները ներկայացումներից եկած եկամուտներն են, նաև դասընթացները, որոնք հիմա չկան։
Դադարը հատկապես ծանր է եղել ստեղծագործական և էմոցիոնալ առումներով։
«Դեպրեսիվ զգացողությունը սկզբում շատ սուր էր։ Ես անընդհատ կապի մեջ էի մեր ստեղծագործական խմբի հետ ու խրախուսում էի նրանց այս ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերել, եթե ինչ-որ բաներ չէին հասցրել կարդալ, նայել՝ լրացնել բացթողումը։ Որոշ ժամանակ դրանով շարունակեցինք ապրել»,- ասում է Բադալյանը։
Նոր պլաններ՝ անկանխատեսելի ապագայի համար
Ստեղծված իրավիճակը, Բադալյանի խոսքերով, լավ առիթ կարող է դառնալ, որպեսզի ստաբիլ աշխատելաոճին սովոր թատրոնները սկսեն նաև ալտերնատիվ տարբերակներ գտնել, ավելի ճկուն լինել, չվախենալ դուրս գալ, ավելի մոտիկից շփվել հանդիսատեսի հետ։
Ասում է՝ Փոքր թատրոնը նման խնդիր երբեք չի ունեցել․ «Ես թատրոնը դիտարկում եմ որպես շատ ճկուն արվեստ։ Ինքը բազմաթիվ ձևեր ունի, կարող է ձևափոխվել, լինել քաղաքում, այգում, տանը, փողոցում, ավտոբուսի մեջ։ Ամեն տեղ էլ կարող ես թատրոն ստեղծել և ներկայացում խաղալ»։
Թատրոնի ճկունության և սեփական երևակայության վրա հույս դնելով՝ Բադալյանն արդեն իսկ նոր պլաններ է մշակում․ սեպտեմբերին իրավիճակին համապատասխան քայլեր պիտի արվեն։ Ծրագրերը շատ են, որոշների մասին պատմում է․
«Մտածում ենք բացօթյա ներկայացումներ կազմակերպելու մասին։ Բացի այդ, գուցե մարդիկ Փոքր թատրոնից կարողանան փոքրիկ թատրոններ պատվիրել՝ իրենց տուն առաքումով։ Կարող է նաև օնլայն հարթակում ներկայանանք, բայց դա վստահաբար չի լինի ուղղակի մեր ունեցած ներկայացումները ցույց տալու տարբերակով․ այդ հնարավորությունը կօգտագործենք կենդանի ներկայացում խաղալու համար։ Բոլոր գաղտնիքները հիմա չենք բացի, բայց ես էդ իմաստով մտավախություն չունեմ, որովհետև իրոք երևակայության վրա է դրված»։
Բադալյանը բոլորի պես անտեղյակ է՝ ինչ ընթացք կստանան իրադարձությունները, բայց գիտի՝ բոլոր դեպքերում մի ելք կգտնեն։ Իսկ հիմա արդեն, բնականոն կյանքի անցնելուց հետո թատրոնի առաջին գործողությունների մասին խոսելիս, վստահեցնում է՝ առաջիկա ներկայացումներից մեկը կորոնավիրուսի մասին կլինի։
«Մեր նոր ներկայացումների մեջ մեր ապրումները, այս իրավիճակը՝ դիմակը, սոցիալական հեռավորությունը, արվեստի լեզվով բեմում ինչ-որ մի նյութ կդառնան, որովհետև թատրոնը պիտի անպայման արձագանքի օրվա հոգեվիճակին, ներկային։ Վստահաբար այս փորձը կդառնա մի նոր ներկայացում, նոր ասելիք»։
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Լուսանկարները՝ Երևանի Փոքր թատրոնի ֆեյսբուքյան էջից
COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր
- Դիանայի սթափությունն օգնեց չվարակել շրջապատին
- Հարությունը COVID-ի դեմ պայքարի առաջնագծում
- Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին
- Մտահոգություններ տուրիզմի շուրջ
- Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
#COVID19 #crisis
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/07/2020