Առողջություն Տնտեսություն

2023. Առողջապահությանը հատկացվող բյուջե և անցում առողջապահական ապահովագրության

2023 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 4%-ով ավելացել է 2022-ին հատկացվածից, սակայն ցուցանիշը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ընդամենը 1․6%-ն է կազմում։

Նախատեսված է, որ ՀՀ բյուջեն կունենա 2 տրլն 364 մլրդ դրամի եկամուտ և 2 տրիլիոն 652 մլրդ դրամի ծախս, իսկ դեֆիցիտը կկազմի՝ 288 միլիարդ դրամ։

Ընդհանուր առմամբ առողջապահության ոլորտին կհատկացվի 146 մլրդ 373 միլիոն դրամ։ Որքան էլ նախագծի ուղերձում առողջապահությունը համարվի առաջնահերթություն, սակայն ընդհանուր առմամբ բյուջեի կառուցվածքում այն դեռևս տեսակարար կշիռ չունի։

Օրինակ, պետական պարտքի սպասարկման համար նախատեսված գումարը գրեթե կրկնակի շատ է առողջապահությանը հատկացվող գումարից․ սպասարկմանը հատկացվելու է 272 միլիարդ 122 միլիոն դրամ։ Եւ հենց պետական պարտքին ուղղվող գումարն էլ պատճառ է դարձել, որ առողջապահությանը հատկացվող գումարը ՀՆԱ-ի կառուցվածքում փոփոխության չենթարկվի։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկմանը հիշեցրեց, որ եթե կառավարության պարտքը 50%-ից բարձր շեմում է, ապա ընթացիկ ծախսերը պետք է աճի զսպում արձանագրեն։ Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց՝ կառավարությունում քննարկումների արդյունքում կա ձեռք բերված համաձայնություն առ այն, որ միջնաժամկետ ծրագրերում ոլորտին հատկացված ֆինանսավորումն էական աճ պետք է արձանագրի։

Ֆինանսների նախարարը մանրամասնեց՝ առողջապահությանը հատկացվող գումարը չի նվազել, նախորդող տարիներին ավել թվացող ֆինանսավորումը վերաբերել է կորոնավիրուսի համավարակի չեզոքացմանն ուղղված ծրագրերին, որն այս տարի նվազել է, քանի որ որոշակի կանխատեսելիություն կա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծեց՝ նախարարության համար կարևոր է, որ առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները կազմեն ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը:

Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն արձանագրում է՝ 2018 թվականից ի վեր առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները գրեթե կրկնապատկվել են, ինչն, ըստ նրա ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ հավելում է՝ դրանք բավարար չեն առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումն ապահովելու համար։

Ըստ Մելիք-Նուբարյանի՝ դրա համար առնվազն երկու անգամ ավելի գումար է հարկավոր․ ՀՆԱ-ի կառուցվածքում գոնե պետք է կրկնապատկվի այդ ցուցանիշը։ Մասնագետը վկայակոչում է եվրոպական երկրներին, որոնք ոլորտին են հատկացնում իրենց ՀՆԱ-ի 7-10%-ը, և դա համարվում է օպտիմալ ցուցանիշ առողջապահական համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար։

«Եթե դու առողջապահության համակարգը կառուցում ես հիվանդանոցների շուրջ, դա լինում է հիվանդաբուժության համակարգ և մարդկանց առողջության, այսինքն առողջություն ստեղծելու տեսանկյունից անարդյունավետ է,- ասում է Մելիք-Նուբարյանը և ավելացնում, – հիվանդաբուժության համակարգը ծայրաստիճան անարդյունավետ է նաև ֆինանսական միջոցներ ծախսելու առումով, որովհետև ըստ ԱՀԿ-ի հիվանդանոցներն անարդյունավետության թիվ մեկ աղբյուրն են։ Այդ տեսանկյունից առողջության առաջնային պահպանման օղակը հզորացնելը չափազանց մեծ նշանակություն ունի»։

Հաջորդ տարվա բյուջեով 1,7 մլրդ դրամ հատկացվելու է առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) տնօրեն Ահարոն Բարսեղյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում մանրամասնում է, թե աշխատավարձերի վերանայումն ինչպես է կատարվելու։

«Առողջապահության ոլորտում ունենք խնդիրներ, որոնց լուծումը մեծամասամբ պայմանավորված է առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, ուստի առաջնային օղակի բժշկի աշխատանքի արդյունավետության համապատասխան ցուցանիշներ ենք սահմանելու, որոնց կատարման կամ գերակատարման դեպքում բժիշկներին վճարելու ենք համապատասխան բոնուսներ»,- ասում է Բարսեղյանը։

Այսպիսով՝ առաջնային օղակ համարվող բժիշկների (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) աշխատավարձը մյուս տարվանից հաշվարկվելու է ըստ կատարած աշխատանքի ծավալի և որակի։ Պաշտոնյայի համոզմամբ՝ հատկացված բոնուսը կարող է բավականին էական և մոտիվացիոն լինել բժշկի համար: Նախարարությունը մեկ մասնագետի հաշվարկով միջինում 55-60 հազար դրամի աճ է նախատեսում։


Կարդացեք նաև․ Երկրի ժողովրդագրական պատկերը կախված է առողջապահության որակից


ՊԱԳ տնօրենը վստահեցնում է՝ այս փոփոխությունները բժշկի որակավորմամբ պայմանավորված աշխատավարձի բարձրացման մասին չեն, այլ՝ ըստ փաստացի կատարած աշխատանքի ծավալի ու որակի։ Օրինակ, հիպերտոնիայով (արյան բարձր ճնշում) հիվանդի համար պահանջվում է որոշակի պարբերականությամբ հսկողություն սահմանել, և եթե առաջնային օղակում այդ հսկողությունը լավ իրականացվի, տվյալ բուժառուի ճնշումը կկարգավորվի, դեղորայքի կորեկցիան ճիշտ ժամանակին կիրականացվի, և ,որպես կանոն, բուժառուի մոտ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջանա։ Բարսեղյանի խոսքով՝ առաջնային օղակի բժիշկների համար նման աշխատանք կատարելը նոր փորձառություն չի պահանջում, դա նրա առօրյայում կատարվող աշխատանք է։

«Մենք ուզում ենք աստիճանաբար անցում կատարել նրան, որ արտահիվանդանոցային ծառայությունների հզորացմամբ սահմանափակենք հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը, քանի որ արտահիվանդանոցային ծառայությունները կանխարգելման առումով ամենաարդյունավետն են»,- իր համոզմունքն է հայտնում Բարսեղյանը։

Պոլիկլինիկաներում առկա խնդիրները պաշտոնյան բացատրում է այն հանգամանքով, որ տարիներ շարունակ՝ խրոնիկ կերպով, այս օղակը թերֆինանսավորվել է։ Որպես առաջնահերթություն գումարները միշտ ուղղվել են հիվանդանոցային օղակին։ Եվ դա է պատճառը, որ պոլիկլինիկաների արդյունավետությունն այսօր հեռու է նույնիսկ լավ որակվելուց, սակայն ոլորտի պատասխանատուների համար կարևոր է տեսլականի ընդգծումը։

«Մենք ուզում ենք ունենալ բավականին արդյունավետ աշխատող առաջնային օղակ, միայն բարդ դեպքերը պետք է բժշկական օգնություն ստանան հիվանդանոցային պայմաններում»,- ասում է Բարսեղյանը։

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ քաղաքացիների մոտ թյուր կարծիք կա, որ պոլիկլինիկայում կարող են բարդ խնդիրներ լուծել՝ օրինակ, լյարդի տրանսպլանտացիա իրականացվի։

«Մենք ենք ձևավորել այդպիսի սպասելիքներ, բայց նման խնդիրներ պոլիկլինիկաների առջև դրված չէ, և այն նյութատեխնիկական հագեցվածությունը որ իրենք ունեն, լրիվ բավարար է իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։ Մարդիկ էլ պետք է իրենց սպասելիքները փոխեն, օրինակ զարկերակային գերճնշումով մարդն ինչի՞ պետք է հայտնվի հիվանդանոցում։ Իր խնդրով ավելի լավ կզբաղվի առաջնային օղակի բժիշկը»,- նշում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Առողջապահության ոլորտի համար շարունակում է առաջնային մնալ նաև «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագիրը, որի համար շուրջ 7,2 տոկոս գների ավելացում է նախատեսված։ Ծրագրին ուղղվելու է 21 մլրդ 17 մլն դրամ։

Սիրտանոթային, շաքարային դիաբետի ու չարորակ նորագոյացությունների բուժմանն ուղղվելու է 20 մլրդ 103 մլն 500 հազար դրամ:

Հայաստանը բժշկական պետական ապահովագրության շեմին

ՊԱԳ տնօրենն ասում է, որ չնայած դեռ 90-ականներից բժշկական ապահովագրության ներդրման վերաբերյալ հայեցակարգ եղել է, սակայն ենթակառուցվածքների առումով պետությունը երբեք այսքան պատրաստ չի եղել ապահովագրության ներդրմանը, որքան՝ հիմա։

«Նախարարությունը վերջնական հայեցակարգի տեխնիկական մշակման փուլում է։ Գրեթե վերջնական փուլում մշակած օրենսդրական նախաձեռնություններ և ենթաօրենսդրական ակտեր ունենք, և ամենակարևորը՝ կա քաղաքական կոնսենսուս, որ բժշկական ապահովագրությունը պետք է ներդրվի։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներդրվում է հենց պետական բժշկական ապահովագրություն», – ասում է Ահարոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ պետությունը երաշխավորում է իր քաղաքացիներին բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցումը։ Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով․ սկզբում կլինի որոշակի թիրախային խմբերի համար, ամենայն հավանականությամբ՝ պետական ծառայողների, հետո շրջանակը կընդլայնվի։ Մինչև բոլորի համար պարտադիր դառնալը պետությունը հնարավորություն է ընձեռելու կամավոր միանալ համակարգին՝ որոշակիորեն սուբսիդավորելով ապահովագրավճարի չափը։


Կարդացեք նաև․ Ինչպես է գործելու առողջապահական ապահովագրության համակարգը


Բարսեղյանի կարծիքով՝ հայեցակարգը մինչև տարվա վերջ կհաստատվի, մեկ տարի լինելու է նախապատրաստական փուլ։ Այդ ընթացքում գնագոյացման հաշվարկների իրականացում կարվի, որից հետո պետական ապահովագրության համակարգը կներդրվի։ Բարսեղյանը վստահեցնում է՝ համակարգի ներդրումից հետո պետությունը շարունակելու է հոգալ որոշակի թիրախային խմբերի, պետության համար կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ապահովագրավճարի տրամադրումը։

Պարզ չէ, սակայն, թե ինչպես է ներդրվելու համակարգը․ արդյոք ֆիքսված գումա՞ր է հատկացվելու թե՞ աշխատավարձի որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ինչ-որ թիվ։ ՊԱԳ տնօրենի խոսքով՝ այդ հարցով դեռ քննարկումները շարունակվում են։

Նոյեմբերի 17-ին խորհրդարանի լիագումար նիստում պետական բյուջեի նախագծի քննարկմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել պարտադիր ապահովագրական համակարգի փուլային ներդրման մասին։

2023 թ-ին համակարգի ներդրման գործընթացների համար նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Նույն թվականին կհատկացվի 175 մլրդ դրամ, որպեսզի ապահովագրական ծառայության փաթեթը հասանելի լինի բոլորին, նաև կիրականացվի կամավոր ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2025-ին կշարունակվի քաղաքացիների ներգրավումը համակարգում։

Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն սիրտանոթային, ուռուցքաբանական, շաքարային դիաբետի և այլ հիվանդություններ: Փաթեթի մեջ չեն ընդգրկվի ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժության և մի քանի այլ ծառայություններ:

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան
Գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/12/2022