Տնտեսություն

Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ

Մեկ տարում Հայաստանում ապրանքների միջին գները աճել են 6.5%-ով։ Գների փոքր աճն ինքնին վտանգավոր չի համարվում, բայց այս պարագայում սա արդեն փոքր աճ չէ։ Այն բարձր է ցանկալի նվազագույնից։ Ավելին, սա ապրանքների լայն ցանկն է, մինչդեռ նեղ սննդամթերքի ցանկը թանկացել է ավելի արագ տեմպով։

Գրաֆիկից էլ երևում է, որ չկա մի ապրանքախումբ, որն էժանացել է։ Բոլորը թանկացել են՝ քիչ կամ շատ։ Տնտեսագետների տեսանկյունից՝ փոքր չափով գնաճն օգնում է տնտեսությանը․ մարդիկ ոչ թե պահում են փողը, այլ ծախսում են, շրջանառում են այն, ինչն ակտիվացնում է տնտեսությունը։

Բայց սա վերաբերում է 2.5 – 5.5% աճին, իսկ լավագույնը 4 տոկոսն է։ Մինչդեռ Հայաստանում կոնկրետ այս տարվա 6 ամիսներին նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ գնաճը կա՛մ մոտ է եղել վերին թույլատրելի շեմին, կա՛մ ավելի բարձր է եղել։ Բացի այդ, բարձր է եղել նաև սննդամթերքի գների աճի տեմպը։


Առանձին ապրանքներ շատ ավելի բարձր գնաճ են ցույց տվել, այդ թվում կարևորագույն ապրանքներ սննդամթերքի, վառելիքի և այլ ապրանքային խմբերից։ Դրանց թանկացումը հանգեցնում է ոչ միայն ամենօրյա սննդի թանկացման։ Օրինակ, դիզվառելիքի թանկացումը բերում է գյուղատնտեսության, հետևաբար՝ գյուղատնտեսական ապրանքների թանկացման։

Անցեք «Ամփոփ Մեդիայի» հարցախույզը և պարզեք՝ որքանով եք տեղեկացված ապրանքների թանկացումներից։

Տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը Հայաստանում ապրանքների թանկացումների երկու պատճառ է նշում։

«Պատճառներից մեկը կապված է արտաքին շուկայում նմանատիպ ապրանքների գների ավելացման հետ։ Քանի որ մենք ներկրող երկիր ենք, հետևաբար դրսում թանկացած ապրանքը մեր երկրում ևս կունենա բարձր գին։ Երկրորդը արտարժույթի գինն է, թեև այն վերջերս իջել է», – բացատրում է Մնացականյանը։

Առաջին գործոնի օրինակ է այն, որ տարբեր երկրներ, հատկապես համավարակի սկզբնական շրջանում, սահմանափակել էին, օրինակ, ալյուրի կամ ձեթի արտահանումները, դրանց վաճառքը այլ երկրների։

Երկրորդ գործոնը Հայաստանում շատ նկատելի դարձավ պատերազմից հետո։ Դոլարը և մյուս արտարժույթները սկսեցին արագ թանկանալ։

Հիմա դոլարը և մյուս արժույթները որոշակիորեն էժանացել են։ Սակայն ներկրվող ապրանքները չեն էժանացել նույնքան օպերատիվորեն։ Տնտեսագետ Հայկ Մնացականյանը սա բացատրում է տնտեսագիտական ֆենոմենով, որի անունն է «թափանիվի էֆեկտ»։

«Այսինքն, եթե գինը բարձրանում է, հետո իջնելու պրոցեսը շատ ավելի դանդաղ է տեղի ունենում։ Մասնավորապես, դա երևում է բենզինի գներից։ Սա պայմանավորված է նրանով, որ ներկրողները, տնտեսվարող սուբյեկտները, որոնք ստանում են ավելի մեծ շահույթ, հակված չեն արագ իջեցնել գները», – բացատրում է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերում պետությունն ունի գործիքներ՝ հակամենաշնորհային մարմիններ, որոնք կարող են որոշակիորեն ազդել, որ գները լինեն շուկայական, մրցակցային։ Կառավարությունը, սակայն, կարող է գայթակղություն ունենալ և չազդել գների իջեցման վրա, քանի որ բարձր գնով վաճառքները նշանակում են նաև բարձր գնով հարկեր։

Նման իրավիճակում վտանգավորն այն է, որ աշխատավարձերը չեն աճում նույնքան արագ, որքան թանկացումներն են տեղի ունենում։ Այսինքն, նույն աշխատավարձը ստացող մարդը կարողանում է գնել ավելի քիչ ապրանք, քան կկարողանար գնել նախկինում։

Սրանք միջին աշխատավարձերն են։ Էլ ավելի բարդ է խնդիրը ցածր եկամուտ ունեցողների համար։

Բանն այն է, որ միջին աշխատավարձը ներառում է նաև ՏՏ ոլորտի մասնագետների բարձր աշխատավարձերը, որոնց շնորհիվ միջին աշխատավարձի ցուցանիշը բավական բարձր է։

Մինչդեռ շուկայում ավելի շատ հենց ցածր եկամուտ ապահովող աշխատավարձերն են։ Գրաֆիկում դրանք տեսնելու համար սեղմեք «Ամենացածրը» կոճակին։

 

Ամենալուրջ խնդիրը հենց ցածր եկամուտ ունեցող խավի ապահովումն է։ Գրաֆիկում ներկայացրել ենք 2017թ․ ապրիլից 2021թ․ ապրիլի տվյալները (դրանք են ամենաթարմ հրապարակվածները)։ Այս տարվա ապրիլի դրությամբ ամենացածր աշխատավարձերը ստանում են «Կացության և հանրային սննդի կազմակերպում» ոլորտի աշխատողները՝ 99․515 դրամ։ Ու սրանից դեռ պետք է դուրս գան հարկերը, ինչից հետո կմնա մոտ 80 հազար դրամ։

Պատկերացրեք, թե առհասարակ ինչ կհասցնեք գնել մեկ ամսում այսքան գումարով։ Մեկ տարվա ընթացքում այս ոլորտի անվանական աշխատավարձերն ավելացել են ընդամենը 3500 դրամով։

Մասլոուի բուրգի տեսության համաձայն՝ մարդու հիմնական պահանջմունքների թվում սնունդը ամենաառաջնահերթներից մեկն է։ Եվ եթե մարդը ստանում է ցածր աշխատավարձ, ստիպված է լինելու հրաժարվել այլ ապրանքներից ու առաջին հերթին հենց սննդի վրա է ծախսելու գումարի մեծ մասը։

Հաջորդ գրաֆիկներում երկու դեպք ենք դիտարկում, նախ՝ միջին թանկացումը (ՍԳԻ՝ կարմիր գիծը) և միջին աշխատավարձերի բարձրացումը (կանաչ գիծը)։ Եթե կարմիր գիծը բարձր է, աշխատավարձերը չեն հասցնում թանկացումների հետևից, առաջ է գալիս աղքատացում։ Միջին ցուցանիշների դեպքում փոփոխական վիճակ է, որը մայիսին գալիս է հավասարակշռության։

➜ կոճակը սեղմելով՝ անցնում ենք ծայրահեղ, բայց կարևոր դեպքի դիտարկմանը, երբ ամենացածր եկամուտ ունեցող խավը ստիպված է դիմակայել ամենաառաջնային ապրանքային խմբի՝ սննդամթերքի թանկացմանը։

Այստեղ արդեն կարմիր գիծը մշտապես բարձր է։ Մոխրագույն հատվածը ցույց է տալիս որ սննդամթերքի թանկացումների տեմպը վերջին ամիսներին ավելի բարձր է, քան աշխատավարձի բարձրացումը այս ոլորտի աշխատողների շրջանում։ Այսինքն չնայած նրան, որ այս ոլորտում աշխատավարձերը բարձրանում են, բայցևայնպես աշխատողներն աղքատանում են։

Դիտարկման համար այստեղ օգտագործել ենք կոնկրետ մեկ ոլորտի միջինացված ցուցանիշներ, իսկ նույնպիսի իրավիճակներ կարող են լինել նաև մյուս ոլորտների աշխատողների շրջանում։

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը բացատրում է, որ սա հետևանք է։ Առաջարկում է հետևանքի փոխարեն պայքարել դրա պատճառը վերացնելու ուղղությամբ։

«Ամեն ինչի հիմքն այն է, որ մենք չունենք աշխատատեղեր, արտադրությանն ուղղված տնտեսություն։ Այսինքն, տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի մեր երկրում։ Դրա դրական արդյունքները շատ են։ Իսկ ներկրող տնտեսության հետևանքներն են՝ ապրանքների թանկ լինելը, աղքատության բարձր ցուցանիշը։ Քանի դեռ գերխնդիրը՝ տնտեսության կառուցվածքային փոփոխության հարցը, չի լուծվել, մենք բախվելու ենք այս խնդիրներին, և, ցավոք սրտի, դրանք գուցե ժամանակի ընթացքում խորանան», – բացատրում է Մնացականյանը։

Այնուամենայնիվ, տնտեսագետը նշում է, որ աղքատության աճ թույլ չտալը պետության հիմնական անելիքներից մեկն է։ Եվ դրա միջոցներից գլխավորը բնակչության ընդհանուր կենսամակարդակը բարձրացնելն է։

«Ամփոփ Մեդիան» հարցում էր ուղարկել ոլորտի պատասխանատու գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում աղքատացում թույլ չտալու համար։

Գերատեսչությունից ի պատասխան հայտնել են, որ նախարարությունը նախատեսում է ընդլայնել սոցիալական ծառայությունների տեսակները՝ կարիքի գնահատման հիման վրա ներդնելով աղքատության փուլային հաղթահարման մեխանիզմներ։

«․․․ Հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ իրականացվելու է նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում՝ սահմանված 68.000 դրամից՝ 2026 թվականին հասցնելով 85.000 դրամի», – նշվում է հարցման պատասխանում։

Նախարարությունից նաև խոստանում են բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափերը՝ առնվազն ապահովելով ծայրահեղ աղքատության գծից բարձր ցուցանիշներ։ Բայց թե դա երբ կլինի, դժվար է համոզված ասել, քանի որ ինչպես նշվել է պատասխանում՝ հաշվի են առնվելու երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այսինքն, դա կախված կլինի տնտեսության ընդհանուր աճից։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Գծապատկերները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/08/2021