Հնչում է 3-րդ զանգը․ մթության մեջ անհետանում են հանդիսատեսի աղմուկն ու շշուկները։ Բեմում կամացուկ հայտնվում են կերպարներ, որոնց խոսքն արտահայտվում է մարմնի ու դեմքի շարժումների միջոցով։ Մի քանի վայրկյան անց դահլիճում գտնվող յուրաքանչյուր ոք իր կերպավորած աշխարհում է։ Այսպիսին են առաջին տպավորությունները Երևանի մնջախաղի պետական թատրոն այցելելիս։
47 տարիների գործունեության ընթացքում թատրոնը հասցրել է հանդիսատեսի դատին հանձնել մի շարք բեմադրություններ և այսօր էլ շարունակում է ստեղծագործել նույն աշխատասիրությամբ՝ անկախ այն մեծ ու փոքր խնդիրներից, որ տարիներ շարունակ առկա են թատրոնում։
Վերջերս լրացել է նորանշանակ տնօրեն՝ մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանի թատրոնը ղեկավարելու հարյուր օրը։ Խաչատրյանն ասում է՝ դերասան լինելով շատ լավ գիտի ոլորտի խնդիրները՝ բեմական հանդերձանքից մինչև ֆինանսական խնդիրներ, ինչն օգնում է իրեն այլ դիտանկյունից մոտենալ աշխատանքին։
«Ամեն անգամ թատրոն աշխատանքի գալիս վերահաստատում եմ ինձ համար հետևյալը․ ես ուզում եմ նոր մարդիկ տեսնել այստեղ, ներդնել նոր ռեսուրսներ ու մտքեր՝ յուրօրինակության ու էքսպերիմենտալության դաշտ ստեղծելով»,- ասում է Խաչատրյանը։
Նա անկեղծանում է, որ դերասան-տնօրեն փոխհարաբերությունները երբեմն անձնային բախումների են բերում։ Որոշ հարցերի մոտենում է որպես դերասան, բայց լուծումները տրվում են որպես տնօրեն։ Կարևորներից է ֆինանսական իրավիճակը, որի ոչ բավարար լինելն անմիջականորեն ազդում է դերասանի գործունեության վրա՝ «բեմն արտացոլում է ամեն ինչ»։
«Շատ դերասաններ այսօր մտածում են ներկայացումից հետո վազել մեկ այլ աշխատանքի՝ հավելյալ գումար վաստակելու։ Դա երբեմն կապ չի ունենում թատերարվեստի հետ, ու բոլորս էլ գիտենք, որ թատրոններում վարձատրությունն այնքան էլ բարձր չէ»։
Ամփոփելով ղեկավարման հարյուր օրը՝ առանձնացնում է գլխավորը․ վերականգնել են մի քանի ներկայացում, որոնք բավականին լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից, իսկ դրա մասին վկայում է լեցուն դահլիճը։
Թատրոնն ունի 39 աշխատակից․ տնօրենն ասում է, որ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Այնուամենայնիվ, նոր տնօրինությունն անձնակազմում ավելացնում է նաև այնպիսի մասնագետների, որոնք տիրապետում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին, փոփոխվող ձևաչափերին՝ նպատակ ունենալով թատրոնի ու դրա գործունեության տեղական և միջազգային հանրայնացումը։
Թատրոնի հասարակայնության հետ կապերի մասնագետ Կիմա Գալստյանը վերջերս է միացել թիմին։ Պատմում է՝ որքան հարազատ, նույնքան պարտավորեցնող է արվեստի ոլորտում աշխատելը։
«Թատրոնի դիմաց դրված փոքր պաստառներին ներկայացված է մեր խաղացանկը, բայց դա բավարար չէ լսելի ու տեսանելի դառնալու համար։ Բեմադրությունների, նախատեսվող հանդիպումների և եթերների տեսքով մենք անդադար փորձում ենք հիշեցնել մեր մասին»,- նկատում է Կիման և ավելացնում, որ թատրոնը փնտրում է միջազգային մասնագետի՝ նոր կապեր հաստատելու համար։ Ծրագրված գործողություններից է թատրոնի պաշտոնական կայքը գործարկելը, որն ավելի կամրապնդի թատրոն-հանդիսատես կապը։
Դերարարը Մնջախաղի թատրոնում
Ռեժիսոր, դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի համար մնջախաղի թատրոնն այնպիսի մի դարբնոց է, որտեղ կոփվում է մարդ արարածը՝ հատկապես դերասանը կամ ինչպես Կոստանյանն է ասում՝ դերարարը՝ դեր արարողը։
Թատրոնն առանց տանիքի
Այս փոփոխություններին զուգընթաց՝ կա մի խնդիր, որն արդեն տասնյակ տարիներ լուծում չի ստանում։ Թեև թատրոնն ունի պետական կարգավիճակ, այնուամենայնիվ չունի շենք։
Բեմադրություններն անցկացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում, իսկ թատերական փորձերը՝ նույն շենքում գտնվող փոքր ընդարձակ սրահում։ Փորձասրահ մտնելիս՝ ուշադրությունդ միանգամից գրավում է դռանը փակցված գրությունը, որը սկզբունքի տպավորություն է թողնում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասում է, որ գործունեության տարիներին մնջախաղային ներկայացումները եղել են երևանյան գրեթե բոլոր բեմերում, նույնիսկ այն բեմերում, որոնք թատրոն չեն։ Ժպիտով նկատում է, որ շատ վայրերում, որտեղ թատրոնը գործել է, քանդել են արդեն․ օրինակ՝ Սպայի տունը, ԱԴՐԻՆ՝ արվեստի աշխատողների տունը, դերասանի տունը։
«Թվում էր՝ խնդիրը լուծվեց։ 2016 թ․-ին շենք հատկացվեց, թղթաբանությունը կարգավորվեց, պետք էր սկսել կառուցապատման աշխատանքները, Կառավարությունը փոխվեց և նորից ամեն ինչ խառնվեց»,- պատմում է Դադասյանը։
Թատրոնին տրամադրվել էր Գևորգ Քոչար փողոցում գտնվող Գրապալատի շենքը, սակայն հեղափոխությունից հետո Մշակույթի նախարարությունը շենքի փոփոխությունն անթույլատրելի համարեց՝ այն դասելով պահպանվող հուշարձանների շարքին։ Այլ առաջարկներ նախարարության կողմից արվել են, իսկ թատրոնի նախընտրելին Մոսկովյան 5 հասցեում գտնվող կառույցն էր՝ կցված Պաշտպանության նախարարությանը։
Հետագայում հայտարարվել է, որ ՊՆ-ն մերժել է տարածքը տրամադրել Մնջախաղի թատրոնին։ Արդյունքում՝ անձնակազմը ցանկություն է հայտնել շինարարություն սկսել իրենց հատկացված նախկին տարածքում՝ Գևորգ Քոչար փողոցում։ Դրա շրջանակներում ձևավորվել է մեթոդական խումբ՝ կառույցի նախագիծը փոփոխելու համար։ Այս պահին թատրոնի շենքի շինարարությունը կիսատ է․ փաստաթղթերը վերջնական ձևավորման փուլում են։
Հարցին՝ արդյոք ոչ բավարար պայմանները նվազեցնո՞ւմ են աշխատանքային մոտիվացիան, Ժիրայր Դադասյանը պատասխանում է․
«Թատրոնը շենքն ու պայմանները չեն, դրանք մարդիկ են, որոնք միասին ստեղծագործում են, ստեղծում են օրգանիզմ ու մթնոլորտ։ Մինչ այս պահը մենք քայլել ենք ու շարունակում ենք կերտել միասին, ու դրանով ամեն ինչ ասված է»։
Թատրոնի ներկայացուցիչները հույս են հայտնում, որ երեք տարի հետո՝ թատրոնի 50-ամյակը նշելու են իրենց շենքում, իսկ տնօրեն Մանվել Խաչատրյանը եզրափակում է՝ «կարծես թունելի վերջում լույսը երևում է»։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի և Երևանի մնջախաղի պետական թատրոնի արխիվից
Կարդացեք նաև
- Գեղասահքը Հայաստանում․ որո՞նք են սպորտաձևի զարգացման հիմնական խնդիրները
- Երևանի նորաբաց «Կենսագրական սալոն»-ում պատրաստ են լսել պատմություններ պատերազմից
- Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/11/2021