Աշխարհի տարբեր երկրներում SARS-COV-2-ից (COVID-19) օրգանիզմը պաշտպանելու համար հակամարմինների անհրաժեշտ քանակությունը որոշելու փորձերն առայժմ արդյունք չեն տվել։ Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ են օրգանիզմում մնում համապատասխան հակամարմինները։
Այս ուղղությամբ կատարվող հետազոտություններն առայժմ պարզել են, որ SARS-COV-2-ով վարակված մարդկանց մեծ մասի (բայց ոչ բոլորի) օրգանիզմում են առաջանում հակամարմիններ։ Դրանց քանակությունը, համաձայն հետազոտությունների, հիմնականում կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Հիվանդությունը ծանր տարած մարդկանց մոտ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է լինում, քան թեթև ընթացքով հիվանդացածների մոտ։
Քանի որ վարակը ձևափոխվում է շատ արագ, իսկ հակամարմիններն առաջանում են կոնկրետ հակածինին (անտիգենին) «ճանաչելու» համար, հետևաբար վիրուսի մուտացված հակածինների նկատմամբ արդեն իսկ գոյություն ունեցող հակամարմիններն անզոր են դառնում։
Ախտածինը կամ հարուցիչը, որը կարող է լինել վիրուս, բակտերիա, սունկ կամ այլ միկրոօրգանիզմ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում է հիվանդություն։ Յուրաքանչյուր ախտածին ունի յուրահատուկ կառուցվածք․ դրանց կարևորագույն բաղադրիչը հակածինն է, որը և, թափանցելով օրգանիզմ, իմունային համակարգին դրդում է արտադրել իրեն համապատասխան հակամարմիններ։
Ինչպես են ձևավորվում հակամարմինները
Մեր օրգանիզմում ապրում են հազարավոր հակամարմիններ․ նրանցից յուրաքանչյուրը, սովորաբար, նույնականացնում, ճանաչում է կոնկրետ հակածինի։ Երբ առաջին անգամ օրգանիզմ է ներթափանցում անծանոթ հակածին, իմուն համակարգի պատասխանն ուշանում է, քանի որ համապատասխան ախտածինին ճանաչող հակամարմինների ձևավորման համար որոշակի ժամանակ է պահանջվում։
Հակամարմինների ձևավորման ժամանակահատվածը տարբեր ախտածինների դեպքում տարբեր է։ Ըստ վարակաբան Արմեն Օհանյանի, սովորաբար հակամարմնի սինթեզի համար պահանջվում է առնվազն 7-10 օր։ Կոնկրետ հակածինի դեմ աշխատող հակամարմինների բավարար քանակությունն էլ առաջանում է հիմնականում ախտածինի՝ օրգանիզմ թափանցելուց, այսինքն՝ վարակվելուց երկու շաբաթ անց։
Հակամարմինները մարդու օրգանիզմում, որպես կանոն, երկար են պահպանվում։ Այստեղ էական նշանակություն ունի այն, թե տվյալ հարուցչի որ սպիտակուցի նկատմամբ է առաջացել հակամարմինը։ Կան սպիտակուցներ, որոնց նկատմամբ առաջացած հակամարմինները միշտ մնում են մեր օրգանիզմում, ինչպես օրինակ՝ ջրծաղիկինը։
Թե հակամարմինները որքան կմնան մեր օրգանիզմում, կախված է հիվանդության ընթացքից, ակտիվությունից, նաև թե ինչպես է դրդվել իմուն համակարգը՝ վարակային պրոցեսո՞վ, թե՞ պատվաստանյութով, բացատրում է Օհանյանը։
«Պատահական չէ, որ պատվաստանյութերի մեծ մասը ստեղծվում են հենց հիվանդության հարուցչի կարևոր տարրի՝ ախտածինի անկենդան կամ թուլացված բջիջների հիման վրա։ Առհասարակ, ցանկացած օտար սպիտակուց՝ անգամ անկենդան, մեր օրգանիզմ ներթափանցելով՝ ընկալվում է որպես օտար ու իմուն համակարգին դրդում է աշխատել»,-«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է վարակաբան Օհանյանը։
Թե՛ բակտերիալ, թե՛ վիրուսային վարակների դեպքում օրգանիզմը հիվանդության հարուցչին հակազդում է իմուն համակարգի օգնությամբ։ Վարակաբանն ասում է՝ հակամարմիններն իմուն համակարգի գործիքներից են, բայց դրանք ընդամենը ճանաչում են օրգանիզմ ներթափանցած հարուցչին․ «Հակամարմինն ունի երկու ծայր․ մեկով կապվում է հարուցչի բաղադրիչ հանդիսացող հակածինին, մյուսով՝ իմուն համակարգի կազմի մեջ մտնող բջիջների համապատասխան խմբին, որոնք և ոչնչացնում են այդ հարուցիչը»։
Հակամարմինների առկայությունը պաշպանության երաշխիք չէ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս եզրահանգումներ անել հակամարմինների քանակությունը որոշող թեստերի հիման վրա։ Հատկապես հաճախակի մուտացվող վիրուսների դեպքում, որոնցից է SARS-COV-2-ը, բնական ճանապարհով իմուն համակարգի պատասխանը հնարավոր է՝ շատ ուշանա։ Այս պարագայում կարևոր է իմուն համակարգին օգնել՝ հնարավորինս արագ և ուժեղ պաշտպանություն ապահովելու համար։
«Հակամարմինների առկայությունը դեռևս չի նշանակում, թե մենք ապահովագրված ենք հիվանդանալուց։ Կարևոր հանգամանք է նախ այն, թե որքան ուժեղ են դրանք կապված հակածինին, այսինքն՝ կկարողանա՞ն, արդյոք, կապված մնալ ու դրանց մասին ինֆորմացիան փոխանցել իմուն համակարգի այն բջիջներին, որոնք ի վիճակի են ոչնչացնել տվյալ հակածինը։ Բացի այդ, հնարավոր է հակամարմինները բավարար որակ չունենան, որպեսզի կարողանան ճանաչել թիրախը՝ հակածինը»,- պարզաբանում է վարակաբանը։
Առողջ մարդու պարագայում, ըստ Օհանյանի, վարակման սկզբնական շրջանում ձևավորվող հակամարմինները դեռևս այն որակը չեն ունենում, ինչ, օրինակ, վարակումից 2 շաբաթ անց։ Ժամանակի ընթացքում, սովորաբար, հակամարմինների թե՛ քանակը, թե՛ որակը բարելավվում է։
Որոշ դեպքերում անգամ վարակվելուց հետո հնարավոր է՝ հակամարմիններ չառաջանան կամ այնքան քիչ լինեն, որ կտրուկ մեծանա ոչ միայն կրկնավարակման, այլև՝ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։
Պատվաստումը հատկապես այս պարագայում որոշիչ դեր կարող է խաղալ։ Քանի որ դրանք ստեղծված են հիմնականում անկենդան հակածինի հիման վրա կամ էլ պարունակում են նյութ, որն արտադրում է թույլ ու օրգանիզմի համար անվնաս հակածին, իմուն համակարգին դրդում են սինթեզել համապատասխան հակամարմինները՝ դրանով բարձրացնելով օրգանիզմի պաշտպանունակությունը հնարավոր վարակման դեպքում։
Ինչպես մինչև վերջերս գոյություն ունեցող մի շարք վիրուսների, այնպես էլ COVID-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերը խորհուրդ է տրվում ներարկել 2-3 դեղաչափով և որոշակի ժամանակացույցով։ Այդպես է արվում, որպեսզի օրգանիզմում տվյալ վարակի հարուցչի դեմ պայքարող հակամարմինները հնարավորինս երկար մնան օրգանիզմում, և իմուն համակարգում նրանց հետ կապված հիշողություն ձևավորվի։ Նման դեպքում կրկնավարակման հավանականությունը զգալի կնվազի։
Կան վիրուսային հիվանդություններ, օրինակ՝ հեպատիտ Բ-ն,որոնց դեմ պայքարելու միակ տարբերակը, ինչպես Օհանյանն է ասում, պատվաստումն է։
SARS-COV-2-ի դեպքում պատվաստումը վարակի դեմ պայքարի կարևոր միջոցներից է։ Այն թույլ կտա վերահսկել վարակը՝ դանդաղեցնել տարածման տեմպը, կրճատել կրկնավարակման դեպքերն ու հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։
«Հատկապես մեր պես առողջապահական, սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող երկրում այն կարևոր գործիք է»,-ասում է վարակաբանը։
Կոլեկտիվ իմունիտետ․ պաշտպանում է նաև չպատվաստվածներին
SARS-COV-2-ի դեմ պատվաստվելու դեպքում ամբողությամբ չի բացառվում կրկնավարկման հավանականությունը, բայց զգալի նվազում է թե՛ դրա, թե՛ հիվանդանալու դեպքում հոսպիտալացվելու, թե՛ շրջապատի մարդկանց վարակելու հավանականությունը։
Մարդիկ, որոնց առողջական խնդիրներով պայմանավորված, ցուցված չէ պատվաստումը, գտնվելով պատվաստված մարդկանց շրջապատում՝ նվազ խոցելի են դառնում։ Հարուցիչը դժվար է շրջանառվում ու փոփոխվում այն հասարակությունում, որտեղ բոլորը կամ մեծ մասը պատվաստված են։ Այդպես ձևավորվում է կոլեկտիվ իմունիտետ։ Հենց այդ ճանապարհով է ժամանակին հաջողվել պայքարել մի շարք այնպիսի ծանր վարակների դեմ, ինչպիսիք են պոլիոմիելիտը, կապույտ հազը, դիֆտերիան, փայտացումը և այլն։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկի հայաֆիկացումը՝ Անուշ Բաղդասարյանի
#COVID19
Կարդացեք նաև
- Ի՞նչ պետք է անել և ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը ու տարբերությունները
- Կորոնավիրուսի կապը նյարդային ու հոգեկան հիվանդությունների հետ
- Կորոնավիրուսային մահերի նվազումը կապ ունի պատվաստվածության բարձր ցուցանիշի հետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 06/12/2021