Միջազգային

Քրդերը

Քրդերն աշխարհի ամենամեծ էթնիկ խումբն են՝ առանց սեփական պետության: Մեկ դար առաջ սկզբնավորված անկախանալու փորձից հետո նրանք, սփռվելով մի շարք երկրներում, ապրում են որպես անարդարացի վերաբերմունքի արժանացած ազգային փոքրամասնություն: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ-ի գլխավորած պայքարում քրդերը ամենահուսալի ցամաքային ուժն են: Այս հակամարտությունում տարած հաղթանակները քրդերն օգտագործել են Սիրիայի իրենց անկլավը հսկողության տակ պահելու և Իրաքում իրենց փոքրիկ վիրտուալ պետությունը զարգացնելու համար: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե նրանք որքանով են մոտ  անկախ հայրենիք ունենալու իրենց բաղձանքին: Խոչընդոտներից են` ներքին հակասությունները, Իրանի ընդդիմությունը, ԱՄՆ-ը և Թուրքիան: Վերջինը կրկին կոշտ քարոզչություն է սկսել Թուրքիայում բնակվող քրդերի դեմ և պայքար է տանում նրանց դեմ նաև Սիրիայում:

Իրավիճակ

Քանի որ «Իսլամական պետության» ջիհադիստները փորձում են վերացնել Մերձավոր Արևելքի սահմանները, քրդերն էլ շանսը բաց չեն թողել իրենց ցանկությամբ վերաձևելու տարածաշրջանը: Քրդական ուժերը Սիրիայի հյուսիսում ստեղծել են ստորաբաժանումներ, որոնք փորձում են միավորել՝ մեծ մասամբ էթնիկ քրդերով բնակեցված տարածքներից, ինչպես նաև հիմնականում արաբական հողերից «Իսլամական պետությանը» դուրս մղելու միջոցով: Թուրքիան, վախենալով, որ այդ հաջողությունները կարող են նմանատիպ նկրտումներ առաջացնել իր տարածքում ապրող քրդերի շրջանում, փետրվարին սկսեց գնդակահարել սիրիաբնակ քուրդ զինյալներին: Նա օգոստոսին մեծացրեց իր մասնակցությունը Սիրիայում՝ սահմանի մոտ տանկեր ուղարկելով, որպեսզի օգնի սիրիացի ապստամբներին «Իսլամական պետության» գրոհայիններից Ջարաբուլուս քաղաքը հետ վերցնելու գործում` միևնույն ժամանակ ճնշելով Սիրիայի քրդերի հետագա առաջխաղացումը: Թուրքիան պնդում է, որ քրդերը համագործակցում են ռուսական և սիրիական ուժերի հետ սիրիացի ապստամբների դեմ ուղղված պայքարում, որոնց աջակցում են Թուրքիան և իր դաշնակիցները: Թուրքիայի կառավարությունն ավելի վաղ պայքար էր սկսել Թուրքիայում ապօրինի գործունեություն ծավալած Քրդական բանվորական կուսակցության դեմ, որին ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Թուրքիան համարում են ահաբեկչական կազմակերպություն: Սա վերջ դրեց եռամյա զինադադարին և հաշտեցման ջանքերին: Քրդերի վիճակն ամենաանվտանգն Իրաքում է, որտեղ Իրաքյան Քրդստանի կիսաինքնավար շրջանային կառավարությունը հզորացել է ի հաշիվ «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով թուլացած կենտրոնական կառավարության: Երբ 2014 թ. իրաքյան բանակը լքեց Քիրքուքը, իրաքաբնակ քրդերը զավթեցին նավթով հարուստ քաղաքը ու հարակից որոշ տարածքներ և այժմ վերահսկում են նավթի զգալի արտահանումներ: Նրանց առաջնորդները խոստացել են անկախության հանրաքվե անցկացնել:

Պատմական ակնարկ

Հնդեվրոպական ծագումով շուրջ 30 միլիոն քուրդ քոչվոր կյանքով է ապրել: Հիմնականում սուննի մահմեդական լինելով՝ քրդերը վաղուց աչքի են ընկել իրենց ռազմական հոտառությամբ. 12-րդ դարում խաչակիրներին պարտության մատնած Սալահ ալ Դինն ազգությամբ քուրդ էր: 1920 թ. Սևրի պայմանագիրը, կազմալուծելով Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտից հետո, հող պատրաստեց Քրդական պետության ստեղծման համար: Սակայն հաղթանակած դաշնակիցները հրաժարվեցին այդ դրույթներից 1923 թ. Լոզանի պայմանագրով, որի պատճառը նոր կազմավորված Թուրքիայի ընդդիմադիր դիրքորոշումն էր: Տարածքի նոր սահմանագծման արդյունքում Քրդստանը բաժանվեց Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Իրանի միջև: Այս երկրներում քրդերը մի շարք խտրականությունների ենթարկվեցին: Նրանք զրկվեցին իրենց քաղաքացիությունից, չընդգրկվեցին որոշ մասնագիտություններում, և արգելվեց երեխաներին որոշ անուններ տալը: Ժամանակ առ ժամանակ ապստամբելով՝ նրանք պայքարել են հանուն հավասար իրավունքների և ինքնավարության: Ազգային իշխանությունները կոշտ կերպով են արձագանքել. դիմել են այնպիսի գործողությունների, ինչպիսիք քրդերին սեփական գյուղերից վտարելն ու Իրաքում նրանց դեմ քիմիական զենք կիրառելն է: 1991 թ. Պարսից ծոցի պատերազմից հետո ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրաքում ստեղծեցին անվտանգության գոտի` պաշտպանելու ապստամբող քրդերին Սադդամ Հուսեյնի ռեժիմի ճնշումներից՝ քրդերի ինքնավարության համար ճանապարհ հարթելով:

Փաստարկ

Արդյոք իրատեսակա՞ն է քրդական պետության ստեղծումը: Նույնիսկ քրդերը լրջորեն չեն խոսում մոտակա ժամանակներում քրդական տարածքների համախմբման միջոցով միավորված երկիր ստեղծելու մասին: Չկա համաքրդական շարժում: Քուրդ առաջնորդները խիստ անմիաբան են մասամբ այն պատճառով, որ տարածքային կառավարությունները նրանց միմյանց դեմ են լարում: Նավթը կարող է տնտեսապես կենսունակ դարձնել Իրաքի քրդական հատվածը: Նախքան «Իսլամական պետության» վերելքը, Քրդստանի տարածքային կառավարության բարենպաստ օրենքներն այնքան շատ օտարերկրյա ներդրողների գրավեցին, որ մայրաքաղաք Էրբիլը ստացավ «Նոր Դուբայ» անվանումը: Սակայն տարածքը գտնվում է շրջափակման մեջ, և առևտրական կապերն իրականացվում են Թուրքիայի և Իրանի միջոցով: Երկուսն էլ դեմ են Իրաքում քրդական պետության ստեղծմանը` վախենալով, որ սա անհնազանդության կդրդի նաև իրենց տարածքում ապրող քրդերին: ԱՄՆ-ը նույնպես դեմ է սրան: Նա անհանգստացած է, որ Իրաքը հետագայում կմասնատվի սուննի և շիա արաբների կողմից վերահսկվող տարածքների` ճնշումների տակ դնելով ազգային փոքրամասնություններին: Իրաքի քրդերն արդեն մեղադրվել են, որ ոչնչացրել են Քիրքուքի մերձակա արաբական գյուղերը, որպեսզի տեղի բնակիչներն այլևս չվերադառնան:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Դոնա Աբու Նասըրը

Աղբյուր` Բլումբերգ7

Թարգմանիչ՝  Լիանա Հակոբյան

Պատասխանատու խմբագիր` Կարինե Դարբինյան

Սույն նյութի թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Ampop.am պարբերականի նյութերն ու վիզուալ պատկերներն արտատպելիս՝ պարտադիր է պատշաճ հղումը սույն կայքին։


Հրապարակվել է` 15/10/2016