«Ամփոփ Մեդիա»-ի «Հայացք ներսից» շարքը շարունակում է ներկայացնել մեր հայրենակիցների պատմություններն արտերկրից։ Մեր ինքնաթիռը եվրոպական երկրներից «թռչում» է Հարավ-Արևելյան Ասիա։
Այս անգամ մեր վիրտուալ ճամփորդության հերոսն ու ուղեկցորդը Մանե Միրզախանյանն է, որը կպատմի Ֆիլիպիններում տիրող իրավիճակի, արտակարգ դրության և իր կարանտինային ռեժիմի մասին։
Նախագծերի ղեկավար Մանեն Ֆիլիպիններ է մեկնել 2019թ․ սեպտեմբերին։ Բնակվում է Մետրո Մանիլայում և աշխատում «Webb Fontaine Group» կազմակերպության Մանիլայի մասնաճյուղում։ Մանեն պատմում է, որ Ֆիլիպիններում կորոնավիրուսի մասին սկսեցին ակտիվ խոսել փետրվարից, երբ Չինաստանում արդեն վիրուսը լայնորեն տարածվել էր։ Դիմակ դնողները շատացան։ Առհասարակ ֆիլիպինցիների համար դիմակ դնելը այնքան էլ արտասովոր երևույթ չէ․ նրանց մեկ երրորդն առօրյայում դիմակ դնում է։ Սակայն մարտի առաջին շաբաթվա ընթացքում վիրուսով պայմանավորված անհանգստությունն ավելացավ։ Հենց այդ ժամանակ էլ խոսք գնաց կարանտինային ռեժիմ սահմանելու մասին։
Իրավիճակը՝ Ֆիլիպիններում
Մոտ 110 մլն բնակչություն ունեցող Ֆիլիպիններում հուլիսի 18-ի դրությամբ գրանցված վարակակիրների թիվը 65 304 է, որից մահվան ելքով՝ 1773-ը։ Վարակվածներից դեռ 22 067-ն են բուժվել։
Գրաֆիկից պարզ երևում է, որ Ֆիլիպիններում վերջին երկու ամիսներին օրական գրանցված նոր դեպքերի աճ է նկատվում։ Դա կապում են Ֆիլիպիններում մայիսի 15-ին տեղի ունեցած ուժգին թայֆունի հետ, ինչը կրկնակի հարված էր երկրի համար։ Թայֆունի հետևանքով տարհանվել է մոտ 140 հազար մարդ։ Այն տարածքները, որոնք ապաստարան էին աղետներից տուժածների համար նաև կարանտինային տարածքներ էին համարվում։
Արտակարգ դրություն և պարետային ժամ
Ֆիլիպիներում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 12-ին, երբ մոտ 12 մլն բնակչություն ունեցող Մետրո Մանիլա ագլոմերացիայում արձանագրվել էր 40 դեպք։ Մարտի 15-ից Մետրո Մանիլայում արդեն «lockdown»-ն էր, որի ընթացքում ելումուտն արգելված էր բոլոր նրանց համար, ովքեր չունեն աշխատանքային քարտ: Հայտարարվել էր նաև պարետային ժամ՝ 20։00-05։00-ը ։
16 քաղաքից բաղկացած Մետրո Մանիլայում արգելված էր նաև մեկ քաղաքից մյուսը տեղաշարժը։ Մանեն պատմում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար մարտից սահմանված է տուգանք՝ 1000 պեսսո (10 000 ՀՀ դրամ): Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ամենուրեք։ Եթե ոստիկանի օրինական պահանջը չկատարես՝ բերման կենթարկեն։ Տրանսպորտը, խանութները, ռեստորանները չէին աշխատում։
«Ամբողջը հենց մեկ օրում փակվեց»,- հիշում է Մանեն։
Բացվել են միայն մոտ 10 օր առաջ։ Մեր զրուցակիցն ասում է, որ խանութներում, գրեթե ամեն քայլափոխի, կարող ես տեսնել «Պահպանիր սոցիալական հեռավորությունը» վերտառությամբ պաստառներ պահող մարդկանց։ Տաքսիների աշխատանքն էլ մեկ ամիս առաջ է վերակագնվել։ Ըստ Մանեի՝ սկզբում այն կարող էր տեղափոխել ընդամենը մեկ, հիմա արդեն երկու ուղևոր։
Ֆիլիպինների կարանտինային պլանը
Համաճարակի ժամանակ ֆիլիպինցիների զգուշավոր և կարգապահ վարքագիծը մի բացատրություն ունի՝ ինչպես իրենք են արտահայտվում՝ «ուղղակի վախենում են»։
«Եվ այո՛, մոտ 110 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դեպքերի և մահերի նման քանակը կապված է նաև նրա հետ, որ աշխարհում ուրիշ ոչ մի երկիր կարանտինային հստակ պլան չունի, ինչպես Ֆիլիպինները»,-ասում է Մանեն։
Պլանը ներառում է 4 ռեժիմ՝ ECQ, Modified ECQ , GCQ և Modified GCQ: Ամենախիստը՝ ECQ-ն է, երբ ամեն ինչ փակ է, տեղաշարժը՝ արգելված, իսկ տնից դուրս գալ հնարավոր է միայն «Quarantine Pass»-ով։
Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի տարածվածությունը՝ տարբեր բնակավայրերում տարբեր ռեժիմներ են գործում: Այս պահին Մետրո Մանիլայում սահմանված է GCQ, քանի որ հաստատված դեպքերը համեմատաբար քիչ են։
Սոցիալական խնդիրների սրացում
Մանեն պատմում է, որ առաջին երեք ամիսների ընթացքում աշխատել է բացառապես տնից, քանի որ տեղաշարժը սահմանափակված էր։ Ասել, որ Ֆիլիպիններում բոլորը կարողացել են աշխատել հեռավար, ճիշտ չէ։ Նրա աշխատանքը թույլ է տվել, մինչդեռ Ֆիլիպիններում կորոնավիրուսը հարվածել է հատկապես աղքատ բնակչությանը։
Ըստ նրա՝ բնակչության մոտ 30%-ը ծայրահեղ աղքատ է, շատ են անօթևանները և պետությունը նրանց սննդով ապահովելու խնդիր ունի։
«Շաբաթը մեկ սնունդ էին բաժանում մարդկանց՝ անկախ սոցիալական կարգավիճակից։ Ինձ հետ էլ է նման դեպք պատահել, երբ դուռը ծեծեցին և ասացին, որ կառավարության կողմից սնունդ է ուղարկվել։ Այսինքն՝ պետությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի կանխի սովյալ մարդկանց մահանալը փողոցներում»,-ասում է նա։
«Մարդիկ ասում էին՝ այսպես անհնար է ապրել, ու ցույցեր սկսեցին»,- շարունակում է Մանեն։ Բայց իշխանության զգուշացումից հետո, որ ոստիկանությունը կարող է զենք կիրառել, ակցիաները դադարեցին։
Նախընտրեցի մնալ այստեղ
«Հայաստան վերադառնալու միտք եղել է սկզբում, երբ վարակը նոր էր տարածվում այստեղ։ Անհասկանալի էր՝ ի՞նչ է լինելու, որքա՞ն կտևի այս ամենը․․․ Մտածում էի՝ եթե 4 ամիս տանը փակված եմ լինելու, ապա լավ կլինի Հայատանում՝ ընտանիքիս հետ փակվեմ»,- ասում է Մանեն։
Բայց վերլուծելով իրավիճակը՝ հասկացել է, որ կորոնավիրուսով պայմանավորված Ֆիլիպինների դռները կարող են փակվել օտարերկրացիների առաջ․ «Այստեղ շատ խիստ է, և եթե ես վերադառնամ, ապա հնարավոր է, որ մինչև տարվա վերջ աշխատանքային կամ տուրիստական վիզայով չթողնեն գամ նորից։ Ուստի ես որոշեցի մնալ, քանի որ ինձ առավել ձեռնտու է, որպեսզի իրավիճակի կարգավորումից հետո, երբ ամեն ինչ բացվի՝ ես լինեմ Ֆիլիպիններում»։
Հայացք դեպի Հայաստան
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ինձ համար անսովոր է՝ սկսած հերթերից, դիմակներ չկրելուց, տանը չմնալուց»,- ասում է Մանեն։
Նա անհանգիստ է ընտանիքի համար՝ հատկապես բուժաշխատող մոր․ «Բուժաշխատողներն իրենց կյանքը վտանգի տակ են դնում, իսկ մարդիկ այդ ամենին անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում»։
«Ասում են «իրենց ոչինչ չի կպնի»»,- տխրությամբ հավելում է Մանեն, քանի որ կորոնավիրուսի պարագայում գոնե այդպես չէ։
Զրուցեց Գայանե Մելիքյանը
Լուսանկարները՝ Մանե Միրզախանյանի անձնական արխիվից
Այս թեմայով այլ նյութեր
- Քրիստինեն՝ Ֆրանսիայից․ սահմանվել էր կարգ, որին հետևել են բոլորը
- Լենան՝ Իսպանիայից․ Մադրիդն ու Բարսելոնան քաղաք-ուրվականների էին վերածվել
- Պորտուգալիայում մեկոսացած․«Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»
- Հայ ուսանողուհին՝ Շվեյցարիայից․ Կառավարության հորդորից հետո այլևս մարդ չկար փողոցներում
- Տաթևը՝ Գերմանիայից․ Լավ է մեկ ամիս տանը մնալ, քան՝ վարակի աղբյուր դառնալ
#COVID19 #հայացքներսից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/07/2020