Տնտեսություն

Տեսակետ․ Փոքր և միջին բիզնեսին օժանդակությունը բավարար չէր

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը վերաբերվում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին։ Դրա շրջանակներում պետությունն արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով ֆինանսական օժանդակություն է հատկացնում փոքր բիզնեսին՝ նպատակ ունենալով նպաստել աշխատատեղերի և բիզնեսի պահպանմանը։ Այս մասին, թե որքանո՞վ է սա արդյունավետ, և խնդիրների ո՞ր մասն է հաջողվում լուծել պետության աջակցությամբ, իր տեսակետով կիսվում է Լուսինե Հարությունյանը։

Ընթերցելուց հետո քվերակության միջոցով կարող եք ձեր դիրքորոշումն արտահայտել տվյալ տեսակետի շուրջ։

[poll id=”14451″]

Կառավարության զգուշավոր քաղաքականությունն ու դրա հետևանքները

Լուսինե Հարությունյան

Հարցման արդյունքները և ոլորտում ներգրավված անձանց ու փորձագետների կարծիքները ցույց են տալիս, որ Կառավարության սահմանած օժանդակությունը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին բավարար չէր։ Մեծ թվով քաղաքացիներ նշում են, որ այս ընթացքում դարձել են գործազուրկ և/կամ պակասել են տնային տնտեսության եկամուտները։ Կարելի է առանձնացնել մի քանի պատճառ, թե ինչու այն լիարժեք չէր։ Այդ պատճառներից են՝

  • օգնության ծավալները,
  • շահառուների շրջանակը, ինչպես նաև
  • վարկավորման ենթակա ծախսերի ժամկետները։

Ակնհայտ է, որ վերը նշված խնդիրների հիմքը օժանդակության համար տրամադրվող գումարի չափն է։ Յուրաքանչյուր վարկի համար նախատեսված առավելագույն 50 մլն ՀՀ դրամը չի կարող բավարարել բոլոր շահառուներին։ Շահառուների շրջանակը 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներն են, ինչը հուշում է, որ 50մլն դրամը բիզնեսը պահելու համար պետքական, բայց ոչ որոշիչ գումար է։

Միևնույն ժամանակ հասկանալի է Կառավարության զգուշավորությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում ֆինանսների ներդրման հարցում։ Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կշարունակվի տնտեսական ճգնաժամը և բյուջեի մուտքերի կրճատումը։

Սակայն Հայաստանը միակ երկիրը չէ, որ կանգնած է պետական պարտքի ավելացման ճանապարհով խոցելի խմբերին և տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու երկընտրանքի առաջ։ Եվ հնարավոր է՝ սա է երկարաժամկետ կտրվածքով լավագույն լուծումը, քանի որ աղքատության մակարդակի բարձրացումը և տնտեսվարողների սուբյեկտների գործունեության դադարեցումը կարող են ունենալ ավելի խորը հետևանքներ։

Արտոնյալ պայմաններով վարկերը տրամադրվում են «բարվոք վարկային և հարկային պատմություն» ունեցողներին։ Գործընթացն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոնի» կողմից։ Վատ վարկային պատմություն ունեցող տնտեսվարողների գործունեության դադարեցման ռիսկերն ավելի բարձր են, քան վերջիններիս վարկեր տրամադրելու ռիսկերը։ Բիզնեսի փակման արդյունքում բյուջե մուտք գործող հարկերի կրճատումը և գործազուրկների թվի ավելացումը ռիսկեր պարունակող վարկերից ավելի վատ հետևանքներ են։

Աշխատավարձերի, հանրային ծառայությունների և պետական տուրքերի համար տրամադրվող արտոնյալ պայմանները 3 ամսով էին, այսինքն՝ մեկ ամիս ավել, քան տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերականգնման ժակետները։

Օրինակ՝ տնտեսվարողը կարող էր վարկ վերցնել մարտի 30-ին, իսկ գործունեությունը վերականգնել՝ պայմանականորեն մայիսի 20-ին։ Վերջինս հնարավորություն ուներ վարկից օգտվել մինչև հունիսի 30-ը։ Սակայն տնտեսական գործունեության վերականգնումը չի նշանակում նախկին ծավալների և եկամուտների վերականգնում։ Հետևաբար, կախված բիզնեսի առանձնահատկություններից և վերաբացվելուց հետո եկամտաբերության չափից, տվյալ ժամանակահատվածը կարող էր ավելի ճկուն լինել։

Տնտեսվարողը վարկի մայր գումարը վճարելու պարտավորություն չունի առաջին 6 ամիսների ընթացքում։ Կրկին եկամուտների նվազման և/կամ վնասով աշխատող գործարարների համար ժամկետները շատ սուղ են։ Նման ժամկետները կարող են պատճառ հանդիսանալ, որ տնտեսվարողը խուսափի օգտվել պետական օժանդակությունից։

Պետության կողմից համավարակի պատճառով տուժած ոլորտներում ներգրավված քաղաքացիներին տրամադրվող միանվագ ֆինանսական օգնությունը, իհարկե՛, կարևոր էր։ Սա հնարավորություն տվեց խոցելի խմբերին առաձին անհրաժեշտության ծախսերի բավարարման տեսանկյունից։ Այս քայլը, սակայն կարելի է դիտարկել որպես ոչ թե խնդրի լուծում, այլ կենցաղային հոգսերի թոթափում, քանի որ անգամ սահմանափակումների նվազեցումից և արտակարգ դրության ավարտից հետո որոշ բիզնեսներ դեռ չեն վերաբացվի, հետևաբար մարդիկ կմնան գործազուրկ։ Նման պայմաններում ավելի թիրախային կլիներ օժանդակությունն ուղղել բիզնեսների չփակվելուն և աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։

Եթե փորձենք ամփոփել վերը նշվածը, ապա կարելի է ասել, որ Կառավարությունը վարում է զգուշավոր քաղաքականություն։ Տնտեսվարողների գործունեության չդադարեցման համար արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը կարող է լինել արդարացված։ Սակայն անհրաժեշտ է վարկավորման պայմանների էլ ավելի մեծ ճկունություն և անհատական մոտեցում, ինչը կարող է ավելի գրավիչ դարձնել օժանդակության ծրագիրը։

#տեսակետ #COVID19 

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Եթե ցանկություն ունեք ձեր ուժերը փորձել սույն նախագծում, ուղարկեք [email protected] հասցեին ձեր կենսագրությունն ու վերջին ամիսներին ձեր կողմից գրված որևէ վերլուծական նյութ։

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/09/2020