Մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել էին Բաղրամյան պողոտան։ Ցուցարարները բողոքում էին «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի դեմ։ Դրանով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը` թողնելով մեկական գրասենյակ միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում, իսկ Երևանում՝ 2։ Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020թ. նոյեմբերից: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում, մինչդեռ իրենք աշխատատեղ են ապահովում։
Հաջորդ օրը բողոքի ակցիա էին իրականացնում արդեն «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները։ Նրանք փակել էին Աշտարակ-Ուջան ճանապարհը և պահանջում էին վճարել ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը։ Մայիսի 31-ին բողոքի ակցիան տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց։ Այստեղ ցուցարարները և կառավարության անդամները համաձայնության եկան, որ բողոքի ակցիաները կդադարեցվեն, սակայն, եթե մեկուկես ամսվա ընթացքում աշխատավարձերը չվճարվեն, բողոքի ակցիաները կվերսկվեն։
Երևան-Գյումրի երկաթգիծը և Արագածավանի միջպետական ճանապարհներն էլ փակել էին Արագածավան և Լուսակն գյուղերի բնակիչները։ Նրանք էլ պահանջում են նվազեցնել ոռոգման ջրի վարձը։ Իսկ Ջրային կոմիտեն պնդում է, որ ոռոգման ջրի վարձն անփոփոխ է մնացել, շատ ծախսի պատճառը շատ ջուր օգտագործելն է։
Գյումրիում կարի ֆաբրիկայի աշխատողներն ահազանգում են
Աշխատանքային պայմաններից լրագրողներին իրենց բողոքն են հայտնել և այն կորցնելու վտանգի առաջ կանգնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատողները։ Ըստ նրանց՝ ֆաբրիկայի ղեկավարը սպառնացել է աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, որոնք բողոքել են աշխատանքային պայմաններից և աշխատավարձերի ուշացումներից։ Ըստ աշխատողների՝ պայմանագրով իրենց աշխատավարձը 55 հազար դրամ է, սակայն ստանում են ավելի քիչ։ Գործին միջամտել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որը նախատեսում է իրականացնել համապատասխան գործողություններ՝ իր իրավասության սահմաններում։
Եղեգնաձորը մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը
Վեթինգը՝ դատավորների «արժանապատվության արատավորում»
Մայիսի 27-ին գումարվեց դատավորների արտահերթ նիստ։ Ժողովին մասնակցած Հայաստանի 165 դատավորները նիստի ավարտին հայտարարեցին, որ իրենք կողմ են ունեցվածքի և դրամական միջոցների հանրայնացմանը, երբ դրանք սահմանված են օրենքով, չեն արատավորում դատավորների արժանապատվությունն ու բարի համբավը։
Տնտեսական ցուցանիշներ
Մայիսի 30-ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսության ցուցանիշներին։ Նա նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքի 7․1% աճ է գրանցվել։ Արդյունաբերական արտադրանքների արտահանման ծավալն ավելացել է 13․2%-ով։ Ծառայությունների ծավալն ավելացել է 16.2%-ով։
Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց նաև այն փաստի առթիվ, որ 2019թ․ ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ արտահանման ծավալն աճել 9,9%-ով։
Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ․ առաջին 4 ամիսներին՝ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4,2%-ով, մասնավորապես՝ արտահանումը նվազել է 8,6%-ով։
Փակվող նախարարություններում կրճատումներ
Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են փակվող և միավորվող նախարարությունների 27 փոխնախարարներ: Պաշտոնից ազատվել են Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարների տեղակալները։
Օրենսդրական փոփոխություններ՝ զինծառայության վերաբերյալ
Ազգային ժողովն ընդունեց վերջին նիստերում քննարկված մի քանի նախագծեր։
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով նախատեսվում է պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40։ «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3-ի փոխարեն կդառնա 2 տարի։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/06/2019