Քաղաքական

Հուլիսի 27-օգոստոսի 2. Մեղադրանք Քոչարյանի գործը քննող դատավորին

Հուլիսի 27-ին դատավոր  Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է։

Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության՝ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է 2018թ. սեպտեմբերին դատական 2 գործերին չհամապատասխանող դատական նիստի թղթային արձանագրություններ կցելու համար: Դատախազության պարզաբանման համաձայն՝ այսպիսի թղթային արձանագրությունները կազմվում են միայն ձայնագրման համակարգի խափանման ժամանակ։

Դատավոր Գրիգորյանը 2019թ․ մայիս ամսից Քոչարյանի գործով դատավորն է: Մայիսի 18-ին Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց ազատ արձակմամբ։

Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հատուկ քննչական ծառայությունը Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել:

«Սանիթեք»-ի և քաղաքապետարանի միջև հակամարտությունը շարունակվում է

Օգոստոսի 2-ին Երևանում տեսակապի միջոցով ասուլիս էր կազմակերպել Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

«Սանիթեքի»-ի կողմից, ի սկզբանե հայտարարվել էր, որ ասուլիսը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որի համար ընկերությունը պատրաստ էր անգամ Հայաստանի լրագրողներին տեղափոխել հարևան երկիր: Սակայն բուռն քննարկումների ֆոնին՝ ընկերությունը փոխեց որոշումն ու ասուլիսը կազմակերպեց Երևանում՝ տեսակապի միջոցով։ Ասուլիսի նման ձևաչափի հիմնական պատճառն, ըստ տնօրենի, այն էր, որ  երաշխիքներ չեն ունեցել, թե ոչ իրավաչափ հետապնդումների չեն ենթարկվի:

Տնօրենը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ենթարկվում են ագրեսիվ վարչական ճնշումների և քաղաքական որոշում կա խզելու ընկերության հետ ունեցած պայմանագիրը։ Ընկերությունը, չնայած ֆինանսական խնդիրներին, պատրաստ է 4 մլն դոլարի ներդրում կատարել, տարեկան 500 նոր աղբամաններ գնել, արդիականացնել ավտոպարկը, սակայն այն պայմանով, որ քաղաքապետարանը վերանայի պայմանագիրն ու բարձրացնի գինը։ Հակառակ դեպքում կդիմեն արբիտրաժային դատարան։

Ընկերության տնօրենի հայտարարություններին արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 1-in.am-ի հետ հարցազրույցում։ Նրա պնդմամբ՝ «Սանիթեք»-ը իր ունեցած շարժակազմով  պարզապես չի կարող իրականացնել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է։ «Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- նշել է Մարությանը։ Քաղաքապետը պնդում է, որ պայմանագրի գինը չի բարձրացվելու, արբիտրաժային դատարան դիմելու հիմք էլ չկա։ «Երևանը մաքրելու ենք, «Սանիթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի»,- նշել է քաղաքապետը։

Ավտոմաքսատունը՝ Գյումրիում

Կառավարությունը օգոստոսի 1-ին 181 մլն դրամ է հատկացրել Պետական եկամուտների կոմիտեին ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նպատակով: Այս գումարը նախապատրաստական աշխատանքների համար է, մինչդեռ մաքսատան և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նախնական ընդհանուր արժեքը 2.2 մլրդ դրամ է:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ մաքսատան կառուցման աշխատանքները կավարտեն մինչև 2019-ի հոկտեմբեր ամիսը։ Նրա խոսքով՝ տեղափոխումը հրատապ է, քանի որ սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից։

Պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներկրվել է 68 000 ավտոմեքենա, մինչդեռ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 000 մեքենա: Գյումրիում ավտոմաքսատուն ունենալու մասին առաջին անգամ խոսվել էր այս տարվա ապրիլին վարչապետ Փաշինյանի կողմից` ՊԵԿ կառույցներում շրջայցից հետո:

Քրեական գործ՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստով

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշներով։

Երևան-Հուրգադա-Երևան թռիչքների չեղարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձը կազմակերպելու համար  կառավարությունը հատկացրել է  նախ 47,2 մլն, ապա նաև 5,8 մլն դրամ։ Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության՝ չվերթի չեղարկման պատճառն այն է եղել, որ «A&R Tour» տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։

ՊՆ զորամասերում 2 նոր ճաշարան՝ նոր մատուցմամբ

Օգոստոսի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսուհետ ՊՆ զորամասերից 2-ում ճաշարանների շահագործումը իրականացնելու է «Արտ Լանչ» ընկերությունը։

Այս մասին տեղեկացնում է նաև ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն սննդի մատուցման նույն ձևաչափին:

«Բոլոր զինվորական ճաշարանները վերանորոգելու ենք ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ փոխվելու է սպասքը, կահույքը, թարմացվելու են սարքավորումները»,- գրել է նա։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր համակարգն այս պահին ներդրված է 8 զորամասերում։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ի Կառավարության նիստում ընդունվեց փորձնական ծրագիր՝ բանակում սննդի մատակարարումը հանձնել մասնավորին։ Դեռևս հուլիսի 22-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ սննդի առաքման և կազմակերպման մրցույթում հաղթել են վեց ընկերություններ։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/08/2019