Կրթություն Միջազգային

Հոգևոր որոնումներով դեպի Հնդկաստան. մաս 1-ին՝ ճանապարհ

«Եթե ինչ-որ բան ցանկանում ես ամբողջ սրտով,
ողջ Տիեզերքը կնպաստի դրա կատարմանը»
Պ. Կոելյո

Կարծում եմ՝ հոգևոր «գանձեր» որոնող յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինի Հնդկաստանում։ Այդպես, մոտ 4-5 տարի առաջ Հնդկաստան այցելությունը հայտնվեց իմ կյանքի անելիքների ցանկում։

Հետո սկսվեց քովիդ-պատերազմ-անորոշություն շրջանը։ Եվ ինչպես փոքր տղան ժամանակ առ ժամանակ, աչքերը կկոցած, նայում է խանութի ցուցափեղկից երևացող իր երազանքի հեծանվին, այդպես էլ ես նայում էի համակարգչիս էկրանին՝ դեպի Հնդկաստան հասցնող չվերթների գներին, ու երազում այն օրվա մասին, երբ աստղերն ու ֆինանսներս երջանիկ համադրությամբ կօգնեն ինձ իրականացնել երազանքս…

Տուրիստական Հնդկաստանի հարցում մեծ գիտակ չեմ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ այդ երկրի հարուստ մշակութային պատմությունը և բազմահազարանոց աստվածների պանթեոնը հնարավորություն է ցանկացած տեսակի բացահայտման համար՝ յուրօրինակ խոհանոցից մինչև ամենատարբեր սրբավայրեր։

Իսկ իմ հնդկական ուղու վերջում կանգնած էր Վարպետը՝ Սադհգուրուն… ավելի ստույգ՝ այն հոգևոր կղզյակը՝ «Իշա» յոգայի կենտրոնը, որը հիմնադրվել է այս հնդիկ յոգի ջանքերով, և որի մասին այդքան կարդացել եմ նրա գրքերում, լսել հարցազրույցներն ու ելույթները։ Կենտրոնը թեև հազարամյակների պատմություն չունի (Սադհգուրուն այն հիմնադրել է մոտ 40 տարի առաջ), բայց որքանով հեռվից ծանոթացել էի նրա և տեղի տաճարների մասին արձագանքներին, այն պետք է որ հզոր էներգետիկա և մարդկանց փոխելու իրական կարողություն ունենար։

2022 թ. հոկտեմբերի վերջին սկսվեց…

Տիեզերքն ինձ ազդանշան տվեց… Պարզվում է, որ կարելի է Երևան-Աբու Դաբի (ՄԱԷ) երկկողմանի տոմս գնել ընդամենը 74 եվրոյով։ Այս դեպքում Երևան- Աբու Դաբի-Մումբայ-Քոիմբատոր երկկողմանի չվերթի արժեքը կազմում էր 170.000 հազար դրամի տիրույթում։ Իմացա նաև, որ քովիդով պայմանավորված սահմանափակումներ չկան Հնդկաստանում։ Մնացածն արդեն երկրորդական էր ինձ համար. աշխատանքային օրացույցումս առաջին իսկ հարմար օրերի համար կատարեցի հյուրատան ամրագրում և գնեցի մեկ շաբաթով դեպի Հնդկաստան այցելության տոմսեր։

Էժան ավիատոմսերի թերությունն այն է, որ խնայողության պատճառով ավելի շատ ժամանակ ես ծախսում ճանապարհի վրա, և իմ՝ 24 ժամից ավելի տևած ճամփորդությունը դեպի Հնդկաստան «սփոփվում» էր նպատակի կարևորությամբ։

Մինչև Մումբայ մոտավորապես այսպիսի մտքեր էին պտտվում գլխումս՝

Մեծ նպատակների համար կարելի է նաև որոշակի անհարմարություններ կրել, Արմա՛ն։

ԵՊՀ-ի ուսանողներիս վերջապես կասեմ՝ «այո, եղել եմ», երբ արևելյան փիլիսոփայության հիմնարար սկզբունքները ներկայացնելիս ինձ կհարցնեն՝ պարոն Ղարագուլյան, իսկ դուք երբևէ այդ կողմերում եղե՞լ եք։ Կունենամ նաև ականատեսի անմիջական վկայություն։

Սադհգուրուն ֆենոմենալ ակտիվություն ծավալող հոգևոր առաջնորդ է, ով լավ մշակված մեդիա կերպար ունենալով՝ բարդ բաների մասին խոսում է հնարավորինս պարզ լեզվով, ունի հումորի բացառիկ զգացում, ում ուսանողները հաճույքով են լսում և ցիտում։ Տեսնես հիմա Հնդկաստանու՞մ է, թե՞ իր գերակտիվ միջազգային շրջագայությունների հերթական փուլում։ Հաջողություն կլիներ, եթե ստացվեր նրան նաև կենդանի տեսնել…

Հասնելով Մումբայի օդանավակայանի անձնագրերի ստուգման կետերին՝ «տիեզերական» մտքերս ցրվեցին, քանի որ հայտնվեցի մի միջավայրում, ուր մրջնանոցի նման բազմամարդ էր, բայց անկազմակերպ ու խառնաշփոթ՝ վիզայի համար անվերջ ձգվող հերթեր, որտեղ գոռում-գոչյունների մեջ իրար են բախվում կարգապահության, դիմացինին հարգելու և սեփական նպատակներին հետևելու մասին եվրոպական և ասիական պատկերացումները։

Մումբայի օդանավակայան

Ժամուկեսանոց աղմկալից հերթի վերջում մեկ էլ պարզվում է, որ սահմանապահին ներկայացվելիք ինչ-որ թղթիկ չունեմ։ Բացատրում եմ՝ ուր եմ գնում, սահմանապահը որոշում է ինձ խնայել և տեղում հերթից դուրս թղթիկը լրացնելու հնարավորություն տալիս։ Կեսից զգում եմ, որ ինչ-որ բան սխալ լրացրի, բացի այդ՝ ձեռքիս տակ եղած թղթերում չեմ գտնում «Իշա» կենտրոնի հասցեն, ռոումինգս սկզբունքորեն հրաժարվում է աշխատել, որ գոնե համացանցից գտնեմ այն… Եվ այդ լարված պահին կրկին օգնության են գալիս աստղերը. սահմանապահը հետ է կանչում ինձ, ընդունում է իմ կիսատ-պռատ լրացրած թերթիկը՝ անձնագրիս մեջ շրխկացնելով մուտքի կնիքը։

Փաստորեն, Սադհգուրուն մեզ համար է միայն յութուբյան կերպար, իսկ Հնդկաստանում, ինչպես հետո ես պարզում եմ, նա ամենազդեցիկ 50 մարդկանցից մեկն է, ում նախաձեռնած միջոցառումներին մասնակցում են ամենաբարձր մակարդակի պետական պաշտոնյաներ՝ ընդհուպ մինչև Հնդկաստանի նախագահը։

Վերջապես Հնդկաստանում եմ, բայց դեռ ճանապարհ ունեմ անցնելու։

Հնդկաստանում երկրորդ վայրէջքս Քոիմբատորի օդանավակայանում է։ Անմիջապես ելքի դիմաց փակցված հսկայական պաստառից Սադհգուրուն ողջունում է ժամանողներին և հրավիրում փետրվարի 18-ին մասնակցելու Շիվա աստծու մեծարմանը նվիրված Մահաշիվրաթհի միջոցառմանը։

Քոիմբատորից ինձ դեռ 1,5 ժամ տաքսիով ճանապարհ է սպասում։ «Իշա» կենտրոնի միջոցով նախապես ամրագրված տաքսու վարորդը հնդկական ֆիլմերից դուրս եկած շատախոս ծերուկներից է։ Ճանապարհին ոգևորված սկսում է պատմել իրենց աշրամի, այսինքն յոգա կենտրոնի մասին։

Աշրամը հնդկական ավանդական հոգևոր մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Դա այն վայրն է, որը հնարավորություն է տալիս հոգևոր որոնումներով տոգորված մարդուն կտրվել աշխարհիկ կյանքի նյութական հոգսերի բեռից և ամբողջությամբ կենտրոնանալ ներքին աշխատանքի վրա։

Պարզվում է՝ վարորդս «Իշայի» աշխատող է. կենտրոնն ունի մոտ 20 սեփական ավտոմեքենա, որոնցով էլ սպասարկում է իր հյուրերին։ Ճանապարհին վարորդն ինձ հնդկական կոկոս է հյուրասիրում և պատմում կենտրոնում անցկացվող բոլոր դասընթացների մասին։ Պատմում է առաջին դեմքով, որովհետև ինքն այդ ամենն անձամբ սովորել է։

Այստեղ նշեմ, որ այն կոկոսը, որը մեր խանութներում է վաճառվում, այցելությանս ժամանակ տեսել եմ միայն տաճարում՝ ծիսական գործողությունների ժամանակ։ Իսկ «իսկական» կոկոսը և՛ ծարավ է հագեցնում, և՛ ունի հյութեղ միջուկի շերտ։ Առաջին նախաճաշս Հնդկաստանում ստացվա՛ծ է…

Ծերուկի հետ ուղևորությունս կարծես մոտենում է ավարտին, և քիչ անց նա ինձ կհասցնի աշրամ. ենթագիտակցորեն մտքումս պտտվում են աշրամին վերաբերող ինչ-որ պատկերներ, երևի թե, նախկինում տեսածս ֆիլմերից ձևավորված՝ ծղոտից ծածկով կիսախարխուլ տնակ, աղքատիկ ուտելիք և հարմարավետությունների բացակայություն… Ու մեկ էլ ինքս ինձ հայտնաբերում եմ մի մեծ, կենդանի և աշխատանքից եռացող համակարգում՝ բարդ ենթակառուցվածքով, սեփական ներքին տրանսպորտով, տարբեր համալիրներով՝ տաճարներ, հյուրատներ, դպրոցներ, մարզվելու և ծիսական դահլիճներ, և այս ամենը՝ ողողված արևադարձային կանաչով։

Հյուրատան ընդունարանի դիմաց ճամպրուկների շարքը կարծես տուրիստական հայտնի ուղղությունների մասին բոլորովին այլ ֆիլմից լինի։

Ես վերջապես տեղում եմ ու դեռ ինչքան բան ունեմ բացահայտելու…

Շարունակությունն այստեղ․

Հեղինակ՝ Արման Ղարագուլյան
Լուսանկարները՝ հեղինակի
Արման Ղարագուլյանը ԵՊՀ-ի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/04/2023