Քնելու անհագ ցանկությամբ տապալվեցի անկողնում, փափագում էի աչք փակել: Թվում էր, թե փախցրած 10-15 րոպեն ամենազոր ազդեցությունն են ունենալու և գերհոգնածությունս անցնելու է:
Ժամսլաքի զարկերը սթափեցնող էին, սակայն: Ժամանակն էր տնից դուրս գալու:
Լավ է, երբ մարդու կյանքում տեղ կա, որտեղ նա կարող է փախչել: Ինձ համար այդ տեղն Արցախթերթն էր. ես փախչում էի այնտեղ, երբ ուրախ էի, երբ տխուր էի…
Սեպտեմբերի 19-ին արևը չէր ժպտում: Ամպոտ օրվա ճնշող տխրությունը համակել էր ինձ: Ցավոտ էր աջ ու ձախ:
Դատարկ խանութներ, շոկոլադ փնտրող մայրիկներ, կերպարանափոխված, վաղուց ոչ մոդայիկ հագուստ կրող մանեկեններ, քաղցրավենիք երազող երեխաներ…

Անծանոթների զրույցները խառնվել էին իրար:
– Կարումը՞ք տեմ կենաք:
– Հա, պահինչընք անում:
Իսկ քաղաքը մաքուր էր, մաքուր՝ նաև փոխաբերական իմաստով: Մաքուր էին քաղաքի փողոցները, մարդկանց հոգիները, մաքուր էին անգամ անձրևաջրերը:

Հաճելի է, երբ արագանում է շնչառությունդ, երբ սիրտդ սկսում է արագ տրոփել, և ամենևին էլ ոչ նրանից, որ շուրջ 4 կմ–ը ոտքով ես հաղթահարում: Այդ զգացողությունը մանկությանս գույնն ունեցող քաղաքից էր, գեղեցիկ ակնթարթներ հիշեցնող վայրերից, հարազատ դեմքերից:
«Ապրելու համար վայրկյա՞ն է պետք, թե՞ հավերժություն»,- մտորում եմ:
Մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում շատրվանը փայլում էր իր գեղեցկությամբ: Ջրաշիթերի աշխույժ խաղը դրական լիցքեր հաղորդեց ինձ: Որքան քիչ բան էր պետք օրը գունավորելու և ժպտալու համար:

«Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությունը նորակառույց բազմաբնակարան շենքի առաջին հարկում էր՝ Մամիկոնյան 7 հասցեում: Թերթի աշխատակիցներին, սովորաբար, դեռ շքամուտք չհասած՝ ամեն առավոտ ձյաձ Ալիկն էր դիմավորում: Սեղանի թենիսի վաստակավոր մարզիչը բազմաբնակարանի բնակիչներից էր: Բակում ծառեր, ծաղիկներ ու խաղողի տնկիներ էր աճեցնում:
Մի երկու բառ փոխանակեցի հետը ու ներս մտա:

Խմբագրությունում ինքնակազմակերպվում էի․ աշխատասեղանս ոչ միայն աշխատանքի, այլև անձնական հարմարավետության տարածք էր, բնավորությանս համաձայն՝ միշտ կոկիկ:
Սեղանիս տրամադրություն ներշնչող ծաղիկներս էին ու խմբագրիս՝ Նորեկ Գասպարյանի «Ամենալավ ժամանակը» գիրքը, որն ինձ նվիրելուց մակագրել է՝ ապրիր քո ամենալավ ժամանակը… Գեղեցիկ ձևավորված գիրքը հրաշագործ ուժով ազդում էր ինձ վրա: Ապրում էի իմ ամենալավ ժամանակը:
Չգիտեի…

Թերթեր, թղթեր, նոթբուք, հեռախոսի հենակ, անլար ականջակալներ, գրիչ, նոթատետր, նախքան շրջափակումը պարտադիր նաև` սուրճ ու շոկոլադ. սա իմ չխմբագրված աշխատասեղանն էր:
Կապույտ գիրք–տուփը, որը շոկոլադի իմ պահոցն էր, վաղուց է՛լ աշխատասեղանիս չէր: Շրջափակման ընթացքում այդպես էլ չհանեցի դարակից. դատարկ էր:
Պաշտոնական հաղորդագրություններին հետևելն իմ առաջնային պարտավորությունն էր. առաջնագծում լարվածությունը շարունակվում էր:
Ժամանակը ճոճվում էր:
«Լուսին, մոտակա փուռումը հացըն թըխում, շուտ ըրա, համարյա հերթ չի կա»,- միջանցքից ձայնեց իմ գործընկերուհի Գայանեն:
Այնքան ուրախ էր: Հանապազօրյա հացի ձեռքբերումը գերհաջողություն էր: Աշխատասենյակում Գայանեին որդին էր սպասում: Ֆիզմաթում սովորող 17-ամյա Վադիմը երկար դասամիջոցին միշտ այցելում էր մայրիկին: Խմբագրությունը դիմացի շենքում էր: Մայրիկը «մին լյավ պեն» գտնում էր Վադիմի համար:
Արագ վերցնելով հացի համար նախատեսված գույնզգույն ծաղիկներով քսակն ու դրամապանակս, որն ավելի շատ փքվել էր չիրացված կտրոնների կապոցից, շտապեցի փուռ: Հեռվից զգալով հացի անուշաբույրն ու տեսնելով վեր խոյացող ծուխը՝, համոզվեցի.
«Իսկապես հացըն թխում»:
Հացը ձեռք բերեցի համար 11 կտրոնով:
Ցուրտ էր: Կրծքիս սեղմելով տաք հացերը՝ արցունքախառն աչքերով շտապեցի խմբագրություն: Օրվա համար նախատեսված իմ ընտանիքի բաժին մեկ ու կես հացը, չգիտեի՝ պատիժ է, թե՞ ուրախություն…
Չգիտեի, որ ժամեր հետո շատ երեխաներ պետք է իրենց քաղցը նկուղում հագեցնեին նրա մի պատառիկով…
Ու էլի շատ բան չգիտեի…
Ժամանակը ճոճվում էր… Մրսում էի:
Առջևում շարունակվող անորոշությունն էր…
Շարունակելի…
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի
«Ճոճվող ժամանակ»-ի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/05/2024