Իրավունք Կրթություն

Բուլինգի քայքայիչ հետևանքները. «Իրենք հասկացան, որ ես առաջվա թիզ ու կեսը չեմ»

«Իմ կյանքը դպրոցում փոխվեց, երբ ես կարողացա միանգամից իմ երեք դասարանցիներին հակահարված տալ։ Հետո այս պատմությունը տարածվեց դպրոցում և համայնքում, և ինձ հետ սկսեցին հաշվի նստել։ Սպորտը փրկեց իմ կյանքը, իրենք հասկացան, որ ես էլ էն առաջվա թիզ ու կեսը չեմ»,- ասում է «Ամփոփ Մեդիա»-ի զրուցակիցը, ով չի ցանկանում նշել անունը։

Իրենք հասկացան, որ ես էլ էն առաջվա թիզ ու կեսը չեմ

Պատմում է, որ դպրոցում տարիներ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնության է ենթարկվել դասարանի տղաների կողմից ցածրահասակ լինելու պատճառով․

«Երգի ժամին մի երգ էինք երգում թզուկի մասին, ու այդ թիզ ու կեսը ես էի: Շատ էր ցավացնում դա ինձ։ Կամ, օրինակ, կարող էին գլխարկս հանել ու հարվածել գլխիս, ոտքը առաջ պարզել, որ ընկնեմ։ Աղջիկները կարեկցանքով էին վերաբերվում, խղճում էին ինձ, ու ես իմ տեղը չէի  գտնում, քանի որ ավելին էի ուզում․ ուզում էի, օրինակ, հաջողություն ունենալ հենց նույն աղջիկների շրջանում։ Հետո գտա սպորտը, սկսեցի մարտարվեստներով զբաղվել և մի օր, երբ հերթական անգամ դպրոցի «լավ տղաները» փորձեցին ինձ ճնշել, ես կարողացա հակահարված տալ»։

Դպրոցի «լավ տղաները» փորձեցին ինձ ճնշել, ես կարողացա հակահարված տալ։

Այժմ մեր զրուցակիցն ուսուցիչ է աշխատում դպրոցում, և ասում է, որ բուլինգի դեմ պայքարում է ամեն օր, երևութը կանխարգելելու կամ նվազեցնելու համար պարբերաբար սեմինարներ և կլոր սեղաններ է կազմակերպում, անհատական և թիմային աշխատանք տանում:

Բուլինգի դեմ պայքարը նույնքան կարևորում է, որքան իր առարկայի դասավանդումը, քանի որ հիշում է իրեն դպրոցում, երբ բոլոր դասերը սովորում էր, բայց այն մտքից, որ պետք է գնա գրատախտակի մոտ և հերթական անգամ ծաղրի ենթարկվի, ասում էր, որ դասերը չի սովորել և ցածր գնահատականներ էր ստանում։

«Բուլինգը կարող է քայքայել ու քանդել մի ամբողջ պետություն․ եթե այս կոնտեքստում դիտարկենք, ապա շատ մարդիկ, ովքեր պոտենցիալ ունեն, զուտ ծաղրի ենթարվելու վախից չեն բացահայտվում»,- կարծում է ուսուցիչը։

Ըստ նրա, երևութը ամբողջովին արմատախիլ անել չի հաջողվի, բայց մեծ հաջողություն կլինի դրա դրսևորումները կրճատելը կամ թեթևացնելը։

Մեզ հետ զրուցած մեկ այլ ուսուցիչ՝ Հերմինե Աբրահամայանը, բուլինգի մասին խոսելը, դրան անվանում տալն արդեն պայքարի սկիզբ է համարում։ Ասում է, որ դեռ մանկուց մշտապես երևույթի ականատեսն է եղել բակում, դպրոցում և անգամ ընտանիքներում, բայց գիտակցումը չի եղել, թե ինչ հետևանքներ այն կարող է թողնել․

«Չի եղել սրա անվանումը և մտածել ենք, որ դա թույլ մարդու խնդիր է, և եթե մարդը թույլ է, այդպես էլ պիտի լինի։ Միայն վերջին տարիներին, երբ սա անուն ստացավ ու պարզվեց, որ դրա հետ աշխատելու ձևաչափ կա, հասկացանք, որ բուլինգը կա, պետք է կոչենք իր անունով ու սկսենք պայքարել»։

Շատերը դա պարզապես մոդայիկ և չափազանցված մի բան են համարում և լուրջ չեն վերաբերվում։

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ուսուցիչը պատմում է, որ երբ սկսել է աշխատանք տանել աշակերտների շրջանում, պարզվել է, որ բուլինգ կատարողներից շատերը չեն պատկերացրել, որ իրենք բուլեր են։ Հասկացել են միայն այն ժամանակ, երբ իրենց խոսքերից տուժածները լացակումած խոստովանել են, որ շատ ծանր հոգեվիճակում են հայտվել․

«Շատ հաճախ մենք չենք էլ գիտակցում, թե մեր արարքը ինչ հոգեբանական ազդեցություն է ունենում․․․ միանշանակ պետք է խոսենք այս երևույթի մասին․ դա է «բուժման» ճանապարհը»։

Հերմինե Աբրահամայանը համոզված է, որ պետք է շատ խոսել բուլինգի մասին, չնայած նրան, որ երբ սկսում են անուններով կոչել հասարակության մեջ արմատացած արատավոր երևույթները, շատերը դա պարզապես մոդայիկ և չափազանցված մի բան են համարում և լուրջ չեն վերաբերվում։

13 տարեկան աշակերտ, Կոտայքի մարզ («Նոր Լույս» ՀԿ-ի հետազոտությունից, 2023 թ․)

«Ինքս եղել եմ բուլինգի զոհ 6 տարի՝ առաջին դասարանից մինչև վեցերորդ դասարան։ Ինձ տանել չէին կարողանում իմ դասարանի երեխաները․ ամեն օր ծաղրում էին, անվանում էին «քնած» կամ «քնած քաղաք»: Ես դարձել էի նրանց զվարճանքի աղբյուրը։ Ծնողներիս չէի ասում, թե ինչպես են ինձ հետ վարվում դպրոցում, քանի որ գիտեի, եթե ասեմ, ավելի վատ էին վարվելու։ Բայց մի օր հերթական ծաղրից հետո չդիմացա այլևս և ամեն ինչ պատմեցի մայրիկիս: Նա հաջորդ օրը եկավ դպրոց և բարկացավ երեխաների վրա: Նրա գնալուց հետո սկսեցին ինձ «խաբարբզիկ» ասել, քանի որ ուսուցիչս էլ ինձ այդպես վիրավորեց պաշտպանելու փոխարեն․․․»:

«Բուլինգ» բառը վերջին տարիներին օգտագործվում է շարունակական ու դիտավորյալ հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման գործադրումը նկարագրելու համար։

«Նոր Լույս» Մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ ներկայացուցիչները 2019 թվականից Հայաստանում հետազոտություններ են իրականացնում բուլինգի վերաբերյալ։ Պարզել են, որ երևութը տարածված է բոլոր մարզերում․

«Արդյունքները ցույց տվեցին, որ դեռահասների մեծամասնությունը ենթարկվում է բուլինգի։ Պարզվեց, որ բուլինգը ամենաշատը 6-8-րդ դասարաններում է դրսևորվում։ Դեռահասը փորձում է հասկանալ ով է ինքը․․․ նրա համար կարևոր է, որ ընդունված լինի իր հասակակիցների կողմից»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է «Նոր Լույս» Մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ գործադիր տնօրեն Շողիկ Միքայելյանը։

Նա նշում է, որ բուլինգի դեմ պայքարի առաջին քայլերն արդեն արվում են․ իրականացվում է իրազեկում աշակերտների, ուսուցիչների, տնօրենների և ծնողների շրջանում։ Ըստ նրա, ամենաբարդը ծնողների հետ աշխատանքն է, քանի որ, եթե դպարոցում կամ այլ ուսումնական հաստատությունում կարելի է կանոններ սահմանել երևույթի դեմ պայքարելու համար, ապա ընտանիքներում դա հնարավոր չէ։

«Նոր Լույս» ՀԿ կողմից 2023 թ․-ին Հայաստանի բոլոր մարզերում իրականացված հետազոտությունը հնարավորություն է տվել բացահայտել բուլինգի մի շարք դեպքեր։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 500 հարցվածներից 47%-ը նշել է, որ ենթարկվում է բուլինգի իր իսկ դասարանում:

500 հարցվածներից 47%-ը նշել է, որ ենթարկվում է բուլինգի

89%-ը նշել է, որ ենթարկվել է սոցիալական բուլինգի, իսկ 10%-ը` ֆիզիկական բուլինգի: Իսկ 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրականացված պիլոտային ծրագրին մասնակցած ՀՀ 175 դեռահասների 87%-ը նշել է, որ ենթարկվել է բուլինգի, ընդ որում, աղջիկներն ավելի շատ ենթարկվել են սոցիալական բուլինգի, իսկ տղաները՝ ֆիզիկական:

15 տարեկան աշակերտուհի, Շիրակի մարզ («Նոր Լույս» ՀԿ-ի հետազոտությունից, 2023 թ․)

«Դասարանիս տղան քաշում էր մազերս, վերցնում էր գրքերս ու պայուսակս»։

Ուսուցիչների 38%-ը նկատել է զգալի բացասական փոփոխություն աշակերտների ուսումնական առաջադիմության մեջ, դասապրոցեսին մասնակցելու ցանկության պակաս, դասերից բացակայելու բարձր ցուցանիշ: Ըստ ուսուցիչների՝ աշակերտների մեջ նկատվել է ինքնագնահատականի նվազում, հոգեպես ճնշված վիճակ, տրամադրության անկում: Ուսուցիչների 43%-ը նաև փաստել է, որ երեխան դիմել է իրենց բուլինգից ազատվելու օգնության ակնկալիքով:

Դպրոցի նախկին տնօրեն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Նոնա Պողոսյանը համոզված է, որ բուլինգի դեմ աշխատանքը հնարավոր է հաջողել համակողմանի, համակարգային մոտեցման, կոնկրետ ու հատուկ մշակված պետական քաղաքականության դեպքում․

«Տնօրենի կառավարումից է կախված․ նա դրան պետք է լուրջ վերաբերվի, հասկանա, որ դա մեկ հոգու լուծելու հարց չէ՝ ընտանիքի վրա գցելու բան չէ, ուսուցչի վրա գցելու բան չէ, հոգեբանին տալու և ձեռքերը լվանալու բան չէ։ Բոլորը պետք է այդ երևույթին ուշադիր լինեն, անգամ՝ պահակը, հավաքարարը, քանի որ դա տեղի է ունենում դպրոցի ամենագաղտնի հատվածներում, որոնք տեսանելի ու վերահսկելի չեն մեծահասակների կողմից։ Ուսումնական հաստատությունը պետք է ունենա հակաբուլինգային ծրագիր ու ռազմավարություն, պետք է սկսել տնօրեններից, քանի որ մի քանի ակտիվ ուսուցիչներ են գնում վերապատրաստումների և երևույթը ճանաչում։ Տեղային լուծումը չի աշխատի»։

Դա տեղի է ունենում դպրոցի ամենագաղտնի հատվածներում, որոնք տեսանելի ու վերահսկելի չեն մեծահասակների կողմից

Նոնա Պողոսյանի կարծիքով, բուլինգի դեմ պայքարի ամենակարևոր պայմանը դրա մասին անդադար իրազեկելն է, քանի որ բուլինգի հետևանքները կարող են անդառնալի լինել՝ ինքնասպանություն, մարդու մեկուսացման դեպքեր, մարդու ճակատագրի կործանում․

«Մենք միշտ խղճում ենք այն մարդկանց, ովքեր բուլինգի են ենթարկվում, բայց պետք է աջակցել նաև բուլերներին։ Լավ կյանքից չէ, որ նրանք բուլեր են դարձել։ Եթե մենք ուսումնասիրենք, կհասկանանք, որ նրանք ունեն խնդիրներ իրենց ընտանիքում, իրենց կայացման ճանապարհին։ Եթե մենք նրանց ձեռքը չբռնենք, նրանք կարող են դառնալ վաղվա հանցագործները և գնալ կործանման»։

․․․պետք է աջակցել նաև բուլերներին։ Լավ կյանքից չէ, որ նրանք բուլեր են դարձել։

Այսօր հայաստանյան դպրոցներում համակարգային հակաբուլինգային պետական ծրագիր, որին մասնակից կլինեն դպրոցական համայնքի բոլոր աշխատակիցները, չի գործում։ Ավելին, Պողոսյանի խոսքով, տնօրենների հետ աշխատելով՝ պարզ է դառնում, որ նրանցից շատերը, որպես կանոն, բուլինգը կամ չեն ճանաչում, կամ թաքցնում են՝ ասելով, որ իրենց դպրոցում երևույթը գոյություն չունի։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը ևս համոզված է, որ հալածանքի մեղավորը հաստատությունն է․․․ որովհետև եթե տվյալ հաստատությունում հնարավոր է լինում այն իրականացնել, ընտանիքը և անհատը ոչինչ փոխել չեն կարողանում։ Իսկ որպեսզի հալածանքը դադարի, համակարգային փոփոխություններ են հարկավոր։

Նրա խոսքով, եթե ներքին համակարգը չի գործում, ներդրվում են այլ համակարգեր, օրինակ՝ քրեական ենթամշակույթ։

Ալեքսանյանն ասում է, որ «բուլինգին» համարժեք բառերը հայերենում «հալածանք» և «հետապնդում» բառերն են, և պետք է դրանք գործածել երևույթը բացատրելու համար, այլապես շատերը կարծում են, թե բուլինգը մի նոր բան է կամ օտար լեզվից ներմուծված անհասկանալի բառով փորձում են ժամանակակից աշխարհից այլ երևույթ բնութագրել։

«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում հոգեբանը նշում է, որ երևույթը միշտ եղել է, սակայն, նրա կարծիքով, զանգվածային մեդիայի միջոցով այսօր զարգանում են հալածանքի ձևերն ու մեթոդները։ Սերիալների և հաղորդումների միջոցով հալածանքի ու բռնության բազում մեթոդներ են ներկայացվում․

«Յուրաքանչյուր նման դեպքի մանրամասն (հեղ․ նկարագրողական/դետալային) լուսաբանումը լրատվամիջոցների կողմից ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում, քան դրական»։

Անուշ Ալեքսանյանի համոզմամբ՝ ինֆորմացիայի տարածման հատուկ քաղաքականություն ու կանոններ է հարկավոր մշակել, որպեսզի բուլինգը նվազի կամ ծայրահեղ դրսևորումները քիչ լինեն։

Հոգեբանի խոսքով, սովորոբար, եթե բուլինգը լինում է փոքր չափաբաժնով և ծանր հետևանքներ չի ունենում, երեխաները դա ինքնուրույն են հաղթահարում, ավելին՝ կարող են ուժեղանալ։

«Հաղթահարում են մեծանալով և ուժեղանալով, հասկանալով, որ դա չէ ամբողջ կյանքը, որ խնդիրն իրենց մեջ չի եղել, որ հալածանքի են ենթարկվել, որ թեև չեն կարողացել իրենք իրենց պաշտպանել, բայց թույլ չեն եղել, պարզապես չեն ունեցել այդ հնարավորությունը, և դա նորմալ է․ այսինքն՝ հասունանալով և ավելի իմաստուն դառնալով՝ մարդը կարողանում է ինքնուրույն հաղթահարել այդ տրավման»։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիա»-ի և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/10/2024