Տնտեսություն

Ինչպե՞ս և ինչո՞ւ հաշվել պետական պաշտոնյայի աշխատավարձը

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը հաշվելու համակարգ Հայաստանում մտցվեց 2013թ. վերջում, երբ ընդունվեց «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը: Սակայն այն ուժի մեջ մտավ վեց ամիս անց` 2014թ. հուլիսին: Այս օրենքի ընդունման արդյունքում, 2014թ. պետական բյուջեից աշխատավարձ ստացողների համար նախատեսված գումարը պետբյուջեում ավելացավ 20%-ով կամ շուրջ 17,8 մլրդ դրամով` դառնալով 106,9 մլրդ դրամ։

Ինչպե՞ս է ձևավորվում պետական պաշտոնյաների աշխատավարձը

Պետական պաշտոնյաների յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը հաշվելու համար անհրաժեշտ է բազմապատկել տվյալ տարվա բազային աշխատավարձը և պաշտոնի համար սահմանված գործակիցը: Սա է սահմանում վերը նշված օրենքը:

Պաշտոնյաները կարող են ստանալ նաև իրենց աշխատավարձի 10%-ը չգերազանցող հավելավճարներ և պարգևատրություններ: Գործակիցները սահմանվում են նույն օրենքի 2-րդ հավելվածով, իսկ բազային աշխատավարձի չափը՝ այդ տարվա պետական բյուջեով։ Հետևաբար, պետական  պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխություն տեղի է ունենում բազային աշխատավարձի կամ գործակիցների փոփոխության միջոցով։ Վերջնական աշխատավարձի մեջ ներառված են հարկերը։

2014թ. հուլիսից բազային աշխատավարձը չի փոփոխվել և կազմում է  66140 դրամ։ Պաշտոնյաների աշխատավարձերի տատանում եղել է միայն գործակիցների փոփոխության արդյունքում։

Վարչապետն ու աշխատավարձը

Նախարարությունների աշխատակազմերի աշխատավարձերի, հաստիքների և դրանց կրճատման ուղղությամբ աշխատանքներ կատարելու մասին խոսվել և որոշակի աշխատանքներ են կատարվել երկրի մի քանի վարչապետերի պաշտոնավարման տարիներին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում (2008-2014թթ.) կատարված փոփոխությունների արդյունքում պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը գրեթե եռապատկվեցին։

Օրինակ՝ այն տարիներին երկրի թիվ 1 պաշտոնյայի` Հանրապետության նախագահի աշխատավարձը 436 հազար դրամից դարձավ 1 մլն 322 հազար դրամ: Սա դարձավ ամենաբարձր վարձատրվող պաշտոնը։ Նրա աշխատավարձի համար նախատեսվեց առավելագույն  20 գործակիցը։

2015թ. Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 2016թ. կկրճատվեն պետբյուջեի ծախսերը։ Նա նախատեսում էր կրճատել նաև կառավարության կազմը։ Սակայն նրա պաշտոնավարման ընթացքում նախատեսված օպտիմալացումը կյանքի չկոչվեց:

Ընդհակառակը՝ Աբրահամյանի վարչապետության օրոք աշխատակազմերի աշխատավարձերի բյուջեն ավելացավ 2 մլրդ դրամով՝ դառնալով 134,9 մլրդ դրամ։

2016թ. սեպտեմբերին, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Կարեն Կարապետյանը որոշեց շարունակել կառավարության օպտիմալացման քաղաքականությունը՝ այն անվանելով «կտրուկ կրճատում»։ Աշխատանքային 100 օրն ամփոփող  փաստաթղթում վարչապետը նշում էր, որ նախատեսվում է 2017թ. տնտեսել 3,9 մլրդ դրամ, իսկ հաստիքների քանակը կրճատել 12%-ով՝  մոտ 23 հազարից դարձնելով 20 հազար։ Սակայն այս տնտեսումը տևեց ընդամենը 1 տարի:

2017թ. աշխատավարձերի համար հատկացվեց 3,2 մլրդ դրամով պակաս գումար, սակայն 2018թ.՝ 4 միլիարդով հատկացումները ավելացան: Արդյունքում, այժմ աշխատավարձերի համար բյուջեն կազմում է 135,8 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 9,3%-ը:

Նախքան 2018թ. ապրիլին «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության»  մասին օրենքում փոփոխությունների կատարումը՝ վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերի համար սահմանված էր 18 գործակիցը։ Կառավարությունը որոշեց 66140 դրամով (այսինքն՝ մեկ գործակցով)  բարձրացնել վարչապետի աշխատավարձը՝ հաշվի առնելով, որ կառավարման նոր համակարգում ավելանալու են վարչապետի աշխատանքային պարտականությունները։

Այսօր կառավարության ղեկավարը ստանում է 1 մլն 256 հազար դրամ աշխատավարձ։ Հիշեցնենք, որ մինչև 2013թ. աշխատավարձերի բարձրացումը նշված պաշտոնյաները ստացել են 373  հազար դրամ։

Հաստիքներն ու աշխատավարձերը

Նախարարի աշխատակազմում ներառված են հետևյալ պաշտոնները` նախարարի խորհրդական, առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, մամուլի քարտուղար և տեղակալի օգնական։ ՀՀ բոլոր նախարարություններում  նախարարի, նրա աշխատակազմի, առաջին տեղակալի և տեղակալի մեկ տարվա աշխատավարձների ընդհանուր գումարը կազմում է 42 մլն դրամ:

Առավելագույնը նախարարի աշխատավարձն է՝ 793 հազար դրամ, այնուհետև նախարարի առաջին տեղակալինը (10 գործակից) և տեղակալինը (8.5 գործակից)։

Այս ուսումնասիրությամբ, փորձ է արվել պարզել, թե որոնք են ամենածախսատար նախարարությունները։ Քանի որ նախարարություններին  ուղարկված հարցումներին տարբեր տիպի պատասխաներ տրամադրվեցին, այդ իսկ պատճառով ստացված տվյալները որոշեցինք բաժանել 3 խմբի:

Նախարարի աշխատակազմի աշխատավարձերի համար  փաստացի փոխանցված գումարների վերաբերյալ հարցմանը պատասխանել են Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Պաշտպանության, Սփյուռքի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները։

2018թ. ՀՀ կառավարության որոշմամբ, բյուջեով սահմանվել է ողջ նախարարության աշխատակազմի վարձատրության չափը։ 2013-2018 թթ. նախարարության աշխատակազմի աշխատավարձերի համար փաստացի փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել են Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման (գործում է 2016թ.-ի ապրիլից),  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունները։ Տեղեկատվություն չի տրամադրվել միայն ֆինանսների նախարարության կողմից:

Սպորտի և երիտասարդության,  Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները տրամադրել են նախարարի աշխատակազմի առանձին պաշտոնների աշխատավարձերի համար փաստացի փոխանցված գումարների մասին տեղեկատվություն։ Ըստ տրամադրած տեղեկատվության՝ նախարարի աշխատակազմում եղել են նախարարի խորհրդականի երեք, նախարարի օգնականի՝ երկու, մամուլի քարտուղարի՝ մեկ հաստիքներ: Տրամադրած տվյալների համաձայն՝ Առողջապահության նախարարի աշխատակազմում տարբեր տարիներին նախարարի խորհրդականի և նախարարի օգնականի հաստիքներ՝ պայմանագրային հիմունքներով: Նրանց աշխատավարձերի համար հատկացվել է ընդհանուր 27,9 մլն դրամ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատավարձերի համար 2014թ. հատկացվել է 600մլն դրամ, 2015թ. այդ գումարը կազմել է 1 մլրդ 201 մլն դրամ, նույնքան գումար է հատկացվել նաև հաջորդ տարվա համար: 2017թ. 13%-ով նվազել է ԱԺ աշխատակազմի աշխատավարձերի համար հատկացված գումարը՝ 1 մլրդ 44 մլն դրամ:

ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատասխանել նշված տարիներին աշխատավարձերի համար փոխանցված գումարների վերաբերյալ հարցմանը:

ՀՀ Կառավարության և Վարչապետի աշխատակազմերի աշխատավարձերի համար 2018թ. առաջին կիսամյակում փաստացի հատկացվել է 484,4 մլն դրամ: Սա միակ տվյալն էր, որ տրամադրվել է վարչապետի աշխատակազմից՝ նշելով, որ չեն տիրապետում 2013-2017թթ. Վարչապետի աշխատակազմի աշխատավարձերի համար փոխանցված գումարների մասին տեղեկատվությանը, քանի որ նշված տարիներին գումարները հատկացվել են կառավարության աշխատակազմին:

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Անի Ավետիսյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝ Աստղիկ Գևորգյան, Ամփոփ մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 19/12/2018