Տնտեսություն

Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։

2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտնող նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները կավելանան։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար, ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել ատիճանաբար․ սկզբում նախատեսվում էր չորս տարիների, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջիկա 6 տարիների ընթացքում։

Այսինքն՝ 2021թ․-ին սեփականատերը կվճարի նոր մեթոդով հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 30%-ը, 2023թ-ին՝ 35%-ը, 2024թ․-ին՝ 50%-ը, 2025թ․-ին՝ 75%-ը, իսկ 2026թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։

Հարկային օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունները կառավարությունը համարել է անհետաձգելի․ քննարկել, ընդունել և ուղարկել է Ազգային ժողով:


Նյութի վերջում ավելացրել ենք Կադաստրի կոմիտեի «անշարժ գույքի հարկի հաշվիչի» հղումը։


Սույն լրագրողական ուսումնասիրությունը «Ամփոփ Մեդիան» հրապարկեց հունիսի 24-ին՝ ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցման օրը։ Հաջորդ օրը՝ հունիսի 25-ին, մի շարք լրացումներով նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

 

Մրցանակակիր նյութ – «Թվապատում-2020» լրագրողական մրցույթին արժանացել է «Հատուկ մրցանակի»։ 

«Հեղափոխական նշանակության փոփոխություններ»

«Ընդհանուր առմամբ՝ այո՛, գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն»,- կառավարության մայիսի 27-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն այս փոփոխությունը ներկայացնում է իբրև «հեղափոխական նշանակության փոփոխություններ»` ուղղակի կապելով դրանք եկամտահարկի համահարթեցման հետ։ Ըստ վարչապետի՝ եթե ոմանք համարում են, որ համահարթ եկամտահարկ սահմանելով խախտվել է սոցիալական արդարության սկզբունքը, ապա գույքահարկի նոր համակարգի ներդրմամբ՝ կվերականգնվի այն։

«Շքեղ առանձնատների գույքահարկը ներկայումս սիմվոլիկ բնույթ է կրում», – ասում է Փաշինյանը։

«Դղյակներ կան, որոնք, օրինակ, տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15մլն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15մլն դրամը ոչ մի բան է՝ ըստ էության: Համենայնդեպս, եթե մարդն էդ կարգի դղյակ է կառուցել, ուրեմն դա պետք է այդպես էլ լինի»։

Կառավարությունը չի թաքցնում, որ փոփոխությունները ոչ միայն տեսանելի հարստության [շքեղ տուն] կամ ունեցվածքի համարժեք հարկման, այլև տեղական բյուջեի հավաքագրման նպատակով են։ Անշարժ գույքի հարկը համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր է, իսկ Հայաստանում, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում գրեթե չի օգտագործվում:

Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2%, իսկ, օրինակ, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.1%, Ռուսաստանում` 1.2%, ԱՄՆ-ում` 2.7%։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հաշվարկներով՝ փոփոխությունների արդյունքում մինչև 4,3 անգամ կաճի գույքահարկերից գոյացող գումարը։ Միայն Երևանի բյուջեն կավելանա 45-50 մլրդ դրամով։

Այնուամենայնիվ, Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը կարծում է, որ խնդիրներ կառաջանան «պալատների» իրական արժեքը գնահատելիս․ «Այդ պալատները հատուկենտ են Հայաստանում ու դրանց շուկայական արժեքն անհայտ է: Նշանակում է՝ մենք չգիտենք, թե այդ տոկոսն ինչից են հաշվելու՝ միլիոնի՞ց, թե՞ հարյուր միլիոնից»:

Ասլանյանը չի բացառում, որ ցանկության դեպքում մեծահարուստներն իրենց առանձնատները կամայական, բավականին ցածր գնով կվաճառեն իրենց բարեկամներին ու կասեն, որ դա է շուկայական գինը։ Սա է պատճառը, որ ըստ Ասլանյանի, գույքահարկի փոփոխությունները պետք է լինեն եկամուտների վերաբաշխման համատեքստում. որոշ չափով այն պետք է դառնա ճոխության հարկ:

Վերացվում է չհարկվող շեմը

Եթե ԱԺ-ն ընդունի օրինագիծը նույնությամբ, Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք։ Նախագծով առաջարկվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ մինչև 10մլն դրամ արժեքով բնակարանների և մինչև 7մլն դրամ արժողությամբ բնակելի տների համար սահմանելով 0․05% հարկման դրույքաչափ։

Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք

Սա, ըստ նախագծի հիմնավորման, «կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով ՝ այս փոփոխություններով շտկվելու է «կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերը»։

Ըստ նրա՝ Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարաններ) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։

Միայն Երևանում 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան կա։

Կադաստրի կոմիտեից «Ամփոփ Մեդիային» հայտնել են, որ մինչև 3 մլն կադաստրային արժեքով Երևանում ամենամեծ թվով բնակարանները՝ շուրջ 22%, Նոր Նորք վարչական շրջանում են։ 3 մլն-ը չգերազանցող բնակելի տների քանակով էլ առաջին տեղում Շենգավիթ վարչական շրջանն է՝ 26%:

Իսկ այդ արժեքային սանդղակում գտնվող բնակարանների և բնակելի տների ամենամեծ տեսակարար կշիռն ունի Նուբարաշեն վարչական շրջանը, որտեղ բնակարանների 99%-ի, իսկ բնակելի տների 54%-ի կադաստրային արժեքները փոքր են 3 մլն-ից։

Կադաստրային ցածր արժեքները պայմանավորված են շինության կառուցման տարեթվով և գտնվելու վայրի գոտիականությամբ։

Հարկման բազա և դրույքաչափեր

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգն ընդունվել է դեռևս անցած տարվա նոյեմբերին և ուժի մեջ է մտնելու 2021 թ․-ի հունվարի 1-ից: Այս օրենքով սահմանվում են գույքահարկի հաշվարկման բանաձևերը, որոնք տարբեր են՝ կախված անշարժ գույքի տեսակից։

Կառավարության՝ մայիսի 27-ին ընդունած հարկային փոփոխություններով սահմանվում են հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ դեպքերում՝ նոր դրույքաչափեր։ Դրանք տարբեր են բնակարանների և անհատական բնակելի տների համար։ Այդ խմբերից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ․ այսինքն՝ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան շատ է գույքահարկը։

Հարկման նվազագույն դրույքաչափը 0.05% է թե բնակարանների, թե բնակելի տների համար։ Բայց տարբեր է հարկման բազան․ բնակարանների դեպքում՝ 10մլն դրամը, իսկ տների դեպքում՝ 7մլն դրամը չգերազանցող արժեքը։ Գույքահարկն այս արժեքների դեպքում բնակարանների համար առավելագույնը կլինի 5000 դրամ, իսկ տների համար՝ 3500 դրամ։

Ամենաբարձր հարկման շեմում ընդգրկվել են 200 մլն դրամից ավելի արժեք ունեցող բնակարաններն ու տները, որոնց դեպքում գույքահարկը կլինի համապատասխանաբար՝ 1 326 000 և 1 223 500 դրամից ավելի։

Ըստ այս աղյուսակի՝ եթե բնակարանի շուկայական արժեքը գնահատվի 26 մլն դրամ, ապա գույքահարկը կկազմի 22 000 դրամ: Բայց քանի որ համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով, սեփականատերն այս բնակարանի համար 2021թ-ին վճարելու է ընդամենը 5500 դրամ (25%-ը), 2022-ին՝ 6600 դրամ (30%-ը), 2023-ին՝ 7700 դրամ (35%), 2024-ին՝ 11000 դրամ (50%-ը), 2025-ին՝ 16 500 դրամ (75%)։ Իսկ 2026թ-ից սկսած կսկսի վճարել գույքահարկի ամբողջական վճարը`22 000 դրամ։

Չհարկվող շեմը վերացնելու դեպքում կավելանան սոցիալական խնդիրները

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ քաղաքացին հարկային կարգապահություն պետք է ունենա, գույքի կադաստրային ու շուկայական արժեքներն էլ հնարավորինս մոտ պետք է լինեն, բայց կտրուկ քայլերով ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվի։

«Վճարվելիք հարկի չափը միշտ պետք է համադրվի շահառուների եկամտի հետ։ Նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի գործող չափն առանցքային նշանակություն ունի այստեղ։ Չհարկվող շեմը վերացնելու դեպքում մայրաքաղաք Երևանում չհարկվող գույք գրեթե չի մնալու։ Դա իր հերթին ավելացնելու է սոցիալական խնդիրները»,-ասում է նա։

Օրինակ, եթե թոշակառուի՝ 50 քառ. մետր մակերեսով բնակարանը գտնվում է փոքր կենտրոնում, դրա համար ներկայումս նա տարեկան վճարում է 4000 դրամ գույքահարկ՝ կադաստրային արժեքի հաշվարկով։ Փոփոխությունից հետո, երբ հիմք ընդունվի շուկայական մոտարկված արժեքը՝ 32-33 մլն, ապա գույքահարկը կավելանա մոտ 12 անգամ՝ մինչև 48 000 դրամ։

Անդրադառնալով կառավարության հայտարարությանը, թե այսկերպ շքեղ ունեցվածքի համար ավելի արդարացի հարկային բեռ է սահմանվում՝ Խաչատրյանը նշում է՝ համարժեքորեն հարկելու համար կարելի էր ընդամենն անհամեմատ բարձր դրույքաչափ սահմանել որոշակի արժեքից սկսած, իսկ չհարկվող շեմն էլ ոչ թե վերացնել, այլ հակառակը՝ արժեքի վերանայման պարագայում՝ բարձրացնել։

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն ասում է՝ Երևանի Կենտրոնում գտնվող բնակարանը վարձակալության տալու դեպքում սեփականատիրոջ գրպանի վրա գույքահարկը մեծապես չի ազդի։ Սակայն, ակնհայտ է, որ կբարձրանան վարձակալության գումարները։

Այլ հարց է, եթե Կենտրոնում բնակարան ունեցողն այն ժառանգություն է ստացել և այնտեղ էլ բնակվում է։ Միջին աշխատավարձով կամ կենսաթոշակով ապրող սեփականատիրոջ համար արդեն ավելի քան 10 անգամ ավելացած գույքահարկը սոցիալական մեծ բեռ կլինի։

Ո՞վ կթելադրի շուկայական արժեքը

Օրենսդրական փոփոխությամբ գույքահարկը սահմանվելու է շուկայական արժեքը հաշվի առնելով։ Համապատասխան որակավորում ունեցող գնահատողը հիմնվելու է անշարժ գույքի շուկայում վաճառքի առավել հավանական գնի վրա։

2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ նման վկայական Կադաստրի կոմիտեն տվել է 88 անձի։

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում արդեն հասանելի է «անշարժ գույքի հարկի հաշվիչ», որտեղ, մուտքագրելով համապատասխան տվյալները, սեփականատերը կիմանա ներկա պահին գործող և փոփոխություններից հետո վճարվելիք գույքահարկի չափը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ առնվազն երկու տարին մեկ վերանայելու են անշարժ գույքի գները, և եթե արժեքները փոփոխված լինեն, գույքահարկի չափը ևս փոփոխության կենթարկվի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկաները՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Ասատրյան

Հավելյալ աղբյուրներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/06/2020