Քաղաքական

#ԱԺ2018. Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել 17813 տեղական և 505 միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների դիտորդներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը՝ հիշեցնելով, որ ԿԸՀ-ում նախապես հավատարմագրված դիտորդները ներկայացնում էին 22 տեղական և 8 միջազգային, օտարերկրյա կազմակերպություններ։

Ի տարբերություն 2017թ. խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ տեղական կազմակերպությունները 22-ն էին, ինչը կրկնակի պակաս էր նախորդից: Իսկ միջազգային կազմակերպությունները 8-ն էին` երկուսով ավելի, քան ժամանել էին նախորդ ընտրություններին։

Թեպետ դիտորդական խմբերի գնահատականներն առայժմ նախնական են, բայց զգալիորեն տարբերվում են նախորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականներից։

Դեկտեմբերի 10-ին իրենց նախնական զեկույցներով հանդես եկան Հայաստանում գտնվող բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, որոնց թվում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը: Ասուլիսներով հանդես եկան նաև տեղական «Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Ես մասնակցել եմ 17 ընտրությունների և այսպիսի բան չեմ տեսել. այստեղ իրական ընտրություն էր, իրական քվեների հաշվարկ էր գնում։ Այս ընտրությունները համեմատած շատ այլ ընտրությունների հետ, եղել են ազատ ու արդար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Պետեր Օսուսկին:  Նրա գնահատմամբ՝ քվեների առուվաճառք և ճնշումներ չեն եղել, ինչն էլ իրական մրցակցության հնարավորություն է տվել ուժերին։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարճ բնութագրել է որպես հանրության վստահությունը վայելող ընտրություններ։

Ըստ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկու՝ ընտրություններն անցել են ՀՀ Սահմանադրության և ԸՕ համապատասխան, և ապահովվել է ընտրողների ազատ կամարտահայտումը:

«Դեկտեմբերի 9-ի ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, թափանցիկ ու բաց»,- ասել է Վիկտոր Գումինիսկին, ով ղեկավարում էր 8 երկրների 84 դիտորդներից կազմված խումբը, որը ընտրության օրը 13 ընտրատարածքներից 10-ում դիտորդություն է իրականացրել:

Այս առաքելության 16 դիտորդներ, որոնք նաև երկարաժամկետ դիտորդություն են իրականացրել, քարոզչության ընթացքում արձանագրել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ քարոզչական պաստառներ պատռելու դեպքեր, քարոզչանյութերի տարածում չթույլատրված վայրերում և այլն։

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը արդյունքերն ամփոփել դեռ չի հասցրել, բայց վիզուալ գնահատական պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն չխուսափեց տալ։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեսել են երեկ, լրիվ տարբերվում էր ՀՀ-ում տեղի ունեցած նախորդ ընտրություններից։ Բուսուլեանուն մատնանշեց հատկապես նախորդների ժամանակ արձանագրված լցոնումները։

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը ևս դրական գնահատական է տվել գործընթացին։ Դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչն ասուլիսի ժամանակ ասել է. «Ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում՝ միջազգային ու տեղական չափանիշներին համապատասխան։ Եթե եղել են խախտումներ, ապա պատճառը իրազեկվածության պակասն էր»:

Տեղական դիտորդական առաքելություններից «Ականատեսը» դեկտեմբերի 9-ին ժամը 22։00-ին ամփոփել է դիտարկումների նախնական արդյունքները։ Առաքելության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի խոսքով՝ թեկուզ երբեմն նկատվել են միջադեպեր, սակայն դրանք տոկոսային առումով շատ քիչ են եղել ու չեն խաթարել ընտրություների խաղաղ ընթացքը։

«Հայաստանում ընտրություններն անցկացվել են խաղաղ պայմաններում, դրանք արտահայտում են ժողովրդի կարծիքը, և կարող ենք ասել, որ ունենալու ենք ներկայացուցչական խորհրդարան», – դեկտեմբերի 10-ին ասուլիսի ընթացքում հնչեցրեց Այվազյանը։

«Ականատես» նախաձեռնության դիտորդները դիտորդություն են իրականացրել 300 ընտրատեղամասերում և ներգրավված են եղել 37 ընտրական հանձնաժողովներում: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են հետևյալ կոպիտ խախտումները.

  • կողմնակի անձանց ներկայություն (17 դեպք),
  • գաղտնիության խախտումներ (6),
  • բռնություն, սպառնալիքներ կամ ճնշում գործադրելու դեպքեր (3),
  • խախտումների և բողոքների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից (25),
  • կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն (3),
  • ընտրողին՝ իրավասություն չունեցող անձի կողմից օգնության ցուցաբերում (6),
  • բաց քվեակություն (3), ուղղորդված քվեարկություն (7),
  • արդյունքների ամփոփման կոպիտ խախտումներ (7)

Տեղական մեկ այլ՝ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ևս նախնական գնահատական է տվել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ տարածքային, ինչպես նաև կենտրոնական հանձնաժողովների, ոստիկանության աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն տեսել, իսկ ահա տեղամասային հանձնաժողովներում դրանք զգալի էին։

«Թե´ այս , թե´ նախորդ ընտրություններում տեղամասերում արձանագրված հիմնական խնդիրը քվեարկության գաղտնիության պահպանումն էր։ 2017թ. միանշանակ ավելի լուրջ էր այդ առումով. քվեարկության ընթացքը հաստիքով վերահսկողներ կային։ Այս անգամ այդպես չէր, բայց խախտումները դարձյալ շատ էին»,-ասում է Իոաննիսյանը։

Ընտրատեղամասերի ներսում և դրանցից դուրս կուտակումների, ինչպես նաև դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու դեպքեր ևս դիտորդական առաքելությունն արձանագրել է, որի մասին առավել մանրամասն կամփոփվի հիմնական զեկույցում։ «Անկախ դիտորդ»-ը ևս մատնանշում է տեղամասային հանձնաժողովների պատրաստվածության ցածր մակարդակը։

Նույն նախաձեռնության մեկ այլ անդամ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ այդ ամենով հանդերձ, նոր իշխանությունը կարևոր գործ արեց՝ մերժելով ընտրակեղծարարություններն ընտրությունների ժամանակ։

Նշենք, որ դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ զեկույցների միջոցով, որոնք էլ կհրապարակվեն ԿԸՀ կայքում:

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ըստ ՔԿ-ի՝ դրանցից 51-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Ընտրախախտումների վերաբերյալ 144 դիմում էլ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում են ստացվել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ և տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 10/12/2018