Քաղաքական

Տեսակետ․ ԼՂ-ի հակամարտության շուրջ հանրային դիսկուրսի բացակայությունը հանգեցրեց 2020թ․-ի պատերազմին

Ղարաբաղյան շարժում, Երևան, Սովետական Հայաստան, 1988թ․ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հասարակության մեջ ժողովրդավարության աստիճանը թե՛ գործնական, թե՛ տեսական մակարդակում բարձրացնելու համար հարկավոր է խթանել հանրային տարբեր դիսկուրսների ծավալումը: Ակնհայտ է նաև, որ անկախության հռչակագրից ի վեր Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման գործընթացում առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, որը բնականոն կերպով դարձել է հասարակական դիսկուրսի հիմնական թեմաներից մեկը:

Թեև, ի դեմս Հայոց համազգային շարժման, ունենալով բացառիկ ժողովրդավարության դրսևորում, դրան հակառակ ունենք նաև այդ դրսևորման դինամիկայի անկման քրոնիկոն: Օրինակ, եթե 90-ականների սկզբից մինչև ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացորոշ կերպով դրված էր քննարկման թե՛ հանրային մակարդակում, թե՛ իշխանության շրջանում, ապա 2000-ականներին մենք տեսնում ենք, որ դիսկուրսի առանցքը համարվող հարցադրումը կարծես ուղղորդված կերպով գնում է դեպի լճացում:

Ի՞նչ պատճառով է դիսկուրսի հասարակայնացումը այդքան կարևոր:

Դիսկուրսը գալիս է բացորոշելու մի շարք խնդիրներ և քննարկման առարկա դարձնելու այն, ինչը մենք կամա թե ակամա կոչում ենք հանրության ընդհանուր նպատակ: Որպես ընդհանուր նպատակի դրսևորում մենք ունենք 1987-1988թթ․ ձևավորված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի օրինակը, որի գլխավոր և առաջնային նպատակը եղել է իշխանությունների ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա։ Հետագայում, երեք տարի տևած առճակատումից հետո 1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի վերաբերյալ Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը ցավոք սրտի, հարցին չտվեց վերջնական լուծում:

Հարցի վերջնական լուծումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ենթադրաբար պետք է տրվեր հրադադարի ընթացքում: Իսկ կոնֆլիկտի լուծման մեզ հայտնի ամենից շատ քննարկվող տարբերակները երկուսն էին․

  1. Փորձել հասնել խնդրի խաղաղ լուծման՝ գնալով փոխզիջման ճանապարհով,
  2. Բոլոր ռեսուրսներն ուղղել՝ պատրաստվելու համար հաջորդ պատերազմին։

(տրամաբանական է, որ նշված որոշումներից յուրաքանչյուրի դեպքում էլ պետք է հաշվի առնվեր իրադրությունից բալանսավորված ելքը՝ մյուս տարբերակը չբացառելով, եթե համարում ենք, որ իշխանության խնդիրն է ապահովել պետության և սեփական ժողովրդի բարօրությունն ու անվտանգությունը)։

Ամենևին չեմ փորձում վերլուծել առաջին կամ երկրորդ տարբերակների վատ կամ լավ կողմերը, ոչ էլ նպատակ ունեմ գովաբանելու կամ վարկաբեկելու որևէ իշխանության, այլ, ցույց եմ տալիս խնդրի համատեքստում դիսկուրսի հանրայնացման թուլացող դինամիկան և դրանից բխող 2020 թվականին տեղի ունեցած պատերազմում մեր պարտության քաղաքացիական մշակույթի բաղադրույթը:

Տրամաբանական է, որ ժողովրդական շարժման տեսքով դրսևորված հանրային պահանջը բավարարելու համար պետք է այդ նույն ժողովրդի մասնակցությունը խնդրի լուծման գործընթացում։

Եթե 90-ականների պատերազմից հետո իշխանությունները քիչ թե շատ փորձում էին ներգրավել հանրությանը խնդրի լուծման գործընթացում (տես՝ Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա նշում է խնդրի լուծմանը հանրաքվեի միջոցով հասնելու տարբերակը՝ շեշտելով նաև, որ բացարձակ հանրայնացմանը դեմ է և նախընտրում է քննարկել-հստակեցնելուց հետո վերջնական տարբերակի ընտրությունը ներկայացնելու մեթոդաբանությունը: Կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահատ հոդվածը և այլն), ապա 2000-ականներից կարծես այդ խնդիրը լիովին դարձավ իշխանությունների մենաշնորհը․ տարբեր արձագանքներ կարող ենք տեսնել յուրաքանչյուր իշխանության օրոք, բայց ընդհանուր տպավորությունը այն է, որ լավագույն դեպքում, հանրությունը հանդես է գալիս դիտորդի դերում:

Բանը հասնում է ընդհուպ նրան, որ 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո, ունենալով որոշակի տարածքային կորուստ և ավելի անորոշ բանակցային դրություն, իշխանությունները՝ հղում կատարելով «Ազգային Միասնության» գաղափարախոսության բացառիկ դրսևորմանը, պատերազմի արդյունքը ներկայացնում են իբրև հաղթանակ: Սակայն, հենց այս կետում է, որ բավականին ընդգծված կերպով ի ցույց է դրվում իշխանությունների և ժողովրդի միջև եղած «համաձայնության» խաթարումը, դիսկուրսի բացակայությունը և հետևաբար խնդրի տաբուացումը հանրային տիրույթում, քանի որ վստահության քվե տված ժողովուրդը տարիներ շարունակ տարբեր դժգոհություններ զսպելով սպասում է ներկայացված առաջնային խնդիր համարվող հարցի շուրջ դրական արդյունքների:

2018 թվականի հեղափոխությունը ի թիվս այլ բաների ենթադրում էր նաև այս խաթարվածության վերամիավորումը․․․

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ուրեմն վերադառնանք այս նյութի առաջին պարբերությանը և անենք հետևություններ։

Հեղինակ՝ Զավեն Տոնոյան

Զավենը փիլիսոփայության տեսաբան է, հետազոտող։

Կարդացեք նաև

#տեսակետ #դասերպատերազմից

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։ 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/01/2021