Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակներն այսօր կամփոփվեն, քանի որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտերի` Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Իսկ ընտրական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ում նախատեսված է իրականացնել նոյեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում:
Սրանով գուցե վերջ դրվի բուռն քննարկումներին ու ենթադրություններին, թե նոր իրավիճակում հանրությանը հայտնի քաղաքական գործիչներից ով որ կուսակցության ցուցակում է հայտնվելու:
Դիտարկման տեսանկյունից` այդ քննարկումները հետաքրքիր են հատկապես նրանով, թե ինչպես է կեղծ լուրերի միջոցով փորձ արվում այլ երանգներ հաղորդել հանրությանը հետաքրքրող թեմային` հավանաբար նպատակ ունենալով բացասական տրամադրություններ ստեղծել կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ:
Այսպիսի կեղծ լուրերից են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) կողմից ձևավորվող «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի վերաբերյալ հրապարակումները, որոնք ակնհայտ հանրային աղմուկի պատճառ դարձան:
ՔՊ-ն այն քաղաքական ուժն է, որը հավակնում է ընտրություններին ստանալ ամենաշատ քվեները, հետևաբար ապագա Ազգային ժողովում ունենալ ամենաշատ մանդատները: Եվ հենց ՔՊ-ի հավանական ընտրացուցակի շուրջ սկսեցին շրջանառվել կեղծ լուրեր, որոնք քննարկվում են մինչ օրս:
Դա հասունացավ այն պահից, երբ կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ի ընտրացուցակում կարող են լինել նաև Հանրապետական կուսակցության մեկ կամ երկու ներկայացուցիչ:
Դրանից հետո մամուլում հայտնվեցին նյութեր, թե ՔՊ-ի ցուցակում են լինելու նախկին հանրապետականներ, որոնք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են: Մասնավորապես, «Ժամանակ» օրաթերթում եղավ երկու հրապարակում, որտեղ տեղեկատվության հիմք է հանդիսանում թերթի սեփական աղբյուրը առանց բացահայտելու անունը:
Այս նյութերից մեկի համաձայն, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն իբր մտադիր է առաջադրել քրեական հեղինակություն ունեցող անձանցից մեկի քրոջը: Մյուս «հավանական» թեկնածուն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին է՝ Քաջիկ Գևորգյանը, ով, ըստ թերթի, իր թեկնածությունն առաջադրելու է Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում:
Երկու լուրերն էլ հերքվեցին ՔՊ ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը.
Ավելի ուշ նա պարզաբանեց, որ «Հանրապետական» խմբակցությունից ՔՊ ցուցակում կլինեն 2-3 անձ, որոնք ներկայացնում են համայնք, սակայն չեն հանդիսանում ՀՀԿ անդամ:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի շուրջ ենթադրություններ հրապարակեցին մի շարք ԶԼՄ-ներ, որոնցից մեկում նշվում էր նաև, որ Արմավիրի նորընտիր քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն ընդգրկված է ռեյտինգային թեկնածուների շարքում, որը հերքվեց հենց տվյալ պաշտոնյայի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով:
Օգտագործելով «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն դիտարկումը, թե ՀՀԿ-ը և ՔՊ-ը կարող են դաշինք կազմել, քանի որ արտաքին քաղաքականության մեջ միևնույն գաղափարներով են առաջնորդվում, Tert.am-ը հրապարակումներ կատարեց ՀՀԿ-ՔՊ «հնարավոր» դաշինքի մասին: Սակայն հենց նույն լրատվամիջոցի հետ զրույցում այս մասին լուրը կտրականապես հերքեց կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի վերաբերյալ ՔՊ ներկայացուցիչները արդեն իսկ հայտնել են, որ կուսակցության քաղաքական թիմի անդամ նախարարները, մարզպետներն ու պատգամավորներն առաջադրվելու են նաև ռեյտինգային համակարգով:
ՔՊ-ը հանդես է գալու «Իմ քայլը» դաշինքով «Առաքելություն» կուսակցության հետ համատեղ: Վերջինս քաղաքական դաշտում առանձնապես աչքի չի ընկել իր ակտիվությամբ: Այն հիմնադրվել է 2012թ., ապա 2017թ. «Ծառուկյան» դաշինքի կազմում մասնակցել է ԱԺ ընտրություններին, իսկ 2018թ. «Իմ քայլը» դաշինքի կազմում մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին:
Ամփոփ մեդիա
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- #ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- #ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. Մաս 1 և Մաս 2
- #ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին
- #ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները
- #ԱԺ2018. Թեկնածուների միջին տարիք, ինքնաբացարկներ, ազգային փոքրամասնություններ և կանայք
- #ԱԺ2018. Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը
- #ԱԺ2018. Յոթերորդ գումարման ԱԺ-ում` 132 մանդատ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 14/11/2018