Միջազգային

The New York Times. «Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել մեր շահերը»․ Պուտինի կառավարման նոր՝ դաժան փուլի սկիզբը

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է The New York Times-ի ապրիլի 20-ի անդրադարձը վերջին շրջանում Ռուսաստան-Արևմուտք սրացող հարաբերությունների համատեքստում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով աշխարհը հետևյալ տեսքն ունի․ Ռուսաստանը վերելք է ապրում, իսկ Արևմուտքը քաոսի մեջ է մխրճված։

Արևմուտքը, որն այժմ ղեկավարվում է ամերիկացի նախագահի կողմից, ով Ռուսաստանին վերաբերվում է իր նախորդողից վատ, ձգտում է ոչնչացնել Ռուսաստանին և Պուտինին։

Բարոյական գերազանցութամբ օժտված և արդեն համբերությունը կորցնող Ռուսաստանի պատասխան հարվածը հասցնելու ժամանակն է եկել։

«Չնայած նրանք մտածում են, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին իրենք, բայց մենք ուրիշ ենք, ունենք գենետիկ և մշակութաբարոյական այլ կոդ, և ունակ ենք պաշտպանել սեփական շահերը»,- ասել է Պուտինը մարտին՝ Միացյալ Նահանգներին ենթարկելով սուր քննադատության։

Այժմ, երբ նախագահ Բայդենի հետ կոնֆլիկտի թափ հավաքելու ֆոնին Պուտինը ռուսական զորքեր է տեղակայում ուկրաինական սահմանին և ճնշում այլախոհությունը Ռուսաստանի ներսում, նա գտնվում է այնպիսի որոշումներ կայացնելու շեմին, որոնք կարող են հանգեցնել նրա նախագահության անցմանը դեպի նոր, ավելի դաժան փուլ։ Չորեքշաբթի՝ ապրիլի 21-ին, Պուտինը ելույթ է ունենալու Դաշնային հանդիպմանն ուղղված իր ամենամյա ուղերձով․ ելույթ, որը կարող է լույս սփռել, թե որքանով է նա պատրաստ Արևմուտքի հետ հարաբերությունների սրմանը։

Այժմ, երբ ընթանում է նրա կառավարման արդեն երրորդ տասնամյակը, 68-ամյա Պուտինը, ըստ երևույթին, առավել քան վստահ է իր հատուկ, պատմական՝ ազգի հայր լինելու առաքելության վրա, ով պետք է վերակենդանացնի Ռուսաստանը՝ դիմակայելով փոքրոգի, կեղծավոր և բարոյապես քայքայվող Արևմուտքին, ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Այդ գերազանցության զգացումը՝ համադրված մեծամտության հետ, նրան իշխանության զգացողություն են ներշնչում, ինչը շատ վտանգավոր է,- ասել է ռուս վերլուծաբան Տատյանա Ստանովայան, ով երկար տարիներ ուսումնասիրել է Պուտինին։ Երբ կարծում եք, որ ձեզ շրջապատող բոլորից ավելի ուժեղ ու իմաստուն եք, ձեզ սկսում է թվալ, թե ունեք որոշակի պատմական մանդատ առավել լայնամասշտաբ գործողությունների համար»։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Պուտինն այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք նույնիսկ սեփական չափումներով ահազանգում են կոնֆլիկտների սրացումների մասին նրանց հետ, ում նա համարում է իր թշնամիները ինչպես արտասահմանում, այնպես էլ Ռուսաստանի ներսում։ Նախորդ շաբաթ ռուսական դատախազությունը հայց է ներկայացրել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կազմակերպության՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի դեմ՝ այն էքստրեմիստական ճանաչելու համար․ այս քայլը կարող է շրջվել հետխորհրդային Ռուսաստանի քաղաքական ռեպրեսիայի ամենաուժգին ալիքով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հարավ-արևմուտքում Պուտինը կենտրոնացրել է շուրջ 100 հազար զինվորականների, և Կրեմլն ակնարկել է, որ կարող է օգտագործել այդ ուժերը հարևան Ուկրաինայի վրա հարձակում գործելու նպատակով։

Պուտինի հակառակորդները ռուսաստանցիներին կոչ են արել ապրիլի 21-ին դուրս գալ բողոքի ակցիաների՝ ի աջակցություն Նավալնու, որը, ինչպես հաստատում են նրա համախոհները, հացադուլ է հայտարարել բանտում և արդեն մահվան շեմին է գտնվում։ Ամենայն հավանականությամբ, ոստիկանությունը կցրի այդ բողոքի ակցիաները։

Պուտինի քննադատներին և Արևմուտքի բնակչության մեծ մասին Պուտինի բոլոր այս գործողությունները պարանոյայի դրսևորումներ են թվում։ Սակայն նրա գործողություններին ուշադիր հետևող կողմնակիցների և վերլուծաբանների տեսանկյունից Պուտինի քայլերը որոշակի ներքին տրամաբանություն ունեն․ դրանք այսպես թե այնպես կապված են այն համոզմունքի հետ, որ Արևմուտքը ձգտում է թուլացնել Ռուսաստանը, իսկ Պուտինը համարվում է նրա անբաժանելի բաղկացուցիչ մասը։

Վերլուծաբանների խոսքով, չնայած Բայդենը խոստացել էր կոշտ դիրքորոշում գրավել Ռուսաստանի նկատմամբ, այնուամենայնիվ սկզբնական շրջանում նրա ընտրվելը  որոշակի հույս էր տվել Կրեմլին։ Նրան համարում էին առավել պրոֆեսիոնալ, հուսալի և պրագմատիկ՝ ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի։ Կրեմլը Բայդենի մեջ տեսել էր մարդու, ում աշխարհայացքը ձևավորվել է Սառը պատերազմի ժամանակաշրջանի դիվանագիտության վրա, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան շփվում էին միմյանց հետ որպես երկու հավասար գերտերություններ, որոնք պատասխանատու էին գլոբալ անվտանգության պահպանման համար։

Բայդենն ու Պուտինը հունվարին կայացած առաջին հեռախոսային զրույցում պայմանավորվել են երկարացնել զինված ռազմական հարձակումների կրճատման ռազմավարության ժամկետը, այսինքն՝ Ռուսաստանը կարողացել է հասնել իր վերոնշյալ արտաքին-քաղաքական նպատակին, որը նա չէր հաջողել Թրամփի կառավարման օրոք։

Սակայն ըստ մարտին Բայդենի տված մեծ հեռուստատեսային հարցազրույցի, նա հաստատապես պատասխանել է այն հարցին թե արդյոք Պուտինը համարվում է «մարդասպան»։ Հեռուստահարցազրույցը, որին ռուս պաշտոնյաները և մեկնաբանները փրայմ-թայմի ընթացքում արձագանքել են հակաամերիկյան քննադատություններով, անգամ մեկ ամիս անց թվում է շրջադարձային։ Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է հակառուսական սանկցիաների կիրառման նոր չափաբաժնի մասին, բացի այդ Բայդենը կոչ է արել Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնել, որը շատ ռուսներ ընկալել են որպես ամերիկացիների կողմից ուժի լեզվով բանակցություններ վարելու կոպիտ փորձ։

«Դա անընդունելի է․ դուք չեք կարող խեղճացնել մեզ սանկցիաների միջոցով,- ասել է Դմիտրի Տրենինը՝ Կարնեգիի Մոսկովյան կենտրոնի տնօրենը»։

Ռուսաստանն իր զինված ուժերը տեղակայել է  ուկրաինական սահմանի մոտ և հայտարարել, որ նա պարզապես պատասխանում է ՆԱՏՕ-ի և Կիևի ռազմական ուժգնացող ակտիվությանը։ Ռուսական իշխանություններն ուժեղացրել են ճնշումը Նավալնու վրա, որին Կրեմլը համարում է ամերիկյան ազդեցության լրտես․այդ ճնշման գագաթնակետը դարձավ այն, որ ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին, դատախազությունը հայց ներկայացրեց Նավալնու կազմակերպությունը էքստրեմիստական և անօրինական ճանաչելու նպատակով։

Եթե Նավալնու կազմակերպությունը ճանաչվի էքստրեմիստական, ապա մոսկովյան դատարանը հաջորդ շաբաթ հարցը կսկսի դիտարկել փակ լսումների շրջանակներում․ դա Ռուսաստանի ամենահզոր ընդդիմադիր շարժմանը կստիպի ընդհատակ անցնել, իսկ ակտիվիստներին և ի պաշտպանություն Նավալնու ելույթ ունեցողներին կարող են սպառնալ բանտարկության երկարատև ժամկետներ։

Մինչդեռ Նավալնին, որն այժմ գտնվում է ռուսական բանտի հիվանդանոցում, շարունակում է իր հացադուլը։ Նա պնդում է, որ իրեն բուժեն այն բժիշկները, ում ինքը կընտրի։ Երեքշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, փաստաբան Վադիմ Կոբզևը այցելել է նրան և հայտնել, որ Նավալնու ձեռքերը «ծակծկած և կապտած» են այն բանից հետո, երբ երեք բուժքույրեր կաթիլային միացնելու անհաջող փորձեր են կատարել։

«Եթե տեսնեին ինձ հիմա, կծիծաղեին,- գրել է Նավալնին այն նամակում, որն իր թիմը տեղադրել է սոցիալական կայքերում։ Բանտախցում ճոճվելով կմախք է քայլում»։

Սպիտակ տունը զգուշացրել է ռուսական կառավարությանը, որ «նրանց պատասխանատվության կենթարկեն», եթե Նավալնին մահանա բանտախցում։ Արևմտյան պաշտոնյաները, ինչպես նաև Նավալնու կողմնակիցներն ու համախոհները հերքում են մեղադրանքները, թե ընդդիմադիր առաջնորդը գործում է ի շահ այլ երկրի։

Սակայն, Կրեմլի տրամաբանության համաձայն, Նավալնին իրենից մեծ վտանգ է ներկայացնում ռուսական պետության համար, քանի որ նա աշխատում է հանուն Արևմուտքի շահերի՝ փորձելով թուլացնել Պուտինի դիրքերը։ Տրեմինի խոսքով՝ հենց Պուտինն է Ռուսաստանում կայունություն պահպանում՝ պահելով հավասարակշռությունը ռուսական գործող էլիտայի մրցակցող խմբավորումների միջև։

«Եթե Պուտինը գնա, տարբեր խմբերի միջև պայքար կսկսի, Ռուսաստանը կփակվի իր խնդիրներ մեջ, նա աշխարհին ուշադրություն դարձնելու ժամանակ չի ունենա, և նա այլևս ոչ ոքի ճանապարհին չի կանգնի,- բացատրել է Տրեմինը։ Իհարկե, Արևմուտքը օգտագործում է Նավալնուն և հետագայում նույնպես օգտագործելու է, որպեսզի խնդիրներ ստեղծի Պուտինի համար, և որ այսպես թե այնպես Պուտինին պատմություն դարձնի»։

Որքան հեռու է պատրաստ գնալ Պուտինի դիմադրությունը՝ Արևմուտքի իրական կամ մտացածին թշնամության նկատմամբ, մինչ այժմ հարցական է մնում։ Ռուսական պետական ԶԼՄ-ներում բավականին գորշ տրամադրություններ են։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի ամենշաբաթյա հայտնի հաղորդման հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը՝ ավարտելով Պուտինի և Բայդենի դիմակայության մասին հաղորդումը, հիշեցրել է հեռուստադիտողներին «Պոսեյդոնի» մասին, որը նոր զենք է ռուսական միջուկային զինանոցում, և Պուտինն այն ներկայացրել է երեք տարի առաջ։

«Ռուսական Զինված ուժերը պատրաստ են դիմակայել միջուկային տորպեդ, որը ռադիոակտիվ ցունամի կարող է առաջացնել, այն ունակ է ողողել թշնամական քաղաքները և դարձնել դրանք անպիտան կյանքի համար տասնամյակներ շարունակ»,- ասել է Կիսելյովը։

Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Պուտինը չի ցանկանում, որ Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածությունը դուրս գա վերահսկողությունից։

Մինչդեռ Եվրոպան և ԱՄՆ-ն մարտի վերջին փորձում էին գնահատել ռուսական զորքերի տեղակայման մասշտաբներն ու նպատակները Ուկրաինայի սահմանին, Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսային զրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր գեներալ Մարկ Միլիի (Mark A. Milley) հետ։ Երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի (Jake Sullivan) հետ քննարկել է նախագահների գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը։ Բացի այդ, այս շաբաթ Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը Բայդենի հետ կքննարկի կլիմայի փոփոխության խնդիրը՝ հինգշաբթի օրը, ապրիլի 22-ին օնլայն հանդիպման ժամանակ։

Ստանովայի խոսքով, նա համոզված է, որ իր խորհրդականների համեմատ, որոնք հավատարիմ են մնում կոշտ դիրքորոշմանը, Պուտինը մեծ հաշվով հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ համագործակցելու եզրեր գտնելու մեջ։ Նա բացատրել է իր տեսակետը՝ մատնանշելով Պուտինի ձգտումը վերադարձնել Ռուսաստանը խոշոր և ազդեցիկ գերտերությունների շարքեր։

«Պուտինն անկեղծորեն հավատում է իր մեծ պատմական գործչի առաքելությանը, ով պատասխանատվություն է կրում ոչ միայն Ռուսաստանի, այլև գլոբալ անվտանգության համար,- ասել է Ստանովայան։ Նա չի հասկանում՝ ինչու է ամերիկացի նախագահը իրավիճակն այլ կերպ տեսնում»։

Հեղինակ՝ Անտոն Տրոյանովսկի [Anton Troianovski]

Աղբյուրը՝ The New York Times

Պատկերը՝ Kremlin.ru

Թարգմանությունը՝ Լիանա Գրիգորյանի

Կարդացեք նաև

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի, ինֆոգրաֆիկաների, վիզուալ նյութերի և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/04/2021