Հայաստանում, սեպտեմբերի կեսերից սկսած, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվող շաբաթական մահերն արտահայտվում են եռանիշ թվերով, իսկ հոկտեմբերի 10-ից հաստատվող վարակի նոր դեպքերը՝ հնգանիշ թվերով։
Հոկտեմբերի վերջին շաբաթվա տվյալներով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով` 109 մահ, Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ասիական երկրների շարքում և չորրորդ հորիզոնականը՝ ողջ աշխարհում։
Հանրային առողջապահության մասնագետ Շանթ Շեխերդիմյանն այն կարծիքին է, որ մահերի թիվը կրճատելու միակ տարբերակը զանգվածային պատվաստումն է։ «Պատվաստումների գլխավոր նպատակը հիվանդության ծանր ընթացքը կանխելն ու մահեր թույլ չտալն է։ Եթե պատվաստման ճանապարհով կարողանանք կորոնավիրուսը հասցնել սեզոնային գրիպի մեղմության, այսինքն՝ մահացության հավանականությունը հասցնել զրոյի, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի»։
Պատվաստումային գործընթացի մեկնարկից՝ 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը Հայաստանում կատարվել է ավելի քան 677,000 պատվաստում, որից երկրորդ դեղաչափ ստացել է բնակչության ընդամենը 7%-ը։
Համավարակի դեմ պայքարում պատվաստումների դերի ու արդյունավետության մասին Հայաստանում իրազեկման արշավներ սկսվել են նախքան պատվաստումային գործընթացի մեկնարկը:
Սակայն, ըստ հանրային առողջապահության մասնագետ Արազ Չիլոյանի, ապատեղեկատվությունը շատ է վնասում պատվաստման գործընթացին։
«Ցավոք, բժիշկների շարքում էլ կան ապատեղեկատվություն տարածողներ։ Այդ խնդիրը հաղթահարելու համար նրանց հետ շատ ենք աշխատում․ ամեն շաբաթ թրեյնինգներ ենք անցկացնում, որոնց ընթացքում բացատրում ենք, թե ինչու են կարևոր պատվաստումները, ու ինչ պատվաստանյութեր են բերվում Հայաստան։ Այդ թրեյնինգները բաց են բոլոր բժիշկների համար․ ցանկացողները կարող են մասնակցել»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Չիլոյանը, ով արդեն մեկ տարի է, ինչ «Իգործ» ծրագրով Հայաստանում է, և առողջապահության նախարարության կողմից ներգրավվել է քովիդի դեմ պայքարում։
Հայաստանում կիրառվող պրոտոկոլները չեն տարբերվում աշխարհի այլ երկրներում կիրառվողներից։ Էական տարբերություններ չկան նաև հանրապետությունում հասանելի պատվաստանյութերի միջև։
Ամեն դեպքում, ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել այն պատվաստանյութը, որը ցանկանում են։ Անկախ նրանից, թե կորոնավիրուսի՝ այժմ շրջանառվող հիմնական շտամներից որով կհիվանդանա պատվաստված մարդը, հոսպիտալիզացվելու, առավելևս՝ մահանալու հավանականությունը կմոտենա զրոյի։ Ըստ Շեխերդիմյանի՝ դրանով պատվաստանյութերը լուծում են իրենց առջև դրված գլխավոր խնդիրը։
Այլ կերպ ասած՝ պատվաստանյութը մարզում և ամրացնում է օրգանիզմի բնական պաշտպանությունը․ իմունային համակարգին օգնում է ճանաչել ու պայքարել օրգանիզմ ներթափանցած վիրուսների ու մանրէների դեմ։
Վիրուսի տարատեսակների վրա առկա պատվաստանյութերի ազդեցության աստիճանը պարզելու համար հետազոտություններ են իրականացվել տարբեր երկրներում։ Վերջին շրջանում արված հետազոտություններով պարզվել է, որ պատվաստանյութերը կարող են նվազեցնել դելտա տեսակի փոխանցումը։ Այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստանյութի երկու դեղաչափն էլ ընդունել են, զգալի նվազում է նաև քովիդով վարակվելու և վարակելու հավանականությունը։
Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել նաև Սինգապուրում կատարված հետազոտությունը․ դելտա շտամով վարակված, սակայն պատվաստված մարդկանց օրգանիզմում վիրուսի մակարդակը վարակվելուց մեկ շաբաթ անց կտրուկ իջել է։
Հետազոտություններով նաև պարզվել է, որ պատվաստանյութն առավելագույն պաշտպանություն է ապահովում այն դեպքում, երբ ներարկվում է երկու դեղաչափով՝ պահպանելով ներարկումների միջև սահմանված ժամանակացույցը։
Շանթ Շեխերդիմյանն այն կարծիքին է, որ պատվաստանյութերից ակնկալվող արդյունքը մարդկանց մոտ երկմտելու տեղ չպետք է թողնի՝ հատկապես եթե հաշվի առնենք կորոնավիրուսի հետևանքով առաջացող բարդությունները․
«Կորոնավիրուսից Հայաստանում օրական մահանում է ավելի քան 30 մարդ․ դա արդեն իսկ աղետ է։ Ոչ մեկը չի ասում, թե պատվաստանյութերն անթերի են, բայց ամեն ինչ վնասների ու ռիսկերի համեմատության մեջ պետք է դիտարկել։ Խելամիտ չէ «միգուցեների» համար անտեսել արդեն իսկ ռեալ ռիսկերը, որոնց հանգեցնում է COVID-ը»։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Տվյալների վերլուծությունը և գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
#COVID19
Կարդացեք նաև
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, նմանություններն ու տարբերությունները
- Կերպարանափոխվող COVID-19․ տեսակները, տարածվածությունը և վտանգի աստիճանը
- Կորոնավիրուսային մահերի նվազումը կապ ունի պատվաստվածության բարձր ցուցանիշի հետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/11/2021