Իրավունք Քաղաքական

«Կարգավորումները» մամուլի ազատության անկման պատճառ

Արխիվային լուսանկար։ Ճեպազրույց Ազգային Ժողովում, 2018թ․

Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողովի տարածք արգելելու և, առհասարակ, նրա կողմից խորհրդարանի աշխատանքները օգոստոսի 5-ից չլուսաբանելու վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց լրագրողական համայնքում, որն այս որոշումը որակեց որպես մեդիայի, խոսքի ազատության սահմանափակում։

ԱԺ աշխատակազմի նման խիստ վերաբերմունքի հիմքում ֆոտոլրագրողի կողմից օգոստոսի 4-ին Ազգային ժողովում արված լուսանկարների շարքն էր։ Խմբագրության գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը նշել էր, որ լուսանկարիչը մասնագիտական գործունեություն իրականացնելիս՝ խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում կանոնները հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը։

Վերջինիս համաձայն՝ «արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը կամ լուսանկարահանելը»։ Լիլիան Գալստյանի խմբագրության կողմից հրապարակված 51 լուսանկարներներից 15-ում կարելի է տեսնել ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցներին։

Այնուամենայնիվ, ֆոտոլրագրողն ասում է, որ 12-ամյա գործունեության ընթացքում երբեք չի բախվել նման խնդրի։ Պատմում է նմանօրինակ դեպքերից, որոնք, սակայն, տեղի են ունեցել հիմնականում ցույցերի, հավաքների ժամանակ։ Անդրադառնալով խորհրդարանի աշխատակազմի ղեկավարության որոշմանը՝ կարծում է, որ արգելքը խիստ էր․ դրա փոխարեն կարելի էր նախազգուշացնող նամակ ուղարկել խմբագրություն՝ տեղեկացնելով, որ լրագրողը մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտում է կատարել։

«Իմ դեպքն օրինակ էր մյուս լրատվամիջոցների համար։ Որպեսզի խուսափենք նման միջադեպերից, շատ կուզենայի՝ Ազգային ժողովի որևէ հատվածում փակցված լիներ ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին տեսալուսանկարահանելու արգելքի վերաբերյալ զգուշացումը, որպեսզի նկարահանող խմբերն իրազեկ լինեն», – «Ամփոփ Մեդիային» ասում է ֆոտոլրագրողը։

Փաստաբանների և խմբագրության հետևողականության շնորհիվ ԱԺ աշխատակազմի ղեկավարության որոշումը չեղարկվեց։

«Վերսկսել եմ ԱԺ-ում աշխատանքս։ Շատերն էին մոտենում ու շնորհավորում, այնուամենայնիվ, որևէ կոնկրետ քաղաքական վերաբերմունք չեմ առանձնացնում։ Կարծում եմ՝ որոշումն ինձ վրա ուղղակի անդրադարձավ, թեև, ուսումնասիրելով մեդիաների կողմից տարածվող հրապարակումները, նկատել եմ գրեթե նույն կադրերը, որոնք իմ լուսանկարներում էլ կային»։

Մեդիա փորձագետները պարզաբանում են, որ վերջին շրջանում ընդունված օրենքները, որոշումներն ու առաջարկված նախագծերը սահմանափակում են խոսքի և մամուլի ազատության իրավունքները, որոնք, ինչպես հայտնի է, կայուն ժողովրդավարական պետության երաշխիքներից են։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը կողմ է համակարգային, ոլորտային բարեփոխումներին, բայց աշխատանքներն արդյունավետ կլինեն միայն երկկողմանի համագործակցության շնորհիվ։

«Ոլորտում կան խնդիրներ և դրանք պետք է լուծել։ Կառավարությունը պատեհապաշտական առաջարկներ է շրջանառության մեջ դնում, ինչն էլ խաթարում է նախ մեր բնականոն աշխատանքը, ապա կորչում է իրենց հետ աշխատելու ցանկությունը։ Արդյունքում՝ մենք մեր ողջ ջանքը գործադրում ենք դրանց հակազդելու, որոշումները չեղարկելու վրա, մինչդեռ կարող էինք միասին աշխատել և համատեղ դաշտն ավելի առողջացնել»։

Հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարության կողմից 2018թ․-ից ի վեր ավելի քան 10 օրենսդրական նախագիծ և որոշում է առաջարկվել, քննարկվել, որոշները, որոնք անմիջականորեն կապ ունեն լրագրողական գործունեության, արտահայտվելու ազատության և տեղեկություններ ստանալու իրավունքի հետ, նաև ընդունվել են։

Այնուամենայնիվ, իրականացված և դեռ գործընթացի մեջ գտնվող փոփոխությունները դրական արձագանք չեն ստացել լրագրողական համայնքի կողմից։ Մեդիա ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, որ ոլորտին առնչվող փոփոխություններում լրագրողական համայնքը ներգրավված չէ։

«Կար բանավոր պայմանավորվածություն, որ ոլորտին առնչվող թեմաներին անդրադառնալու ենք միասին, բայց, այդ ամենը մնաց օդում կախված։ Տպավորություն է՝ կարծես այս ոլորտում փորձում են հեծանիվ հայտնագործել՝ փոխարենը գործարկելու ավելի խորը ազդեցություն ունեցող քայլեր, իսկ սահմանափակող, պատժող միջոցներին են ձեռք մեկնում, որովհետև դրանք արագ են ազդում»,- «Ամփոփ Մեդիային» ասում է Դոյդոյանը։

Մամուլի ազատության ինդեքսի՝ 2021 թ․ տվյալներով՝ Հայաստանը անկում է գրանցել՝ 61-ից իջնելով 63-րդ հորիզոնական։ 2018 թ-ի հեղափոխության միջոցով նոր կառավարություն ձևավորած գործիչներն իրենց ելույթներում հատկապես առանձնացնում էին մամուլի ազատության կարևորությունը։ 2018 թ․-ին Հայաստանը 80-րդ հորիզոնականում էր և, 3 տարվա ընթացքում գրանցելով նկատելի փոփոխություն, թվում էր, թե ղեկավարության կողմից դրված բարեփոխումային նպատակներն իրականացվում են։ Քաղաքական էլիտան շարունակ խոսում էր թե՛ արտահայտման և թե՛ մամուլի ազատության ինդեքսային ցուցանիշների նվազման մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտադրում էր այդ փաստը․

«Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ»:

Տրված բնորոշումն արժանահավատ էր 2018 թ․, բայց հետագայում պատկերը միանգամայն փոխվեց։

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հայաստանյան մամուլը չի համարում «ազատ»՝ տնտեսական, քաղաքական գործոններից կախված, իսկ 2018 թ․-ի իրավիճակը պայմանավորում է այլ հանգամանքով։

«Նոր, երիտասարդ ուժերի գալն էր պատճառը, որ մամուլի համար դրական ազդեցություն ունեցավ, սակայն, դրան հաջորդող տարիներին այդ իրավիճակը սկսեց չարաշահվել։ Նոր, ոչ հստակ մեկնաբանված նախագծերի շրջանառությունը, բավականին շատ հարձակումները լրագրողների, լրատվության միջոցների վրա դատական ատյանների միջոցով փաստում են, որ հայաստանյան մամուլն ազատ չէ»։

Բարեփոխումների ենթատեքստում՝ խորհրդարանի տարածքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումները մյուս առաջարկվող որոշումներից է, որի ընդունման անհրաժեշտությունն ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը բացատրում է որպես լրագրողների աշխատանքի համակարգում՝ թույլ չտալով, որպեսզի լրագրողը «վազի պատգամավորի ետևից», «սպառնալիք կամ ապտակ ստանա»։

Սուր քննադատության արժանացած որոշմանն արձագանքեցին հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքական գործիչները, ոլորտի ներկայացուցիչները։ Լրագրողական կազմակերպություններն առնվազն երեք հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով չեղարկել որոշումը։

Իշխանությունը ոչ միայն չարձագանքեց հայտարարություններին, այլև օգոստոսի 18-ին հրավիրած արտահերթ նիստում ընդունեց որոշումը` սահմանելով հետևյալը․ «Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:»։

Լիլիան Գալստյանի ԱԺ մուտք գործելու արգելքից մի քանի օր անց՝ օգոստոսի 11-ին, ԱԺ-ում հավատարմագրված մյուս լրագրողները մեկ այլ արգելքի հանդիպեցին, երբ ուղիղ հեռարձակվող նիստի ժամանակ պատգամավորների միջև բուռն վիճաբանություն սկսվեց, և նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերը, իսկ խորհրդարանի աշխատակիցները շտապեցին լրագրողների օթյակ՝ խոչընդոտելու այնտեղ գտնվող լրագրողների ու օպերատորների աշխատանքը։

Այս պատմությանը հետևեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի արձագանքը, ով ասաց, որ․

 

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Ժամանակագրությունը՝ հեղինակի

Տես նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/08/2021