Էկոլոգիա Տնտեսություն

Էլեկտրական մեքենաների շուկայում աշխուժություն կա

Լուսանկարը՝ Yerevan Yerevanciner

Հայաստանում կարծես մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամեքենաների նկատմամբ։ Միայն օգոստոսին Հայաստան ներկրված մեքենաներից յուրաքանչյուր 5-րդը եղել է բացառապես էլեկտրական շարժիչով։ Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2019-ի օգոստոսին, էլեկտրական շարժիչով էր ներկրված մեքենաներից ամեն 1500-րդը։

Էլեկտրական մեքենաների նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրություն սկսեց առաջանալ վերջին երկու տարիներին մաքսային կարգերում կատարված արմատական փոփոխությունների շնորհիվ։

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից։

2019 թվականը վերջին տարին էր, երբ Հայաստան կարելի էր ներկրել մեքենաներ՝ առանց բարձր մաքսատուրքերի։ Դա ԵԱՏՄ կողմից Հայաստանին տրված «արտոնությունն» էր, որի մասին «Ամփոփ Մեդիան» անդրադարձել էր «Ներկրված մեքենաները՝ հալչող կապիտալ» խորագրով նյութում։ Միտքը, որ 2020թ-ից սկսած այլևս մատչելի մեքենա գնելն անհնար կլիներ, ստիպեց հազարավոր վարորդների ու առևտրականների շտապեցել մեքենա գնել։ Արդյունքում, միայն 2019-ին Հայաստան ներմուծվեց շուրջ 206 հազար ավտոմեքենա։ Էլեկտրական շարժիչով էր դրանցից ընդամենը 175-ը կամ ներմուծված ավտոմեքենաների 0,09%-ը։

2019-ից հետո կարգը փոփոխվեց․ հին, օգտագործված մեքենաների ներկրումների մաքսատուրքերը բարձրացան, մինչդեռ էլեկտրամեքենաներինը՝ դարձան զրոյական։

Զրոյական մաքսատուրքեր, զրոյական ԱԱՀ

ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսատուրքով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման վերաբերյալ կարգավորումը Միության կողմից ընդունվել է դեռևս 2012 թ․, երբ Հայաստանը նույնիսկ ԵԱՏՄ անդամ չէր։

ՀՀ պետեկամուտների կոմիտեից «Ամփոփ Մեդիային» հայտնել են, որ Բելառուսի նախաձեռնությամբ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է այս արտոնության ժամկետը երկարաձգելու հարցը։

ԵԱՏՄ տարածք մտնելու մաքսատուրքից բացի, էլեկտրական մեքենաներն ազատված են նաև Հայաստան մտնելու դեպքում ձևավորվող 20% ավելացված արժեքի հարկից։ Այս պահի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 52-րդ կետն ասում է․

«ԱԱՀ-ից ազատվում է ․․․ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը»։

Հենց այս կոդերի տակ «թաքնված են» էլեկտրական շարժիչով.

  • մեծ, միջին և փոքր ավտոբուսները,
  • մարդատար տրանսպորտային միջոցները,
  • մոտոցիկլները և մոպեդները։

Այժմ Հայաստանում քննարկվում է այս արտոնությունը ևս 3 տարով ուժի մեջ պահելու հարցը։ Այս նպատակով շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի ընդունման դեպքում էլեկտրական շարժիչով մեքենաները մաքսատուրքերից կազատվեն մինչև 2025 թ. հունվարի 1-ը։

Ավելին նախագծում նշվում է արտոնությունների ցանկի մեջ նաև էլեկտրական շարժիչով, մինչև 5 տոննա զանգվածով բեռնատար մեքենաները ներառելու, այսինքն էլեկտրական բեռնատարները նույնպես ԱԱՀ-ից ազատելու հարցը։ Նախագիծը ներկայացրած շրջակա միջավայրի նախարարության հիմնավորման համաձայն՝ այս կարգավորումը թույլ կտա խրախուսել էլեկտրամեքենաների ներկրումը, ինչը կայուն աճ է գրանցում վերջին տարիներին։

Լրացում․ 2021թ.-ի նոյեմբերի 18-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, համաձայն որի՝ Հայաստան ներկրվող էլեկտրական շարժիչով մեքենաները (նաև բեռնատարները) ազատվելու են ԱԱՀ վճարումից։ Այս արտոնությունը կշարունակվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծն Ազգային ժողովում քննարկվելու է հրատապ կարգով՝ մինչև տարվա վերջ ընդունելու համար։

Ինչո՞ւ են նախընտրում էլեկտրականը

Սովորական բենզինային-դիզելային-գազային շարժիչներով մեքենաների համեմատ էլեկտրականների առաջինն աչքի ընկնող առավելություններից է հարկային-մաքսային հառավելությունը, ինչը մեքենայի գնի մոտ 35%-ի չափով սեփականատիրոջն ազատում է հարկերից։ Հենց սա է շեշտադրվում նախագծով։

Բայց կան նաև թաքնված առավելություններ, որոնց մասին արդեն իսկ տեղյակ են էլեկտրական մեքենա շահագործողները։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում դրանց մասին նշում է Ռաֆայել Ղազարյանը, որը առաջին վարորդներից է, որ Հայաստանում սկսել է էլեկտրական մեքենա շահագործել։

«Բառեր չկան, որ նկարագրես, թե ինչքան լավ է էլեկտրական մեքենա վարելը։ Կոպիտ ասած՝ «ձրի» ես քշում, հեծանիվ քշելու նման», – նշում է Ռաֆայելը։

Նա օրինակ է բերում․ եթե փոքր ընտանիքով հասարակական տրանսպորտով աշխատանքի ու դպրոց հասնելու ընդհանուր ճանապարհածախսը կազմում է 600 դրամ, ապա Էլեկտրամեքենայով նշված բոլոր տեղերը գնալ-գալու ծախսը կկազմի 200 դրամ։ Ավտոշահագործողի հաշվարկով՝ մի քանի տարում մեքենայի գնման գումարը «հետ է գալիս»։

Ռաֆայելը փարատում է որոշ մտահոգություններ, որ կարող են ունենալ էլեկտրական մեքենաներին անծանոթ մարդիկ։ Օրինակ, մեքենան լիցքավորվում է սովորական 220 Վոլտ էլեկտրական ցանցից, հատուկ մեխանիզմի կարիք չկա։ Մեքենան կարելի է լիցքավորման միացնել տնից, ավտոտնակից և հասարակական վայրերում տեղադրված լիցքավորման կայաններից։

Nissan Leaf էլեկտրամեքենա շահագործող Ռաֆայել Ղազարյանի խոսքով՝ քանի որ այս մեքենաները համեմատաբար նոր երևույթ են, ուստի «մեռած» էլեկտրական մեքենա դեռ ոչ ոք չի տեսել, հետևաբար դժվար է գնահատել դրա կյանքի տևողությունը։ Իսկ արտադրողները, ըստ վարորդի, շահագրգռված են այս նոր ապրանքը սարքել այնքան պինդ ու հուսալի, որ ավտոշահագործողների մոտ վստահություն ստեղծեն էլեկտրական մեքենաների նկատմամբ։

Ռաֆայելն ասում է, որ 6 տարի վարելուց հետո միայն վերջերս է փոխել մեքենայի մի քանի դետալներ, որոնք կապ չունեն մեքենայի էլեկտրական լինեու հետ ու դրանց համար վճարել է շուրջ 16000 դրամ։ Իսկ էլեկտրական լինելու շնորհիվ՝ մեքենան չունի յուղ, անտիֆրիզ, ֆիլտր, շարժիչ և մի շարք այլ մասեր փոխելու խնդիր։

«Ընթացքայինն էլ այնքան ամուր է սարքած, որ մենակ քշի», – շարունակում է Ղազարյանը

Էլեկտրական մեքենաների օգտին նույն փաստարկներն է բերում նաևՀայաստանում էլեկտրամեքնենաների համար հանրային լիցքավորման կայաններ տեղադրող Plug.am ծրագրի ղեկավար Կարեն Դերձյանը։

«Էլեկտրական շարժիչով մեքենաներն ավելի քիչ են փչանում, քանի որ նրանց մոտ ներքին այրման շարժիչի չափ շարժվող դետալներ չկան։ Այսինքն, մոտ 10 անգամ ավելի քիչ փչացող դետալ կա էլեկտրական մեքենաներում», – բացատրում է Դերձյանը։

Առհասարակ այս առավելությունը շատ է հիշատակվում նաև տարբեր մասնագիտացված կայքերում էլեկտրական և «ավանդական» շարժիչներով մեքենաները համեմատելիս։ Այդպիսի համեմատություններում նշվում են նաև էլեկտրական մեքենաների որոշ մրցակցային թերություններ։

Արդեն 6 տարի էլեկտրական մեքենա շահագործող Ռաֆայելը նշում է, որ ԱՄՆ-ից օգտագործված էլեկտրամեքենաներ կարելի է գնել՝ սկսած 5000 դոլարից, ինչը շատ ցածր գին է՝ հաշվի առնելով այս մեքենաների մրցակցային առավելությունները։

Ըստ Կարեն Դերձյանի՝ օգտագործած մեքենաների շուկաներում նույն դասի էլեկտրական և ավանդական շարժիչներով մեքենաները մոտավորապես նույն գինն ունեն։ Հարցն այն է, որ էլեկտրական մեքենաներն ընդամենը 10 տարվա պատմություն ունեն, և ավելի տարեց էլեկտրական մեքենաներ ուղղակի չկան, ինչի պատճառով շատ էժան ու շատ հին սեգմենտում այս մեքենաները չկան։

Էլեկտրամեքենաների վերաբերյալ որոշ մտահոգություններ էլ վերաբերում են դրանց շահագործման ենթակառուցվածքներին՝ լիցքավորման կայաններին ու նորոգող մասնագետների առկայությանը։

Երկրորդի դեպքում Դերձյանը բացատրում է, որ հիմա Հայաստանում արդեն մի քանի սերվիսներ կան, որոնք սպասարկում են այս կամ այն ընկերության արտադրած էլեկտրամեքենաները։ Ենթադրվում է, որ որքան շատանան այդպիսի մեքենաները, այնքան ավելի շատ սպասարկման կետեր կբացվեն, քանի որ ավելի ձեռնտու կլինի։

Ինչ վերաբերում է լիցքավորման կայաններին, ապա ըստ Դերձյանի՝ դրանք արդեն բավական շատ են Հայաստանում։ Դրանց տարածվածությունը կարելի է տեսնել նաև plugshare.com կայքում։ Այն քարտեզի վրա ցույց է տալիս բոլոր նման կայանները։ Երևանում ու Գյումրիում այդ կայանները բազմաթիվ են, մարզերում՝ առնվազն երկուական։

Որոշակի խնդիր է լիցքավորման ժամանակը։ Ավանդական մեքենաների դեպքում բենզինի ու հեղուկ գազի լիցքավորումը րոպեներ է տևում։ Էլեկտրական մեքենաների դեպքում լիցքավորումը կարող է ժամեր տևել։ Սրա համար որպես լուծում առաջարկվում է էլեկտրամեքենաների լիցքավորումը գիշերը՝ կայանած ժամանակ։

Ավելին, Հայաստանում այս պահին կա 1 արագ լիցքավորման կայան։ Իսկ ժամանակի ընթացքում էլեկտրամեքենաների ավելացմանը զուգահեռ դրանք վստահաբար կավելանան։

Ինչո՞ւ են պետությունները խրախուսում էլեկտրականը

Արագ լիցքավորման կայանների տեղադրմանը միանում է նաև կառավարությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է, որ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կտեղադրվի 2 արագ լիցքավորման կայան։ Բացի էլեկտրական մեքենաների արագ լիցքավորման կայանների տեղադրումը, Հայաստանի կառավարությունը մտադիր է պաշտոնյաների համար գնել էլեկտրական 12 մեքենաներ։

Սրան գումարվում է այն, որ բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները, Երևանի ավագանու որոշմամբ, ազատված են մայրաքաղաքում կայանման («կարմիր գծերի») վճարներից։ Այս որոշումն ամեն տարի երկարաձգվում է՝ Երևանում էլեկտրամեքենաների շահագործման համար ևս մեկ շահագրգռող գործոն ավելացնելու համար։

Ինչպես վերը նշեցինք, շրջակա միջավայրի նախարարության ջանքերով պատրաստվել է նախագիծ, որի ընդունման դեպքում երկարացվելու է էլեկտրական մեքենաների ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատվելու կարգը։ Հենց նախագծի հիմնավորման մեջ կան հետաքրքիր շեշտադրումներ, որոնք բացահայտում են կառավարության մտադրությունները՝ ուղղված էլեկտրական շարժիչով մեքենաների խրախուսմանը։

Եվ ամենակարևորը, ՇՄՆ նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը, ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների, տարեկան միջինում 4,6 տոննա ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում է ապահովում։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 29/09/2021