Առողջություն

Բուժհիմնարկների բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման համար կարևոր է, որ բժշկական հաստատությունները լինեն մատչելի, ոչ միայն գնային առումով, այլև ամբողջ հանրապետությունում իրենց բաշխվածությամբ, մասնագիտական և տեխնիկական հագեցվածությամբ։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2018թ. ՀՀ-ում բնակչության հիվանդանոցային բուժում իրականացվել է 124 հիվանդանոցներում։ Իսկ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություն մատուցվել է 501 հաստատություններում և 625 բուժական մանկաբարձական կետերում (ԲՄԿ):

Առողջապահության ոլորտում կատարվող ներկայիս բարեփոխումները ընդգրկում են նաև բուժհիմնարկներում կատարվող բարեփոխումները՝ բուժհիմնարկների տեխնիկական և մասնագիտական վերազինման ուղղությամբ։ Մասնավորապես, 2 մլրդ դրամ է հատկացվել Երևանի երկու բուժկենտրոնների նյարդավիրաբուժական բաժանմունքները գերժամանակակից սարքավորումներով հագեցնելուն, ինչը, ըստ Առողջապահության նախարարության, մատուցվող ծառայությունները հասցրել է միջազգային մակարդակի։ Նախարարությունը նախատեսում է նաև առաջիկայում վերակառուցել 10 բժշկական կենտրոն (ԲԿ), վերանորոգել 1 ԲԿ, մասնակի վերանորոգել 3 ԲԿ, և կառուցել նոր 2 ԲԿ։

Ըստ Առողջապահության նախարարության՝ օգոստոս ամսին տեխնիկապես հագեցվել են Արտաշատի ԲԿ-ն և Աբովյանի ծննդատունը։ Վանաձորում, Սևանում և Արտաշատում արդեն գործում են նորակառույց բժշկական կենտրոնները՝ ժամանակակից սարքերով։ Իսկ Մարտունու և Վայոց ձորի ԲԿ-ների, Գյումրու նոր ծննդատան կառուցման աշխատանքները ընթացքում են։

2017թ. տվյալներով շատ բժշկական ծառայություններ մարզերում չեն մատուցվում համապատասխան հիվանդանոցային բաժանմունքներ չլինելու պատճառով։ Թվով 69 հիվանդանոցային բաժանմունքների մեծամասնությունը՝ 38-ը առկա են միայն Երևան քաղաքում՝ այդ թվում՝ ալերգոլոգիական, այրվածքային, ուռուցքաբանական, նյարդավիրաբուժական, արյունաբանական և այլ։

Մարզերում բնակչության առողջության պահպանման համար հիվանդանոցների պակասը փորձում են լրացնել պոլիկլինիկաները, հատկապես գյուղական ամբուլատորիաները և բուժական մանկաբարձական կետերը։ Վերջիններիս վիճակը սակայն շատ համայնքներում անմխիթար է, իսկ որոշ համայնքներ դրան էլ հասանելիություն չունեն։

Կարդացեք նաև

Բուժանձնակազմի բաշխվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Ամփոփ Մեդիա

Instagram: ampop.am
Telegram: ampopmedia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/10/2019