Երևանից դեպի հյուսիս` 28 կմ հեռավորության վրա գտնվող Արգել գյուղում [նախկին ավնանումը՝ Լուսակերտ] կա մի ծաղկի սրահ՝ խորհրդանշական «Լիա» անվամբ։
Սրահն ընդամենը հինգերորդ ամիսն է գործում, բայց գյուղի բնակիչների համար այս անկյունը վաղուց ճանաչված է իբրև ծաղկի խանութ։ Այստեղ առնվազն երեք անգամ ծաղկի խանութ աշխատեցնելու փորձ եղել է, բայց անհաջող։ Բացումից մի քանի շաբաթ անց դրանք փակվել են։
Մարգարիտային՝ ծաղկառատ սրահի նոր տիրուհուն, կարծես, հաջողվել է այնպես անել, որ ծաղկի փոքր բիզնեսը գյուղում կայունանա, իսկ իր նկատմամբ՝ իբրև գյուղի նորաբնակի, ավելանա գյուղի բնակիչների հարգանքն ու վստահությունը։
– Դեռ չե՞ք փակվել․․․,- ամեն անցնելիս հարցնում են գյուղի բնակիչները։
«Մարդիկ զարմանալի մոտեցում ունեն։ Եթե ինչ-որ բան մեկի, երկուսի մոտ չի ստացվում, ուրեմն ոչ մեկի մոտ չի կարող ստացվել։ Հետն էլ զարմանում են, որ ամեն երրորդ օրը թարմ ապրանք ենք բերում»,- ասում է Մարգարիտան՝ փորձելով այսպես բացատրել արգելցիների տարօրինակ հարցադրումները։
Բայց, իր կարծիքով, այդտեղ կա ևս մեկ պատճառ․ երբ 2020թ․ պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի հայրենի Տող գյուղից Մարգարիտան տեղափոխվում էր Արգել և փորձում նոր միջավայրում ինտեգրվել, կային բնակիչներ, որ նրա հարևանությանն անթաքույց դեմ էին։
Մարգարիտան ասում է, որ մարդկանց որոշ հարցադրումներում անկեղծ զարմանքից զատ, առայսօր նաև չարություն ու մեղադրական երանգներ կան, բայց աշխատում է չկենտրոնանալ բացասականի վրա։
«Ես քիչ մարդու եմ ճանաչում այս գյուղում, բայց, գործի բերումով, շատերն արդեն գիտեն ինձ։ Մայթով քայլելիս կամ գյուղի որևէ խանութ մտնելիս մեկ էլ լսում եմ՝ վա՜յ, էն «ծաղկի աղջիկն ա», չէ՞․․․ Ներքուստ ուրախանում եմ, որ հենց այդպես են ճանաչում ինձ, այսինքն՝ իմ գործով։ Դա նաև որոշակի հիմք է տալիս մտածելու, որ մեր ընտանեկան փոքրիկ նախաձեռնությունն արդարացրել է իրեն»,- անկեղծանում է Մարգարիտան։
«Ծաղկի աղջկա» արմատները
Մարգարիտա Գրիգորյանը Հադրութի շրջանի Տող գյուղում է ծնվել, այնտեղ էլ ամուսնացել է․ ամուսինը՝ Բորիսը, նույնպես Տողից է։ Որ երբևէ ստիպված կլինի բաժանվել իր պաշտելի գյուղից, մտքով երբևէ չէր անցել։ Մղձավանջը սկսվել է 2020թ․ սեպտեզմբերի 27-ին։ Պատերազմի բոթը Տողում լսվել է թշնամու լայնածավալ հարձակումից րոպեներ անց։
Այդ օրը երեկոյան, երեք անչափահաս երեխաների ու մոր հետ, նստել են ամուսնու ավտոմեքենան ու 12 ժամ անց հասել Լուսակերտ։
«Քույրս Լուսակերտում էր ամուսնացել, դրա համար ամուսինս ուղիղ այստեղ բերեց մեզ։ Հետոյի մասին դեռ ոչ մեկս չէինք մտածում։ Տնից դուրս գալիս վերցրել եմ փաստաթղթերը, մի քանի կտոր ոսկի, մեկ ընտանեկան լուսանկար՝ Ղազանչեցոցի բակում արված, մեկ օրհնված խաչ ու մի տոպրակ ուրցադաղձ, որ նախօրեին հավաքել էինք Դիզափայտից։ Դա էլ վերջին պահին եմ հիշել ու մեքենայի բեռնախցիկը գցել, քանի որ թաց էր․ մտածեցի՝ եթե մնա, կբորբոսնի»,- հիշում է կինն ու հուզմունքը զսպելով, ավելացնում՝ չգիտեի, որ դա Տողից մնացած եզակի հուշերից է լինելու․․․
Հարվածը, որ ստիպեց ընդունել մարտահրավերը
2020թ․ հոկտեմբերի 8-ը Մարգարիտայի կյանքի ամենածանր օրն էր։ Այդ օրը երեկոյան իմացել է, որ ամուսինը նախօրեին վիրավորվել ու տեղափոխվել է Երևան։ Այն հանգամանքը, որ Բորիսին բերել են Երևան, միանգամից նրան ստիպել է մտածել վատագույն ելքի մասին․․․
«Որ պալատի դուռը բացեցի ու ամուսնուս տեսա, մի քանի վայրկյան քարացած կանգնեցի ․․․ Այդ պահին բժշկները վզի վիրակապն էին փոխում․ զգացի, որ շարժվելու հետ խնդիր ունի։ 15 րոպե մնացի մոտն ու այդ ընթացքում ընդամենը մեկ հարց տվեց՝ Սուրենից լուր ունե՞ս, ո՞ղջ է [խմբ․ մարտական ընկերը՝ Հադրութից]: Ես այդ օրը հասկացա, որ կա՛մ երկուսով մեռնում ենք՝ ինքը ֆիզիկապես, ես՝ հոգեպես, կա՛մ ուժ եմ գտնում իմ մեջ ու ոտքի կանգնում։ Ընտրեցի երկրորդը, ու էդ ուժն ու համոզմունքն օգնեցին ահագին, որ Բորիսն այսօր քայլում է․․․»,- պատմում է կինը։
Երբ բժիշկը մի քանի օր անց մտնում է պալատ ու ասում, որ Բորիսը պետք է քայլի՝ վիրավորվելուց հետո առաջին անգամ, նա անհանգստացած պատասխանում է, որ դա անհնար է։
«Ողնուղեղն էր վնասվել, ոտքերը չէր զգում երկար ժամանակ․․․ Այդ պահին ասացի՝ դու պիտի՛ քայլես։ Որ ինձ հենվելով՝ առաջին երկու քայլն արեց, փոքր երեխայի պես սկսեցինք լացել՝ ուրախությունից լացում էինք, ի դեպ, առաջին անգամն այդ մղձավանջային օրերի մեջ»։
Բորիսի քայլելը վերականգնելուց հետո ամուսինները սկսեցին կորցրած հայրենի գյուղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա ոտքի կանգնելու ուղիներ փնտրել։ Սոցիալական աջակցության ծրագրերով տեղահանվածներին բաժանվող օգնության համար հերթ կանգնելը Մարգարիտայի համար ամենածանր բանն էր․ նրան հոգեպես ճնշում էր այն փաստը, որ իրեն, իբրև կարիքավոր, պիտի օգնություն տան։
Տողից բերված մի տոպրակ ուրցադաղձով մեծ դժվարությամբ, բայց վերականգնվեց այն գործը, որի մեկնարկը տրվել էր պատերազմից երկու ամիս առաջ՝ հայրենի Տողում։
Նախ կարոտ էր փնջվում, հետո՝ սեր․․․
Ճակատագրի հեգնանքով գաղթական դարձած ընտանիքի միջանկյալ կանգառներից էր Ավան թաղամասի հանրակացարանը։ Երբ բոլորն այստեղ քնում էին, Մարգարիտան սկսում էր աշխատել․ Տողից բերված ուրցադաղձը վերջացել էր, բայց Tea Togh ապրանքանիշը կար ու պիտի ապրեր։ Արցախից՝ ուրցը, Տավուշից, Լոռիից, Եղեգնաձորից՝ խնկածաղիկը, դաղձը և մյուս խոտաբույսերը եկան՝ շարունակելու Տողից բերված թեյի արարումը։
«Tea Togh-ը պատերազմից մոտ երկու ամիս առաջ էր ծնվել։ Դիզափայտի փեշերից հավաքված խոտաբույսերով յուրահատուկ փնջեր էի հավաքում, ու որ Տողն ընկավ, Tea Togh-ը մի ուրիշ կարևորություն ձեռք բերեց ինձ համար․․․ Ամեն մի կումի մեջ, կարծես, մի բուռ կարոտ լինի ։ Ամեն անգամ հենց կարոտս գլուխ է բարձրացնում, թերթում եմ Tea Togh-ի առցանց էջը, որտեղ յուրաքանչյուր նկար մի ուրիշ նշանակություն ունի»,- ասում է հայրենի գյուղի կարոտով ապրող կինը։
Օնլայն հարթակում Tea Togh-ի էջը մնում է, Տողում սկզբնավորված ավանդույթն էլ՝ պահպանվում առայսօր, բայց կարոտ արդեն այդքան հաճախ չի փնջում զրուցակիցս՝ երկու պատճառով, նախ՝ Արցախից բերված է՛լ ոչինչ չկա փնջելու, և երկրորդ՝ կարոտի փոխարեն սեր փնջել ու ավելի ուժեղացած բնօրրան վերադառնալ է պետք․
«Պատերազմը որ նոր էր ավարտվել, ավելի մեծ հույս ունեի, որ կվերադառնանք։ Հիմա էլ ունեմ դեռ․․․ Կարծում եմ՝ երբեք չեմ կորցնելու այդ հույսը, բայց հիմա՝ այսքանից հետո, չեմ մտածում, թե շուտ է լինելու մեր վերադարձը, բայց մեծ երազանք ունեմ՝ տեսնել այդ օրն ու անձամբ պատմել որդուս իր հայրենի գյուղի մասին այնտեղ՝ Տողում»։
Բազում փորձություններով անցած երիտասարդ ընտանիքի երկու դուստրերը Տողի հետ կապված շատ հիշողություններ ունեն․․․ Գրեթե ամեն օր մտքերով թափառում են հայրենի գյուղի քարքարոտ փողոցներում, փարվում խաղալիքներին․․․ Միայն կրտսեր զավակը՝ Մարտինն է, որ ոչինչ չի հիշում Տողից․ ընդամենը 1,5 տարեկան է եղել, երբ սկսվել է պատերազմը։
«Մեկ-մեկ ինձ ասում են՝ դու ժպտում ես, ուժեղ մարդ ես, իրականում ես այնքան էլ ուժեղ չեմ․ ուղղակի թույլ լինելու իրավունք, տարբերակ չունեմ։ Մենք գնում ենք ծաղկի, երբ գրեթե ամբողջ գյուղը քնած է, վերադառնում ենք՝ սկսում եմ մաքրել սրահը, որ առավոտյան նորից բացենք դռները․․․ Ու գիտե՞ք ամենակարևորը որն է՝ այն, որ մեծագույն սիրով ու հաճույքով եմ անում գործս և այս ընթացքում երբեք ինձ ծաղկավաճառ չեմ զգացել․ ազնվորեն եմ ասում՝ սեր եմ փնջում ու կրկնակի սիրով փոխանցում մարդկանց։ »,- ասում է Մարգարիտան։
Նա ծաղկեփունջը, սովորաբար, հավաքում է պատվիրատուների ներկայությամբ, ովքեր տեսնում են այդ սիրո արարման գործընթացը։
«Գուցե դա է պատճառը, որ այստեղ մտնողը դատարկաձեռն դուրս չի գալիս ու կարևորը՝ վերադառնում է»,- նկատում է Մարգարիտան ու ընդգծում՝ երբ վստահ ես, որ արածդ գործն օրինակելի է, պետք է ձգտես ճաշակ թելադրել, փոխել միջավայրը՝ դարձնելով ավելի լավը, բարձրացնելով նշաձողը։
32-ամյա Մարգարիտան հնաբնակ արգելցիներից շատ է լսել, թե իրենց գյուղում ոչ մի հետաքրքրիր բան չկա։ Ինքն այդպես չի մտածում ու նպատակ է դրել՝ փոխել նաև այդ մարդկանց կարծիքը, ավելի ճիշտ՝ օգնել նրանց ազատվել կարծրատիպերից, թե գյուղում չի կարող կյանքը գրավիչ լինել։ Փակագծերը շատ չի բացում, միայն վստահեցնում է՝ Արգելն էկոտուրիզմի հրաշալի կենտրոն կարող է դառնալ, եթե ստեղծելու, արարելու անկեղծ ցանկություն ու մղում լինի այստեղ ապրող մարդկանց մեջ։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Տեսանյութը՝ հեղինակի
Նկարազարդումը՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Մարգարիտայի ընտանեկան արխիվից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/09/2023