Քաղաքական

#ՏԻՄ2021 ընտրությունների ամփոփում / ինտերակտիվ գրաֆիկներ

Լուսանկարը՝ Azatutyun.am

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան բացառիկ ցածր մասնակցայնությամբ՝ շուրջ 33%։ Եվ այս ցածր ցուցանիշի վրա ազդեց հատկապես ամենամեծ բնակավայրի՝ Գյումրիի էլ ավելի ցածր մասնակցությունը՝ 24 %։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողներից չորսից միայն մեկը։

Արդյունքների տեսանկյունից ուշադրության արժանացավ այն, որ որոշ համայնքներում իշխող քաղաքական ուժը պարտվեց։ Այդ համայնքներից Գորիսում, օրինակ, Առուշ Առուշանյան դաշինքը դարձավ միանձնյա հաղթող և կարիք չի ունենալու կոալիցիաների, ինչպես օրինակ Գյումրիում։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը համապետական և համայնքային ընտրություններում նույն ուժերի հավաքած ձայների տարբերությունը բացատրում է մի քանի հանգամանքներով, և դրանցից առաջինն այն է, որ մարդիկ համայնքային ընտրությունների ժամանակ առաջնորդվում են հենց համայնքային մտածելակերպով։

«Տեղական ընտրությունների ժամանակ ընտրողները շատ հաճախ իրենց ընտրական վարքը կառուցում են այլ սկզբունքների հիման վրա, որոնք տարբերվում են համապետական ընտրությունների իրենց սկզբունքներից։ Պատճառն այն է, որ մարդիկ տեղական խնդիրների վրա են ուշադրություն դարձնում», – նշում է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակ հանդիպում է ոչ միայն Հայաստանում, այլև զարգացած ու կիսազարգացած շատ երկրներում։

Ավելին, ՏԻՄ ընտրություններում քվեարկելիս, որևէ քաղաքական ուժի ձայն տալիս մարդիկ հակված են քվեարկել հօգուտ տեղական հեղինակությունների, համայնքային ակտիվ մարդկանց, և պարտադիր չէ, որ խոսքը վերաբերի քրեական հեղինակություններին։

«Դա կարող է լինել, օրինակ, գյուղի «քյոխվան» կամ դպրոցի տնօրենը, որը շատ դրական կերպար է, և այլն։ Քանի որ մարդիկ անմիջական շփում ունեն շատերի հետ, համայնքային կյանքով են ապրում, կարող են կաշկանդվել հեղինակություններով։ Եվ եթե ինչ-որ մեկի համար X մարդն է հեղինակություն, և այդ X մարդը առաջադրվել է կամ պաշտպանում է ինչ-որ թեկնածուի, դա շատ լուրջ կերպով ազդում է էն մարդու վարքի վրա, որը հեղինակություն է համարում նրան, կամ որը ինչ-որ կերպ կախված է նրանից», – նշում է Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ դա ազդում է երկրի ժողովրդավարության վրա, բայց աշխարհում տարածված երևույթ է։ Որպեսզի այդ գործոնը հնարավորինս չեզոքանա, պետք է ընտրողների քաղաքական մշակույթը մի քանի մակարդակ բարձրանա։

Գյումրի

Ընտրություններին մասնակցած ամենամեծ համայնքում ավագանի ընտրելու իրավունք ուներ 109 453 մարդ, սակայն քվեարկությանը մասնակցեց ընդամենը 26 417 ընտրող։ Արդյունքում հաղթող ճանաչվեց «Բալասանյան դաշինքը»՝ ստանալով քվեարկողների ձայների ավելի քան 36%-ը։

Նախորդ խորհրդարանական համապետական ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացավ քվեարկողների ձայների ավելի քան 29%-ը։

Գյումրիի ավագանիում այս երկու ուժերը կստանան տեղերի համապատասխանաբար 42% և 34%։ Արդյունքում, որևէ քաղաքական ուժ չի ունենա այնքան քվեներ, որոնք կբավականացնեն միանձնյա որոշումներ ընդունելու համար։ Ուստի կարիք կլինի կոալիցիաների կամ ոչ ֆորմալ համագործակցության։

Ավագանիում տեղեր կստանան նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և Հանրապետական կուսակցությունը։

Գորիս

Ընտրողների թվով երկրորդ ամենամեծ համայնքը Գորիսն է․ այստեղ ավագանի ընտրելու իրավունք ուներ 20 696 ընտրող։ Բարձր էր նաև մասնակցությունը՝ 50 %։ Այս պայմաններում առաջատար դարձավ Առուշ Առուշանյան դաշինքը, որի առաջնորդը ներկայումս կալանավորված է։

Մրցակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ձայների 34%-ը։ Այսպիսով, Գորիսի ավագանիում ներկայացված կլինեն հենց այս երկու ուժերը, և Առուշանյանի ղեկավարած ուժը կկարողանա ընդունել միանձնյա որոշումներ։

Դիլիջան

Դիլիջանն ընտրություններին մասնակցած երրորդ ամենամեծ համայնքն է։ Այստեղ ընտրելու իրավունք ուներ 18 374 ընտրող, մասնակցությունը՝ 44 %, ինչը բարձր է բոլոր համայնքների միջին մասնակցությունից։

Այստեղ ընտրություններում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով ձայների ավելի քան 57 %-ը։ Ավագանիում այս ուժը կունենա ավելի շատ ձայներ, քան մյուս երեք ուժերը միասին։ Ավագանիում ներկայացված կլինեն նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը (23,83 % քվեով), «Քաղաքացու որոշում» կուսակցությունը (7,48 % քվեով) և «Հանրապետություն» կուսակցությունը (6,36 % քվեով)։

Մեղրի

Դիլիջանում ավագանու ամենաքիչ տեղերը ստացած «Հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Մեղրի համայնքի ընտրություններում։ Ընտրություններին մասնակցած չորրորդ ամենամեծ համայնքում կուսակցությունը հավաքել է բոլոր քվեների շուրջ 42%-ը։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 32 % արդյունքով։

Քվեարկության արդյունքներով՝ ընտրական շեմը հաղթահարել են ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը։ Ուստի, Մեղրիի ավագանիում տեղեր կստանան նաև «Ազատական» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 14 %-ը, և «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն էլ ստացել է քվեների 9,5 %-ը։

Ընդհանուր առմամբ Մեղրիում ընտրելու իրավունք ունեցող 8 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 59,5 %-ը։

Տաթև

Այստեղ 4 173 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 63 %-ը, ինչը մասնակցության ամենաբարձր արդյունքն է այս ՏԻՄ ընտրություններում։

Քվեարկողների գրեթե կեսը ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (48,9 %)։ Ընտրություններին մասնակցած մյուս երկու ուժերը նույնպես ներկայացված են լինելու Տաթևի ավագանիում, քանի որ «Շանթ» դաշինքը հավաքել է քվեների 36 %-ը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 12,9 %-ը։

Հավանական է, որ այստեղ նույնպես կարիք լինի ավագանիում համագործակցության՝ որոշումներ ընդունելու հարցում, քանի որ ՔՊ ձայները կարող են չբավականացնել միանձնա որոշումներ ընդունելու համար։

Տեղ

Սյունիքի Տեղ համայնքն ավագանի ընտրող համայնքներից ամենափոքրն էր այս ընտրություններում։ Այստեղ ընտրելու իրավունք ուներ 3 890 քաղաքացի, որոնցից գրեթե 61 %-ն իրացրել է այդ իրավունքը։

Ընտրությանը մասնակցած երկու ուժերն էլ հաղթահարել են անցողիկ շեմը և ներկայացված կլինեն Տեղի ավագանիում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ ստացել է քվեների 63,63 %-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 34,1 %-ը։

Նշենք նաև, որ այս ընտրություններին հաջորդելու են ՏԻՄ ընտրությունները նաև այլ համայնքներում։

Նոյեմբերի 14-ին մեծամասնական կարգով ընտրություններ կլինեն Կոտայքի Արզնի և Լոռվա Լերմոնտովո համայնքներում, ինչպես նաև համամասնական ընտրություններ՝ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում։ Իսկ դեկտեմբերի 5-ին համամասնական (համայնքի ավագանու) ընտրություններ են նախատեսված 9 մարզերի 37 համայնքներում, որոնց ցանկը կարելի է տեսնել այստեղ։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 

Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի

ՏԵՍ ՆԱԵՎ

#armvote2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/10/2021