Առողջություն

Հակաքովիդային նոր արգելքները մտահոգում են տնտեսվարողներին

Հունվարի 22-ից գործում է նոր հակակորոնավիրուսային սահմանափակում, ըստ որի՝ արգելվում է հանրային սննդի, ժամանցի և մշակութային վայրեր այցելել նրանց, ովքեր պատվաստված չեն լինի կամ չեն ունենա ՊՇՌ թեստավորման բացասական պատասխան։ Բացառությունների և այլ մանրամասների մասին կներկայացնի Պարոն Ամփոփը։

Այս հաստատություններում, ըստ որոշման, ընդունող կողմը կստուգի այցելուների փաստաթղթերը՝ հեռախոսում բացված QR-կոդի միջոցով։ Դրա համար, ինչպես զրուցարանում Պարոն Ամփոփն է նշում, պետք է գրանցվել Առողջապահության նախարարության Armed համակարգում էլեկտրոնային հավելվածը հեռախոսում տեղադրելու և գրանցվելու միջոցով։

Իսկ նոր սահմանափակման պատճառը կորոնավիրուսով վարակումների օրական աճող թվերն են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետ Ռոմելա Աբովյանի խոսքով՝ այժմ Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է․ Կորոնավիրուսի վերարտադրողականության տեմպը 3,5 է, իսկ նախկինում դրա ամենաբարձր ցուցանիշը եղել է 1,7-ը։


Կարդացեք նաև․ Օմիկրոնի տարածումը հանգեցնում է Դելտայի նվազման․ ՀՀ-ում արդեն 9 դեպք


Սա էականորեն պայմանավորված է Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առկայությամբ, որն անհամեմատ արագ է տարածվում, քան նախորդ շտամերը։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Օմիկրոնն արագ գերիշխող է դառնում ու վարակում ավելի ու ավելի շատ մարդկանց։ Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ Կորոնավիրուսի նոր ձևավորվող 5-րդ ալիքը շատ ավելի արագ է թափ հավաքում։

Ռեստորատորները դժգոհ են

Հյուրանոցային և հանրային սննդի ոլորտների համար սա ոչ միայն ավելորդ գլխացավանք է, այլև հնարավոր ֆինանսական կորուստներ։ Բանն այն է, որ այս հաստատություններն իրենք պետք է կազմակերպեն հաճախորդների ստուգումը։ Եվ եթե վերջիններս պատվաստված չլինեն կամ չբավարարեն մյուս պահանջները, իրավունք չեն ունենա մտնել տվյալ հաստատություն։ Եթե մտնեն, կտուգանվի տնտեսվարողը։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը սա համեմատում է հանրային տրանսպորտի հետ․ եթե հանրային տրանսպորտում QR կոդ չի պահանջվում, ինչո՞ւ է հանրային սննդի կետում պահանջվում․ չէ՞ որ տրանսպորտում մարդիկ ավելի մոտ են գտնվում միմյանց։

«Մենք թույլ չենք տա, որ մեր կոլեգային ապօրինի տուգանեն․ եթե նա համապարփակ գործողություններ արած լինի կանխարգելման համար․․․ Ոչ մեկ չի տուգանվելու։ Առաջին իսկ տուգանվածը գնալու է դատարան, տուգանքը ջրվի։ Հիմա ո՞նց է Էկոնոմիկայի նախարարը կատակով վերաբերվում։ Մենք էլ ենք այդպես կատակով վերաբերվում իրենց գործողություններին», – նշում է Բարսեղյանը։

Այս դժգոհություններին հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախ բացատրեց կորոնավիրուսային իրավիճակը, ապա հավելեց՝ եթե այս սահմանափակմանը չգնան, հնարավոր է հետո ստիպված լինեն առհասարակ դադարեցնել տնտեսական գործունեությունը։

«Տեսչական մարմինները պետք է խստագույնս հետևեն սահմանափակումների իրականացմանը. պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Հակառակ դեպքում, երբ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ ու հնարավորություն չունենանք բուժօգնություն ցուցաբերել մարդկանց, ստիպված կլինենք գնալ լոքդաունի: Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել», – զգուշացրեց Փաշինյանը։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահն ասում է՝ թող գնան լոքդաունի, ո՞ւմ են սպառնում։ Բայց դրա հետևանքով, ըստ Բարսեղյանի, լինելու են ավելի մեծ խնդիրներ։

«Մենք ուղիղ ասում ենք՝ պարոն վարչապետ, եթե խոսում եք լոքդաունից, պետք է խոսեք նաև սոցիալական հետևանքներից․ արդյո՞ք քո պետությունը, ֆինանսական համակարգը պատրաստ են կրել այդ լոքդաունի սոցիալական ծանր հետևանքները՝ սնանկացող հարյուրավոր բիզնեսներ, անգործ մնացած հազարավոր աշխատողներ», – ասում է Բարսեղյանը։

Հանրային սննդի, ժամանցի և մշակութային վայրերի ներկայացուցիչներին որոշակիորեն պետք է հույս ներշնչի այն հանգամանքը, որ Հայաստանում չափահաս բնակչության շրջանում պատվաստվածների թիվն աշնանը զգալիորեն աճեց։

Սա հնարավոր է՝ կապված է նախկինում կիրառված սահմանափակումների հետ, երբ աշխատողները հարկադրված էին կամ պատվաստվել, կամ գումար ծախսել ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու համար։ Առողջապահության նախարարի խոսքով՝ հունվարի 20-ի դրությամբ պատվաստման լրիվ կուրս՝ երկու դեղաչափ, ստացել է մեծահասակ բնակչության 35,7 %-ը։

Ըստ գրաֆիկի՝ մեծահասակ բնակչության զգալի մասն արդեն ստացել է Կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստանյութի երկու դեղաչափ (անչափահասների համար նման պահանջ չկա)։ Հենց նրանք էլ կարող են օգտվել հանրային սննդի, ժամանցի և մշակութային հաստատություններից առանց սահմանափակումների։ Մինչդեռ չափահաս բնակչության մեծ մասը, նոր կարգի համաձայն՝ չի կարող, եթե չպատվաստվի կամ չունենա ՊՇՌ թեստավորման բացասական պատասխան։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է, որ այլ երկրներում, որտեղ կիրառել են նման սահմանափակումներ, պատվաստման ցուցանիշները շատ ավելի բարձր են, և ռեստորաններն ու այլ հաստատություններ չեն ունեցել մեծ կորուստներ։ Պարսյանը հիշեցնում է Հայաստանի պատվաստման թվերը՝ երկու դեղաչափ ստացել է բնակչության մոտ 35-36 %-ը։

«Մեր պատվաստվածության մակարդակը բավական ցածր է, և բիզնեսը չի կարողանալու հրաժարվել իր հաճախորդներից, անգամ, եթե դրա համար տուգանեն։ Այլապես կստացվի, որ 3 հաճախորդից 1-ին կարող են սպասարկել։ Եվ, բնականաբար, փորձելու են այս կամ այն եղանակով շրջանցնել այդ արգելքը», – կարծում է Պարսյանը։

Որոշմանը չենթարկվելու դեպքում նշված հաստատությունները տուգանվելու են 100-300 հազար դրամով։ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանի բնորոշմամբ՝ քաղաքացին չի տուգանվելու, հենց հանրային սննդի կետն է տուգանվելու՝ այցելուին ներս թողնելու համար։

Պարսյանը բացատրում է, որ բիզնեսները 2021 թ․-ին չեն հասցրել նույնիսկ վերականգնել 2020 թ․-ին կորցրածը։ Ուստի նրանք չեն հետևելու այս սահմանափակումներին, ու տնտեսական կորուստները լինելու են զուտ տուգանքների պատճառով։ Ավելին, ըստ Պարսյանի, իշխանություններն էլ չեն կարողանալու ապահովել, որ սահմանափակումները գործեն։

«Ըստ էության, գործադիր իշխանություններն իրենց չկատարած խնդիրը դնում են բիզնեսի վրա, մասնավորի վրա, թե՝ մասնավո՛ր, պահանջի՛ր, որ գնան պատվաստվեն։ Իրենք չեն կարողացել մարդկանց համոզել, պահանջել, որ գնան պատվաստվեն, դա գցում են բիզնեսի վրա», – նշում է Պարսյանը։

Հաջորդ հինգշաբթի՝ հունվարի 27-ին, ուժի մեջ կմտնի նաև մեկ այլ սահմանափակում, որը, փաստորեն, կփոխարինի աշնանը կիրառված սահմանափակմանը։ Եթե մինչ այժմ կասեցված էին զինծառայողների արձակուրդներն ու տեսակցությունները  քրեակատարողական հիմնարկներում, ապա հաջորդ շաբաթվանից պատվաստված լինելու դեպքում ժամկետային զինծառայողները կարող են մեկնել արձակուրդ, իսկ ազատությունից զրկվածների մոտ կարող են տեսակցություններ լինել։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Գծապատկերները՝ հեղինակի

#COVID19 #ՊարոնԱմփոփ 

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/01/2022