Հայաստանի Հանրապետությունն այժմ դժվարին, ճգնաժամային փուլում է։ Որոշ գնահատականներով՝ այն անհնար է հաղթահարել առանց անհապաղ իշխանափոխության, ոմանք էլ պնդում են, որ նման դեպքում իրավիճակն էլ ավելի կծանրանա։ Սակայն անկախ ներքաղաքական խառնաշփոթից և հասարակության՝ գնալով էլ ավելի խնդրահարույց բևեռացումներից՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, հատկապես պարտության ելքի գիտակցումը այսպես թե այնպես արմատական փոփոխությունների խնդիր է դրել բոլոր ոլորտների, այդ թվում՝ կրթության առաջ։
Թերևս արդեն լսելի են ապագայի կրթությանն ուղղված ամենասուր պահանջներն ու ակնկալիքները թե՛ հանրության, թե՛ իշխանության կողմից։ Հանրության շրջանում հաճախ են հնչում «վաղ տարիքից «օբյեկտիվ» պատմության դասավանդում», «ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա հատուկ ուշադրություն», «ԱԹՍ-ների գծով մասնագիտացում» արտահայտությունները, իսկ իշխանության մասով պատահական չէր կրթության նախարարի պաշտոնում ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին դեկանի նշանակումը, ինչպես նաև այդ առիթով վարչապետի խոսքը «մտածողություն փոխելու» նպատակի մասին։
Կրթության ոլորտի հանդեպ նման, հարաբերականորեն նոր վերաբերմունքը դժվար չէր կռահել․ այն ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է պատերազմի ցավալի ելքի և դրա արդեն իսկ տեսանելի որոշ նախադրյալների հետ, գլխավորապես սա վերաբերում է ռազմական ժամանակակից միջոցների անհրաժեշտության և սեփական կարողությունների ճշգրիտ գնահատման պահանջի գիտակցմանը։
Սակայն իրականության մեջ կրթությունը երբեք չի գործում այդչափ ուղիղ պատճառահետևանքային կապերով։ Որպեսզի կրթական համակարգը կարողանա «ընկալել» ներկայի մարտահրավերները և վերադասավորվել ըստ անհրաժեշտության, այն նախ պետք է գործող մեխանիզմ լինի այդ իսկ ներկայում։ Մեր կրթահամակարգն իրենից ներկայացնում է անցյալից բաժին հասած իներցիոն մի շարժում և ունակ չէ ժամանակին արձագանքելու ստացվող մարտահրավերներին։ Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող կրթահամակարգի առաջ նպատակ դնել, քանի դեռ այդ համակարգն ինքը դեռ չիրագործված նպատակ է։
Մեր կրթահամակարգն իրենից ներկայացնում է անցյալից բաժին հասած իներցիոն մի շարժում և ունակ չէ ժամանակին արձագանքելու ստացվող մարտահրավերներին
Հետևապես՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կրթական ոլորտի առաջնային խնդիրը կայուն-պրոգրեսիվ համակարգի ստեղծումն է, ինչի կարևորագույն նախապայմաններից մեկը շարունակում է մնալ ոլորտի ապաքաղաքականացումը։
Կրթությունը չի կարող ներքին պրոգրես ձևավորել, քանի դեռ կայուն չէ և քաղաքական իշխանությունների փոփոխությանը հավասար «ջնջվել-նորից գրվելու» միտում ունի։ Ի թիվս այլ խոչընդոտների հաղթահարման հնարավորության՝ ապաքաղաքական կրթությունը նաև երաշխիք է մարդկանց քաղաքական գիտակցությունը վերը նշված բևեռացումներից զերծ պահելու համար․ խնդիր, որը ոչ պակաս հրատապ է, քան ԱԹՍ-ների գծով մասնագիտացումը։
Այո, կրթությունը ապագայի կառուցման գլխավոր միջոցներից է, բայց ապագան կառուցելու համար այն նախ պետք է կարողանա կոնսոլիդացնել ներկայի հնարավորությունները։ Հակառակ դեպքում մենք հայտնվում ենք մի անպտուղ շրջապտույտի մեջ՝ փորձելով լուծել մարտահրավերներն այն ժամանակ, երբ դրանք արդեն փոխված են։
Հեղինակ՝ Սիփան Հայրապետյան
Սիփանը մասնագիտությամբ՝ փիլիսոփայության տեսաբան է և աշխատում է «Արեգնազան» կրթահամալիրում։
Կարդացեք նաև
- Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
#տեսակետ #դասերպատերազմից
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/12/2020