Իրավունք

Ի՞նչ է սահմանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքը

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերն այսուհետ հնարավոր կլինի ավելի վստահ պաշտպանել՝ հիմնվելով մայիսին Ազգային ժողովի կողմից ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի և կից օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթի վրա։

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու նրանց շահերը պաշտպանողներն օրենքի ընդունումը համարում են կարևոր քայլ և արդեն պլանավորում են իրենց առաջիկա անելիքները։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր դեռևս 2010 թ.-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

2019-ին օրենքը մշակվել և հանրային քննարկման էր դրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ 2021-ին Կառավարությունն այն հավանության արժանացրեց և ուղարկեց ԱԺ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ օրենքի ընդունման գործընթացը տարիներով ձգձգվել է՝ ամեն անգամ տարբեր պատճառներով.

«Սույն օրենքն ամբողջությամբ նոր հնարավորություն է տալիս ՀՀ Կառավարությանը և կառավարող բոլոր օղակներին, այդ թվում՝ համայնքային մակարդակում, գործիք ունենալ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,- ասաց Հովսեփյանը։

Օրենքի նախագծում շատ կարևոր սահմանում կա հաշմանդամության հիմքով խտրականության վերաբերյալ։ Նախկինում թեև Սահմանադրությամբ այն արգելված էր, սակայն, թե ինչ ասել է հաշմանդամության հիմքով խտրականություն, ՀՀ Օրենսդրությունը  պատասխան չէր տալիս։ Այս օրենքով այդ պատասխանն արդեն կա։

Օրենքի նախագծով՝ բազմաթիվ պարտականություններ կան սահմանված նաև պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար։

«Սահմանվում է պարտականություն՝ իրականացնելու իրազեկվածությանն ուղղված արշավներ, կանխարգելիչ գործողություններ՝ կկանխելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, մասնավորապես՝ նրանց մուտքը փակ հաստատություններ, որտեղ նրանք մեկուսացված են ու չունեն որոշումներ կայացնելու իրավունք։ Այս դեպքում ևս համայնքային մակարդակով նրանց պաշտպանության պարտականությունը դրված է ՏԻՄ-երի վրա»։

Մուշեղ Հովսեփյանի կարծիքով՝ այս փուլում ամենակարևոր քայլերից մեկը օրենքի առկայության վերաբերյալ հանրային լայն իրազեկում իրականացնելն է․

«Հիմնականում տարբեր ոլորտի մասնագետներ ծանոթանում են միայն իրենց ոլորտին վերաբերող իրավական ակտերին։ Այս դեպքում շատ կարևոր է, որ օրենքը հնարավորինս պարզ ներկայացվի հանրությանը, և դա ամենալավը կանի ոչ թե պետական կառավարման համակարգում գործող որևէ մարմին, այլ ՀԿ-ները, որոնք ամենասերտն են աշխատում հաշմանդամություն ունեցող անձանց և այլ քաղաքացիների հետ»։

Շատ կարևոր է նաև այդ հաղորդակցության ժամանակ հստակ ձևակերպել օրենքից ակնկալիքները, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շատ անիրականանալի ակնկալիքներ են ունենում օրենսդրությունից և օրենքներից․ օրենքը կարգավորում է այն հարցերը, որոնք ենթակա են օրենքով կարգավորման։

Հովսեփյանը նշեց նաև՝ կարևոր է, որ ոլորտի քաղաքականության այդ սկզբունքները հենց օրենքով են ամրագրված, որովհետև քաղաքական գործընթացները երբեմն փոփոխության կարող են ենթարկվել և բացասական ազդեցություն ունենալ, իսկ օրենքով ամրագրումը շատ ավելի կայուն երաշխիք է համակարգի համար, քանի որ օրենքը համեմատաբար դժվար է փոխել, ի տարբերություն մյուս իրավական ակտերի։

Օրենքի կիրառելիությունը ապահովելու համար անհրաժեշտ են մեխանիզմներ։ Այդպիսի մեխանիզմներից, ըստ Մուշեղ Հովսեփյանի, կարող է լինել գործող խորհրդակցական մարմինը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը։ Այդտեղ կարող են իրականացվել բոլոր իրավական ակտերի նախնական քննարկումները։

Օրենքը ավելի շատ ազդում է մյուս բոլոր իրավական ակտերի վրա, քան հենց անմիջականորեն հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ վերջիններիս վրա անմիջական ազդեցություն ունենում են ծառայությունները և տարբեր պետական կառույցների հետ հարաբերությունները, որոնք կարգավորվում են արդեն ենթաօրենսդրական ակտերով։

«Օրենքում բազմաթիվ դրույթներ կան, որոնք նորամուծություն են և հնարավորություն կտան գործող և ապագա իշխանություններին, համայնքի ղեկավարներին ու մյուսներին մշակել լոկալ ծրագրեր, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, փաստացի՝ ամենակարևոր փոփոխությունը հենց այդ հիմքի ստեղծումն է»,- ասաց Մուշեղ Հովսեփյանը։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիր Գայանե Գրիգորյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ իրենց ՀԿ-ն տարիներ շարունակ ջատագովել է այս օրենքի ընդունումը և համագործակցել ոլորտային այլ կազմակերպությունների հետ։ Նրա կարծիքով՝ օրենքի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել․

«Գրեթե բոլոր ոլորտներում կարող ենք հանդիպել խախտումների․ խախտվում են հաշմանդամություն ունեցող անձի կրթության իրավունքը, նա չի կարող բուհ գնալ բոլորի հետ հավասար հիմունքներով, որովհետև ֆիզիկական մատչելիությունից մինչև տեղեկատվական մատչելիություն բացակայում է, նույնը առողջապահության, քաղաքական-քաղաքացիական իրավունքի դեպքում և այլն»։

Գրիգորյանն ասում է, որ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է․ «Եթե մենք ուզում ենք, որ օրենքը կիրառվի ամբողջովին, պետք է բոլոր ոլորտներում և՛ իրազեկության բարձրացում լինի, և՛ աշխատանք համապատասխան գերատեսչությունների հետ, հետագայում փոփոխությունների պետք է ենթարկվեն նաև ենթաօրենսդրական ակտերը, քանի որ տարբեր ոլորտներին վերաբերող օրենքներում ևս պետք է լինեն համապատասխան փոփոխություններ»։

«Ագաթ»-ի մշտադիտարկումների արդյունքում մի շարք խնդիրներ են արձանագրվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի հետ կապված գրեթե բոլոր ոլորտներում․

«Վերակառուցված դպրոցները, շենք-շինությունները չեն համապատասխանում քաղշինի պահանջվող չափանիշներին, և նույնիսկ եթե ձևական թեքահարթակ կա մուտքի մոտ կառուցված, դա չի նշանակում, որ մուտքը և շենքը մատչելի է բոլորի համար։ Նույն պատկերն է նաև տրանսպորտի դեպքում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար չկա մատչելի տրանսպորտային միջոց, իսկ տաքսիներից ոչ բոլորը հնարավորություն ունեն օգտվել»։

Մինչև 2025 թ․ նախատեսվում է համընդհանուր ներառականացում կրթական ոլորտում, սակայն խնդիրները դեռևս բազմաթիվ են․

«Մեր դպրոցները պատրաստ չեն ներառել երեխաներին․ չկան հատուկ մասնագետներ, ժեստերի լեզվի մասնագետներ, հատուկ թարգմանիչներ, ուսուցչի օգնական են նշանակում այն մարդկանց, ովքեր նույնիսկ չունեն մասնագիտական կրթություն, և երեխաների ներառումը կրում է ձևական բնույթ»։

Օրենքով լինելու է նաև հատուկ հաստատությունների ու հատուկ դպրոցների ապաինստիտուցիոնալացման գործընթաց, որի հետևանքով հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ, ովքեր ունեն լսողության, տեսողության խնդիրներ, բախվելու են բազմաթիվ անհարմարությունների՝ կապված մատչելիության հետ։

«Վերջերս իրականացրեցինք ընտրական տեղամասերի մատչելիության գնահատում, բայց քանի որ բոլոր ընտրական տեղամասերը կրթական հաստատություններում են, արձանագրեցինք ցավալի պատկեր։ Փաստորեն երեխան դպրոց է գնում, բայց նույնիսկ մատչելի սանհանգույց չկա, որից ինքը կկարողանա ինքնուրույն օգտվել։ Դա նույնպես իրավունքի խախտում է համարվում»։

ՀԿ համահիմնադիրն ասաց, որ իրենք՝ ոլորտային ՀԿ-ները, պարտավորվածություն ունեն ավելի հետևողական լինել, քանի որ օրենքով ունեն համապատասխան լծակներ, և կարող են դիմել դատարան ցանկացած իրավախախտման դեպքում։

«Աշխատանքները շարունակվելու են, համագործակցությունը լինելու է և՛ ոլորտային կազմակերպությունների, և՛ պետական կառույցների, և՛ ԱԺ-ի հետ։ Եվ մենք բոլոր հարթակներն ու խողովակներն օգտագործելու ենք, որպեսզի հասնենք օրենքի կիրառելիությանը, այլ ոչ թե՝ դեկլարատիվ կարգավիճակին։ Պետք է պայքարենք, որ օրենքը դառնա կիրառելի»,- ասաց Գայանե Գրիգորյանը։

Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան 

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/06/2021