Դըրբըզեք

Կուտակված պատումներ 44-օրյայից․ Շուշիի Սբ․ Ղազանչեցոցում հայտնված կասկածելի մարդիկ ու եկեղեցու հրթիռակոծումը դրանից հետո

44-օրյա պատերազմի երկրորդ օրվանից՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ից, կամավորություն էի անում Շուշիի զորամասերից մեկում։ Զորամասի խոհարարները թողել էին զինվորներին չոր ուտելիքի հույսին և դուրս եկել քաղաքից։

Ընկերուհուս հետ որոշեցինք, որ ապաստարանում մնալու փոխարեն զորամասի խոհանոցում աշխատենք։ Երբեմն մի կին ծառայող էր գալիս խոհանոց` սուրճ խմելու և կիսվում իր ունեցած տեղեկություններով։ Ասում էր, որ «Եղնիկներ» կոչվող տարածքի զորամասում զինվոր չի մնացել, բոլորը զոհվել են՝ Եղնիկներն ընկել է։ Եղբայրս Եղնիկներում էր ծառայում և արդեն 7 օր էր, որ ոչ մի լուր չունեինք նրանից։

Մայրս, որ մեր շենքի մյուս բնակիչների հետ Ղազանչեցոց եկեղեցում էր ապաստանել, այդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, հերթական կամավորության ժամանակ, զանգահարում ու խնդրում է ինձ, որ գնամ իր մոտ։ Մտածում էի՝ մայր է, երևի սիրտը զգում է, որ տղան ողջ չէ։

Գնացի մորս մոտ, նստեցի եկեղեցու նստարաններից մեկին։ Իհարկե, նրան ոչինչ չէի ասում՝ ո՛չ Եղնիկների մասին ստացածս լուրերից, ո՛չ էլ ակնկարկում էի, որ հնարավոր է՝ եղբայրս նույնպես զոհված լինի։

Մարիամը Սբ․ Ղազանչեցոց եկեղեցում

2020թ․ հոկտեմբերի 4-ն էր՝ Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելուց չորս օր առաջ։ Մենք լուռ նստած էինք եկեղեցում, երբ երկու բարձրահասակ զինվորականներ մտան եկեղեցի և առանց խաչակնքվելու, բարևելու, մարդկանց դեմքերին նայելու, վստահ քայլերով առաջացան խորանի մոտ և ուղղվեցին դեպի աջ, որտեղ կանգնում էր եկեղեցու երգչախումբը։ Նրանց զինվորական համազգեստն անծանոթ էր ինձ։ Ոտքից գլուխ զինված էին, ականջներին ունեին քողարկված ականջակալեր և ռացիա։

Ովքեր եղել են Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում, գիտեն, որ խորանի ներքևում կա աղոթատեղ. այնտեղ էին շատերն իրենց երեխաներին պատսպարում պատերազմի օրերին։

Մոտավորապես մեկ րոպե տևեց նրանց մտնելը, հաշվարկներ անելը և եկեղեցուց դուրս գալը։ Ընդհանրապես չէին խոսում իրար հետ, միայն նայում էին իրար, բարձրության ու հեռավորության հաշվարկներ անում, հետո, առանց որևէ խոսքի, գլխով հաստատում իրենց գործողությունները։ Եկեղեցուց հեռացան այնպես վստահ, ինչպես եկել էին։

Սիրտս կասկած ընկավ, որ շատ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորականներ լինեն, քանի որ նրանց գործողությունները, կեցվածքը, չհիմնավորված լռությունը և, իհարկե, չխաչակնքվելը հուշում էին, որ հայ չեն․․․

Այդ կասկածելի մարդկանց գնալուց հետո մորս ասացի, որ պետք է դուրս գանք եկեղեցուց, պատսպարվենք մեկ այլ վայրում, քանի որ եկեղեցին էլ այլևս ապահով չէ։ Տեղափոխվեցինք այլ ապաստարան՝ մեզ հետ նաև մի քանի ընտանիք։

Հիշում եմ՝ այդ դեպքի հաջորդ օրը Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը փակ էր, մարդկանց չէին թողնում Շուշի բարձրանալ, խոսակցություններ կային, որ կասկածելի մարդկանց գտնելու նպատակով խուզարկություններ են արվում։

Այդ դեպքից չորս օր անց՝ 2020թ․ հոկտեմբերի 8-ին, այնտեղ, որտեղ կանգնել էին այդ զինվորականները և անհասկանալի չափումներ էին անում, հրթիռակոծվեց․․․

Պատում N2

Կյանքը Շուշիից հետո

2020թ․ հոկտեմբերի 7-ին Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծումից ժամեր անց, ծնողներիս միջամտությամբ՝ իմ կամքին հակառակ, ես դուրս եկա Շուշիից՝ իմ ծննդավայրից և ուղևորվեցի Երևան։

Ոչ մի կերպ չէի համակերպվում Արցախում չլինելու, այնտեղից բացակայելու հետ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ հետ վերադառնալու փորձեր եմ արել, ճանապարհ փնտրել, համաձայն էի անգամ հաց տանող մեքենայի մեջ քողարկված գնալու տարբերակին։ Սակայն փորձերն ապարդյուն էին, քանի որ ոչ ոք չէր համաձայնվում ինձ Արցախ հասցնել։ Գորիսում խիստ ստուգումներ էին անցնում բոլոր մեքենաները, հետո միայն մտնում էին Ստեփանակերտ։

Արցախից բացակայելու «մեղքի» զգացումը մեղմացնելու համար կամավորագրվել էի տարատեսակ ծրագրերի, բայց քանի որ այդ ամեն ինչն անկարևոր էի համարում և իմ խորին համոզմամբ՝ միայն Արցախում լինելն ու զինվորին օգնելն էր ամենակարևորն ու անհրաժեշտը, տուն էի վերադառնում ավելի ընկճված ու հուսահատ։

2020թ․ հոկտեմբեր 13-ն էր, որոշեցի գրանցվել ՈՄԱ-ում [խմբ․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն]՝ հույս ունենալով իրենց հետ Արցախ հասնել, սակայն այդ փորձը նույնպես արդյունք չտվեց․ Արցախ էին գնում ՈՄԱ-ում հատուկ պատրաստություն անցածները։ Այսպես անցավ հոկտեմբեր ամիսը։

2020թ․-ի նոյեմբերի 6-ն էր, լուրեր ենք ստանում, որ ադրբեջանցի զինվորականները հասել են Շուշի։ Հայրս այդ ժամանակ Շուշիում էր, այնտեղ էր նաև նոյեմբերի 7-ին։ Ամսի 7-ի երեկոյան հաղորդագրություն են գրում ընկերոջս, ով ծառայում էր ԱՀ ՊԲ հետախուզական ստորաբաժանումներից մեկում․ «Ճի՞շտ է, որ Շուշին գրավել են ադրբեջանցիները»՝ հույս ունենալով, որ կպատասխանի։ Նոյեմբերի 8-ի կեսօրին՝ 13։15-ին, պատասխան նամակ եմ ստանում․ «Այնտեղից եմ իջել այսօր․ ողջ ադրբեջանցի չկա, հետո ինչ կլինի, և ինչ կանեն՝ չգիտեմ»։

Նոյեմբերի 9-ին կանգնեցվեց պատերազմը, Շուշին, ինչպես նաև բազմաթիվ հայկական գյուղեր և քաղաքներ հանձնվեցին Ադրբեջանին․․․

Անցավ 2 ամիս։

Տուն էի վարձել և սկսել աշխատել Երևանում։

Ընտանիքս վերադարձավ Ստեփանակերտ 2020թ․ դեկտեմբեր ամսին։ Ես Արցախ վերադառնալու կամք և իմաստ չէի կարողանում գտնել։ Շուշիի հանձնումը և Շուշիի կողքով անցնելն ու հարազատ քաղաք մտնելու անհնարինությունը, անմարդկային ու աննկարագրելի դաժան էր թվում․․․

Իմ կյանքի բոլոր նպատակների վայրը Շուշին էր։

Չկար Շուշին՝ չկար նպատակ։ Այդպես էի զգում տևական ժամանակ՝ մինչև 44-օրյա պատերազմի կորուստների էմոցիոնալ ընկալումը սկսեց փոխարինվել գիտակցական ընկալումով․․․ հասկանում էի արդեն, որ հայրենիքը միայն Շուշին չէր։ Կար այն գիտակցումը, որ ամեն ինչ հնարավոր է փոխել, անհնար բան չկա, միայն թե չպիտի համակերպվենք կատարվածի հետ, այլ պետք է գործենք՝ հանուն տարածքների վերադարձի։

Պատում N3

Մեկ փամփուշտ Ստեփանակերտից կամ ինչո՞ւ չմնացինք Արցախում

2021թ․ ապրիլին որոշեցի, որ վերադառնում եմ Արցախ՝ ազգային պարեր դասավանդելու հստակ նպատակով՝ համագործակցելով Ստեփանակերտի «Համազգային» Արցախի գրասենյակի հետ։

2021թ․ հունիսից Ստեփանակերտում էի։ Ու ինչպես մտադրվել էի, սկսեցի պարեր սովորեցնել արցախցի երիտասարդներին, ինչին շատ օգնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ապրելը հեշտ չէր։ Կյանքն էլ առաջվանը չէր, լի էր վախերով, անորոշություններով, զրկանքներով, նվաստացումներով, շարունակական կորուստներով և անդադար պայքարով։

Մարդիկ էին արտագաղթում, որոշներն էլ Արցախ էին գալիս՝ ապրելու․․․ Ադրբեջանական սադրանքները պարբերական բնույթ էին կրում, ինչի հետևանքով հաճախակի զոհեր էինք ունենում։ Զուգահեռաբար նոր ընտանիքներ էին ձևավորվում, երեխաներ ծնվում։ Պայմանները դաժան էին, բայց շարունակում էինք ապրել։

Սակայն 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո է՛լ ավելի ծանրացավ վիճակը։ Շջափակման հոգեբանական և ֆիզիկական դժվարությունների մասին հիմա էլ է դժվար խոսելը։ Այն ժամանակ, սակայն, երբ շրջափակման մեջ էինք, հավատում էինք, որ մեր դիմադրությունը, ուժեղ լինելը, չնվնվալը և չկոտրվելը, որը կոչում ենք պայքար, կօգնի հաղթած դուրս գալ շրջափակումից։

Անկեղծ ասած, զգում էի, որ կրկին պատերազմ է մեզ սպասվում․ հաճախ էի հորս ասում, որ մեր շենքի ապաստարանը պիտի կարգի բերենք ու պատրաստ լինենք պատերազմի։ Ինչպես շատերը, հայրս նույնպես վստահ էր, որ խաղաղապահների առկայությունը թույլ չի տա, որ գոնե մինչև 2025թ․-ը լայնածավալ պատերազմ լինի։

Ի հեճուկս խաղաղապահների ու շատերի լավատեսության՝ 2023թ․սեպտեմբերի 19-ին, 13։10 րոպեին ամբողջ Արցախը՝ այդ թվում Ստեփանակերտը, կրկին կրակի, ռմբակոծությունների տակ էին։ Կապի բոլոր միջոցները րոպեների ընթացքում խափանվել էին․ Ադրբեջանը առաջին հերթին թիրախավորել էր կապի միջոցները։

Այս անգամ պատերազմը ոչ թե մոտ էր, այլ բոլորս պատերազմի մեջ էինք, ուղղակի առանց զենքի ու գործողությունների մասնակից լինելով։ Այդ ժամանակ հասկացա, թե 2016, 2020 և 2023 թթ․ պատերազմներն ինչով են տարբերվում․․․

2016թ․-ին շատերս գիտեինք, որ սահմանին կռիվ է և կան տեղահանվածներ, որոնց օգնում էինք ապաստարան գտնել։
2020թ․-ին լսում էի պատերազմի ձայները, տեսնում ավերածությունները, և կորցնում հարազատ մարդկանց, հայրենիքի մաս, իմ տունը, երազանքներն ու նպատակները։

2023թ․-ին ես հասկացա, թե ինչ են զգում զինվորները կռվի դաշտում, սակայն ի տարբերություն իրենց՝ ես չունեի զենք և չունեի կարողություն գոնե ինքնապաշտպանվելու։

Այդ օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, համակերպվել էի, որ ամեն րոպե և ամեն տեղ կարող եմ մահանալ, որովհետև ամբողջ օրվա ընթացքում 5 րոպե անգամ չի դադարել ռմբակոծությունն ու հրթիռակոծությունը։

2023թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ 120 հազար կյանք ու ճակատագիր արդեն վտանգված էր։

Վախն ու հոգնածությունը բոլորին ստիպում էր վառելիքի վերջին պաշարով օդանավակայան հասնել։ Շատերն անգամ փոքրիկ երեխաներին գրկած՝ ոտքով անցնում էին տասնյակ կիլոմետրեր՝ հույս ունենալով փրկվել։

Իրապես, անբացատրելի դժվար է խոսքով տեղ հասցնել այն բոլոր անմարդկային տեսարաններն ու ապրումները, որոնք կային այդ օրերին։ Օդանավակայանում ոմանք գտնում էին իրենց հարազատներին և փառք տալիս Աստծուն, որ ողջ են, ոմանք էլ՝ հարազատների մահվան բոթն էին ստանում։ Օդանավակայանում անծայրածիր շարքի մեջ կանգնած էինք, երբ պատառոտված համազգեստով երկու զինվոր, հրացանը ուսերին գցած, կոտրված ու ուժասպառ՝ նույնպես փնտրում էին հարազատներին։

Ես նկատեցի, որ դա կորստի հոգնածություն չէր կամ կռվի․ դա մենակության ու դավաճանության հոգնածություն էր, երբ այլևս անզոր ես պայքարել միայնակ դրա դեմ։

Սկսեցին օդից կախված լուրեր պտտվել․

  • Թե՛ ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ
  • Թե՛ ադրբեջանցիները ճանապարհը չեն բացելու, պետք է ապրենք իրենց հետ։
  • Թե՛ ադրբեջանցիները 5 օր ժամանակ են տվել, որ բոլորը դուրս գան։
  • Թե՛ ադրբեջանցիները ժողովրդի անվտանգ դուրս գալու համար պահանջում են 300 տղմամարդու կյանք։

120 հազար մարդ չուներ առաջնորդ, չուներ տեղեկատվության վստահելի աղբյուր, բայց 120 հազար մարդ միաձայն որոշեց, որ չի ապրելու Ադրբեջանի կազմում՝ որպես այդ երկրի քաղաքացի, թույլ չի տալու, որ իր որդին դառնա Ադրբեջանի բանակի զինվոր, թույլ չի տալու, որ հայկական հողում հայը լինի ադրբեջանցու ստրուկ։

Արցախը հայաթափվում էր։

2023թ․ սեպտեբերի 25-ի, մեր ընտանիքը նույնպես հրաժեշտ տվեց Արցախին։

Տնից դուրս եկա՝ վերջին անգամ մի քանի րոպեով քաղաքում զբոսնելու ցանկությամբ։ Ժամանակը քիչ էր, և որոշեցի գնալ Եղբայրական։ Ճանապարհին, երբ քայլում էի դեպի Եվրոպա հյուրանոց, մի զինվոր էր քայլում իմ դիմացից։ Քայլերս դանդաղեցրեցի ու սկսեցի հետևել իր քայլերին, ասես՝ ինձ պես դուրս էր եկել հրաժեշտ տալու։

Նա գրպանից չկրակած մի փամփուշտ հանեց և ոչ թե շպրտեց, այլ դրեց մի բարձր տեղ, ասես հանձնվեր իրականությանը և դա արդեն վերջն էր։

Մոտեցա ու վերցրեցի այդ փամփուշտը ․․․ Այսօր էլ համաձայն չեմ նրա քայլի հետ։ Դա ամենաթանկն ու արժեքավորն է, որ բերել եմ ինձ հետ Արցախից։

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/07/2024