Մրսում էի: Տաք թեյը գուցե և մեղմեր վիճակս, սակայն, սպասել էր պետք մինչև հոսանքի վերականգնումը: 6-ժամյա անջատումից հետո խմբագրությունում այն 13:00-15:00-ն էր նախատեսվում: Սա այն պահերից է, երբ ուզում ես, որ ժամանակը սլանա, իսկ այն սկսում է դանդաղել:
Հանապազօրյա հացի ձեռքբերումը մխիթարող էր: Աշխատանքային օրվա վերջում դատարկաձեռն տուն չգնալու միտքն ուրախացնող: Մայրական «բեռը» փոքր-ինչ թոթափած՝ փորձեցի աշխատանքային տրամադրվել:
«Մամ ասումըն պատերազմա սկսալ… մամ». Սոնան է հաղորդագրություն ուղարկում:
Զանգում եմ Սոնային: Լրահոսն եմ բացում: ԱՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունն է.
«Հարգելի հայրենակիցներ: Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում պարապմունքներն ընթանում են կանոնավոր հունով: Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների»:
Փորձում եմ հնարավորինս հանգստացնել աղջկաս… Նա արդեն դպրոցից տուն էր գնում:
Անհանգստությունս բազմապատկվեց:
Դողում էի: Պաշտոնական լրահոսն էի հետևում: Առաջնագծում լարվածությունը շարունակվում էր:
«Մամ, դասերը շարունակվումա, հանգիստ եղիր». Դավիթից եմ հաղորդագրություն ստանում:
Ժամանակը ճոճվում էր:
Շարունակվող անորոշությունն էր:
Պատերազմ վերսկսելու դեպքում երեխաներիս հետ քայլերի մշակված սցենար չունեի. ամեն անգամ խուսափում էի, չէի ուզում հերթական տագնապն ապրեին: Թեպետ գիտակցում էի, որ անհրաժեշտ է, բայց իմ մտքերում պատերազմական սցենար չնկարեցի, նկուղ իջնելու համար ճամպրուկ էլ չդասավորեցի:
Սովորաբար, այն ինչ մեր մտքերում է, ժամանակի ընթացքում իրականություն է դառնում: Իմ մտքերում գերիշխողը միշտ սերն է ու գեղեցիկը: Ես մտքերում փորձում եմ պահել միայն այն, ինչ ցանկանում եմ ստանալ կյանքից:
Սոնայի տագնապն ու վախվորած ձայնը, սակայն, ազդանշան էր ինձ՝ որքան էլ դաժան է անչափահաս երեխայի հետ ապագա իրադարձությունների հավանական նախադիտում ունենալը, այդուհանդերձ, պետք է:
Շրջափակման ու անորոշության փրփուրում պատերազմի բռնկումն ամենահավանական սցենարն էր:
«Լուսի՞ն, հինչա իլալ էդ»,- գործընկերս՝ Սերգեյը միտքս ընդհատեց:
Ստեփանակերտի փողոցներով մարդիկ միշտ կոկիկ կեցվածքով են քայլել: Իմ քաղաքը գեղեցիկ էր նաև իր կոկիկ բնակիչներով: Սերգեյն այդ պահի իմ լույսն էր: Նա իր կեցվածքով ու հագուկապով այնպիսի վստահություն ներշնչեց ինձ: Հանգիստ էր շատ, խուճապի զգացողություն բացարձակ չնկատեցի:
Խաղաղվեցի: Իմ մտքերում նորից, կարծես, սերն ու գեղեցիկը գերիշխեց:
Հետո իմացա, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Սերգեյն առանձնակի տրամադրություն ուներ, և տնից դուրս գալուց առաջ յուրահատուկ պատրաստվեց: Զգում էր երևի, որ վերջին անգամ է քայլելու քաղաքի փողոցներով:
Ճոճվում էր ժամանակը:
Վերջապես խմբագրությունում վառվեցին լույսերը․․․ վերջին անգամ:
Չգիտեի…
Շտապեցի թեյնիկը դնել սալօջախին ու հերթական հոդվածիս նախաբանը սկսել:
13:07-ին մայրաքաղաքում հրետակոծության թնդյուններ լսվեցին:
Ու կանգ առավ ժամանակը…
Ու կա՛նգ առավ ժամանակը… կա՛նգ առավ ժամանակը… կա՛նգ առավ ժամանակը…
Ներքին տագնապներն այլևս իրականություն են։
Պատերազմը վերսկսվել էր, թեպետ այն երբևիցե չէր էլ ավարտվել:
Պատերազմի մասին չեմ սիրում գրել, պատերազմի մասին հեշտ չէ գրել։
Ամենակարևոր բառերս արտասվել եմ… չկան:
Այո, ողջ եմ, վնասվածքները, սակայն, ներսում են, չեն երևում, բայց ցավոտ են:
Դաժանություն ապրել ու գրել դրա մասին. չէ, դեռ պատրաստ չեմ: Արհավիրքը մեջդ արհավիրք նկարագել չի լինում:
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի
«Ճոճվող ժամանակ»-ի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 31/05/2024