Սոցիալական

Ինչպես արդյունավետ կառավարել հեռավար աշխատանքը տնից. սեփական փորձով

Արդեն 3 շաբաթ է, ինչ տնից աշխատում եմ հեռավար։ Քանի որ սա իմ առաջին հեռավար աշխատանքային փորձն էր, ինձ համար կատարեցի բացահայտումներ, որոնց մասին մինչ այս տեղյակ չէի։ Որոշեցի իմ փորձով կիսվել նրանց հետ, ովքեր դժվարանում են այս օրերին տնից աշխատել։

Ինչպես սկսվեց

Ցավոք, հեռավար աշխատանքը ոչ թե մեր ընտրությունն էր, այլ «Covid-19» համավարակի արդյունքը։ Սա էր պատճառը, որ շատ ժամանակ չունեինք պատրաստվելու, առավել ևս՝ աշխատանքային թիմերին ծանոթացնելու նոր աշխատանքային ոճին։ Ի դեպ, խոսքը ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցների մասին է, որոնցից մեկն էլ ես եմ։

Բարեբախտաբար, ես և «ՔոդՐայդերզի» որոշ աշխատակիցներ, արդեն փորձ ունեցել էինք միջազգային պատվիրատուների հետ հեռավար աշխատելու: Այսպիսով՝ ի տարբերություն այլ ընկերությունների և բիզնեսների, մենք շատ շուտ հարմարվեցինք հեռավար դրությանը։

Հեռավար աշխատանքի առաջին օրը

Ես տնից աշխատանքը սկսեցի ավելի շուտ, քան իմ գործընկերները։ Պատճառն այն էր, որ ջերմությունս 37․3 աստիճան էր։ Քանի որ սա Նոր կորոնավիրուսի ախտանիշներից մեկն է, որոշեցի ռիսկի չդիմել և գրասենյակ չգնալ, այլ` ինքնամեկուսանալ։

Հուրախություն ինձ՝ ջերմությունս վարակված լինելու հետ կապ չուներ։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ շուտով ամբողջ երկրով արտակարգ իրավիճակ է հայտարարվելու, և որ մեր ամբողջ թիմը ստիպված է լինելու աշխատել տնից։

Ի՞նչն է կարևոր արդյունավետության համար

 

Միջավայր

Որպես հեռավար աշխատող՝ առաջին բանը, որ արեցի, էսթետիկ աշխատանքային միջավայր ստեղծելն էր։ Գուցե որոշ մարդիկ սա ավելորդություն համարեն, բայց ես խորապես համոզված եմ, որ շրջապատող միջավայրն ուղղակիորեն ազդում է աշխատանքային արդյունավետության վրա։

Աշխատանք-քուն բալանս

Աշխատել տնից չի նշանակում աշխատել անկողնում՝ գիշերազգեստով կամ խալաթով։ Պատկերացրեք՝ գրասենյակում եք։ Վե՛ր կացեք և հագե՛ք ձեր հարմարավետ հագուստն այնպես, ինչպես ամեն օր անում էիք աշխատանքի գնալիս։

Մի՛ արթնացեք աշխատանքը սկսելուց ընդամենը 5 րոպե առաջ։ Հիշե՛ք որ շատերի համար օրվա ամենաարդյունավետ պահն առավոտյան ժամերն են։ Որքան երկար քնեք, այնքան քնկոտ կդառնաք, և շուտով ձեր աշխատելու ու արդյունավետություն ցուցաբերելու պատրաստակամությունը դանդաղ հօդս կցնդի։ Այսկերպ դուք շուտով կհայտնաբերեք, որ օրվա մեծ մասը ծախսում եք անշարժ կերպով համակարգչի էկրանին նայելով՝ փորձելով կենտրոնանալ, բայց անարդյունք։

Ամենօրյա զանգեր

Կա կարծիք, որ ամենօրյա զանգերը ձանձրալի են և անիմաստ։ Թույլ տվեք չհամաձայնել այս պնդման հետ։ Իմ հեռավար փորձը ցույց է տալիս, որ օրվա ընթացքում՝ առնվազն առավոտյան և երեկոյան զանգեր ունենալը պատասխանատվություն է ստեղծում աշխատողների մոտ։ Վերջիններս գիտեն, որ պետք է ամեն օր առաջընթաց ցույց տալ և զեկուցել կատարված աշխատանքի մասին։

Օրվա մեջ ընթացիկ կարճատև զանգերը նույնպես ողջունելի են։ Քանի որ թիմերը հիմա չեն կարող ֆիզիկապես կապի մեջ լինել, ուստի կարճատև զանգերը կօգնեն կազմակերպել աշխատակիցների ներգրավվածությունը։ Երբ կարիք է լինում թիմի անդամների հետ քննարկել որևէ բան, նախապատվությունը տվե՛ք զանգերին և ոչ թե երկար ու բարակ նամակներին, որոնք խլում են և՛ ձեր, և՛ մյուսների ժամանակը։ Առաջնահերթությունը տվե՛ք կարճատև և ավելի արդյունավետ գործերին։

Ես ամենօրյա զանգեր եմ ունենում ոչ միայն աշխատանքային օրվա սկզբին և ավարտին, այլև օրվա ընթացքում։ Մենք երբեմն նաև զանգեր ենք կատարում՝ պարզապես միասին սուրճ խմելու և զրուցելու համար։ Մեկ բաժակ սուրճի շուրջ երկար զրույցները մեր թիմի համար օրվա սիրելի ժամերից է։ Հատկապես այս ավանդույթը շատ ենք կարոտում ու փորձում առնվազն վիրտուալ ձևաչափով պահպանել այն։

Թվային գործիքներ

Յուրաքանչյուր հեռավար թիմի համար կան պարտադիր օգտագործման թվային գործիքներ։ Մեր թիմը նախընտրում է հետևյալ գործիքները․

• Google Meet – ամենօրյա զանգերի համար
• Slack – ամենօրյա հաղորդակցության համար։ Ի դեպ, մեր ընդհանուր չատում ամենաօգտագործվող արտահայտություններն են «BRB» և «Lunch time»
• Trello – հանձնարարությունների առաջընթացին հետևելու համար
• TeamViewer կամ AnyDesk – համակարգչին հեռահար միացման համար։

Կարիք չկա շեշտել, որ ավելի արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու համար այս գործիքներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է հարմարեցնել ձեր թիմի հատուկ պահանջներին։ Օրինակ՝ ստեղծե՛ք առանձին «Slack» չատեր՝ ձեր ընկերության տարբեր բաժինների համար։ Աշխատանքի հետ կապ չունեցող բովանդակություն մի՛ տարածեք աշխատանքային չատերով։ Փոխարենը ստեղծե՛ք չատեր՝ աշխատանքից դուրս քննարկումների և զվարճանքի համար։ Այսպես՝ մեր թիմը «Slack»-ի աշխատանքային տարածքում ունի «Music» և «Party» չատեր։ Դրանք սովորաբար անձայն ռեժիմի վրա են․ աշխատանքային ժամերին ուշադրություն են շեղում։

Պատասխանատվություն

Այս կետը չէի կարող բաց թողնել։ Պատասխանատվությունը, հավանաբար, բնավորության ամենակարևոր կետերից է, որ պետք է ցուցաբերել հեռավար աշխատանքի ժամանակ։ Իհարկե, վերոնշյալ կետերին հարկավոր է հետևել արդյունավետության համար, բայց ամենը զուր կլինի, եթե պատասխանատու չլինեք ձեր գործողությունների և սեփական աշխատանքի նկատմամբ։

Դժվար չէ խաբել գործատուին և ձևացնել, թե լուրջ գործ եք անում՝ անկախ աշխատանքային միջավայրից։ Բայց արդյոք այն ընդունելի՞ է ձեզ համար, կամ արդյոք դուք սա՞ եք միշտ փնտրել։ Հստակ որոշե՛ք ձեր նպատակը և հետևե՛ք դրան՝ անկախ նրանից՝ օնլայն եք աշխատում, թե օֆլայն։

Ավել ժամանա՞կ

«Covid-19»-ի պատճառով հնարավոր է սովորականից երկար ժամանակ ստիպված լինենք տանը մնալ։ Արդյոք սա լավ հնարավորություն չէ՞ զբաղվել գործերով, որոնցով անցյալում ժամանակ չէինք գտնում զբաղվելու։

Մտածե՛ք, թե ինչպես կուզեիք լցնել ձեր ազատ ժամանակը, որն ունեք հիմա։ Ես ինքս որոշ նոր զբաղմունեքների եմ անցել և հուսով եմ, որ կարանտինից հետո կշարունակեմ պահել։

• Սովորել «JavaScript/Node.js»
• Սքեթչբուքս ամբողջությամբ լցնել նկարներով
• Պատրաստել առողջ սնունդ նոր բաղադրատոմսերով
• Վերսկսել «Medium»-ի բլոգս
• Շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ

Կան ուրիշ շատ այլ զբաղմունքներ, որոնցով կարելի է զբաղվել։ Օրինակ՝ ընկերներիցս ոմանք ֆեյսբուքյան էջ են ստեղծել ինտելեկտուալ խաղերի համար և ազատ ժամանակ տրամաբանական հարցեր են տալիս և պատասխանում․ ուղեղը մարզելու հիանալի ձև է։

Ընկերներիս մի ուրիշ խումբ նախընտրում է ոչ մի յուրահատուկ բան չանել, այլ պարզապես փոքր-ինչ հանգստանալ՝ խաղալով համակարգչային խաղեր, դիտելով հեռուստացույց կամ շփվելով ընկերների հետ։ Եթե ծանր աշխատանքային տարի եք ունեցել, կարծում եմ՝ հանգստի այս տարբերակի մասին արժե մտածել։

Կարանտինի ընթացքում ձախողում եմ

Երբեմն ավել ազատ ժամանակ ունենալը չի երաշխավորում, որ ավելի արդյունավետ կդառնանք։ Խոսենք նաև տանը մնալու բացասական կողմերի մասին։

Ֆիզիկական ակտիվություն

Ես գիտեմ, որ ֆիզիկական ակտիվության պահպանման համար ստեղծված հազարավոր բջջային ծրագրեր կան, և ես փորձել եմ օգտագործել դրանցից մի քանիսը։ Բայց եկե՛ք խոստովանենք, որ այն նույնը չէ, ինչ ամեն օր առավոտ շուտ արթնանալը և մարզասրահում 1․5 ժամ անդադար մարզվելը։ Մարզասրահի մթնոլորտը և միջավայրը լրիվ տարբեր է։ Ցավոք, տանը մարզվելու մոտիվացիան շատ չէ։

Քնի ժամ

Քանի որ հիմա ժամանակ չեմ ծախսում աշխատանքի գնալու համար պատրաստվելու և ճանապարհի վրա, ես փորձում եմ այս օրերին ավելի երկար քնել, քան սովորաբար կանեի աշխատանքային օրվա ընթացքում։ Չեմ անհանգստանում երեկոյան ուշ քնելու կապակցությամբ և քնում եմ, երբ իսկապես շատ հոգնած եմ լինում։

Առայժմ այս առօրյան ինձ դուր է գալիս, բայց գիտեմ, որ կարանտինի ավարտից հետո շատ դժվար է լինելու վերադառնալ նախկին սովորություններիս և օրը վաղ առավոտյան սկսելուն։

Սիրած եղանակ

Գարունը շատ մեղմ ու հաճելի ձևով է արտահայտված Հայաստանում։ Այն սովորաբար շատ կարճ է տևում, և քիչ ժամանակ է մնում վայելելու համար։ Հիմա էլ նոր Կորոնավիրուսն է մեզ հետ պահում սիրելի եղանակը վայելելուց։ Այս օրերին հատկապես շատ եմ կարոտում ընկերներիս հետ քաղաքային զբոսանքները թեթև գարնանային եղանակին՝ բարակ ժակետով և շարֆով։ Դժվար է միայն պատուհանից հետևել գարնանը։

Ճամփորդություն

«Covid-19»-ի ամենաբացասական հետևանքն անձամբ ինձ վրա ճամփորդության սահմանափակումների հետ է կապված։ Մեկ շաբաթ առաջ պետք է գործնական այցով Վարշավայում լինեի՝ մասնակցելու համար «Wolves Summit 2020»-ին։ Սակայն իրավիճակը փոխվեց․ բոլոր թռիչքներն ու միջոցառումները չեղարկվեցին։ Թեպետ օնլայն, ամեն դեպքում այս միջոցառմանը կարողացա մասնակցել։ Ի սկզբանե թերահավատորեն էի մոտենում վիրտուալ միջոցառմանը և հատկապես օնլայն նեթվորքինգին, սակայն փորձը ցույց տվեց, որ տեխնոլոգիաները և կազմակերպվածությունը կարող են գալ փրկության։

Վերջապես, այս տարի պլանավորել էի այցելել Իտալիա, Արևմտյան Հայաստան, ինչպես նաև մեկ այլ գործնական այցով՝ Ստամբուլ։ Ես դեռ փորձում եմ դրական մտածել այն ուղղությամբ, որ այս տարվա երկրորդ կեսը կանցնի առանց Կորոնավարակի։

Ի վերջո

Իրավիճակը, որ ունենք հիմա, լուրջ է, և հարկավոր է պահպանել սոցիալական հեռավորության ու հետևել առողջապահական ցուցումներին՝ վարակից խուսափելու համար։ Գիտեմ, որ դժվար է տանը փակված մնալ այսքան երկար ժամանակ, բայց այն արդյունավետորեն օգտագործելով չեք էլ զգա, թե ինչպես է ժամանակը թռչում

Ես դրական եմ տրամադրված տարվա մյուս կեսի հանդեպ։ Հուսանք, որ շուտով կրկին ազատ կլինենք՝ ծախսել մեր ժամանակը սրտի ուզածի պես։ Իսկ մինչ այդ՝ պարզապես վայելենք ընտանիքում անցկացրած ժամանակը։

 Հեղինակ Աննա Խաչատրյան, «ՔոդՐայդերզ» ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու 

Լուսանկարները՝ հեղինակի

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/04/2020