Դըրբըզեք Իրավունք

Արցախում թողած գերեզմանները. որտե՞ղ ծաղիկ խոնարհեն հարազատները

Եղբայրներ Արթուր (նկարում՝ ձախից) և Արսեն Աղասյանները

Գոնե Եռաբլուրում մի անկյուն սարքեն, ծաղիկ դնելու տեղ ունենանք պատերազմում զոհված եղբայրների մայր

ՀՀ Արմավիրի մարզի Այգեկ բնակավայրում է հաստատվել Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Աղասյանների ընտանիքը։ Ընտանիքը 2020թ․ ծանր կորուստներ է ունեցել․ նույնը օրը՝ հոկտեմբերի 2-ին, մի քանի ժամվա տարբերությամբ զոհվել են երկու զավակները՝ Արթուրը և Արսենը։ Ամիսներ տևած որոնողական աշխատանքներից հետո ի վերջո հերոս եղբայրների աճյուններն ամփոփվել են Մարտունու քաղաքային գերեզմանատանը։ Եվ այժմ ընտանիքը զրկված է նրանց գերեզմաններն այցելելու հնարավորությունից։

Արցախի բռնի տեղահանության ամենացավոտ հետևանքներից մեկն էլ այնտեղ անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են։ Տարուց ավել տեղահանված արցախցիները չգիտեն, թե Արցախում թաղված իրենց հարազատների հիշատակի կամ տոն ու սգո օրերին ուր այցելեն ծաղիկ խոնարհելու: Շատերը Եռաբլուր կամ եկեղեցի են գնում: Մի մասն էլ առաջարկում է Եռաբլուրում կամ այլ տեղում խաչքար կանգնեցնել, որտեղ կկարողանան ծաղիկ խոնարհել։

Արցախում ամփոփվածների հարազատներն ամիսներ շարունակ ՀՀ-ի կառավարության, ՄԱԿ-ի, ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակների դռներն են ծեծում՝ իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու խնդրանքով։ Սակայն հարցի լուծումը դեռևս տեսանելի չէ։

Արթուր Աղասյանի թաղման արարողությունը տեղի էր ունեցել 2021թ. հուլիսի 18-ին: Մարտունու Հաղթանակի հրապարակում՝ Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ, մարտունեցիները վերջին հրաժեշտն էին տվել  նրան:

Հենց այդտեղ էլ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհված «Արցախի հերոս» բարձրագույն կոչման «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնել էր Արթուրի հորը։ «Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց…»,- իր պաշտոնական էջում գրել էր Հարությունյանը:

Սերժ Սարգսյանը հանձնում է Արթուրին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը:

44-օրյա պատերազմի օրերին Արթուրը հարուստ ռազմական անցյալով 23-ամյա զինվորական էր՝ սիրահարված համազգեստին ու իր առաքելությանը։ 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ նա ժամկետային զինծառայող էր, դիրքի ավագ և գրագետորեն կազմակերպել էր իր դիրքի պաշտպանությունը՝ արժանի հակահարված հասցնելով «Յաշմա» հատուկ ջոկատայիններին և փրկելով դիրքի զինվորների կյանքը: Ապրիլյան պատերազմից հետո նա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ էր ստացել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը։ Ապրիլյանից հետո Աղասյանը սպայական կոչում է տանում և շարունակում ծառայությունը Հայոց բանակում։ Իր կյանքի երկրորդ պատերազմի ժամանակ Արթուրն արդեն կապիտանի կոչում ուներ։ Եղբայրը՝ Երևանի ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սան էր, ըմբշամարտիկ։ Նա ժամկետային զինծառայության մեջ էր և բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած հետախույզ։

Եղբայրների մայրը՝ Մարգարիտա Աղասյան

Եղբայրների մայրը՝ Մարգարիտա Աղասյանը պատմում է, որ Արսենը նահանջ հրամանի ժամանակ չի լքել դիրքը․ ուզում էր գնալ Արթուրի մոտ։ Նա իր ծառայակից Տիգրան Հայրապետյանի հետ մինչև վերջ մնացել էր դիրքում։ Երկուսն էլ զոհվել են նույն տեղում։ Ծառակից ընկերներից մեկը հետագայում պատմել է, որ գիշերն Արսենը ցանկանում էր բարձրանալ Թալիշ՝ Արթուրի մոտ, սակայն իրենք չեն թողել։

Մայրը նշում է, որ ամիսներ շարունակ ողջերի ու զոհվածների մեջ անարդյունք փնտրում էին որդիներին։ Տիգրանի հայրն իր որդու և Արսենի մարմինները հայտնաբերում է Սպայկայի մեքենաներից մեկում։ «Աստված պահի նրան, ինքն է գտել, մարտի 16-ին զանգել է, թե ոնց որ երեխաների հետքի վրա եմ դուրս եկել։ Մեծամորի «Սպայկայի» մեքենաներում էին նրանք։ Ասում էր, ինչ դիրքով մահացել են, այդ դիրքով էլ մեքենայում էին»,- պատմում է տիկին Մարգարիտան։

2021թ․ մարտի 24-ին Տիգրանի թաղումն էր, մարտի 31-ին էլ՝ Արսենի։ Հենց այդ օրն էլ Արցախից բերված հողի մի բուռ խառնել են Տիգրանի գերեզմանափոսին։ Մեղրիում ամփոփված Տիգրանի գերեզմանում անկյուն են սարքել՝ Արսենի և զոհված մյուս չորս զինվորների նկարներով։ Նմանատիպ անկյուն էլ Մարտունիում կա։ Այնտեղ նաև Արթուրի զինվորներից Մհերի նկարն են տեղադրել։

Արթուրի, իր ընկերոջ՝ Մհերի, Արսենի և իր ընկերոջ՝ Տիգրանի հիշատակի անկյունը Մարտունիում

Տիկին Մարգարիտան որդիների արտաշիրինման համար դիմել է Կարմիր խաչի գրասենյակ, որտեղից ասել են, որ այս պահին ոչ մի բան հնարավոր չէ անել։ Ըստ նրանց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնության կամ գերտերությունների միջամտությամբ է միայն հնարավոր հարցը լուծել։

«Բայց ուզո՞ւմ եք արտաշիրմումում անել»,- հարցնում եմ տիկին Մարգարիտային։ Ասում է՝ ես էլ չգիտեմ։ Քանի որ որդիները կնքված էին, ինքը ցանկանում է այս հարցի մասին քահանայի հետ խոսել՝ եկեղեցական կարգը հասկանալու համար։

Բացի դրանից, Մարտունու գերեզմանը բետոնապատել էին, քանդելու համար հատուկ տեխնիկայի կարիք է լինելու։ «Սա ո՞նց քանդես, բետոնի հաստ շերտ է»,- ասում է տղաների հայրը՝ Գրիգորին, ու ցույց տալիս հեռախոսում պահվող որդիների գերեզմանների նկարները։

Արթուր և Արսեն Աղասյան եղբայրները

Ծնողները նշում են, որ որոշել են Մարտունիում ամփոփել որդիների մարմինները, որպեսզի մոտ լինեն, ցանկացած պահի կարողանան այցելել։ «Այն ժամանակ, որ Ղարաբաղում էինք, հատկապես շրջափակման ժամանակ, ոչ մեկը չէր կարողանում գալ Եռաբլուր, մենք ամեն օր գնում էինք գերեզմաններ»,- ասում է հայրը։ Սակայն այժմ նույնիսկ ծաղիկ դնելու տեղ չունեն․․․

«Արթուրի ծննդյան օրը իր զինվորները զանգել են, թե գալիս ենք Եռաբլուր, ես էլ եմ գնացել, բայց էլ չեմ կարող գնալ, վատանում են։ Մայրս մահացել է 2023թ․ դեկտեմբրին ու Այգեկում է թաղված, գյուղում կան նաև Հադրութում զոհված տղաների գերեզմաններ, մայիսի 9-ին ուզում էի գնալ, բայց ռիսկ չեմ արել, չեմ կարողացել, շատ եմ վատանում, վախենում եմ խելագարվեմ»,- ասում է տիկին Մարգարիտան։

Աղասյանները կարողացել են իրենց հետ բերել որդիների մեդալները, պատվոգրերը, շատ թանկ հիշողություններն ու իրերն էլ վառել են, որ ադրբեջանցիների ձեռքը չընկնի։

«Արթուրի ֆորման չեմ վառել, բերել եմ։ Նկարներ, ալբոմներ շատ քիչ ենք բերել, բայց էլեկտրոնային եղանակով կան։ Մարզամշակութային կենտրոնում պահվող մի քանի իր ենք բերել, գավաթները։ Ավոյի նկարը գցել ենք մեքենայի ամենաապահով տեղը, որ հանկարծ ճանապարհին ստուգելիս չգտնեն։ Արսենի սենյակում էր կախված Ավոյի նկարը»,- պատմում է տիկին Մարգարիտան ու նայում երիտասարդ և կյանքով լի աչքերով որդիների նկարներին, որոնցից վերև Մոնթե Մելքոնյանի նկարն է կախված։

Մարտունի քաղաքի Մշակույթի պալատն անվանակոչվել էր Արթուր Աղասյանի անունով, շրջկենտրոնում նրա ու Արցախյան երեք պատերազմի մարտունեցի զոհերի հիշատակին խաչքար էին կանգնեցրել, պուլպուլակ կառուցել։ Խաչքարը 2022թ․ օգոստոի 17-ին են տեղադրել։ «Քահանան խաչքարը օրհնել է և ասել, որ հետո գնալու է Բերձոր՝ այնտեղի խաչքարը հանելու արարողությունն անելու»,- հիշում է տիկին Մարգարիտան։

Հիմա հարազատները Արթուրի և Արսենի հիշատակի օրը գնալու տեղ չուն։ Տիկին Մարգարիտան առաջարկել է Եռաբլուրում մի անկյուն սարքեն, որ գոնե ծաղիկներ դնելու տեղ ունենան։

Մարդասիրական կարիք է, բայց քաղաքական որոշում պետք է կայացվի

Արցախում մնացած հարազատների գերեզմաններ այցելության կամ գերեզմանների արտաշիրինման մասին մեկնաբանություն ենք խնդրել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ իրենց են դիմել տեղահանված անձինք և ներկայացրել Արցախում մնացած իրենց հարազատների գերեզմաններն այցելելու կամ արտաշիրիմում անելու ցանկության մասին: Հատկապես խոսքը վերաբերում էր 2020 թվականից հետո զոհվածների հարազատներին:

«Մենք մարդասիրական տեսանկյունից պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ նման հարցերում, բայց նման կարգի որոշում կայացնել չենք կարող: Այն կայացնում ու իրականացնում են կողմերը, իսկ մենք կարող ենք կարիքի մասին հաղորդել կողմերին և պատրաստ ենք որոշումների կայացման դեպքում մարդասիրական հարցերում միջնորդել ու աջակցել: Կրկնեմ, սակայն, որ որոշում կայացնելը, ձևափաչը, նպատակահարմարությունը․ այդ հարցերը համապատասխան իշխանությունների ձեռքերում է»,- նշել է Ամատունին:

Նա ընդգծել է, որ չնայած դա մարդասիրական կարիք է, այնուամենայնիվ, հարցի վերաբերյալ քաղաքական որոշում պետք է կայացվի:

Բացի դրանից, այսօրվա դրությամբ Արցախում ԿԽՄԿ գրասենյակ չկա. ապրիլից սկսած Ստեփանակերտի գրասենյակի անձնակազմը տեղափոխվել է Բարդա, և կազմակերպությունն այժմ գործում է միայն Հայաստանում ու Ադրբեջանում:

 Հարազատների գերեզմանները Արցախում թողածների մի մասն էլ գտնում է, որ ճիշտ չէ հայրենի հողում ամփոփված մարդու մասունքները տեղաշարժելը։

Իսկ Եռաբլուրում կամ ՀՀ այլ վայրերում իրենց որդիներին ու հայրերին հուղարկավորածները սփոփվում են այն մտքով, որ կարող են այցելել նրանց գերեզմաններին և վախով չեն հետևում Արցախում ադրբեջանցիների կողմից իրենց հարազատների գերեզմանների հնարավոր պղծմանը։

 Նորայրն ուզում էր ամփոփվել Աշանի գերեզմանոցում, որտեղից երևում էր հայրենի գյուղը   

Լենուրա Դադայանի ամուսինը՝ Նորայր Խաչատրյանը երկար տարիներ Մարտունու շրջանի Աշան գյուղի գյուղապետն էր։ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 28-ին Նորայրը մահացավ: Հիվանդություններին ավելացան պատերազմում ծանր վիրավորում ստացած ու կոմայի մեջ գտնվող որդու՝ Լենդրուշի մասին մտածմունքները: Հարազատները որոշեցին Նորայր Խաչատրյանին հուղարկավորել հայրենի գյուղում։ Արցախցիները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վերադառնում էին իրենց տները՝ չնայած անվտանգության և սոցիալական բազմաթիվ խնդիրների։

Լենուրա Դադայան

«Որտե՞ղ հուղարկավորել մարդուն, որն իր արմատները գցել էր այդ հողում, մասնակցել այդ հողի ազատագրմանը, ամուսնացել ու զավակներ ունեցել, անգամ կենդանության օրոք որոշել, թե որտեղ է լինելու իր գերեզմանը։ Նա ուզում էր իր հոր գերեզմանի կողքին ամփոփվեր։ Այդտեղից երևում էր այն գյուղը, որը 15 տարի  ղեկավարել էր»,- պատմում է տիկին Լենուրան:

Մինչ արցախցի որոշ ընտանիքներ հարազատներին արտաշիրիմում անելու և Հայաստանում վերահուղարկավորելու տարբերակներ են փնտրում, Նորայր Խաչատրյանի ընտանիքն աճյունը տեղափոխելու մասին չի մտածում։

«Ինչպե՞ս կարելի է անհանգստացնել այն մարդուն, ով մինչև մահանալն արդեն որոշել էր, թե որտեղ պետք է լինի իր գերեզմանը»,- հարցնում է կինը։

Նորայր Խաչատրյանի գերեզմանը Արցախում

Տիկին Լենուրան ծնունդով Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից է և տան միակ զավակը: Հայրը՝ Բորիս Դադայանը, մահացել է 2016թ. և թաղված է հայրենի գյուղում: Մայրը՝ Արփենիկ Դադայանը, մահացել է 2023թ. մայիսի 23-ին Երևանում: Նա ՀՀ մայրաքաղաք էր տեղափոխվել Լենուրայի խորհրդով, որովհետև ցանկանում էին մոտ լինել 2022թ.-ից «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում գտնվող որդուն։

«Կանխազգալով մոտալուտ մահը, մայրիկս ամեն օր ասում էր «Ինձ տարեք Աշան»։ Նա գիտեր, որ հայրենի Մարիամաձորն այլևս չկա, ուզում էր գոնե Աշանում թաղվել»,- պատմում է տիկին Լենուրան։

Արցախն արդեն շրջափակման մեջ էր և Արփենիկ Դադայանին հուղարկավորեցին Երևանի Թոխմախի գերեզմանատանը՝ իր մեծ գերդաստանից առանձին։ Տիկին Լենուրան չի մտածում նաև հոր աճյունը վերահուղարկավորելու մասին․ հայրենի գյուղում է իրենց ամբողջ ընտանեկան հանգստարանը․ ո՞ր մի շիրմաթումբը տեղափոխես։

«Նախքան Արցախյան շարժումը մենք ապրում էինք Մինգեչաուրում: Փախստական դառնալով՝ հայրս հրաժարվել է Հայաստանում իրեն հասանելիք տնից, վերադարձել է Հադրութ, իր հայրենի գյուղը և ապրել մինչև մահ՝ չիմանալով, թե ինչեր են լինելու հետո»,- ասում է նա։

Երբ Հադրութն էլ գրավվեց, Լենուրան և ընտանիքը հոր մահվան հիշատակին այցելում էին Աշանի գերեզմանատուն։ Հիմա արդեն, Արցախի կորստից հետո հարազատներն ու մտերիմները ծաղիկներ են դնում Երևանում Արփենիկ տատի շիրմաքարին և հիշում նաև Բորիսին, Նորայրին և մյուս անցավորներին։

Սփոփվում ենք նրանով, որ կարողացել ենք գոնե աճյունը բերել 

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում արբանյակային լուսանկարներով դեռևս  տեսանելի են փորված 100-ից ավելի դատարկ գերեզմանափոսերը: Դրանք նախատեսված էին 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվածների համար: Սակայն նրանց վիճակված չէր այդտեղ հանգչել և այժմ ամփոփված են Եռաբլուր զինվորական պանթեոնում: Նրանցից մեկն էլ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքից պայմանագրային զինծառայող Նվեր Գաբրիելյանն է: Նրա հուղարկավորությունը պետք է լիներ Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին, սակայն տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Երևանում:

Ստեփանակերտում եղբայրական գերեզմանոց․ արբանյակային լուսանկար

Նվերը զոհվել է հարազատ գյուղի պաշտպանության ժամանակ՝ իր տնից վերև տեղակայված դիրքում: Տնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա գտնվող դիրքում ամուսնու մահվան մասին կինը՝ Շուշանն իմացել էր մի քանի օր հետո:

Շուշանը պատմում է, որ ամուսինը ՊԲ շարքերում ծառայության է անցել 2020թ. պատերազմից հետո. սկզբում որպես աշխարհազորային, այնուհետև որպես պայմանագրային զինծառայող: Սեպտեմբերի 19-ից մեկ շաբաթ առաջ իջել էր դիրքերից, որից հետո սահմանային լարվածության հետ կապված երկու անգամ կանչել էին:

Նվերն ու նրա կինը՝ Շուշանը

«Ճարտարում (քաղաք Մարտունու շրջանում) էին հավաքվում: Դրանից հետո սեպտեմբերի 18-ին տուն էր եկել: Սեպտեմբերի 19-ին մեր դաշտում կաթիլային ոռոգման աշխատանքներով էինք զբաղված, երբ կանչեցին»,- պատմում է Շուշանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 11:00-ի կողմերը ամուսինը տնից դուրս է եկել, որպեսզի Ճարտար հասներ: Սակայն ոչ տրանսպորտ կար, ոչ վառելիք ու ոչ էլ կապ: Հասնելով հարևան Սոս գյուղը և չկարողանալով որևէ մեկի հետ կապվել, Նվերը ստիպված հետ տուն է վերադառնում: Սակայն տանը երկար չի մնում:

«Ժամը երկուսի կողմերն էր, բոլորս ապաստարանում էինք, եկել է հրաժեշտ տվել ու գնացել: Տղաները ոտքերից գրկել էին Նվերին ու խնդրել էին չգնալ, մնալ իրենց մոտ, բայց նա չլսեց»,- հիշում է Շուշանը:

Ասում էր՝ երկու տղաներիս պիտի պաշտպանեմ, չեմ ուզում նրանց ասեն՝ հայրդ փախել է:

Նվերն ու Շուշանը

Ինքը «Պուլուր խութ» (Կլոր ժայռ) կոչվող դիրքում էր, դիրքում գտնվողները հետագայում պատմել են, որ երեք-չորս ժամ դիմադրել են, երկու անգամ հետ վերցրել դիրքը, երրորդ հարձակման ժամանակ Նվերը խրամատից դուրս էր եկել, հենց այդտեղ էլ նա արկի հարվածից ծանր վիրավորում է ստացել: Մի քիչ հեռու գտնվող հարազատ եղբայրը արկի հարվածի ալիքից հողով է ծածկվում, «կոնտուզիա» է ստանում: Նա դուրս է գալիս, եղբորն իջեցնում դիրքից, մոտեցնում շտապ օգնության մեքենային, սակայն նախքան հիվանդանոց հասնելը, Գիշի գյուղի խաչմերուկում, Նվերը մահանում է: Քանի որ Մաճկալաշենի ճակատագիրը հայտնի չէր (նախքան հարձակումն էլ շատ մոտ էին ադրբեջանցիների դիրքերը) եղբայրը Նվերին տեղափոխում է Ստեփանակերտ:

Շուշանն այս ամենի մասին իմանում է միայն սեպտեմբերի 22-ին: Կռվի օրը նա որդիների ու ամուսնու ծնողների հետ մնում էր տան նկուղային հարկում, որը որպես ապաստարան էր ծառայում: Սակայն տեսնելով, որ գյուղից բոլոր կանայք և երեխաները հեռացել են, իրենք էլ Սոս են գնում:

Սոսում երկար չեն մնում, որովհետև  գյուղ հասնելուն պես շատ մոտիկ արկ է պայթում, տղաներին շպրտում այս ու այն կողմ: «Զոռով երեխաներին դուրս եմ հանում այդտեղից: Նույնիսկ ձեռքիս պայուսակը չեմ կարողացել վերցնել, որովհետև տան առաստաղը փլվել էր»,- ասում է նա: Այդտեղից նա երեխաների հետ հասնում է Կոլխոզաշեն, բայց դեռևս լուր չուներ Նվերից: Սեպտեմբերի 22-ին է Նվերի հորաքրոջ տղան հայտնում, որ Նվերը զոհվել է, իսկ եղբայրը՝ Քաջիկը՝ վիրավորվել:

«Սեպտեմբերի 23-ին մեր գյուղապետը զանգում է, որ վաղն առավոտյան ռուսների հետ ինձ ու սկեսրոջս ուղարկելու է Ստեփանակերտ, որտեղ ամսի 25-ին հուղարկավորությունը պիտի լիներ: Հասնում ենք Մարտունի, սակայն ռուսներն ասում են, որ մեզ տանելու հրաման չկա»,- պատմում է նա:

Սեպտեմբերի 25-ին Շուշանը հորեղբոր հետ հասնում է Ստեփանակերտ: Մինչև այդ զանգում են և տեղեկացնում, որ զոհվածներին հնարավոր է տեղափոխել  Երևան: Իրենք ևս դիմում են և Նվերին սեպտեմբերի 26-ին տեղափոխում են Երևան: «Մեզ էլ այնտեղից հատուկ մեքենաներով բերում են, Նվերին տեղափոխելուց հետո մենք դեռ Ստեփանակերտում էինք, մի գիշեր սոցապի առաջ ավոտբուսների մեջ էինք մնացել»,- հիշում է Շուշանը:

Մաճկալաշենում ծնված ու մեծացած Նվերին հուղարկավորում են սեպտեմբերի 30-ին՝ Եռաբլուրում:

Շուշանը բացում է Նվերի նկարներով անկյան ներքևում գտնվող դարակը, որտեղ շարված են ամուսնու շորերը: Երբ դեռ գյուղ մտնելու հնարավորություն կար, Շուշանի սկեսուրը մի քանի համագյուղացիների հետ տուն է մտնում, ի՞նչ բերեմ հարցին Շուշանը պատասխանում է՝ Նվերի իրերից: Այժմ ամուսնու նկարի դիմաց տեղադրված է այն, ինչ կարողացել են բերել՝ օծանելիքը,  թզբեխը և դանակը: Իսկ ներքևում նրա շորերն ու կոշիկներն են:

Այսքանն են կարողացել իրենց հետ դուրս համատեղ կյանքի 12 տարվա հուշերից: Մարտական ընկերներին ասել էր, որ եթե իր հետ բան պատահի գլխարկը փոխանցեն երեխաներին, բայց Նվերի մոտ գտնվող իրերից հարազատները ոչինչ չեն ստացել:

Հետմահու Արցախի նախագահի կողմից ստացել է «Արիության» մեդալ:

Այժմ Շուշանը որդիների հետ ապրում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, շաբաթը մի քանի անգամ այցելում է ամուսնու շիրիմին: Այսքան ցավ ու զրկանք տեսած կնոջ միայն սփոփանքն այն է, որ կարողացել են ամուսնու աճյունը տեղափոխել և այժմ նրա հետ զրուցելու, տղաների հաջողությունների մասին պատմելու տեղ ունի:

«Ամեն ինչ արել ենք, որ բերենք: Շատերը կան, որ չեն կարողացել բերել և պատկերացնում եմ նրանց վիճակը»,- ասում է Շուշանը:

Բռնի տեղահանության օրերին մի քանի ընտանիքներ իրենց հետ ՀՀ են տեղափոխել և վերահուղարկավորել զոհված հարազատների մասունքները։ Նրանցից մեկն ասում է՝ ծննդավայրում թողած ունեցվածքի, հիշողությունների կորուստն այնքան ցավոտ չի թվում, երբ այցելում և լացում է որդու նոր գերեզմանին։

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի
Լուսանկարները տրամադրել է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 11/11/2024