«Ուզում եմ գիշերը հնարավորինս երկար տևի: Երբ տղաներս արթնանում, մտնում են խոհանոց ու նախաճաշ խնդրում ինձնից, չգիտեմ՝ աչքերս ուր փախցնել: Ամուր գրկում եմ իրար հերթ չտվող չարաճճիներիս, սեղմում կրծքիս: Եվ ինչքան էլ փորձում եմ թաքցնել արցունքներս, նկատում են.
«Մամ, հալյամ սոված չընք, պատար խաղ անինք՝ հետո»,- 5 որդու մայր Լենա Ղուլյանի այս խոսքերով հոդվածիս նախաբանն էի գրում, երբ լսվեցին հրետակոծության առաջին թնդյունները. 2023 թվականի սեպտեմբերի 19-ն էր: Ադրբեջանն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսեց: Ու ամեն ինչ մնաց անավարտ:
Հանուն սերունդների փրկության ստիպված լքեցինք Արցախը: Եվ որքան էլ ծանր է, ոտքի կանգնելու համար շարունակում ենք ուժ գտնել և պայքարել՝ մի օր տուն վերադառնալու հույսով։
Հոդվածիս հերոսուհին՝ Լենան, հիմա էլ է փորձում թաքցնել արցունքները՝ հանուն Արենի, Արսենի, Ջիվանի, Դենիսի ու Լևոնի: Ծննդավայրի կարոտից շնչահեղձ է լինում:
«Չեմ ուզում երեխաներս տխրեն, առանց այդ էլ տնից դուրս դժվար են համակերպվում»,- ասում է:
Տան կրտսերը՝ 6-ամյա Լևոնը, անընդհատ հարցնում է․ «Մամ, հիբը՞նք տոն քինան [ե՞րբ ենք տուն վերադառնալու]»։
Ղուլյանների բազմազավակ ընտանիքը բռնի տեղահանումից հետո ապաստանել է Հրազդանում: Լենայի խոսքով՝ դժվարությամբ են 8 հոգանոց ընտանիքի համար վարձու բնակարան գտել: Փորձում են նոր պայմաններին հարմարվել, բայց որևէ բան պլանավորել դեռ չեն կարողանում:
«Հանգամանքների բերումով դարձել ենք օրվա հոգսով ապրող մարդիկ: Ամբողջ կյանքիդ ստեղծածը կորցնելը մեծ ցավ է, բայց մյուս կողմից շնորհակալ եմ Աստծուն, որ ողջ-առողջ ենք»,- ասում է Լենան:
Նրա խոսքով՝ գերխնդիրն այսօր աշխատանք գտնելն է:
Ընտանիքի հայրը` Սերգեյը, Արցախի շրջափակման պատճառով գործազուրկ էր մնացել, Երևանից-Ստեփանակերտ բեռնափոխադրումներ էր իրականացնում:
Շրջափակման օրերին Ստեփանակերտում խորովածանոց էր բացել: Որոշ ժամանակ գործելուց հետո, սակայն, մսի ու լավաշի սղությամբ պայմանավորված՝ դադարեցրեց գործունեությունը։
Լենայի խոսքով՝ ամուսինն իր բեռնատարով, բացի իր ընտանիքից, Արցախից այլ ընտանիքներ էլ է տարհանել՝ ընդհանուր շուրջ 30 մարդ, 20-ը՝ երեխա: Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին, երկու ժամ տևող ճանապարհն անցել ավելի քան երկու օրում՝ ուղևորների մեծ մասը բեռնախցիկում տեղավորված:
Հայաստանում Սերգեյը հիմնական աշխատանք դեռևս չունի: Թեպետ բազմազավակ ընտանիքի առաջնահերթ խնդիրները հոգացել են ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դրամական աջակցությունների շնորհիվ, սակայն կենցաղային բազմաթիվ խնդիրներ հարկավոր է դեռ լուծել։ Լենան և Սերգեյը երազում են սեփական տանիք ձեռքբերելու մասին, այնպիսին, ինչպիսին ունեին Ստեփանակերտում:
«Ամենից շատ կարոտում եմ իմ տունը, բակը, մեկ ընտանիք դարձած հարևաններիս: Փառք Աստծո, ողջ ենք, սոված չենք, հայրենիքում ենք, բայց, դժվար է… տուն եմ ուզում»:
Լենան Արցախում է թողել ծնողների, եղբոր, տատիկի ու պապիկի գերեզմանները:
«Չնայած շրջափակման օրերին կրած դժվարություններին՝ տանն էինք, հողից էինք ուժ ստանում ու փորձություններին դիմակայում»,- ասում է նա:
Նրա ավագ երեխաները՝ 14-ամյա Արենն ու Արսենը, երկվորյակ են: Մոր խոսքով՝ Ստեփանակերտում գիշերները հանապազօրյա հացի համար հերթ էին կանգնում, որպեսզի փոքր եղբայրները սոված չմնան:
«Տղաներս, կարծես, ժամանակից շուտ հասունացել և ավելին էին հասկանում այդ օրերին»,- շրջափակման օրերի հիշողությունները նորից արթնանում են Լենայի մոտ:
Նրա բնութագրմամբ՝ խանութների քաղցրավենիքներով ու տարատեսակ ուտելիքներով լի դարակներն այսօր երեխաներին է՛լ չեն գայթակղում:
Արցախի բռնագաղթից հետո, երբ խանութ էին մտնում, երկար ժամանակ չհամտեսած սիրելի ըմպելիքներ ու քաղցրավենիքներ վերցնելու մոր առաջարկին պատասխանում էին․
«Էլ օզում չընք, մամ»:
Լենան հիմա էլ է ուզում, որ գիշերը հնարավորինս երկար տևի, քանի որ փակում է աչքերն ու հայտնվում տանը:
«Արցախ վերադառնալու հույսով ենք ապրում, այլապես խելագարվել կարելի է»,- հրաժեշտի փոխարեն հավելում է հինգ երեխաների մայրը։
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները` Ղուլյանների ընտանեկան արխիվից
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 29/04/2024