Հաղորդակցության և գենդերային հարցերով մասնագետ Անի Կոջոյանը տարիներ շարունակ դիտարկում է անում, որ դասագրքերը, որոնք երեխային պատկերացում են տալիս ոչ միայն առարկայի, այլև կյանքի ու դրանում իր ունեցած դերի մասին, գենդերազգայուն չեն։ Այսինքն՝ դրանցում առկա է սեռերի անհավասար մատուցում՝ հիմնականում հօգուտ արական սեռի։
Օրինակ, 3-րդ դասարանի աշակերտներն անգլերենի դասագրքի միջոցով օտար լեզու սովորելուն զուգահեռ սկսում են պատկերացում կազմել աղջիկների և տղաների հնարավորությունների մասին: Ու քանի որ գրքում բերված օրինակներում տղաները գործ ունեն «ավելի մեծ և ուժեղ բաների հետ»՝ մեքենա, մեծ շուն, նրանք մեծ են և ուժեղ, իսկ աղջիկները՝ փոքրիկ կատվի, սափորի, գլխարկի, նրանք էլ փոքրիկ են և սահմանափակ իրենց ընտրության մեջ։
2002-2021թթ․-ի 3-րդ դասարանցիների համար նախատեսված անգլերենի դասագրքում (Հեղինակներ՝ Գասպարյան Գ․ և ուրիշներ) կար հետևյալ տեքստը (բնօրինակը 1-ին պատկերի ձախ հատվածում)․
Սա Աննան է։ Աննան ունի ժակետ։ Սա Աննայի ժակետն է։ Այն կանաչ է։
Սա մայրիկն է։ Մայրիկն ունի մեծ սափոր։ Սա մայրիկի սափորն է։
Սա էլ հայրիկն է։ Հայրիկն ունի Ջիպ։ Այն հայրիկի Ջիպն է։ Այն սև է։
Ստորև ներկայացված են օրինակներ 2002-2021 ուստարիներին կիրառված և 2022թ․-ից կիրառվող անգլերեն լեզվի դասագրքերից։
Ըստ Կոջոյանի, դասագրքերը երեխաների մոտ տպավորություն են ստեղծում, որ որոշ աշխատանքներ աղջկա համար չեն, իսկ զգացմունքային լինելը՝ տղայի, տղան տնային գործեր չպիտի անի, աղջիկը՝ կենսաբանական փորձեր։ Նա կարծում է՝ այս մտքերն են ամրապնդում դասագրքերում տեղ գտած առաջին հայացքից անմեղ օրինակներն ու պատկերները։
Հաջորդ օրինակը հուշում է, որ մասնագիտություններն անգլերենով ուսումնասիրելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ նշվածներից միայն ուսուցչի մասնագիտությունն է կնոջ համար, իսկ Բոբի և Աննայի հետ ծանոթությունից՝ որ Բոբը մեծ տղա է, իսկ Աննան փոքրիկ աղջիկ, կամ, որ հայրիկն ունի մեքենա, իսկ մայրիկը՝ ընդամենը մի գլխարկ։
Պատճառահետևանքային կապը
«Մենք չենք նկատում, որովհետև ինքներս էլ նման դասագրքերով ենք սովորել։ Սա համարում ենք նորմալ և չգիտենք, որ կան նյութի մատուցման այլ մեթոդներ»,- ասում է Կոջոյանը։
Նա դպրոցի դասագրքերում սեռերի անհավասար մատուցման մի քանի մեթոդ է նկատել․
- Առաջադրանքներ և օրինակներ․ կինը լվացք է անում, տղամարդը հեռուստացույց է դիտում։ Սա ձևավորում է սոցիալական դերերի բաշխվածության մոդել։
- Նկարներ․ լաբորատորիայում գիտափորձի նյութերի ու սրվակների պատկերն ամբողջացնում է տղա երեխան։ Սա ձևավորում է մասնագիտական հավակնությունների շրջանակ։
- Բովանդակություն․ պատշաճ ներկայացված չեն կանանց կատարած գիտական հայտնագործությունները, հեղինակած ստեղծագործությունները։
Եվս մի հետաքրքիր օրինակ տարբեր տարիներին կիրառված 3-րդ դասարանի անգլերենի դասագրքերից։ Եթե նախորդ հրատարակչության մեջ աշակերտները գլխի մասերը սովորում էին աղջկա գլխի և դեմքի, իսկ մարմնի մասերը՝ տղայի մարմնի միջոցով, ապա 2022թ․-ից սկսած՝ մարմնի մասերն անգլերեն սովորելու համար դասագրքում կա մեկ կերպար, և այդ կերպարը տղա է (տես պատկերը)։
Հարց է առաջանում ինչո՞ւ է առաջացել այս խնդիրը, և ինչո՞վ է պայմանավորված դասագրքերում կանանց ու նրանց մասնագիտությունները չներկայացնելը, հեղինակների ցանկությա՞մբ, թե՞ այդ աշխատանքների բացակայությամբ։
Անի Կոջոյանն ասում է, որ ժամանակին կանանց արգելվել է կրթված լինել ու ստեղծել, հետևաբար կանայք ու տղամարդիկ միաժամանակ չեն մեկնարկել կրթական-գիտական մրցավազքը։ Սակայն այն քչերը, որոնք հաջողել են, պետք է ներկայացվեն դասագրքերում, որ հաջորդ սերունդը կոտրի արգելքների շղթան։
«Եղել է դեպք, երբ, օրինակ, գրականության թեման մանկավարժական համայնքի հետ քննարկելիս, մասնակիցներից հարց է հնչել՝ հա բայց ո՞ւր ա կին գրող, ես ասում եմ՝ մի րոպե, հենց հիմա բոլորս մեր հեռախոսներով համացանցում որոնում ենք «հայ կին գրողները 20-րդ դարում»։ Վայրկյանական բերում է ցանկը։ Հաջորդ մեկնաբանությունը՝ հա բայց կանանց գրածը ի՞նչ արժեք պիտի ներկայացնի որ»։
ՀՀ կառավարությունն արտահայտել է կրթության համակարգում գենդերային հավասարության սկզբունքները ներառելու իր հանձնառությունը 2010-ի «Գենդերային քաղաքականության հայեցակարգի» և 2013-ի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ Սրանցով գենդերային հավասարությունը ճանաչվում է գերակա ուղղություն և կոչ է արվում գենդերային ասպեկտներն ինտեգրել հանրակրթության բոլոր աստիճանների ծրագրերում։
«Ես՝ որպես հետազոտող, բոլոր դասագրքերն եմ նայել (խմբ․ խոսքը նախորդ շրջափուլի՝ 2002-2021 թթ․-ին հաստատված և հրատարակված դասագրքերի մասին է), բոլորն էլ ունեն իրենց խնդիրները։ Նախորդ տարվանից անցկացվում են նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքերի մրցույթներ, բայց չեն դրվել գենդերային, գենդերազգայուն կամ գենդերաարձագանքող ցուցիչներ, որ դասագիրք կազմողն իմանա, որ այդ տեսանկյունից էլ է գնահատվելու դասագիրքը»։
Նոր դասագրքերի գենդերազգայնությունը մասնագետը դեռ չի չափել, սակայն հաշվի առնելով պահանջի բացակայությունը՝ լավատեսական սպասումներ չունի։ «Ամփոփ Մեդիա»-ն ուսումնասիրել է նոր դասագրքերից չորսի վիզուալ բովանդակությունը և պարզել, որ ի տարբերություն նախորդ տարիներին կիրառված դասագրքերի՝ նորերում կա որոշակի դրական տեղաշարժ, սակայն ընդհանուր առմամբ բոլոր չորս դասագրքերում էլ շարունակում է պահպանվել սեռերի ներկայացվածության անհավասար մատուցումը։
Օրինակ, 9-րդ դասարանի համար նախատեսված Հայոց լեզվի դասագրքի (Հեղինակներ՝ Հ․ Բարսեղյան, Փ․ Մեյթիխանյան, 2023թ․) շապիկին ներկայացված է դասասեղանների շուրջ նստած աղջիկների լուսանկար, ինչը տպավորություն է ստեղծում, թե գիրքը նախատեսված է միայն աղջիկ աշակերտների համար։ Նույն դասագրքում, մարդկանց ժեստերը վիզուալ պատկերված են միայն արական սեռի կերպարների միջոցով։
Ցանկություն ու ճաշա՞կ, թե՞ պարտադրանք
«Անցած տարի «Ես և շրջակա աշխարհը» դասագիրքը ստեղծելիս՝ մեր աշխատանքային խումբը, փորձագետների օգնությամբ, հատուկ ուշադրություն է դարձրել դերային բաշխումներին»,- ասում է Վահրամ Սողոմոնյանը։
Նա «Մասնակցային դպրոց» կրթական հիմադրամի տնօրենն է, 2022-ից սկսել է մասնակցել դասագրքաստեղծման գործընթացին։ Այս հիմնադրամն է հեղինակել «Հայոց պատմության», «Հասարակագիտության» 7-րդ և 8-րդ, «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 3-րդ, «Հանրահաշվի»՝ 7-րդ և «Գերմաներենի»՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանների դասագրքերը։
Ասում է՝ բոլոր դեպքերում առաջնորդվել են մասնակցային ժողովրդավարական մշակույթ ձևավորելու իրենց ցանկությամբ, փորձել են պահպանել դասագրքերում սեռերի հավասար ներգրավումը, սակայն ոչ թե պետության պահանջով, այլ սեփական նախաձեռնությամբ։
«Հանրահաշվի»՝ 7-րդ դասարանի դասագրքի (Հեղինակներ՝ Ս․ Գոգյան, Վ․ Դիլանյան, 2023թ․) հիմնական հերոսը տղա է՝ Դուբի անունով, ով, ինչպես գրքի հեղինակներն են նշել գրքի առաջին էջերում՝ Մաթեմյանների ընտանիքի երեք երեխաներից միջնեկն է։ Դուբին 7-րդ դասարանցի է, և հենց այս կերպարի միջոցով էլ մատուցվում են առարկայի նյութերը։ Գրքի հերոսների առաջին հայացքից տարօրինակ անունների մասին բացատրությունը կարող եք կարդալ պատկերի աջ հատվածում։
«Դասագիրք ստեղծողները գիտեն, որ այդ ամենը հաշվի է առնվում», – պնդում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։
Դասագրքերի մրցույթն ամփոփվում է անկախ փորձաքննող խմբերի գնահատականների հիման վրա։ Գնահատման սանդղակում, սակայն, գենդերազգայնությանը վերաբերող տող չկա։
Այնուամենայնիվ, Արտաշես Թորոսյանը սա խիստ անհրաժեշտ է համարում։
Պատմում է՝ 1994-95 ուստարում, երբ դասավանդում էր դպրոցում, 3-րդ դասարանի մի տղա ոգևորված ու ափսոսանքով ասել է՝ կուզեի ուսուցիչ դառնալ, ափսոս տղամարդկանց չի կարելի։ Այժմ՝ արդեն ԿԶՆԱԿ-ը ղեկավարողի դիրքից ասում է՝ դպրոցն ու դասագիրքը ոչ մի դեպքում չպիտի սահմանափակեն երեխայի մասնագիտական երազանքները․
Կուզեի ուսուցիչ դառնալ, ափսոս տղամարդկանց չի կարելի
«Մասնագիտությունների զգալի մասը գենդերի (խմբ․ վարքագծային, մշակութային կամ հուզական հատկություններ, որոնք սովորաբար վերագրվում են այս կամ այն սեռին) հետ ոչ մի կապ չունի։ Սա կարևոր է հաշվի առնել հենց դասագրքերի մեջ օրինակներ բերելիս, նկարներ տեղադրելիս, տարբեր նկարագրություններ կատարելիս»,- ասում է Թորոսյանը։ Ըստ նրա, գաղափարն այն է, որ երեխաները վաղվա իրականությունը տեսնեն ու հասկանան՝ որտեղ ինչ հնարավորություններ ունեն։
«Ցավոք, հիմա դա դեռ չի գործում։ Ինչքան էլ ձևական փորձենք ասել՝ հա»։
Բայց խնդիրը միայն դասագիրքը չէ։ Դասագրքում քանոնով հավասարություն չի չափվում՝ ասում է Թորոսյանը։ Պետք է գաղափարը ներկայացված լինի։ Սակայն ամենանորարար դասագիրքն անգամ անզոր կլինի, եթե այն մեկնաբանի նույն կարծրատիպերով դասարան մտնող ուսուցիչը։ Այս պատճառով առաջիկայում նախատեսված են գենդերազգայուն կրթություն իրականացնելու վերաբերյալ հեռավար դասընթացներ, որոնք ուսուցիչներին ավելի զգույշ լինել ու խտրական վերաբերմունք չարտահայտել են սովորեցնելու։
Սակայն ինչպե՞ս խմբագրել պատմությունը։
Գրականագետ, «Գրականության» 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը գաղափարն ազնիվ, բայց երբեմն անիրականանալի է համարում։ Ասում է՝ մենք դեպքերին նայում ենք 21-րդ դարի հեռավորությամբ ու պահանջում, որ 6-10-րդ դարերը համապատասխանեն մեր ստանդարտներին։
«7-րդ դասարանի դասագիրքը 20-րդ դարի հայ գրականությունն է, Չարենցով սկսվում է, Հրանտ Մաթևոսյանով՝ ավարտվում։ 20-րդ դարում մի քիչ ակտիվ էինք և ունեինք կին գրողներ։ Օրինակ, այդ դասագրքում ընդգրկված են Սիլվա Կապուտիկյանն ու Զապել Եսայանը․ սա բարեբաստիկ դրություն է։ Բայց սա չի նշանակում, որ այս տրամաբանությունը հնարավոր է տարածել, օրինակ, 8-րդ կամ 9-րդ դասարանների դասագրքերի վրա, որտեղ ոչ մի կին հեղինակ չկա։ Դու չափորոշչով ինչքան ուզում ես պահանջի ու պարտադրի, հազար կռիվ արա։ Ժողովո՛ւրդ, եթե ես այդ շրջանում հեղինակ չունեմ, ինչպե՞ս կարող եմ տեղադրել։ Անգամ եթե գտնեք այդ հեղինակներին, գուցե նրանք այդ արժեքները չե՞ն ստեղծել, որ ընդգրկվեն ուսումնական ծրագրերում։ Հանուն գենդերազգայնության պեղենք, վերցնենք Սրբուհի Տյուսաբի՞ն, որն այսօրվա հայացքով միջին վիպասան է ու դասագրքից հանենք Մուրացանի՞ն կամ որևէ այլ ակնառու հեղինակի՞»։
Արքմենիկ Նիկողոսյանն առաջարկում է խնդրին նայել ևս 2 դիտանկյունով։
- Պահանջ, որ հակասում է մեկ այլ պահանջի․ «Հատկապես Թումանյանի, Տերյանի, Չարենցի ստեղծագործության մեջ շատ կարևոր դեր ունեն կա՛մ իրենց մայրերը, կա՛մ կյանքում հանդիպած կանայք։ Ընդ որում՝ այդ կանայք կարող են գրողի կյանքում շատ տարբեր դերակատարություն ունեցած լինել։ Այստեղ էլ բախվում ենք մեկ այլ խնդրի․ չափորոշիչը պահանջում է խրախուսել ամուր ընտանիքը։ Բայց, օրինակ, Չարենցի պարագայում գործ ունենք բազմաթիվ կանանց հետ, որոնց մասին ստիպված խոսում ես, որ ցույց տաս կանանց մեծ դերը․․․դե արի ու բացատրի»։
- Խմբագրե՞լ Շիրվանզադեին ու Նար-Դոսին․ «Իհարկե, ունեցել ենք գրողներ, որոնք բարձրացրել են կնոջ ազատականության հարցը, տարբեր թեմաներ։ Փորձել ենք այդ տեսակ տեքստեր դնել։ Բայց, մյուս կողմից, պատմվածքներ ունենք, որտեղ միշտ կանայք մեղավոր են դուրս գալիս։ Օրինակներ կարող եմ բերել՝ Շիրվանզադեի «Արտիստը», Նար-Դոսի «Ես և նա»-ն, «Զաբուղոն» նորավեպը։ Ի՞նչ անել այս տեքստերի հետ։ Շատ է դժվարանում մեր կյանքը»։
Այժմ ազատ կարելի է մասնակցել մշակութային, հասարակական, գիտական, քաղաքական կյանքին՝ անկախ սեռից
Հաշվիչը մի կողմ դրեք՝ առաջարկում է Նիկողոսյանը։ Ըստ նրա, ծայրահեղական մոտեցումները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Նույնիսկ եթե նախկինում ուսուցիչ կամ ֆիզիկոս դառնալու երազանքն անիրականանալի էր, քանի որ առաջինի մասին երազողը տղա էր, երկրորդի մասին երազողը՝ աղջիկ, այժմ կարևոր է, որ դասագիրքը, ծնողն ու ուսուցիչը պատմեն իրականությունը երեկվա ու այսօրվա կյանքի մասին և աշակերտին հուշեն՝ այժմ ազատ կարելի է մասնակցել մշակութային, հասարակական, գիտական, քաղաքական կյանքին՝ անկախ սեռից։
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիա»-ի և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/09/2024