2019թ.-ի ընթացքում Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հետ կապված վիրահատությունների ծախսերը քաղաքացիների համար կփոխհատուցվի պետական բյուջեից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ հունվարին էր հանրությանը տեղեկացրել, որ անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստացող ուռուցքով հիվանդների շրջանակը կընդլայնվի:
Առողջապահության նախարարությունից էլ ավելի հստակեցրին. Հայաստանի շուրջ 10 հիվանդանոցներում իրականացվող ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների ծախսերը կփոխհատուցի պետությունը: Հիվանդանոցներից 8-ը գտնվում է Երևանում, մյուս երկուսը` Գյումրիում և Վանաձորում:
Դրանք են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Նաիրի», «Սբ. Աստվածամայր», «Արթմեդ», «Շենգավիթ» բժշկական կենտրոնները, Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ն, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերն ու Վանաձորի ԲԿ- ն։
Առողջապահության նախարարության թեժ գծի համարը` 8003
Նախկինում ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների գումարը պետությունը մասամբ էր փոխհատուցում` հիմնականում սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց: Այժմ, անկախ հիվանդի սոցիալական խմբից, դրանք արվելու են բացառապես պետպատվերի շրջանակում։
Մասամբ վճարովի կմնա ճառագայթային բուժումը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում չընդգրկված այն անձանց համար, որոնց մոտ կհայտնաբերվի չարորակ նորագոյացություն և կնշանակվի ճառագայթային բուժում, կգործի համավճարի սկզբունքը, այսինքն՝ հիվանդը կվճարի ծառայության արժեքի միայն մի մասը, մնացածը` կհոգա պետությունը: Իսկ ահա բարորակ հիվանդությունների դեպքում ճառագայթային բուժումը կլինի վճարովի։ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար, սակայն, ճառագայթային բուժման ծախսերը՝ թե՛ բարորակ, թե՛ չարորակ նորագոյացությունների դեպքում, կշարունակի հոգալ պետությունը:
Այս մասին «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասաց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մարգարյանը: Նա հավելեց, որ նույն՝ համավճարի սկզբունքը գործելու է նաև քիմիաթերապևտիկ բուժման դեպքում:
Այս նպատակով պետությունը խոցելի խմբերին պատկանող յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան կհատկացնի 300 հազար դրամ, մյուս քաղաքացիների համար՝ 150 հազար։
Չարորակ ուռուցքների բուժման համար Հայաստանում շուտով կկիրառվի նաև արագացուցիչներով ճառագայթային բուժումը: Այդ եղանակով բուժում իրականացնելու հնարավորություն կա առայժմ միայն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այս նպատակով պետական միջոցներից 200 մլն դրամ կհատկացվի: Մարգարյանի խոսքով՝ այն առաջին հերթին կուղղվի ագրեսիվ ուռուցք ունեցող 200 հիվանդի բուժմանը։
Փաստացի
Հայաստանում չարորակ նորագոյացություններից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%)՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Վերջին 30 տարվա ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ: 2018-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 43 830 է. ամեն տարի գրանցվում է մոտ 8500 նոր դեպք։
Հայաստանում՝ կանանց շրջանում, քաղցկեղով հիվանդացության ու մահացության վիճակագրությունը մտահոգիչ է։ Հիվանդների ընդհանուր թիվը 15 տարվա ընթացքում աճել է գրեթե 1.4 անգամ՝ 2017-ին հասնելով 3116-ի։
Տղամարդկանց շրջանում տարածվածությամբ առաջին տեղում թոքի քաղցկեղն է, ընդ որում՝ հիվանդացության դեպքերի մոտ 68%-ը հայտնաբերվում է 4-րդ փուլում:
Իրավիճակ
Չարորակ նորագոյացությունների բարձր ցուցանիշների պատճառներից է ՀՀ քաղաքացիների կողմից պրոֆիլակտիկ հետազոտություն անցնելու մշակույթի բացակայությունը: Ժամանակ առ ժամանակ բժշկական կենտրոններում ստուգվելու դեպքում մեծանում է վաղ փուլում հիվանդության հայտնաբերման հավանականությունը: Այս դեպքում, ըստ մասնագետների, 30-50%-ը հնարավոր է կանխարգելել և բուժել: Մինչդեռ դեպքերի շուրջ 60%-ը հայտնաբերվում է հիվանդության վերջին՝ 3-րդ և 4-րդ փուլերում, որը մեծապես անդրադառնում է բուժման որակի և կյանքի տևողության վրա:
Կանխարգելման նպատակով 2019թ. կշարունակվի կանանց բնորոշ քաղցկեղի տեսակների վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող սկրինինգային ծրագիրը։ 2015թ.-ից պոլիկլինիկաներում իրականացվող այս ծրագրի միջոցով հետազոտություն է անցել ավելի քան 210 հազար կին, որոնց 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի խնդիրներ:
Գլխուղեղի կաթվածի բուժօգնության վճարման մեխանիզմները
Փետրվարի 1-ից անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն նաև այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է գլխուղեղի սուր իշեմիկ կաթված (ինսուլտ) կամ դրա կլինիկական նախանշաններ, ինչից հետո հիվանդը կաթվածի կենտրոն է հասցվել 24 ժամվա ընթացքում:
Կաթվածի կենտրոններ առայժմ գործում են միայն երկու բուժհաստատությունում, երկուսն էլ մայրաքաղաքում՝ «Էրեբունի» ԲԿ-ում և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։
Գլխուղեղի խցանված անոթները բացելով և կաթվածը կանխարգելելով՝ ակնկալվում է նվազեցնել գլխուղեղի իշեմիկ կաթվածներով պայմանավորված մահացության դեպքերն ու մոտ 40%-ով նվազեցնել հաշմանդամությունը։
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 400 մլն դրամ` մեկ տարվա ընթացքում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածով 250 հիվանդի բուժման համար։ Կանխատեսվում է, որ տարեկան սուր իշեմիկ կաթվածով այսքան մարդ կընդգրկվի ծրագրում։ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Աղաջանյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկված պացիենտների անհրաժեշտ հետազոտություններն ու հետագա վերականգնողական փուլի ծախսերը կհոգա պետությունը։
Նախարարությունը նպատակ ունի ավելացնել ծրագրում ընդգրկված հիվանդանոցների թիվը, առաջին հերթին՝ մարզերում: Աղաջանյանը նշում է՝ շատ կարևոր է, որ կլինիկական նշաններն ի հայտ գալուց հետո 4.5 ժամվա ընթացքում պացիենտը տեղափոխվի կաթվածի կենտրոն, ինչը հնարավորություն կտա կանխել զարգացումը: Մինչդեռ հեռավոր բնակավայրերից քիչ հավանական է այդքան արագ հասցնել Երևանում գործող կենտրոններ, հետևաբար մարզերում նմանատիպ կենտրոնների հիմնումը անհրաժեշտություն է։
Տարակարծություններ
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը բժիշկների կողմից միանշանակ չի ընդունվել. դժգոհության պատճառներից մեկը ծրագրում ընդգրկված հիվանդանոցների խիստ սահմանափակ թիվն է: Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը, որը մասնակցել է ծրագրի մշակմանը, չի ժխտել, որ ծրագրում խնդիրներ կան, և որ ցանկալի կլիներ այլ բուժկենտրոններ ևս ներառվեին այս ծրագրում։
Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ Հովհաննես Մանվելյանը գաղափարը ողջունելի է համարում, բայցև, միևնույն ժամանակ, ծրագրի խնդրահարույց կողմերը մատնանշում։
«Այն, որ դա պետք է արվի, ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց, որպեսզի ծրագիրն արդյունավետ աշխատի, պետք էր մասնագիտական քննարկում կազմակերպել, լսել տեղի մասնագետների կարծիքը՝ նախքան պրոտոկոլների ընդունումը»,-«Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասաց Մանվելյանը։
Նա անտրամաբանական է համարում տեղի մասնագիտական ռեսուրսի անտեսումն ու Սփյուռքից համապատասխան մասնագետների ներգրավումը ծրագրում:
Նշենք, որ համաձայն Առողջապահության նախարարության՝ ազգային ծրագրի մշակման գործում մեծ դերակատարում է ունեցել նաև Սփյուռքի աշխատանքային խումբը:
Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը
Ինֆոգրաֆիկաների հեղինակ և պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գևորգյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/02/2019