Իրավունք Քաղաքական

Ապատեղեկատվության դեմ պայքա՞ր, թե՞ դրա բացակայություն

արտաքին դերակատարներ, մարտահրավերներ և լուծումներ

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պարագայում յուրաքանչյուր ոք կարող է սոցիալական ցանցերի, յութուբյան ալիքների միջոցով լսարան հավաքել, տարածել տեղեկատվություն։ Պատերազմական ու ճգնաժամային իրավիճակում էլ ավելի կարևոր է դառնում տեղեկատվության ստուգված լինելը։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանցիները կոտորել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղերի բնակչությանը։ Այս տեղեկությունն արտատպեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ։ Որոշ ժամանակ անց ՍիվիլՆեթը հերքեց Թաղավարդում բնակչության կոտորածի մասին պնդումները։

Գուգլ համակարգում այսօր էլ hնարավոր է գտնել Թաղավարդի մասին կեղծ տեղեկություն տարածած աղբյուրների հղումներ, 07.03.2024թ․

 

Պատերազմական իրավիճակում, սահմանային լարվածության պարագայում ապատեղեկատվությունը և չստուգված տեղեկատվությունը կարող են ծանր հետևանքներ ունենալ, ինչի օրինակն է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Վարդենիսում տեղի ունեցած ողբերգական դեպքը:

Վարդենիսի բնակիչներից մեկը ինքնասպանություն գործեց՝ լսելով որդու զոհվելու մասին լուրը։ Ինքնասպանությունից հետո տեղեկությունը հերքվեց։ Այս դեպքն ընդգծեց տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների ծանր հետևանքները:

Ինքնասպանություն՝ կեղծ տեղեկատվության տարածման հետևանքով

Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ ողբերգությունը վերագրելով այլընտրանքային աղբյուրներին ապավինմանը։ Նա հորդորեց հանրությանը հետևողականորեն հետևել պաշտոնական աղբյուրներին՝ ճշգրիտ տեղեկատվության համար։


Ապատեղեկատվություն․ երբ կեղծ տեղեկությունները գիտակցաբար տարածվում են վնաս պատճառելու նպատակով: Ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է չարամիտ դրդապատճառներ ունեցող դերակատարների կողմից և կարող է համաձայնեցված լայնածավալ արշավների մաս կազմել:


Մինչդեռ մեդիա փորձագետները պնդում են, որ կառավարությունը առանցքային դեր է խաղում ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում, հատկապես այնպիսի զգայուն իրավիճակների ժամանակ, ինչպիսիք են պատերազմը և դրա հետևանքները: Պետական պաշտոնյաների և գերատեսչությունների կողմից սխալ հաղորդակցումը խորացնում է տեղեկատվական ռիսկերը և հանգեցնում անապահով միջավայրի ստեղծմանը:

Ըստ մեդիա հետազոտող, փաստերի ստուգման մասնագետ Հարություն Ծատրյանի՝ պետական մարմինների կողմից հասարակության մտահոգությունների ոչ բավարար պարզաբանումը տեղեկատվական բաց է ստեղծում։

«Հանրային հետաքրքրության հարցերը պետական մարմինների կողմից չեն պարզաբանվում ժամանակին և մատչելի կերպով՝ ստեղծելով տեղեկատվական բաց, որն էլ լցվում է կա՛մ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությամբ, կա՛մ մնում է դատարկ` խարխլելով հանրային վստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ», – նշում է Ծատրյանը։

Փորձագետները պնդում են, որ պատշաճ հանրային հաղորդակցությունը շատ կարևոր է ապատեղեկատվությունը կանխելու և տեղեկատվական բացերը վերացնելու համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծում է օրենսդրական փոփոխությունների ու հանրության մեդիագրագիտության բարձրացման անհրաժեշտությունը՝ հավաստի լուրերը ապատեղեկատվությունից տարբերելու համար։

Մելիքյանի կարծիքով՝ ապատեղեկատվություն տարածող հարթակների ամբողջական արգելքը վտանգ է ներկայացնում խոսքի ազատության համար, որը ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է: «Բայց մյուս կողմից հանրությունը պետք է կարողանա զատել որակյալ լրատվությունը ապատեղեկատվություն տարածող ինքնաարտահայտման սուբյեկտներից»։

Մելիքյանի կարծիքով հարկավոր են օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև մեծ աշխատանք հասարակության հետ, որպեսզի հանրային առաքելություն կատարող, որակյալ գործունեություն իրականացնող լրատվամիջոցները տարանջատվեն ու շատ ավելի հայտնի լինեն հանրությանը, մարդիկ հասկանան, թե ում կարելի է վստահել, ում՝ ոչ։

Արտաքին դերակատարներն ուժեղացնում են ապատեղեկատվությունը հետպատերազմյան Հայաստանում

2020թ-ի արցախյան երկրորդ պատերազմից հետո, փորձագետների գնահատմամբ, Հայաստանն ավելի շատ է բախվում ապատեղեկատվության աճող սպառնալիքի հետ, որը մեծ ազդեցություն է ունենում հանրային մոբիլիզացիայի, վախ սերմանելու և պետական քաղաքականության ձևավորման վրա։

«Հայաստանը կանգնած է իր ազգային անվտանգության համար ճգնաժամային մարտահրավերի առաջ, քանի որ տարածվող ապատեղեկատվությունը շահագործում է պատերազմի և Արցախի հայաթափումից հետո հասարակության սրված հուզական վիճակը»,-ընդգծում է Հարություն Ծատրյանը։

Ըստ նրա՝ չնայած ռիսկերի գիտակցմանը, պետական կառույցներն ապատեղեկատվության ազդեցությունը մեղմելու և չեզոքացնելու համար համարժեք քայլեր չեն ձեռնարկում։ Հարություն Ծատրյանը նշում է, որ արտաքին դերակատարներն օգտագործում են հայ հանրության հետպատերազմյան էմոցիոնալ խոցելիությունը, թիրախավորում հանրային տրամադրությունները:

Ո՞վքեր են ապատեղեկատվություն տարածողները

Ապատեղեկատվության տարածման արտաքին դերակատարներից է Ադրբեջանը, բայց ոչ միայն։ Ադրբեջանական տեղեկատվական հոսքերի միջոցով Հայաստանի տեղեկատվական միջավայր է ներթափանցում ապատեղեկատվություն ռազմագերիների, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Հաճախ տարածվում էին հին տեսանյութեր՝ առկա անհանգստությունն ու խուճապը խորացնելու նպատակով:

«Ադրբեջանի իշխանությունը, ինչպես նաև Ադրբեջանին փոխկապակցված տարբեր ուժեր ապատեղեկատվական նյութերի միջոցով փորձում են հայ հասարակությանը պահել անվտանգային վակուումի, վախերի մեջ», – կարծում է Հարություն Ծատրյանը։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկատվական պատերազմի հիմնական մասնակիցների թվում բացի Ադրբեջանից, նշում է Ռուսաստանին, որոշ չափով նաև Թուրքիային։

Մելիքյանը կարևորում է ռուսական քարոզչության ազդեցությունը, որը սրվում է հատկապես այն ժամանակ, երբ Մոսկվան փորձում է դժգոհություններ հայտնել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։

«Կարող ենք հիշել, թե ինչպիսի քարոզչություն էին իրականացնում ռուսական «ՌՏՌ Պլանետան» և «Առաջին ալիքը»։ Որոշ հասարակական-քաղաքական հաղորդումներ այլ նպատակ չունեին, քան նսեմացնել, վարկաբեկել Հայաստանին և հայաստանյան իշխանություններին: Բանը հասավ նրան, որ ռուսական հեռուստաալիքների քարոզչության դեպքերը քննարկվեցին միջպետական մակարդակով», – ասում է Մելիքյանը։

Մելիքյանը հիշեցնում է, որ ռուսական կողմն ընդունեց, որ այստեղ ոչ միայն ապատեղեկատվության, այլև «Հայաստանին վարկաբեկելու միտում է եղել»։ ԽԱՊԿ նախագահն ընդգծում է, որ ապատեղեկատվություն տարածող արտաքին դերակատարների նպատակը հակաիշխանական ընդվզումներ հրահրելն ու հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալն է։ Նա կոչ է անում հայկական ԶԼՄ-ներին ցուցաբերել զգուշություն և արտաքին ուժերի կողմից տարածվող տեղեկությունները պարզապես չարտատպել, ստուգել փաստերը և որակյալ գործունեությամբ պայքարել ապատեղեկատվության դեմ։

«Իհարկե, միամիտ պետք չէ լինել ու պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Հայաստանում ունի իր ազդեցության տակ գտնվող և քաղաքական ուժեր, և այդ քաղաքական ուժերին սպասարկող լրատվամիջոցեր։ Ուստի, այս առումով շատ կարևոր է, որ հասարակությունն այնքան մեդիագրագետ լինի, որ տարբերակի ճշգրիտ և ապակողմնորոշիչ տեղեկատվությունը»:

Մելիքյանի խոսքով՝ ռուսական լրատվամիջոցների և ռուսամետ քաղաքական ուժերի կողմից ապատեղեկատվության տարածումը նպատակ ունի ազդել հայ հասարակության վրա՝ խթանելով հակաարևմտյան տրամադրությունները։ Այնուամենայնիվ, Մելիքյանը կարծում է, որ իրականացվող քարոզչությունն ու տարածվող ապատեղեկատվությունն ավելի ու ավելի անարդյունավետ են դառնում։

«44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ հայանպաստ ձևով հանգուցալուծելուց, Արցախի հայաթափումից հետո հայ հասարակությունը շատ լավ հասկանում է, թե դրա պատճառները որոնք են, ինչ դերակատարություն է ունեցել այդտեղ Ռուսաստանը։ Հակառակը՝ Ռուսաստանն իր քաղաքականությամբ և ռուսական լրատվամիջոցներն իրենց գործունեությամբ իրենք իրենց վարկաբեկեցին հայաստանյան հասարակության աչքերում և, կարծում եմ, շատ բան արդեն պարզ է դարձել մեր հասարակության համար», – ասում է Մելիքյանը:

Ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում մեդիա հետազոտող Հարություն Ծատրյանն ընդգծում է ինչպես հանրային մեդիագրագիտության, այնպես էլ կառավարության գործողությունների կարևորությունը։ Նա մտահոգություն է հայտնում Հայաստանում պետական քաղաքականության հստակ ծրագրի բացակայության կապակցությամբ՝ նշելով, որ թեև 2022 թվականին մշակվել է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն, սակայն տեսանելի առաջընթաց չկա դրա իրականացման գործում։

Ծատրյանը կարևորում է ռազմավարությունն իրականություն դարձնելու ակտիվ քայլերի անհրաժեշտությունը, քանի որ շուրջ երկու տարի է անցել ռազմավարությունը մշակելու գործընթացից, իսկ անվտանգային միջավայրում, նրա կարծիքով, շոշափելի փոփոխություններ չկան։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/03/2024