Իրավունք

Տեր Վարազդատ. «Ես հասկացա՝ ինչ է մահն, ու ինչ է նշանակում կորցնել անսպասելին»

Սեպտեմբերի 27-ի առավոտյան գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը Երևանում էր։ Սովորականի պես պատրաստվել ու գնացել էր Սբ․ Աննա եկեղեցի։ Վարագա խաչի տոնն էր, և պիտի պատարագ մատուցեր։

«Մարդիկ եկեղեցում հավաքված սպասում էին։ Մինչ կսկսեի պատարագը, ինձ մոտեցավ զինված ուժերում ծառայող ընկերներիցս մեկն ու ասաց, որ լայնամասշտաբ հարձակում է սկսվել։ Շփոթվեցի, բայց չէի կարող պատարագը չիրականացնել, թեև մտքերս արդեն Արցախում էին»,- ասում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատը և հստակ հիշում, որ հենց այդ պահին որոշեց՝ ավարտից հետո մեկնում է Արցախ։

«Այդպես էլ վարվեցի»։

Տեր Վարազդատը Նարեկ Սարկավագի ու Խաչիկ Դպիրի հետ միասին ուղևորվեց դեպի Արցախ։ Ճանապարհի ընթացքը լուռ ու լարված էր։ Զգացողությունները թեժացան հատկապես այն ժամանակ, երբ սկսեցին նկատել դեպի Հայաստան եկող կանանց և երեխաների խմբեր։

«Սարսափազդու էր տեսնել այլայլված ու վախեցած դեմքեր՝ արցունքոտ աչքերով։ Այդ ընթացքում մեզ համոզում էինք, որ սա ժամանակավոր է, և միգուցե իրավիճակը փոխվի, չնայած դեռ լիովին չէինք պատկերացնում եղելությունը։ Ստեփանակերտում սթափվեցինք և հասկացանք, որ սա այլ կռիվ էր»։

Առաջին պատերազմը չէր, որ գնդերեցը մասնակցում էր։ 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմին նույնպես Նարեկ Սարկավագի հետ շտապել էին Արցախ, փորձել իրենց ներդրումն ունենալ։ Ասում է՝ երկուսն էլ ծառայել են Արցախում․ Տեր Վարազդատը՝ Եղնիկներ կոչվող զորամասում, իսկ Նարեկ Սարկավագը՝ Մարտակերտում։ Միտքը, որ կարող ես հանկարծ կորցնել քեզ հարազատ հողը, դրա վրա անցկացրած տարիներդ, ավելի պատասխանատու էր դարձնում։

44-օրյա պատերազմի մասին խոսելիս չի կարողանում թաքցնել հուզմունքը։ Պատերազմն աչքերի առաջ դաջել է հիշողություններ, որոնք ամբողջ կյանքի համար են։

«Ես տեսել եմ պատկերներ, որոնք երբեք չեն ջնջվի մտքիցս, տեսել եմ վիրավորներ՝ կռվելու ու ռազմադաշտ վերադառնալու անսասան ոգով, զոհերի, որոնց մարմինները լուռ գրկել ենք ու օգնել տեղափոխման հարցերում։ Իսկ ո՞վ է ասել, որ հոգևորականը միայն աղոթք է կարդում»։

Պատերազմական իրադրության ժամանակ գնդերեցները եղել են մարտական տարբեր դիրքերում՝ համակարգելով նույնիսկ իրենց գործառույթներից դուրս կատարվող աշխատանքներ, սակայն, միևնույն ժամանակ, չեն մոռացել գլխավորը՝ մկրտությունը։

«Մատաղիսում կրակոցների, ռումբերի, արկերի պայթյունների տակ մկրտություն էինք կատարում։ Պատգամը հետևյալն էր՝ զինվորները նահատակվելու դեպքում ուզում էին որպես քրիստոնյա հերոսանալ։ Ծայրահեղ հիասթափության դեպքեր ևս եղել են։ Հադրութում մեր զինվորները չէին կարողացել դիմադրություն ցույց տալ, հուսահատված ու այլայլված սպասել են հաջորդ հրահանգին։ Մեր ծառայակից գնդերեցներն էլ զինվորներին քաջալերելու համար բադ են որսացել հարակից տարածքից ու զինվորների համար ճաշ պատրաստել»,- ժպիտով է հիշում։

«Հաճախ մեզ թվում էր, թե զինվորը քաջալերման, գոտեպնդման կարիք ունի։ Որպես կանոն՝ հակառակն էր լինում․ իրենք էին մեզ գոտեպնդում, քաջալերում։ Երբեմն նույնիսկ ոչինչ չէին ասում, բայց իրենք իրենց գործով ու վարքով վկայություն էին մեզ համար»,- հիացական ժպիտով պատմում է գնդերեցը և ավելացնում․

«Ռազմաճակատ ուղևորվելիս՝ Ամենայն հայոց Կաթողիկոսն օրհնված խաչեր է հանձնել գնդերեցներին, որպեսզի փոխանցեն զինվորներին։ Վերջիններս իրենց ծոցագրպաններում ամուր պահում էին խաչերը, երբեմն՝ ափերի մեջ բռնած աղոթում։ Զինվորներն իսկապես մեծագույն ուսուցիչներ են եղել թե՛ կամավորների և թե՛ գնդերեցների համար։ Իրենք մեզ սովորեցրել են չվախենալ, ու առհասարակ, չվախենալ մահից, որը, գիտե՞ք ինչ դժվար է․ տեսնել մահն ու ընդառաջ գնալ դրան՝ պատվով, ժպիտով ու հույսով»։

Թեև շարունակ քարոզում էին, որ վախը թերահավատության նշան է, բայց կար գիտակցումը․ «Չկա որևէ մեկը, որ չվախենա մահից, կորստից, բայց իրավիճակները սովորեցնում են քեզ հարմարվել։ Մեր իրավիճակն էլ պատերազմն էր։ Սկզբում շատ ես վախենում, հետո այն դառնում է առօրյա»։

Տեր Վարազդատը մի պահ լռում է, այնուհետև ասում․

«Ես հասկացա՝ ինչ է մահն ու ինչ է նշանակում կորցնել անսպասելին։ Նարեկ Սարկավագի մահն ամենածանր հարվածն էր ինձ համար։ Նրա հետ մի ամբողջ կյանքի երկար տարիներ ենք անցկացրել։ Ես հաշտվել էի նույնիսկ իմ մահվան մտքի հետ, բայց մինչ այսօր չեմ համակերպվում Նարեկ Սարկավագին կորցնելու մտքին»,- անկեղծանում է։ Նարեկ սարկավագը Մարտունի ուղևորվելու ճանապարհին ռմբակոծության հետևանքով է զոհվում։

«Ես չեմ տեսնում, որ մենք դասեր ենք քաղել կամ քաղում պատերազմի աղետից, որ փորձում ենք լինել ավելի միասնական, միահամուռ։ Ցավով եմ ասում, բայց մեր ազգը չի ձգտում փոփոխության։ Գարեգին Ա Կաթողիկոսն ասել է․ «Անտարբերությունը 8-րդ մահացու մեղքն է»։ Այսօր ես շատ անտարբերություն եմ նկատում մարդկանց աչքերում ու հոգիներում։ Առաջինը պիտի արմատախիլ անենք այդ անտարբերությունը, հետո նոր, եթե այլևս կարողանանք, շարժվենք առաջ։

Այսօր էլ Տեր Վարազդատը պատարագ էր մատուցում Երևանի կայազորային հոսպիտալում [Կանազ]։ Զինվորների շարժը չէր դադարում։

Պատարագի վերջում գնդերեցը խոսում է հայրենասիրությունից և խոսքն ուղղում զինվորներին։

«Մենք հաճախ գոչում ու աղաղակում ենք, որ հայրենասեր ենք, բայց հայրենասիրությունը գոչելով ու աղաղակելով չէ, այլ գործով ու կենցաղով, մեր ապրելակերպով։ Եվ պարտադիր չէ, որ պատերազմ լինի հայրենասիրությունն ապացուցելու համար։ Օրինակելի քաղաքացի լինելու պայմանն արդեն հայրենասիրության նշան է․ աղբն աղբամանում նետելու սկզբունքը, բնությունը չաղտոտելը և շատ այլ գործողություններ։ Հայրենասիրությունն օրինակելիությունն ու հավատարմությունն է երկրիդ նկատմամբ: Մեր զինվորներն արդեն իսկ ապացուցել են, հերթը թիկունքում ապրող հասարակությանն է», – եզրափակում է Տեր Վարազդատը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ Տեր Վարազդատի անձնական արխիվից

#դասերպատերազմից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/10/2021