Իրավունք

Եվրոպական դատարան. հանուն, ոչ թե ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների խախտման դեպքում, սպառելով Հայաստանի ներպետական բոլոր ատյանները և չստանալով ցանկալի արդյունք, Հայաստանի քաղաքացիները հաճախ հայցադիմում են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Սա միջազգային դատարան է, որը հիմնադրվել է 1959թ․ Ստրասբուրգում։ ՄԻԵԴ-ի նպատակն է պաշտպանել Եվրոպայի Խորհրդի  (ԵԽ) կողմից ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և նրան կից Արձանագրությունները (այսուհետ՝ Կոնվենցիա): Ըստ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի, ՄԻԵԴ-ին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ, անձանց խումբ կամ ոչ կառավարական կազմակերպություն, որը պնդում է, որ Կոնվենցիայով ճանաչված իր իրավունքները խախտվել են Կոնվենցիան վավերացրած պետության կողմից:

Թարմացվել է հունիսի 15-ին, 2018թ.:

Իրավիճակ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2002թ․՝ պարտավորվելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը: Հայաստանում Կոնվենցիայի դրույթները հավասարեցված են ազգային իրավունքին և հակասությունների դեպքում առաջնայնությունը տրվում է կոնվենցիային: ՄԻԵԴ-ի՝ Հայաստանին վերաբերող առաջին աղմկահարույց դեպքերից էր «Ա1+»-ի գործը։ 2004թ․ օգոստոսից ՄԻԵԴ-ը քննում էր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն և վերջինիս նախագահ Մեսրոպ Մովսեսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը՝ «Ա1+»-ի տեղեկատվության ազատ տարածման խախտված իրավունքը վերականգնելու նպատակով: Բանն այն էր, որ 2002թ. փետրվարին «Մելտեքս» ՍՊԸ մասնակցում էր հեռարձակման լիցենզիա ստանալու մրցույթին, որը տրամադրում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ): Մրցույթում հաղթող է ճանաչվում մեկ այլ ընկերություն, և «Ա1+»-ը 2002 թ. ապրիլի 3-ից դադարում է հեռարձակվել: Դրանից հետո մինչև 2004թ. հեռուստաընկերությունը մասնակցում է ևս 7 մրցույթի, սակայն կրկին մերժում է ստանում՝ առանց հիմնավոր պատճառների։ Հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, ՀՌԱՀ որոշումը բողոքարկելով ներպետական ատյաններում և մերժում ստանալով, դիմում է ՄԻԵԴ՝ որպես նյութական վնաս պահանջելով 1 միլիոն եվրո, որպես ոչ նյութական վնաս՝ 38 հազար եվրո և որպես դատարանում կատարված ծախսերի փոխհատուցում՝  մոտ 25 հազար եվրո: «Ա1+»-ի դեպքով վճիռը ՄԻԵԴ-ը կայացնում է չորս տարի անց՝ 2008 թ. հունիսին, ըստ որի, դատարանը նշում է, որ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ արտահայտվելու ազատությունը: Ըստ վճռի, Հայաստանի Հանրապետությունը վճռի ուժի մեջ մտնելուց հետո պետք է փոխհատուցեր «Մելտեքս» ՍՊԸ-ը ոչ նյութական վնասի համար՝ 20 հազար եվրո, իսկ դատարանում ծախսերի համար՝ 10 հազար եվրո:

Ինչպես այս, այնպես էլ շատ այլ դեպքերում, Եվրոպական դատարանն արագ չի կայացնում վճիռները: Շատ անգամ կողմերը ստիպված են լինում տարիներով սպասել իրենց ներկայացրած հայցի վճռին։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործերով վճիռներն սկսել են կայացվել 2007 թ-ից։  2018թ․ հունիսի 14-ի տվյալներով՝ Եվրոպական դատարանը 93 վճիռ է կայացրել: 88 վճիռներից 84-ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որեւէ խախտում չի արձանագրել: Դիմումատուների պահանջած և ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցման գումարների միջև էական տարբերություն կա: 2007-2018թթ. 93 գործով վերջնական դարձած վճիռներով դիմումատուները ներկայացրել են ավելի քան 23,5 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, մինչդեռ ՄԻԵԴ-ի սահմանած արդար փոխհատուցման գումարը կազմել  է 1,158,290 եվրո, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը:

2002-2017 թվականների ընթացքում ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:

Պատմական ակնարկ

ՄԻԵԴ-ը, գործունեության գրեթե վեց տասնյակ տարիների ընթացքում 10 հազարից ավելի վճիռներ է կայացրել: 1998 թ-ից սկսած՝ Եվրոպական դատարան կարող են դիմել նաև Կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների քաղաքացիներն անհատապես: Դատարանի խնդիրն է ապահովել, որ անդամ երկրները հարգեն Կոնվենցիայում և կից արձանագրություններում ընգրկված իրավունքներն ու երաշխիքները: Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումները, տալիս է եզրակացություն` երկրի թույլ տված խախտումների մասին և կայացնում է վճիռ:

ՄԻԵԴ վճիռները պարտադիր իրավական ուժ ունեն, և պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց: Սակայն ներպետական դատական համակարգի մաս չկազմելով, ՄԻԵԴ-ը իրավունք չունի պետությանը պարտադրել օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Այն կարող է որպես փաստ արձանագրել, որ տվյալ պետությունում ինչ-որ կոնկրետ խախտում զանգվածային և համակարգային բնույթ է կրում, և այդ պետությանն առաջարկել քայլեր ձեռարկել այդ թերությունը շտկելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բյուջեն 2018թ․ համար կազմել է 71,7 միլիոն եվրո: Բյուջեն կազմվում է Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների ֆինանսական օժանդակություններից՝ պայմանավորված պետության բնակչության և ՀՆԱ-ի ծավալներով: 2016թ․ Հայաստանի օժանդակությունը Եվրոպայի խորհրդին կազմել է մոտավորապես 365 հազար եվրո: ՄԻԵԴ-ի դատավորների թիվը համապատասխանում է Կոնվենցիան վավերացրած երկրների թվին՝ 47:  Որպես ազգային դատավոր ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը:

ՄԻԵԴ-ում ընդգրկված են նաև յուրաքանչյուր երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը 2004թ-ին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնադրման առաջին իսկ օրվանից եղել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով 2018թ-ի հունիսի 15-ին հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից իր հրաժարականի մասին` նշելով, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում կարող է փոխվել  նաեւ Եվրոպական դատարանում քննվող կամ քննվելիք գործերի նկատմամբ նոր կառավարության դիրքորոշումը, ուստի իր պաշտոնավարումն այս կառույցում այլևս նպատակահարմար չի համարում:

ՄԻԵԴ-ում անհատական հայցերը կարող են քննվել 3 տարբերակով՝ միանձնյա դատավորի, 3 դատավորով հանձնաժողովի, 7 դատավորով Պալատի կողմից, որին հաջորդում է Մեծ պալատը, որը կազմված է 17 դատավորից, այնուհետև՝ Նախարարների կոմիտեն: Հնարավոր չէ նախապես ասել, թե ՄԻԵԴ-ը որքան ժամանակում կքննի ներկայացված հայցը․ դա կախված է գործի կարևորությունից, հրատապությունից:

Փորձագետի կարծիք


Եվրոպական դատարանի վճիռները չափազանց կարեւոր են Հայաստանի իրավական համակարգի համար, քանի որ Եվրոպական կոնվենցիան Հայաստանի իրավական համակարգի անբաժանելի բաղկացուցիչ մասն է եւ նաեւ սահմանադրական իրավունքի աղբյուրը: Կարող են լինել դեպքեր, որոնք չհակասեն Կոնվենցիային, բայց հակասեն Հայաստանի Սահմանադրությանը։ Սահմանադրությունը ավելի քիչ չափորոշիչներ է սահմանում, քան Կոնվենցիան, բայց այն, ինչ հակասում է Եվրոպական կոնվենցիային, անվերապահորեն հակասում է Սահմանադրությանը:

Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ անդամ


Հղումների պահոց

  • Հայաստանի վերաբերյալ վճիռներ եվ որոշումներ
  • Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
  • Ուսումնական ձեռնարկ ուսուցիչների համար․Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Ամփոփեց Ամի Չիչակյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 26/12/2016