Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների` միայն 2018թ․-ին թմրամիջոցների օգտագործումից առաջացած հոգեկան և վարքի խանգարումներ ունեցող անձանց թիվը կազմել է 6951 մարդ։ Նրանց 61%-ը կամ 4231 հոգին պատկանում են 28-49 տարիքային խմբին։ Ընդհանուր թվից 116-ը կանայք են։
Վերոնշյալ թվերը վերաբերում են միայն դիսպանսերային հսկողության տակ գտնվող անձանց։
Ըստ Оur World in Data գիտական օնլայն պարբերականի` 2017թ․-ին ողջ աշխարհում տարբեր թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց թիվը հասել է 71 միլիոնի, իսկ թմրամիջոցի օգտագործման պատճառով վրա հասած մահերի թիվը՝ 166 հազարի։
Ու թեև տարածաշրջանում Հայաստանն ամենաբարվոք վիճակում է, այնուամենայնիվ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, թվերը տարեցտարի աճում են։
Իրավիճակ
Հայաստանում թմրամոլությամբ, ալկոհոլիզմով և թունամոլությամբ (խմբ․ թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահում) տառապող անձանց բժշկական օգնություն ցուցաբերում է ՀՀ առողջապահության նախարարության Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը։
ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական բժշկական օգնությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար։ Հիվանդանոցն ունի 60 մահճակալ։ Սակայն կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանն «Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասում է, որ կենտրոնի 40-50 ստացիոնար բուժվողների չնչին մասն է թմրամիջոց օգտագործող․ հիմնական հիվանդները ալկոհոլիզմով տառապող անձինք են։
«Մարդիկ, որոնք օգտագործում եմ թմրամիջոցներ առանց բժշկի նշանակման, տառապում են թմրամոլությամբ։ Կախված տարբեր թմրամիջոցներից, դրանց չափաբաժիններից և օգտագործման ժամանակահատվածից՝ առաջանում է կախվածություն»,- ասում է Սեմերջյանը։
Թմրամիջոցի օգտագործումն ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա։ Մարդիկ, որոնք երկար տարիներ օգտագործել են թմրամիջոցներ, ունենում են ձեռքբերովի այլ հիվանդություններ։
Սեմերջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում հաշվառված են այն քաղաքացիները, որոնք տարբեր կերպ են հայտնվում կլինիկայի տեսադաշտում․ մարդիկ, որոնք դիմում են բուժման համար կամ, որոնք իրավապահ մարմինների կողմից ենթարկվում են փորձաքննության՝ թմրամիջոցների օգտագործման կապակցությամբ։ Սակայն նրանց մեծ մասը Երևանից է և հիմնականում տղամարդիկ են։
Կլինիկայում բուժումն իրականացվում է միայն կամավոր սկզբունքով՝ հիվանդի դիմելու դեպքում։ Հազվադեպ՝ դատարանի որոշմամբ, այն կրում է հարկադիր բնույթ։ Սեմերջյանն ասում է՝ նման դեպքերը տարեկան 10-ից ավելի չեն լինում։
Հարցին, թե բուժումից հետո կա՞ն արդյոք վերադարձողներ, պատասխանում է՝ մեկ տարվա ընթացքում 20-25 %-ը։
Հայաստանում թմրամիջոցների մուտքն ու ելքը
Օգտագործվող թմրամիջոցներն «օդից չեն ընկնում»։ Որտեղի՞ց և ի՞նչ եղանակով են դրանք ներմուծվում կամ արտահանվում։
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի կողմից «Ամփոփ մեդիային» տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում ներմուծման և արտահանման մաքսանենգ դեպքերը միասին շուրջ 248-ն են, ընդ որում՝ ներմուծման դեպքերը մեծապես գերազանցում են:
ՀՀ-ում թմրամիջոցների մաքսանենգության ամենատարածված եղանակը փոստային կամ սուրհանդակային առաքանիների միջոցով իրականացվող մաքսանենգությունն է, ինչպես նաև սահմանային անցակետով ֆիզիկական անձանց վրա կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում թաքցնելու եղանակով իրականացվող մաքսանենգությունը։
Ներմուծման և արտահանման քանակով թմրամիջոցների ցուցակը գլխավորում է հետևյալ եռյակը՝ Հերոին, Ափիոն ու Մետամֆետամին։
2015-2019թթ․ առաջին կիսամյակում հայտնաբերվել է մաքսանենգության 66 դեպք։
Հայաստան անօրինական եղանակով թմրանյութ է ներմուծվել շուրջ 15 երկրից, իսկ արտահանվել՝ դեպի 6 երկիր․ «գլխավոր դերերում» ՀՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն են։ Սակայն աշխարհագրական սահմանները միայն այս երկու պետություններով չեն սահմանափակվում։
Այլընտրանք
Դեռևս 1937թ․-ին Գերմանիայում ստեղծված մեթադոնը հիմնականում օգտագործվում է ափիոնային կախվածությունից բուժման նպատակով։ Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է։ Նարկոլոգիական կլինիկան մեթադոնային փոխարինող բուժում իրականացնում է 2009թ․-ի հոկտեմբերից։
«Երբ աշխարհում բուժման նոր մեթոդիկա է լինում, մենք փորձում ենք ներմուծել և կիրառել Հայաստանում, այդ թվում՝ ափիոնային թմրամոլության փոխարինող բուժումը»,- ասում է Սեմերջյանը։
Ըստ կենտրոնի տնօրենի՝ Հայաստանում ամենատարածվածը կանեփից պատրաստված թմրամիջոցներն են։ «Մարդիկ, որոնք տառապում են ափիոնային թմրամոլությամբ և անհաջող բուժման փորձեր ունեն, մեթադոնային բուժման շնորհիվ իրենց անօրինական թմրամիջոցը փոխարինում են օրինական թմրամիջոցով»։
Երկրի գլխավոր նարկոլոգն ասում է, որ մեթադոնային փոխարինող բուժումը հետապնդում է մի քանի կարևոր ու առաջնային նպատակ՝ առողջության բարելավում, մասնավորապես՝ արյունածին հիվանդություններով (ՄԻԱՎ, Հեպատիտ C) վարակվելու վտանգի վերացում, կրիմինալ վարքագծի դրսևորման կանխում։
Այս պահին երևանաբնակ 300 անձ ստանում է մեթադոնային բուժում։ Այսինքն՝ ամեն առավոտ 300 հոգի այլևս չի գնում անօրինական ճանապարհով թմրամիջոց հայթայթելու։
«Ամեն մարդու բուժումն առանձնահատուկ է, բուժման կուրսի հստակ ժամանակահատված չկա։ Իհարկե, բոլոր դեպքերն էլ ծանր են, բայց համեմատության մեջ ծանր դեպքերի բուժումը երկար է տևում, ավելի թեթև դեպքերինը՝ կարճ։ Ինչ վերաբերում է ընտանիքներին, ապա կան այնպիսիք, որոնք աջակցում են, փորձում միասնական ուժերով հաղթահարել, սակայն լինում են նաև հակառակ դեպքեր»,- ասում է Սեմերջյանը։
Ոստիկանության տվյալներ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2018թ․-ի 12 ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործության 877 դեպք, որից 427-ը վերաբերում է վերոնշյալ նյութերի ապօրինի իրացմանը։
Ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 135 կգ 383 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 81 գրամ հոգեմետ նյութ, 0,448 կգ պրեկուրսոր։
Ոստիկանությունն իրականացնում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում, որի նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը։
Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Սոֆի Թովմասյան
Տվյալների մշակում և դիզայն՝ Գայանե Մելիքյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/10/2019