Կրթություն

«Նստի՛ր, 2» էլ չկա․ ինչպե՞ս կանդրադառնա թվանշանային գնահատման չեղարկումը ուսման վրա

Տարրական դպրոցում աշակերտներին այլևս չեն վախեցնի՝ ասելով՝ սովորիր, թե չէ 2 կստանաս և չեն ոգևորի՝ լավ սովորիր, որ բարձր ստանաս։

Հանրակրթության պետական չափորոշչով, որը շաբաթներ առաջ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից, մի շարք փոփոխություններ կկատարվեն դպրոցների ուսումնական գործընթացում։

1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները թվանշային գնահատական չեն ստանալու։ Ընթացիկ և ամփոփիչ գնահատման համար լինելու է աշակերտի ուսումնական առաջադիմության բնութագիր։ Ամփոփիչ գնահատական է դրվելու նաև 4-րդ դասարանի ավարտական քննության փոխարեն։

Թվանշային գնահատականները կնշանակվեն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից։

Թեմայի վերաբերյալ հակասական կարծիքներ կան․ մի մասը ողջունում է փոփոխությունը, մյուս մասը՝ թվարկում վտանգները։

Ուսուցիչ․ «Պարզապես պատրաստ չենք»

Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ․ 48 դպրոցի ուսուցչուհի Արուսյակ Հակոբյանն այս պահին դեմ է թվանշանով չգնահատելուն․ կարծում է՝ ուսուցիչները եւ աշակերտները պատրաստ չեն։

Հակոբյանը դասավանդում է տարրական դասարաններում և ասում է, որ դպրոցականների մեծ մասը սովորում է գնահատականի համար, իսկ ծնողները պարզապես կառչած են դրանից։ Ոգևորող խոսքեր այսօր ևս ասում են, բայց աշակերտի առաջադիմությունը բարձրացնելու համար, Հակոբյանը կարծում է, որ գնահատականն անհրաժեշտ է։

«Օրենքն ընդունում են, հետո են որոշում միջավայր ստեղծել դրա համար, բայց չէ՞ որ մինչ այդ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները»,- ընդգծում է Հակոբյանը՝ առաջարկելով մինչ օրենքի կիրառումը դասընթացներ, զրույցներ անցկացնել աշակերտների ու ծնողների համար։

Ըստ Հակոբյանի՝ գուցե շախմատ առարկայից գնահատական չստանալը ճիշտ է, բայց ոչ՝ մայրենիից ու մաթեմատիկայից։

Ուսուցչուհին չի պատկերացնում նաև՝ ինչպես են ամեն աշակերտի համար այդքան բնութագիր գրելու։ Առաջին դասարանում բնութագիր գրում են, բայց որքան դասարանը բարձր, այնքան առարկաները՝ շատ։

«Տաժանակիր աշխատանք է սպասվում, չեմ նախանձում ուսուցիչներին, նաև ինձ»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է նա։

Մինչ համընդհանուր կիրառումը, չափորոշիչն անցնելու է փորձարկում 2021 թ․ սեպտեմբերից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախատեսվում է իրականացնել վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի և 2023 թ-ից կներդրվի ՀՀ բոլոր դպրոցներում:

Փորձագետ․ «Ուսուցիչների համար ստեղծագործ մոտեցումներ կիրառելու լավ հնարավորություն»

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը հակառակ կարծիքն ունի․ մտածում է՝ աշակերտները պատրաստ են գնահատական չստանալ, իսկ ծնողներից՝ ոչ բոլորը։ Ըստ նրա` ծնողների շրջանում մեծ ակնկալիքներ կան: Նույնիսկ շատ դպրոցներում գնահատականի շուկա է գործում։ Պետք է աշխարհայացքային փոփոխություն տեղի ունենա բոլորիս մեջ։

Հարցին՝ այս դեպքում սովորելու ի՞նչ մոտիվացիա կա աշակերտի համար, Սողոմոնյանը պատասխանում է, որ եթե գործի ենք դնում խրախուսման մեխանիզմները, տարրական դասարաններում սովորողների համար միևնույն է՝ գնահատվո՞ւմ է, թե՝ ոչ։

«Այդ մենք ենք դնում այդ տրամաբանությունն իրենց առօրյայում, դրա համար են իրենք սկսում ուշադրություն դարձնել»,- ընգծում է նա՝ հավելելով, որ չի ասում՝ գնահատական ընդհանրապես պետք չէ, բայց այն պետք է իր տեղում լինի։ Ըստ Սողոմոնյանի՝ այսօրվա գնահատման մեխանիզմը շատ պարզունակ է, որը շեղում է բուն կրթական գործընթացից՝ ոչ մի դրական ազդեցություն չթողնելով աշակերտի վրա։

Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ մանկավարժը հետևի աշակերտի զարգացմանը, թույլ կողմերին։ Մասնագետները միմյանց հետ փոխանակեն այդ տեղեկությունները։ Ավելի կարևոր բաների վրա ուշադրություն դարձնեն, քան թվանշանը։

«Չափորոշիչների ամբողջ փիլիսոփայությունն ու մոտեցումներն են փոխվում, ուսուցիչն ավելի ազատ տարածք է ստանում, ավելի ստեղծագործ մոտեցումներ կիրառելու հնարավորություն»,- նշում է Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ պետք է բյուրոկրատական թղթաբանական զբաղմունքից ազատել ուսուցչին, հնարավորություն տալ կենտրոնանալ մեթոդական աշխատանքի վրա։

Ծնող․ «Գնահատականին փոխարինող ինչ-որ բանի պահանջ է լինելու»

3 դպրոցականների մայր Կարմեն Մարտիրոսյանը հոգեբանական խնդիր է համարում որոշ ծնողների առավելապաշտական հակումները, որոնց համար գնահատականը կարծես աշխարհի վերջը լինի։ Միևնույն է, գտնում է, որ գնահատականը հանել պետք չէ, քանի որ կստեղծվեն արհեստական դժվարություններ։

Նա նշում է, որ ամեն դեպքում թվանշանին փոխարինող ինչ-որ բանի պահանջ լինելու է։

«Մարդը, երբ իր գործն անում է, ցանկանում է հասկանալ՝ ճի՞շտ արեց, թե սխալ, լա՞վ արեց, թե վատ։ Մանավանդ երբ փոքրիկ է, ստացել է հանձնարարություն, իրեն պետք է ուղղորդող ինչ-որ նշան՝ հաջորդ անգամ այդպես անի՞, թե չէ»,- ասում է ծնողը։
Զրույցի ընթացքում օրինակ է բերում աղջկան, որ սովորում է առաջին դասարանում։

«Դեռ երկու շաբաթ էլ դասի չէին գնացել, ուզում էր հասկանալ՝ իր գրած մասնիկների տակ, որ աստղիկ են դրել, լա՞վ է գրել, թե վատ, կամ ո՞րն է ավելի լավ՝ մանուշակագո՞ւյնը, թե կարմիրը»։

Օրերս Կարմենի աղջիկը «ապրես» գրությամբ մեդալ էր ստացել, նախորդ անգամ՝ «ամենախելացին»։
Կարմենն ասում է, որ սկզբնական փուլում աշակերտները ոգևորվում էին, բայց դա էլ դարձավ սովորական, քանի որ գիտեն, որ մեդալները ոչ մի արժեք չունեն, այլևս չեն սպասում ու չեն ոգևորվում։

Մասնավոր դպրոցի տնօրեն․ «Թվանշանը ոչ մի տեղեկություն չի տալիս երեխայի իրական կարիքների մասին»

Ի տարբերություն ՀՀ պետական դպրոցների՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կրտսեր դպրոցում թվանշային գնահատում չի իրականացվում վաղուց։

Այնտեղ շուրջ 10 տարի գնահատականի փոխարեն աշակերտին ու ծնողին տրամադրվում է բնութագիր՝ յուրաքանչուր առարկայի չափորոշիչները հաշվի առնելով։ Դրանք տրվում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ՝ ներառելով նաև խորհուրդներ, առաջընթացի համար առաջարկություններ, որոնք քննարկվում են ուսուցիչների, ծնողի ու աշակերտի հետ։

«Երեխայի ու ծնողի համար ավելի կարևոր է իմանալ՝ որտեղ է պետք աշխատել, ինչն է պետք բարելավել։ Ծնողի համար թիվը նշանակություն չունի»,- համոզված է համալիրի կրտսեր դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ միայն թվով չէ, որ կարելի է մոտիվացնել երեխային, ավելին՝ թիվն ամենավերջին տեղում է։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ են պահանջում։

«Եթե երեխան գնում է տուն ու հարցնում են՝ ի՞նչ ես ստացել, ոչ թե ի՞նչ ես սովորել, պարզ է, որ նա սկսում է ամեն կերպ բարձր թվանշան ստանալ՝ առանց մտածելու՝ ինչ է սովորել»։

Նրա կարծիքով՝ թվանշային գնահատման բացակայությունը միգուցե բարդացնի պետական դպրոցներում ուսուցիչների աշխատանքը, բայց ուշադրությունը կսևեռի իրական գիտելիքների, հմտությունների վրա։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Կարդացեք նաև

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/03/2021