Կրթություն Սոցիալական

Պետության դերը բուլինգի հաղթահարման գործում․ փաստեր և կցկտուր տվյալներ

«Արդեն չորրորդ տարին է, որ ամեն երեկո եղբայրս ծնողներիս հարցնում է՝ կարո՞ղ է վաղը դպրոց չգնալ»։

Լենայի [անունը փոխված է] եղբայրն արդեն 9-րդ դասարանում է, սակայն 5-րդ դասարանից սկսած` դպրոց դժկամությամբ է հաճախում, և ոչ թե որովհետև կրթության հանդեպ սերն է պակասել, այլ պարզապես խուսափում է հաջորդ օրը ևս դպրոցում բուլինգի ենթարկվելուց։

«5-րդ դասարանից եղբայրս կիսվում էր ինձ հետ, որ դասընկերներից մեկը` օգտվելով իր չկռվող ու հանգիստ բնավորությունից, նեղացնում է իրեն, խանգարում դասերին, վիրավորական արտահայտություններ հնչեցնում, ինչը շարունակական բնույթ է կրում», – ասում է Լենան։ Նրա հավաստմամբ, ծնողները դպրոցի տնօրինության հետ խոսել են, բայց ուսուցիչներն աշակերտներին չեն կարողանում կառավարել։

«Բուլինգ անող տղայի ծնողի հետ խոսելն անիմաստ է, որովհետև դա մեկ այլ բուլինգի պատճառ կարող է դառնալ։ Ստիպված սովորեցնում ենք ինքնապաշպանվել և կիրառել բռնություն բռնության դեմ»։

Լենայի եղբայրը, ցավոք, Հայաստանում հազարավոր դպրոցականներից մեկն է, որը բախվում է բուլինգ կոչվող երևույթին։ Չնայած բուլինգ տերմինը վերջին տարիներին է հայկական կրթական համակարգում շրջանառվում, սակայն երևույթը միշտ էլ եղել է։

Դեռևես 2017 թվականին «Սեյվ դը չիլդրեն» և Վորլդ Վիժն հայաստանյան կազմակերպությունների համատեղ արված հետազոտության համաձայն, ՀՀ դպրոցներում սովորող երեխաները թեպետ տրամադրված չեն նշել, որ ենթարկվել են բռնության, սակայն հարցված երեխաներից 40%-ը նշել են, որ տեսել են՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում կամ բռունցքներով հարվածում, իսկ 43%-ը նվազագույնը 1-5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես են եղել:

Հայաստանի 6 մարզերի մի շարք համայնքներում Վորլդ Վիժն Հայաստանի կողմից 2019 թվականին իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ 12-18 տարեկան երեխաների 8,7%-ը մեկ տարվա ընթացքում բուլինգի է ենթարկվել, ընդ որում՝ դա ավելի հաճախ եղել է դպրոցում։ Ըստ հետազոտության՝ խոցելի ընտանիքներում ապրող երեխաների 12,5%-ն է դառնում բուլինգի զոհ:

Ու թեև բոլոր հետազոտություններում ներկայացված է դպրոցներում բուլինգ երևույթի լայն տարածվածության մասին, պարզվում է, որ 2024 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «բուլինգ» եզրույթը դեռ սահմանված չէ։ Հետևաբար, պաշտոնապես բուլինգի դեպքերի նույնականացում, ուղղորդում և համապատասխան վիճակագրություն չի վարվում։

Բուլինգի դեպքերի նույնականացում, ուղղորդում և համապատասխան վիճակագրություն չի վարվում

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան, նշում է՝ չնայած չունեն որևէ վիճակագրություն, այնուամենայնիվ, բուլինգի դեպքերը կանխարգելելու նպատակով՝ համագործակցում են մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելով վերապատրաստումներ մանկավարժների և հոգեբանների համար։

«Բուլինգի դեպքերի մասին տեղեկատվություն ստանալիս՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները հանդիպումներ են ունենում թիրախային խմբերի աշակերտների, տնօրենների և ուսուցիչների հետ», – նշում է նախարարությունը:

Որքանո՞վ է արդյունավետ նման մոտեցումը, նախարարությունը ասել չի կարող, քանի որ թվային տատանումները համեմատելու հնարավորություն չունի․ վիճակագրություն չի վարում։

Մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանի խոսքով՝ եթե նախարարությունն ուզում է վիճակագրություն վարել, պետք է համապարփակ հետազոտական գործիքակազմ ունենա՝ հանրապետության ողջ տարածքում քարտեզագրելու, թե որ դպրոցներում նմանատիպ դեպքեր կան։ Բայց որպեսզի դպրոցի նման դեպքերի մասին իմանա, պետք է ունենա ներդպրոցական մեխանիզմ՝ տեսանելի և անտեսանելի դեպքերը գրանցելու համար։

Դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը և խախտումների արձանագրումը նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի գործառույթն է:

Այս կառույցն է հետևում օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանը, նպաստում կրթության որակի բարձրացմանը, կառավարում կրթության ոլորտում ռիսկերը, ինչպես նաև վերոնշյալների խախտումների դեպքում իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ:

Առաջին անգամ «բուլինգ» բառը տեսչական մարմինը նշել է 2024 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվության մեջ․ «Դիմումներում բարձրացված հարցերի շրջանում նկատվում է բուլինգի դեպքերի աճի միտում, մասնավորապես՝ 5 բուլինգի դեպք, որից 2-ի դեպքում տրվել է կարգադրագիր, 2-ը՝ վերահասցեագրվել է, 1-ին՝ տրվել է պարզաբանում»։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ ամենաշատը բուլինգի դեպքերի մասին հաղորդագրություններ ստացվում են ծնողներից, վերջին շրջանում նաև զգալի են դպրոցի տնօրենների կողմից ստացվող հաղորդագրությունները։

Պետրոսյանի խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ պետք է առաջանա միջին ծանրության վնասվածք, որ կարողանան բերման ենթարկել, եթե չկա, ուրեմն քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չի ունենա։

«Ունեցել ենք բուլինգի դեպք, որը վեճի էր վերածվել։ Ծնողը եկել էր դպրոց, դասաժամից հանել մյուս երեխային և հարվածել։ Այստեղ, օրինակ, անվտանգության կանոնների խախտում կա։ Դրա վերաբերյալ մենք գրություն ենք պատրաստել և ուղարկել ենք համապատասխան գերատեսչություններ, որ կարգապահական վարույթ նախաձեռնեն։ Ու մեզ տեղեկացրել են, որ կարգապահական վարույթի անհրաժեշտություն չկա։ Դրա փոխարեն ժողով են արել, որ նման դեպքերը փորձեն բացառել»։

Իսկ հարցին, թե ի՞նչ է արվում այն դպրոցների հետ, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում բուլինգի դեպքեր, Պետրոսյանը նշում է՝ եթե խնդրահարույց դեպքերը հաճախակի բնույթ են կրում նույն ուսհաստատությունում՝ որոշ ժամանակ տվյալ հաստատությունում առավել ուժեղացված հսկողություն է իրականացվում, ի տարբերություն մյուս դպրոցների։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բուլինգը մտնում է անչափահասների և ընտանեկան բռնության դեպքերի մեջ, իսկ դրանցով զբաղվում է ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչությունը։ Ոստիկանությունում նույնպես բուլինգի դեպքերի հետ կապված առանձնացված վիճակագրություն չի վարվում։ Չնայած դրան՝ ոստիկանությունում հաշվառվում են դպրոցներում և միջին մասնագիտական կրթություն տրամադրող հաստատություններում անչափահասների միջանձնային հարաբերությունների պարզաբանման կանխման դեպքերը։

Ոստիկանությունում հաշվառվում են անչափահասների միջանձնային հարաբերությունների պարզաբանման կանխումը ոստիկանների կողմից, որը ոչ միայն դպրոցների համար է, այլ նաև միջնակարգ մասնագիտական կրթություն տրամադրվող հաստատությունների մասին է խոսքը։ 2022 թվականին կախնվել է 1632 դեպք, 2023-ին՝ 695, իսկ 2024-ի 6 ամիսների ընթացքում՝ 289 դեպք։

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ պարբերաբար իրազեկման արշավներ են իրականացնում դպրոցներում՝ ներառելով աշակերտներին, ծնողներին և դպրոցի անձնակազմին՝ նվազագույնի հասցնելու իրավախախտումները, այդ թվում՝ բուլինգի տարրեր պարունակող դեպքերը։

Դա կանխարգելիչ աշխատանքների տեսակներից մեկն է, իսկ մյուսի դեպքում անհատական կանխարգելիչ աշխատանքներն են, երբ տեղի ունեցած դեպքից հետո ոստիկանությունը տանում է անհատական աշխատանք ոչ միայն անչափահասների, այլ նաև ծնողների, շրջապատի, ուսուցչական անձնակազմի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ դպրոցներում տեղի ունեցած բուլինգի դեպքերի վերաբերյալ իրենք ևս բողոքներ ստացել են՝ թե՛ գրավոր և թե՛ բանավոր։ Շատ դեպքերում բուլինգի մասին հայտնել են հենց երեխաները։ ՄԻՊ աշխատակազմ երեխաների նկատմամբ բռնության և վատ վերաբերմունքի առնչությամբ գրավոր և բանավոր ստացված դիմում բողոքների թիվը 2022թ․-ից մինչև 2024թ․ հոկտեմբերի 1-ը կազմել է 218, որից 82-ը միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում։

Ընդ որում, ըստ ՄԻՊ-ի տրամադրած տեղեկատվության, բուլինգի դեպքերը ոչ միայն երեխաների միջև են տեղի ունեցել, այլ նաև ուսուցչի կողմից՝ աշակերտի հանդեպ։ Նման ուսուցիչներից որոշների հանդեպ կիրառվել են համապատասխան միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, իսկ որոշ դեպքերում՝ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՄԻՊ գրասենյակից նշում են՝ բուլինգի թեմայով ժամանակ առ ժամանակ իրազեկում և հանդիպումներ են իրականացնում դպրոցներում՝ աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի հետ։

Հոգեբան, հոգեթերապևտ Անի Բարսեղյանի խոսքով՝ եթե առերեսվում ենք բուլինգ երևույթի հետ, պետք է ներգրավել բոլոր կողմերին՝ բացի բուլինգի ենթարկված երեխայից՝ պետք է պարտադիր աշխատել բուլինգի ենթարկող անձի հետ, նաև ուսուցչի, շրջապատի և ծնողների։

Հոգեբանը նշում է, որ հիմնականում կենտրոնանում են բուլինգի ենթարկված անձի վրա, սակայն բուլինգի ենթարկող անձը ևս, սովորաբար, բուլինգի և բռնության զոհ է։ Ըստ Բարսեղյանի, բուլինգի ենթարկողը հիմնականում լինում է այնպիսի ընտանիքից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ։

«Նրա ծնողները սեփական օրինակով են ցույց տալիս, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջոցով», – բացատրում է հոգեբանը և ավելացնում, – «տանը բռնությանը կամ բուլինգին չկարողանալով արձագանքել նույն կերպ՝ իր ագրեսիան արտահայտում է դպրոցում տարեկիցների հանդեպ։ Մեր գործն է նաև հասկանալ բուլինգ իրականացնողին, աջակցել, օգնել, ապրումակցել։ Իրենք ևս զոհեր են»։

Հոգեբանը նշում է՝ չնայած կարևորությանը՝ բուլինգի ենթարկող անձի հետ աշխատանքը, սովորաբար, չի ստացվում, քանի որ նրանք հոգեբանի սենյակում չեն հայտնվում՝ օգտվելով իրենց իշխանությունից և անպատժելիությունից։

Մյուս կողմից հոգեբանի աշխատաժամանակի սղությունն է, քանի որ դպրոցներում հոգեբանները հիմնականում աշխատում են ներառականության խնդիր ունեցող երեխաների հետ, և մյուս երեխաներին գրեթե ժամանակ չի մնում տրամադրելու, և, օրինակ, բուլինգը մղվում է երկրորդ պլան։

Երեխաների կրթության մեջ շատ մեծ տեղ պետք է տրվի հուզական շփմանը և երևակայական զարգացմանը, որ նրանք ճանաչեն իրենց հուզական արձագանքը, հաղորդակցման հմտություններ ունենան։

Միշա Թադևոսյանը ուրախությամբ նշում է՝ այժմ շրջանառության մեջ է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում Հայաստանի կրթական պատմության մեջ առաջին անգամ կֆիքսվի, թե ի՞նչ է երեխայի բուլինգը։ Նախագծում որոշակի չափանիշներ են առանձնացված, որը հնարավորություն կտա որակավորելու դպրոցում տեղի ունեցող երևույթը՝ իբրև բուլինգ, և կօգնի հասկանալ՝ բուլինգ երևույթին առերեսվելու դեպքում, օրինակ, ուսուցիչը ի՞նչ պետք է անի և որտե՞ղ դիմի։

«Լավն այն է, որ նախագիծը որոշակի ընթացակարգային քարտեզագրման բնույթ ունի՝ արդեն իրավական մակարդակում։ Սակայն սա բավարար չէ, մենք շատ լավ գիտենք, որ կարող ենք ունենալ լավ գրված կանոնակարգեր, ընթացակարգեր և օրենքներ, սակայն դրանք կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են հմուտ մանկավարժներ և մանկավարժական համակարգի մեջ մտնող այլ մարդիկ, որոնք ունեն համապատասխան հմտությունները, որ ճանաչեն՝ տվյալ երևույթը կոնֆլի՞կտ է երկու երեխաների միջև, թե՞ իրականում բուլինգ է»։

Թադևոսյանը եզրափակում է՝ սովորաբար բուլինգը սկսում է այն պահից, երբ մեկը մի գործողություն է նախաձեռնում, իսկ մյուսներն անտարբեր են մնում։ Պետք է դադարել լինել անտարբեր բռնության մշակույթի նկատմամբ և լինել առաջին մարդը, որը ոչ է ասում բուլինգին դպրոցական միջավայրում։

Տեսանյութի հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ Imagine AI
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/12/2024