Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում գործող միակ կրթական հաստատությունը` դպրոցը, հավանաբար մոտ ամիսներին, եթե ոչ առաջիկա շաբաթներին, կփակվի: Պատճառը աշակերտների սակավությունն է, իսկ ավելի ստույգ`ընդամենը մեկ աշակերտի առկայությունը: Նա 7-ամյա Իրինան է:
Փաստացի միայն նրան է սպասարկում դպրոցի 6 հոգանոց անձնակազմը` տնօրենը, դասվարը, ռուսաց լեզվի ուսուցիչը, ինչպես նաև հավաքարարն ու երկու պահակները` ցերեկային և գիշերային: Ընդ որում, դպրոցի հավաքարարը 7-ամյա Իրինայի տատիկն է, իսկ գիշերային պահակը` նրա հայրը:
Դպրոցում են գրանցված նաև պատմության և աշխարհագրության, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Եթե դպրոցը չփակվի, նրանք ևս կաշխատեն Իրինայի հետ, բայց ավելի բարձր դասարաններում:
Եվ ինչպես կարգն է` նրանք բոլորն աշխատավարձ են ստանում: Դպրոցի ընդհանուր բյուջեն կազմում է 17 մլն դրամ` մոտավորապես երկուսուկես անգամ ավելի շատ, քան Գեղաքար համայնքի բյուջեն է: Սա այն գումարն է, որը պետբյուջեից տրամադրվում է, որ Գեղաքար գյուղում ապահովվի Իրինայի կրթության իրավունքը:
Տնօրենը և ուսուցչական կազմն այստեղ են գալիս այլ համայնքներից:
Գեղաքարի դպրոցը հիմնադրվել է 1991թ-ին։ Գեղարքունիքի մարզում գործող 40 դպրոցներից սա միակն է, որն ընդամենը մեկ աշակերտ ունի: Դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանն ասում է, որ դպրոցի պատմության ընթացքում առավելագույնը 18 աշակերտ են ունեցել: Սակայն տարեցտարի նրանց թիվը սկսել է նվազել:
Գեղաքար համայնքը փոքր համայնք է: Բնակչությունն այստեղ նվազել է վերջին տասնամյակներում: Այսօր այն ունի ընդամենը 50 բնակիչ: 2017թ-ին, երբ բնակչության թիվը մի փոքր ավել էր, Գեղաքարի համայնքային բյուջեն, համաձայն Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, կազմել է 6,7 մլն դրամ` ներառյալ պետության դրամաշնորհները:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Զազյանի խոսքով՝ վարչությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ծրագիր է ուղարկել` առաջարկելով, որ Գեղաքարի դպրոցը փակվի, և նրա միակ աշակերտի ուսումը կազմակերպվի հարևան Խաչաղբյուր համայնքի դպրոցում:
«17մլն դրամ մեկ աշակերտի ուսման համար հատկացնելը չհիմնավորված ծախս է: Մինչդեռ կարելի է ապահովել տրանսպորտային միջոց` երեխայի ուսումը հարևան համայնքի դպրոցում կազմակերպելու համար»,- ասում է Զազյանը:
Նրա խոսքով՝ նախահաշվարկ է կատարվել, համաձայն որի՝ կպահանջվի 510000 դրամ, որպեսզի Իրինայի ուսումը կազմակերպվի Խաչաղբյուրի դպրոցում, որը գտնվում է Գեղաքարից մոտ 7 կմ հեռավորության վրա։
Համայնքի ղեկավարը, ինչպես նաև Իրինայի ընտանիքի անդամները դեռ չեն հարմարվում այս մտքի հետ: Համայնքի ղեկավարի համար դպրոցի փակվելը հավասարազոր է գյուղի «դարպասների փակման» հետ, իսկ Իրինայի ծնողներն իրենց ընտանեկան շահերն ունեն:
Իրինայի մայրիկը` Հասմիկ Մկրտչանը, ասում է, որ դպրոցի փակվելով իրենց ընտանիքի համար երկու մեծ խնդիր է առաջանում. նախ իր տան երկու անդամները` ամուսինն ու սկեսուրը զրկվում են իրենց եկամտի հիմնական աղբյուրից, և հետո` հարևան գյուղ երեխայի դասի գնալը նոր ծախսերի պատճառ է դառնում:
«Առաջինը ծախսերն ավելի կշատանան: Ոնց էլ չլինի երեխայի դպրոցի հագուստը. ես էստեղ երկու հագուստով ճանապարհում էի դպրոց: Ասենք` փոխնորդ երկրորդ հագուստ էի պահում, իսկ հիմա, որ տեղափոխեն ուրիշ դպրոց, ես ուզած-չուզած արդեն պետք ա շատ առնեմ իրան, որ կողքինին նայելով` չհիասթափվի, ուզենա գնա դպրոց, չասի` ինչի նա ունի, իսկ ինքը` ոչ»,- ասում է Հասմիկը։
Հասմիկ Մկրտչանի ընտանիքը, որը փաստացի Գեղաքար համայնքի բնակչության մեկ հինգերորդ մասն է կազմում, բաղկացած է 11 անդամից: Բացի ամուսնուց, երեք երեխաներից ու ամուսնու ծնողներից, այս տան անդամներ են նաև ամուսնու երեք եղբայրներն ու քույրը:
Հասմիկը նշում է, որ ամուսնու և սկեսուրի դպրոցից ստացած աշխատավարձերն իրենց ընտանիքի կայուն եկամտի միակ աղբյուրն են: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մասամբ հողագործությամբ, սակայն դա ևս կայուն եկամուտ չի ապահովում:
«Եթե հիմա իրենց դպրոցից ազատեն, էլ աշխատանք չեղավ, մեր ընտանեկան գումարի երկու աղբյուրը պակասում է։ Փարոս չենք ստանում, սկեսրայրն էլ նոր պետք է անցնի թոշակի», – ասում է Հասմիկը։
Դպրոցի փակվելուց դժգոհում է նաև Գեղաքարի մեկ այլ բնակիչ Մարիետա Սաֆարյանը, որի 35-ամյա տղան ևս աշխատում է այս դպրոցում իբրև ցերեկային պահակ: Սաֆարյանների ընտանիքը Գեղաքար է տեղափոխվել Կրասնոդարից՝ 1990 թ-ին: Նրանց երեխաները հենց այս դպրոցն են ավարտել։
Մարիետան ասում է, որ եթե դպրոցը փակվի, իրենց ընտանիքը ևս մնում է առանց ապրուստի միջոցի:
«35 տարեկան տղաս դեռ ամուսնացած չէ, քանի որ նորմալ աշխատանք չի գտնում։ Դպրոցի պահակ էր, դպրոցն են փակում: Գյուղսովետն են [խմբ. գյուղապետարանը] փակում, ժողովրդին կզրկեն գործից։ էլ ո՞վ կմնա էս գյուղը. ոչ մեկ»։
Մարզպետարանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ հավաքարարին և պահակներին այլ աշխատանք կառաջարկվի, իսկ դպրոցի դասատուները Գեղաքարի դպրոցի փակվելով գործազրկության չեն մատնվի, քանի որ իրենց հիմնական աշխատավայրը Խաչաղբյուրի դպրոցն է:
Այս պահին համարժեք աշխատանքի առաջարկ չունի միայն դպրոցի տնօրենը: Նա, ինչպես իր 7 աշխատակիցները, սրտատրոփ սպասում են նախարարության վերջնական որոշմանը` զուգահեռ կատարելով իրենց պարտականությունը. այն է` ապահովել թանկարժեք աշակերտի կրթության իրավունքը:
Ամփոփեց Գայանե Ղարիբյանը
Լուսանկարները` Սարգիս Ալավերդյանի
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/09/2019