Լինա Բեն Մհեննին մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի պահի հավատը հեղափոխության հանդեպ: Առաջին անգամ հանդիպեցինք 2011թ-ին` արաբական թեժ գարնան սկզբին: Խարիզմատիկ բլոգեր-ակտիվիստուհին, որն այն ժամանակ դեռ 27 տարեկան էր, մեծ հռչակ էր վայելում որպես շարժման հերոսուհի: Նրա բլոգային գրառումները ոգեշնչեցին մարդկանց ոտքի կանգնել և բողոքի ցույցեր սկսել` տապալելով Թունիսի բռնապետ Զին Էլ Աբիդին Բեն Ալիի իշխանությունը: Վերջինս ժողովրդի կողմից ծնկի բերված առաջին բռնապետերից էր:
Այդ ժամանակ, արաբական աշխարհի միլիոնավոր երիտասարդների նման, նա հիանում էր այն ամենով, ինչին հասել էր, և զգուշությամբ, բայց և լավատեսությամբ զինված՝ սպասում էր գալիքին` արժանապատվությանը, ժողովրդավարությանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Եթե իշխանության եկած առաջնորդները ձախողեին ապահովել այս ամենը, ապա Բեն Մհեննին և արաբական գարնան մյուս նվիրյալները միլիոնավոր երիտասարդների հետ նորից դուրս կգային փողոց և կստիպեին ամեն ինչ փոխել կրկին:
Երբ մենք նորից հանդիպեցինք, այս անգամ Թունիսի ծայրամաս Զահրայում, արդեն 8 տարի էր անցել այն օրից, ինչ նա աքսորված էր Սաուդյան Արաբիա: Բենը կարծում է, որ գործոնները, որոնք հանգեցրին հեղափոխության, էլի առկա են, ու ևս մի հեղափոխության կարիք կա: «Կարծես` 2010թ. է,- նշում է Բենը,- կառավարությունն անպատասխան է թողնում ժողովրդի բողոքները, և ժողովուրդն իրեն լիովին անպաշտպան է զգում»:
Բեն Մհեննին միակը չէ իր ենթադրություններում. ֆինանսների նախարար Մոհամեդ Ռիթհա Չալխումը Բլումերգին վերջերս տված հարցազրույցում ասել է. «2010թ. մեր տնտեսությունը ավելի բարվոք վիճակում էր»:
Տնտեսության ցուցանիշներն ավելի վատն են, քան նախքան 2010թ. դեկտեմբերի 17-ը, երբ Սիդի Բուզիդ քաղաքի մրգավաճառն իրեն և հետագայում էլ արաբական աշխարհի մեծ մասը հրկիզեց: Երիտասարդների գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է, քան 8 տարի առաջ էր, ինչն էլ հանգեցրեց հեղափոխություն: Դժգոհությունների պատճառ հանդիսացող կոռուպցիան նույնպես ավելի է խորացել: Ըստ Transparency International-ի` կոռուպցիայի ընկալման ինդեքսով Թունիսը 73-րդն է, մինչդեռ Արաբական գարնան նախորդ տարում 59-րդ էր:
Սակայն թունիսցի երիտասարդները բարիկադներ չեն դնում կառավարական կառույցների դիմաց ու բողոքի ցույցեր չեն սկսում: Երբ անցած տարվա դեկտեմբերին Կասսերինից մի լրագրող ինքնահրկիզվեց, բողոքի ակցիաները տարածվեցին նաև այլ տարածաշրջաններում, սակայն դրանք երկար չտևեցին: Տնտեսական և քաղաքական բնույթի հարցազրույցներում անընդհատ լսում եմ զանազան բացատրություններ` ինչու դրանք երկար չեն տևում: Շատերը կարծում են, որ երիտասարդներն ուղղակի հիասթափված են առաջին խռովության արդյունքներից և որևէ մտադրություն չունեն նորը սկսելու: Մյուսները կարծում են, որ թեև թունիսցիները ոգեշնչեցին արաբական այլ երկրներին պայքարել բռնապետության դեմ, բայց Սիրիայի, Եմենի և Լիբանանի խռովությունների արյունոտ հետևանքները ծառայում են որպես նախազգուշական պատմություններ: Ոմանք էլ կարծում են, որ չկա այն կայծը, որը նրանց ոտքի կհանի նորից պայքարելու համար: 2010թ. ցուցարարների զայրույթն ուղղված էր Բեն Ալիի, նրա կնոջ` Լեյլա Տրաբելսիի և ընտանիքի անդամների վարած շքեղ կյանքի հանդեպ, շքեղ կյանք, որը ապահովվում էր երկրի պետական բյուջեով: Հիմա ողջ քաղաքական շերտը ոչ միայն կոռումպացված է, այլ նաև անընդունակ:
Կաշառակերության լայն տարածման գիտակցումը, իհարկե, զզվանք է առաջացնում, բայց դա վերքերին դարման չէ: Միակ համոզիչ բացատրությունը, թե ինչո՞ւ թունիսցիները նոր հեղափոխություն չեն սկսում, այն է, որ արաբական գարնան խոստումներից մի քանիսն իրականացվել են, իսկ բնակչությունն էլ բավարարվում է այդքանով:
«Մենք ունենք ժողովրդավարություն, և այն իրական է»,- ասում է լրագրող Զիդ Կրիչենը,- «միայն սա՞ էր մեր ուզածը, ո՛չ, բայց այսքանը բավարա՞ր է, այս պահի համար, այո՛»:
Բեն Ալիի իշխանության տապալումից հետո կայացան երկու ազատ և արդար ընտրություններ` 2011թ. հիմնադիր ժողովի ընտրությունները և 2014թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Երրորդ արդար ու ազատ ընտրությունն էլ կկայանա հոկտեմբերին: Ժողովրդավարությունն ավելին է, քան ուղղակի քվեարկությունը, և Freedom House-ը կարծում է, որ թունիսցիներն ունեն իսկապես բարձր մակարդակի քաղաքական և քաղաքացիական իրավունքներ: Եվ իսկապես, ապացույցը Freedom House-ի «Ազատությունը աշխարհում» ինդեքսի միավորն է, ըստ որի` Թունիսը հեղափոխությունից հետո մեծ արդյունքների է հասել: Բալային համակարգում, որտեղ 1 միավորը տրվում է ամենաազատ երկրին, իսկ 7 միավորը` ամենաքիչ ազատ երկրին, Թունիսը 2010թ. ստացած 6 միավորի փոխարեն անցյալ տարի ստացել է 2.5 միավոր: Այն միակ արաբական երկիրն է, որը դասվում է ազատ երկրների շարքին: Մյուս երկու արաբական երկրները` Լիբանանը և Իրաքը, համարվում են մասամբ ազատ և անազատ: Լիբանանը 5 միավոր ունի, այսինքն` մասամբ ազատ է, իսկ Իրաքը` 5.5՝ համարվելով դեռ անազատ:
Վարկանիշային աղյուսակները և թվերը բավական չեն, որ արտահայտեն ազատության այն զգացումը, որը կստանաք Թունիսում: Պետության հսկողության ծանր ձեռքը ակնհայտորեն բացակայում է նույնիսկ այն վայրերում, որտեղ Դուք ամենաշատն եք սպասում հսկողություն: Խորհրդարանի շենքը, որը Բարդո շրջանում է` քաղաքի կենտրոնին կից, գտնվում է սակավ հսկողության ներքո: Հարևանությամբ միջնակարգ դպրոցն է, որի աշակերտները, պատերին հենված, փշալարերի կողքին, անգամ ուշադրություն չեն դարձնում խորհրդարան գնացող-եկողներին: Նախագահական պալատը, որը Կարթագենում է գտնվում, հսկվում է անվտանգության կողմից, սակայն այստեղ էլ դպրոցը ընդամենը պատով է անջատված է պալատից:
Չկարծեք, թե բռնապետություն է, շատ քիչ է պատահում, որ ժողովրդավարական երկրները այսպես թեթև են պաշտպանում իրենց կառավարական մեծ կառույցները: Եթե թունիսցիները ոտքի ելնեն նորից բարիկադներ կառուցելու, ապա նրանք կլինեն ընդամենը մի քանի հոգի: Արաբական աշխարհի երկրների մեծ մասի կառավարությունները, նույնիսկ այն երկրների, որտեղ Թունիսի հեղափոխությունից ոգեշնչվողներ չեղան, խռովություններ սկսելու հավանականությունից վախեցած, ամրապնդեցին պատնեշները քաղաքական փոփոխությունների դեմ, բառի բուն և փոխաբերական իմաստով: Արաբական թերակղզու թագավորությունները, որոնք երբեք հանդուրժող չեն եղել ընդդիմության նկատմամբ, ուժեղացրին ճնշման ավանդական միջոցները, օր.` հետախուզական ծառայությունների գործառույթների մեջ ավելացրին ևս մեկը. ոչ կոնֆորմիստական մտածողություն ունեցողների վերահսկողություն համացանցում: Արաբական գարնան ընթացքում բռնության չենթարված միակ երկրի` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ Սիսիի հակահեղափոխական ռեժիմը չի հանդուրժում անհամաձայնության անգամ փոքր արտահայտում: Իրավապաշտպան մարմիններն ասում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ այժմ բանտում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար:
Թունիսում ժողովրդավարական ազատությունները թույլ են տալիս քաղաքացիներին իրենց դժգոհությունները արտահայտել մեծ աղմուկով և բռնությունների ժամանակ առ ժամանակ բռնկումներով, բայցև միաժամանակ չսպառնալով քաղաքական համակարգի կայունությանը: Բողոքներն արդեն սովորական են դարձել, երբ մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը գործազրկությունից մինչև ապրանքների գները: Քանի որ կառավարությունը այդ դժգոհություններին չի պատասխանում բռնությամբ, ուստի և’ ժողովրդի բարկությունը չի կուտակվում, և’ չի վերածվում հեղափոխական ճնշման: Ժամանակ առ ժամանակ մեծ բողոքի ակցիաները երկիրը կանգնեցնում են փակուղու առջև: Սովորաբար դա Թունիսի Աշխատանքային ընդհանուր միության (UGTT) աշխատանքն է, որը վերջերս առաջ քաշեց պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման հարցը: Սակայն նման գործադուլները տարածված են հիմնականում ազատ հասարակություններում, սրանք երկար ժամանակ եղել են աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի` Հնդկաստանի առանձնահատկություններից:
Քաղաքագետները և տնտեսագետները ասում են, որ Միության պահանջները անհնարին են, և նույնիսկ նրանցից ոմանք բողոքում են Միության ազդեցությունից: «Նրանք իսկական իշախանություն ունեն Թունիսում, նրանք ստանում են այն, ինչ ուզում են» ,- ասում է “Tema” վերլուծական կենտրոնի հիմնադիր և տնտեսագետ Հաչեմի Ալայան:
Ոչ ոք չի ասում, թե Միության ներկայացուցիչները որևէ վտանգ են ներկայացնում թունիսցիների ազատությունների համար։ Ընդհակառակը, Թունիսի Աշխատանքային ընդհանուր միությունը էական դեր է կատարում 2011թ. հեղափողության ձեռքբերումների պահպանման գործում։ Եվս երեք կազմակերպությունների հետ, որոնք հավաքականորեն հայտնի են որպես «Ազգային երկխոսության քառյակ», այն օգնել է վերահսկել և ղեկավարել հետընտրական քաղաքական գործընթացը՝ չթողնելով հակահեղափոխական ուժերին հասնել իշխանության։ 2015թ. Քառյակին շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ` «քաղաքական և կրոնական բաժանումների լայն մարտահրավերների շրջանակներում կոնսեսուսի վրա հիմնված լուծումներ գտնելուն» օգնելու համար։ Այդ բաժանումները տեղի են ունենում քաղաքական ասպարեզում, որտեղ հիմնական մրցակցությունը «Էննահդայի» իսլամիստների և աշխարհիկ կուսակցությունների միջև է, որոնք կարողացել են համաձայնության գալ միայն մի հարցում՝ հետ պահել Էննահդային իշխանությունից։ 2012թ. աշխարհիկ բազմաթիվ խմբավորումներ միավորվեցին մեկ՝ «Նիդա Թունես» կուսակցության մեջ, որը գլխավորում էր 80-ամյա Բեջի Քայիդ Էսսեբսին։ 2014թ. գլխավոր ընտրություններում, Նիդա Թունեսը հավաքեց խորհրդարանի ձայների մեծամասնությունը։ Երկու ամիս անց, Էսսեբսին դարձավ առաջին ուղղակիորեն ընտրված նախագահը, որը հիմնականում արարողակարգային պաշտոն էր։ Չունենալով պարզ մեծամասնություն` աշխարհիկները ու իսլամիստները ձևավորեցին կառավարող կոալիցիան։ Բայց կուսակցությունների ներսում, ինչպես նաև նրանց միջև առկա թշնամանքը փլուզեց կոալիցիան, ինչը հանգեցրեց քաղաքական “վարձկաններից” կազմված փոքրամասնության կառավարության ձևավորմանը, որը ղեկավարում էր վարչապետ Յուսեֆ Չահեդը: Նա էլ ինքնակամ դուրս եկավ Նիդա Թունեսից։ Սա նշանակում է, որ կառավարությունը իրական մանդատ չունի իր ժողովրդից, մինչդեռ դրա նախագահը, ով իրականում ունի մանդատ, չունի կառավարական լիազորություն։ Մի՞թե զարմանալի չէ, որ Բեն Մհեննին կասկածում է այն ժողովրդավարությանը, որին նա աջակցել է։
2010-11թ. նրա նման շատ ցուցարարներ դուրս եկան ակտիվ քաղաքականությունից։
Շատերն այլ ճանապարհներ գտան իրենց կրքի համար, աշխատելով ոչ կառավարական կազմակերպություններում` հասարակական փոփոխությունների համար։ Բեն Մհեննիի վերջին գործը Թունիսի բանտերի համար գրադարաններ կառուցելն էր։ Նա հիշում է իր հոր վրդովմունքը, երբ դեռ Բեն Ալիի վարչակարգի ներքո քաղբանտարկյալ էր, բավականաչափ գրքեր չուներ կարդալու համար, և հիմա նա հպարտ է, որ իր շնորհիվ, ավելի քան 30000 գրքեր ավելացան բանտերի գրադարաններում։ Ես հարցնում եմ նրան՝ արդյո՞ք չկա մի փոքր անբավարարվածության զգացում աշխարհի ամենաերկար ղեկավարած բռնակալներից մեկին տապալելու հաջողությունից հետո։ Նա թափահարում է ուսերը։ «Շատ երիտասարդներ ներգրավված էին 2011թ. ընտրություններում` որպես անկախ կամ որևէ կուսակցության անդամներ»,- ասում է նա,- «բայց մենք հասկացանք, որ քաղաքականությունը չափազանց կոռումպացված էր»: Նա զգում էր, որ բանտարկյալների ձեռքը գիրք տալն այնպիսի զգալի ներդրում էր հասարակության համար, ինչպիսին` խորհրդարանական քաղաքական գործիչների «աղբակույտը» երբեք չէր անի։
Արաբական գարնան ակտիվիստների նման, բազմաթիվ հասարակ թունիսցիներ մեջքով են կանգնում իրենց` այդքան դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարությանը։ Ընտրողներից հազիվ միայն մեկ երրորդը մասնակցեց անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած ավագանու ընտրություններին: Մասնակցությունը գրեթե 60%-ով իջել էր 2014թ.։ Մեկ այլ կարևոր նշան. անկախ թեկնածուները ավելի շատ ձայներ են հավաքում, քան որևէ միասնական կուսակցություն։ Էննահդայի պատգամավոր Օսամա Ալ-Սաղիրն ասում է. «Ընտրողները հոգնել են կուսակցությունների խորամանկ խաղերից»:
Կա մեծ հավանականություն, որ անվստահությունը կհանգեցնի ևս մեկ գլխավոր ընտրությունների։ Ալ-Սաղիրը խոստովանում է. «Ընտրողների ցածր մասնակցությունը վտանգի տակ կդնի ժողովրդավարության լեգիտիմությունը»: «Աֆեկ Թունես» աշխարհիկ կուսակցության նախագահ Յասսին Բրահիմը, ավելի հեռու է գնում։ «50%-ից ցածր յուրաքանչյուր մասնակցություն աղետալի կլինի»,- ասում է նա,- «Մեզ մարդիկ են պետք, որպեսզի քվեարկեն, որովհետև սա որոշիչ ընտրություն է լինելու»: Նա ասում է, որ 2011թ. հիմնադիր ժողովի ընտրությունները ցույց տվեցին, «թե ինչպիսի երկիր ենք մենք», իսկ 2014թ. աշխարհիկների և իսլամիստների միջև մրցակցությունն ավարտվեց՝ «ինչպիսի ժողովուրդ ենք մենք» ձևակերպումով: «Հոկտեմբերին կայանալիք ընտրությունն առաջին ուղղորդող քայլը կլինի դեպի ապագա»,- ասում է նա,- «Մենք պետք է անցկացնենք այս ընտրությունները հանուն այն տնտեսության, որը մենք ուզում ենք ունենալ»:
Ես թերահավատ եմ։ Բացառությամբ մի քանի փոքր, ձախ կուսակցությունների, կա լայն քաղաքական համաձայնություն, թե ինչպիսի տնտեսական ուղղություն պետք է Թունիսը վերցնի: Էննահդան և աշխարհիկ կազմակերպությունների մեծ մասը գտնում են, որ երկրին պետք են ավելի շատ մասնավոր ձեռնարկություններ և ավելի քիչ` պետական բիզնեսներ։ Անգամ Միությունն է համաձայն, չնայած այն նրան, որ կցանկանար, որ պետությունը պահպաներ իր վերահսկողությունը, ինչպես Միության գլխավոր քարտուղար Մոհամեդ Ալի Բաֆդիրին է ասում, այնպիսի «զգայուն ոլորտներում», ինչպիսին է օրինակ` ֆոսֆատը, ինչը կազմում է երկրի արտահանման ամենամեծ բաժինը:
Քանի որ տնտեսական հարցերի շուրջ աշխարհիկները և իսլամիստները այդքան էլ հիմնավոր համաձայնության չեն գալիս, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընտրություններին նրանք կրկին կբաժանեն։ Էննահդայի առաջնորդներն իրենց ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես մուսուլման ժողովրդավարներ։ Ալ-Սաղիրն ասում է. «Մենք «իսլամիստ» տերմինը չափազանց անորոշ ենք համարում, քանի որ մարդիկ այն օգտագործում են, որպեսզի ներառեն մեր կուսակցության մեջ «այն ամենն ինչ իսլամական է»։ Մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք Եվրոպայի քրիստոնյա ժողովրդավարների հետ և չպետք է տերորիստների հետ նույն խմբում դասվենք»։
Էննահդայի մրցակիցները ռեբրենդինգի չեն գնում։ Բրահիմն ասում է. «Նրանք ուզում են ընդունված լինել արևմուտքի կողմից, այնուհետև ներդնեն իրենց սեփական օրակարգը»։ Բեն Մհեննին համաձայն է, բայց նրա հույսերն աշխարհիկների հանդեպ ավելի մեծ չեն, քան իսլամիստների հանդեպ։ Նրա խոսքերով, քանի դեռ նրանք շարունակում են հավասարակշռել միմյանց, պետությանը վնաս հասցնելու նրանց հնարավորությունը սահմանափակ կլինի։ Այս պարագայում նա հանգիստ է նաև, որ կառավարությունը մեկի ձեռքում կենտրոնացած չէ։ Եթե խորհրդարանական կառավարությունը հարցերը չի կարգավորում, գոնե վնաս չի հասցնում։ «Այն բարդ է ու խճճված, և դա միանգամայն նորմալ է», – ասում է նա։ Ես հարցրի՝ արդյոք նա երբևէ լսել է «սնաֆու» (SNAFU) հապավման մասին։ Նա չէր լսել։ Երբ առաջին անգամ արտաբերեցի այն նրա համար, «իրավիճակը նորմալ է, ք–ի մեջ նստած». (“Situation Normal, All F—ed up”), նա առաջին անգամ սկսեց ծիծաղել մեր հանդիպման ժամանակ։ «Այ դա՛ է, դա է ամենաճիշտը»։
Հեղինակ` Բոբբի Գոշ
Թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի և Արփինե Փանոսյանի
Բլումբերգում հրապարակվել է փետրվարի 7, 2019 թ.
Բնօրինակն այստեղ` Bloomberg.com
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/02/2019