Տնտեսություն

«Նաիրիտի» անկումը. երկրի տնտեսության հիմնաքարից մինչև քայքայում

photo by Photolur

Արհեստական կաուչուկ արտադրող «Նաիրիտ գործարանը»` հիմնադրված 1936 թվականին, իր գործունեության ամենաբեղուն շրջանում 34 տեսակի քիմիական արտադրանք էր մատակարարում Խորհրդային Միությանն ու նախկին սոցճամբարի երկրներին: «Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի տնտեսության և արդյունաբերության շարժիչ ուժն էր, որն ապահովում էր հազարավոր աշխատատեղեր և երկրի եկամտի 40%-ը:  Սակայն 1988թ-ի համազգային շարժման հիմքում ընկած էկոլոգիական շարժումը պատճառ դարձավ, որ 50 տարի անընդմեջ շահագործվող «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվի: Շարժման մասնակիցների պահանջն էր` դադարեցնել շրջակա միջավայրի համար թունավոր համարվող քլորոպրենային կաուչուկի արտադրությունը և վերամասնագիտացնել գործարանը, այսինքն դիտարկել միայն անվտանգ համարվող արտադրամասերն աշխատեցնելու հարցը: Այդ ժամանակ դժվար թե լիներ մեկը, ով պատկերացներ, որ այդ պահից սկսած և տարիներ շարունակ գործարանը դառնալու է «պատուհաս» անկախ Հայաստանի տնտեսության համար` հայտնվելով ամենասկանդալային ֆինանսական և քաղաքական գործարքների կիզակետում` ի վերջո բռնելով լուծարման ուղին:

Թարմացվել է 2018թ. մարտի 2-ին

Իրավիճակ

Երևանի Հանրապետության հրապարակից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող «Նաիրիտը», որը սնանկ է ճանաչվել և, իբրև գործարան, կարծես այլևս չի գործում, մայրաքաղաքում 160 հա տարածք է զբաղեցնում: Համեմատության համար նշենք, որ Լոնդոնում կենտրոնական ամենախոշոր հանրային այգիներից մեկը՝ «Հայդ պարկը» (անգլ.՝ Hyde Park), ընդգրկում է 142 հա տարածք և հանդիսանում է Լոնդոնի թագավորական զբոսայգիներից մեկը` հիմնադրված 480 տարի առաջ:

Ավելի քան 80 տարի առաջ շահագործման հանձնված «Նաիրիտի» տարածքը դժվար երբևէ հավակնի դառնալ «Հայդ պարկ», թեպետ իր չափերով Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ մակերեսի մոտ 20%-ն է կազմում: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ գործարանում իբրև թափոն ներկայումս պահեստավորված են շուրջ 10 տեսակի ուժեղ ներգործող թունավոր նյութեր, դժվար չէ կռահել, որ այն հավակնում է դառնալ մայրաքաղաքի արդյունաբերական թափոնների կենտրոնակայան` Երևանի բնակիչների համար բնապահպանական աղետների սպառնալիքով:

Վերջին դեպքը տեղի ունեցավ 2017թ. օգոստոսի 28-ին. պայթյուն, որին հաջորդեց գործարանի լաք էթինոլի պահեստարանում բռնկված հրդեհը: Ժամեր շարունակ այրվեցին էթինոլով լցված 4 երկաթբետոնյա տարաները: Մայրաքաղաքի բնակիչները դեռ երկար կհիշեն գործարանից մթնոլորտ արտանետվող թանձր և սև ծուխը, որ երևում էր քաղաքի գրեթե բոլոր ծայրերից: Լաք էթինոլը գործարանի թափոններից է: Բարձր ջերմաստիճանի դեպքում ունի ինքնաբռնկման հատկություն: Այս նյութն անհրաժեշտ է պահել արևի անմիջական ճառագայթներից հեռու` փակ տարածքում, որտեղ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 30 աստիճանը: Պահեստավորման երաշխիքային ժամկետը արտադրության օրվանից մեկ տարի է: Լաք էթինոլի բռնկման հետևանքով հրդեհներ են գրանցվել նաև 2006 և 2009թթ.:

Ի դեպ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, այսօր գործարանում իբրև թափոն ամենից շատ առկա է հենց այս նյութը` 1,223 տոննա:

«Նաիրիտի» գոյության կամ, ավելի ճիշտ, նրա վերագործարկման անհրաժեշտության մասին ժամանակ առ ժամանակ Կառավարության շենքի առջև հիշեցնում են գործարանի արդեն նախկին աշխատակիցները` բարձրաձայնելով նաև իրենց չստացած, բայց հասանելիք աշխատավարձերի մասին:

Թեև Հայաստանի կառավարությունը նշում է, որ գործարանի աշխատակիցներն ամբողջությամբ ստացել են իրենց հասանելիք գումարները, սակայն ոչինչ չի նշում գործարանի հետագա ճակատագրի մասին: «Նաիրիտ գործարանի» մասին որևէ անդրադարձ չկա կառավարության կողմից հավանության արժանացած 2017-2022թթ. բարեփոխումների ծրագրում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. Մենք իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ ու գրիչով խոսենք: Մենք 2-րդ, 4-րդ փորձն ենք անում` «Նաիրիտ»-ի հետ կապված, որը բյուջեի վրա մեծ թիվ է արժենում: Եվ հերթական փորձը մի բանի մեջ, որն ապագա չունի, կարծում եմ, այս պահին չափից դուրս ռիսկային է: Բայց եթե լինեն տրամաբանական բիզնես առաջարկներ, և այդ մարդիկ բոլոր գործոններն ու ռիսկերը հաշվարկեն… բայց ես չեմ հիշում «Նաիրիտի» վերաբերյալ մի ներդրող, որը մեր հանրապետությունից թուղթ է ուզել, թե գազի գինն ինչ է լինելու: Եթե դու դա չես ուզում ու այդ բիզնեսի մեջ մտնում ես, արդեն մտավախություն կա: Համաձայն չե՞ք: 

Հատված ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանից, 2016թ. հոկտեմբերի 14 

Հետաքրքիր զուգադիպությամբ, սույն հետազոտությունը հրապարակելուց մեկ շաբաթ անց`  փետրվարի 23-ին, «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրություն է ուղղել ՀՀ վարչապետին` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գույքային համալիրը ձեռք բերելու խնդրանքով` ինչն էլ դրական գնահատականի է արժանացել կառավարության կողմից: Եվ արդեն մարտի 1-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հա հողատարածքը շուրջ 627 մլն դրամով վաճառել «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին: Ի դեպ, սույն ընկերությունը, համաձայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, հիմնադրվել է վարչապետին դիմումը ներկայացնելուց մեկ օր առաջ` փետրվարի 22-ին:

Ինչևէ, նորաթուխ ընկերությունը «Նաիրիտ-2»-ի տարածքում, ինչպես նշված է կառավարության նիստի արձանագրության մեջ, խոստացել է առաջիկա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և ստեղծել 250 նոր աշխատատեղ:  Այն ծրագրում է հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան,  շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր: Սա առնվազն նշանակում է, որ գործարանի նախկին արտադրությունը գոնե այս հատվածում այլևս վերականգնման ենթակա չէ:

Ի՞նչ էր արտադրում «Նաիրիտը»

քլորոպրենային կաուչուկ

Գործարանի 34 տեսակի քիմիական արտադրանքներից հիմնականը քլորոպրենային կաուչուկն էր: Սա առաձգական բաց դեղնավուն նյութ է՝ օժտված մի շարք արժեքավոր հատկություններով՝ բարձր մեխանիկական ամրություն, յուղակայունություն և լուսադիմացկունություն:

Դրա շնորհիվ այս նյութը լայնորեն կիրառվում է հատուկ նշանակության կարևորագույն դետալների՝ կոնվեյերների և էլեկտրահաղորդման գոտիների, խողովակների, էլեկտրական ջերմամեկուսիչ նյութերի, մետաղալարերի ու մալուխների պաշտպանիչ շերտերի արտադրությունում: Գործարանի կողմնակի արտադրանքներից էին՝ կաուստիկ սոդան, չհանգած կիրը (մասամբ օգտագործվում էր ներքին կարիքների համար), ջրածինը (օգտագործվում էր ներքին կարիքների համար որպես վառելանյութ), նատրիումի հիպոքլորիտը (ժավելը) և այլն։

Լուծարում

Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից 2015թ. հունիսին հրապարակված «Նաիրիտի»  շահագործման վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում է, որ «Նաիրիտ գործարանի» վերագործարկումը նպատակահարմար չէ, քանի որ գործարանի արտադրանքի հնարավոր ինքնարժեքը կգերազանցի քլորոպրենային կաուչուկի շուկայական հնարավոր գինը, ինչը գործարանի արտադրանքը կդարձնի ոչ մրցունակ և դուրս կմղի նրան շուկայից:

Հիմնավորումներում նաև նշվում է, որ գործարանը վերագործարկելու համար կպահանջվի ներքին շուկան պաշտպանելուն ուղղված առևտրային քաղաքականություն, ինչպես նաև 210-346 մլն ԱՄՆ դոլար, այսինքն գրեթե այնքան, որքան գործարանի կուտակած պարտքն էր: Հաշվետվության հեղինակների եզրահանգման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարությունը տեխնիկական և ֆինանսական նկատառումներից ելնելով` պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակումն ու դրա իրականացումը:

Արդյոք Կառավարությունը գործարանի լուծարման գործընթացը ձեռնարկեց` առաջնորդվելով ՀԲ-ի եզրակացությա՞մբ, թե՞ զարգացումներն այլևս այլ ուղղությամբ չէին էլ կարող ընթանալ, այնուամենայնիվ, այս փաստաթուղթը  կարծես վստահություն ներշնչեց գործընթացը մեկնարկելու համար: 2016թ. առաջին կեսին` ՀԲ հաշվետվությունից 8 ամիս անց, «Նաիրիտ գործարանի» բոլոր աշխատակիցները, այդ թվում` ղեկավարությունը, ծանուցագրեր ստացան աշխատանքից ազատման մասին: Թեպետ մինչ այդ հայտարարվել էր, որ գործարանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել առնվազն 460 աշխատատեղ։

Գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան Երևանում (հոկտեմբեր, 2016թ)

2016թ. նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը: ՀԷՑ-ի հայցադիմումի սնանկ ճանաչելու հիմքում «Նաիրիտի» ավելի քան 1 մլրդ 235 մլն ՀՀ դրամ պարտքն էր, որ կուտակվել էր սպառված էլեկտրաէներգիայի և տույժերի հաշվին։

Սույն որոշումից ընդամենը 3 ամիս անց նույն դատարանը 2017թ. փետրվարի 17-ին կայացրեց 2 այլ որոշումներ: Դատարանը որոշում ընդունեց սկսել ընկերության լուծարային վարույթ և հանձնարարել սնանկության գործով կառավարչին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով արգելանք դնել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Դատարանի մյուս որոշմամբ, կասեցվեց պարտապան ընկերության գործունեությունը, ինչպես նաև գույքը կառավարելու և տնօրինելու բոլոր իրավունքները: Գործարանի պաշտոնական Nairit.am կայքը, որը կարևոր նյութեր եւ հաշվետվություններ է պարունակում գործարանի մասին, տևական ժամանակ հասանելի չէր, թեպետ գործարանի ադմինիստրացիան դոմենային հասցեի համար վճարում կատարել է մինչև 2018թ. դեկտեմբերը:

Քլորոպրենային կաուչուկի համաշխարհային արտադրողները

Աշխարհում պոլիքլորոպրենային կաուչուկի առաջատար արտադրողը Ճապոնիան է: Ճապոնիայի արտադրողներին բաժին է ընկնում այս ապրանքատեսակի համաշխարհային շուկայի 59%-ը: 2006-2013 թթ. ճապոնացի արտադրողներն իրենց հզորություններն ավելացրել են տարեկան 80,000 տոննայով, չինացիները` 40,000 տոննայով: Հյուսիսային Ամերիկայի միակ արտադրողը դուրս է եկել քլորոպրենային կաուչուկի արտադրությունից: Այստեղ եղել է միայն մեկ արտադրող՝ DuPont Dow Elastomers-ը: DuPont-ի և Dow-ի համատեղ ձեռնարկությունն իր երկու գործարաններից մեկը փակել է, իսկ մյուսը վաճառել ճապոնական Denka Joint Venture-ին (Denka 70%, Mitsui 30%): Արևմտյան Եվրոպայում միակ արտադրողը Գերմանիան է: Գերմանական Lanxess ընկերությունն ունի շուրջ 83,000 տոննա/տարի արտադրական հզորություն: Այն արտադրում է և′ պինդ կաուչուկ, և′ լատեքս: Արևմտյան Եվրոպայի քլորոպրենային կաուչուկի արտադրության մյուս գործարանը գտնվում էր Ֆրանսիայում, որն ուներ 43,000 տոննա/տարի հզորություն և պատկանում էր Enichem-ին: Սակայն անբարենպաստ տնտեսական պայմանների և այլ խնդիրների պատճառով ավելի հին Enichem գործարանը փակվել է 2005 թ., և այսօր Laxness-ը միակ արտադրողն է Արևմտյան Եվրոպայում:

Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակի գներին, ապա միջազգային շուկայում նրա մեկ տոննայի արժեքը 3000-5000 դոլար է:

Կանխատեսվում է, որ համաշխարհային հզորությունը (405 կիլոտոննա/տարի) կմնա անփոփոխ, սակայն կբավարարի համաշխարհային պահանջարկը առնվազն մինչև 2025 թվականը: 2018թ. այդ պահանջարկը կկազմի 361 կիլոտոննա:

Պատմական ակնարկ

2010թ.` արտադրությունը դադարեցնելու պահին, «Նաիրիտին» բաժին էր ընկնում համաշխարհային հզորությունների 3%-ը, մինչդեռ 1980-ականների վերջին` մասնավորապես 1987թ., «Նաիրիտը» բավարարում էր համաշխարհային պահանջարկի 15%-ը:

1989թ. հունիսի 25-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի «Նաիրիտի» փակման մասին ընդունած որոշումը ընդամենը 2 տարի անց` 1991թ. ապրիլի 17-ին, չեղյալ համարվեց ՀՀՇ վերնախավի կողմից, որը ժամանակին շարժման առաջին շարքերում գործարանի փակման պահանջատերերից էր: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը գործարանի վերաբացման նոր որոշում ընդունեց, և 1991-1992թթ. այն կրկին շահագործվեց:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան. Ես անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ էկոլոգիական նպատակահարմարությունը խորությամբ այն ժամանակ չէի զգում, ինձ համար ավելի առաջնակարգ էին քաղաքական նկատառումները: …Մենք` Հայոց համազգային շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեն, առաջնորդվում էինք քաղաքական նկատառումներով: Կար քաղաքական նկատառում: Առաջինը այն էր, որ «Նաիրիտը» փաստորեն մերը չէր: Մենք «Նաիրիտից» ստանում էինք թույն և անարժեք թղթադրամ` 178 միլիոն ռուբլի: Սա էր այն ամենը, ինչ մենք ստանում էինք «Նաիրիտից»: Մնացած այդ հսկայական հարստությունը տնօրինում էր Խորհրդային Միությունը:

ԱԺ արխիվ, հատված 1991թ. ապրիլի 17-ի նիստի ելույթից

Ըստ տարբեր աղբյուրների, երկրորդ անգամ գործարանը դադարեցրեց աշխատանքը 2008-2010 թթ. ֆինանսական ճգնաժամի, ինչպես նաև մասնավոր սեփականատիրոջ կողմից գործարանը լքելու պատճառով: Արդյունքում ավելի քան 2500 աշխատակիցների կեսից ավելին դարձան գործազուրկ, մյուսներն էլ չվճարված աշխատավարձերին սպասելով:

Եվ միայն տևական ժամանակ կառավարության ու նախագահական նստավայրի դիմաց անցկացրած բողոքի ակցիաների և նստացույցերի արդյունքում կառավարությունը 2015թ. օգոստոսին վճարեց 18-24 ամսվա նրանց հասանելիք աշխատավարձերը, ինչը կազմում էր 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Սակայն աշխատավարձը գործարանի ընդհանուր պարտքի չնչին մասն էր միայն։ Ըստ տարբեր հաշվարկների, 2006-2011թթ. ընթացքում գործարանը կուտակել էր 300-500 մլն դոլարի պարտք, որի հետևանքով ԱՊՀ Միջպետական բանկը, 2011թ. դեկտեմբերի վերջին դատի էր տվել այդ ժամանակ «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետեր բրիտանական «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը` պահանջելով տույժեր ու տուգանքներ պարտքերը չմարելու դիմաց: Սա նույնն էր, ինչ հայց ներկայացվեր «Նաիրիտ գործարանի» դեմ, քանի որ «Նաիրիտը» «Ռայնովիլ Փրոփերթիի» բաժնետեր էր դարձել:

Անկարող լինելով վճարել` գործարանը 2012թ. դարձել էր բանկի սեփականությունը: 2015թ. դեկտեմբերին, ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանի, երկարատև բանակցություններից հետո «Նաիրիտը» ետ է վերադարձվել Հայաստանի կառավարությանը:

«Նաիրիտի» սեփականատերերի շուրջ սկանդալային պատմություններում քիչ չեն նաև  գործարանի ղեկավարների և պետական բարձրաստիճան այրերի անմիջական մասնակցությամբ օֆշորային գործարքները, որոնց անդրադարձել է «Հետք» առցանց պարբերականը: (Այդ պատմությունների հղումները ստորև՝ «Հղումների պահոց» բաժնում:)

Ի հավելումն

2010թ. «Նաիրիտի» ինտելեկտուալ ռեսուրսների ու հոսքագծերի մի մասի ներդրմամբ` Չինաստանում գործարկվել է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը (ՀՁ), որի 40% բաժնետերը, ըստ Էներգետիկայի նախարարության, համարվում է «Նաիրիտ գործարանը»: Այս գործարքի արդյունքում Հայաստանի բյուջեի համար նախնական հաշվարկներով տարեկան ամենաքիչը 10 մլն դոլար եկամուտ էր կանխատեսվում: Մինչդեռ, Ամփոփ Մեդիայի հարցմանն ի պատասխան` Էներգետիկայի նախարարությունը նշել է, որ 2010-2016թթ. ձեռնարկությունը նախագծային ամբողջական հզորություններով չի աշխատել: Այդ պատճառով նրա գործունեությունը եղել է վնասով, և բաժնետերերին շահութաբաժնի վճարումներ չեն կատարվել:

Ի դեպ, հայ-չինական ՀՁ-ը համաշխարհային հզորությամբ 3-րդն է կաուչուկ արտադրող հսկաների ցանկում:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում, Համաշխարհային բանկ, 2015թ. հունիս
  • «Հետքի» 3 մասից բաղկացած անդրադարձը. 1) Խաղ միլիոնավոր դոլարների հետ…, 2) Նոր սկանդալային բացահայտում…, 3) Փողերի լվացում, օֆշորային գործարքներ
  • Գործարանը վերագործարկե՞լ, թե լուծարել. հարցազրույց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ
  • «Արտակարգ ալիք լրատվական կենտրոն» կայքի ակնարկային անդրադարձը «Նաիրիտում» 2006թ. տեղի ունեցած պայթյուն-հրդեհներին
  • 168.am-ի անդրադարձը. «Նաիրիտի» սնանկության գործով կառավարիչը արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը

Նախագծի հեղինակ՝ Կարինե Դարբինյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Լուսանկարները` Ֆոտոլուրի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 15/02/2018