Հայաստանի խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն, սակայն արդեն պարզ է՝ այս ընտրարշավն իր բնույթով բացառիկ է լինելու։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ ժամանակահատվածում քաղաքացիները պետք է որոշեն երկրի ապագան՝ առավել ուշադիր գնահատելով տեղեկատվական հոսքերի հավաստիությունը, որպեսզի չդառնան մանիպուլյացիաների զոհ։
Նախընտրական քարոզարշավում ավելի մեծ դեր են սկսում խաղալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք կարող են օգտագործվել ինչպես ստեղծարար հաղորդակցության, այնպես էլ իրականին մոտ ապատեղեկատվություն տարածելու համար։
Այս վտանգն արդեն տեսանելի է նաև Հայաստանում։ Վերջին շաբաթներին արձանագրվել են դեպքեր, երբ իրական մարդկանց պատկերներն օգտագործվել են ԱԲ-ով գեներացված քաղաքական տեսանյութերում։
Երբ քաղաքացիները հայտնվում են ԱԲ-ով ստեղծված տեսանյութերում
Մարտի 4-ին կիբերանվտանգության ոլորտում աշխատող CyberHUB-AM-ը հայտարարություն հրապարակեց նախընտրական քարոզարշավում ԱԲ-ով ստեղծված բովանդակության վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև «Ամփոփ Մեդիայի» կողմից այս նյութի պատրաստման ընթացքում բացահայտված դեպքը։
Ըստ CyberHUB-AM-ի՝ երեք քաղաքացի դիմել է իրենց՝ հասկանալու, թե որքանով է օրինաչափ իրենց լուսանկարների օգտագործումը նման տեսանյութերում։ Դիմումից հետո նախաձեռնությունն իրականացրել է ներկայացված տեսանյութերի և քաղաքացիների իրական լուսանկարների տեխնիկական ու վիզուալ համեմատական վերլուծություն և հանգել հետևյալ եզրակացության․
«…կուսակցության կողմից պատրաստված հոլովակներում օգտագործվել են քաղաքացիների լուսանկարները, որոնք վերցված են համացանցում առկա հանրամատչելի աղբյուրներից, որտեղ դրանք հրապարակված են եղել այլ նպատակներով», – նշված է հայտարարությունում։
Այսինքն՝ հոլովակների համար օգտագործվել են համացանցից վերցված իրական մարդկանց լուսանկարներ՝ առանց տվյալ անձանց համաձայնության, և դրանք կիրառվել քաղաքական տեսանյութերում։
Նշում. «Ամփոփ Մեդիան» հասանելիություն ունի նշված հոլովակին, բայց մենք զերծ ենք մնում հոլովակի հղումը կամ դրանում օգտագործված պատկերները հրապարակելուց՝ հարգելով այն քաղաքացիների դիրքորոշումը, որոնք բողոք են ներկայացրել և չեն ցանկանում իրենց պատկերների հետագա տարածումը։
Ինչպես է ԱԲ-ն ստեղծում «նման» մարդկանց
Արհեստական բանականությունը կարող է ստեղծել մարդկանց պատկերներ տարբեր եղանակներով։
Ամենատարածվածները երկուսն են։ Առաջին դեպքում ԱԲ-ին տրվում է ընդհանուր հրահանգ, օրինակ՝ «գեներացրու հայի արտաքինով տղամարդ կամ կին», և համակարգն իրեն հասանելի տվյալների հիման վրա ստեղծում է նոր կերպար, որը կարող է նման լինել իրական մարդկանց։ Երկրորդ դեպքում համակարգին տրվում են կոնկրետ մարդու լուսանկարներ և հրահանգվում դրանց հիման վրա ստեղծել պատկեր կամ տեսանյութ։ Սա հայտնի է որպես «դիփֆեյք» տեխնոլոգիա։
Խնդիր առաջանում է այն դեպքում, երբ մարդու պատկերն օգտագործվում է առանց նրա համաձայնության կամ այնպիսի բովանդակության մեջ, որը կարող է մոլորեցնել հանրությանը, վնասել տվյալ անձի հեղինակությանը կամ ծառայել ապատեղեկատվության տարածմանը։
Երբ ԱԲ-ն դառնում է քարոզչական գործիք
Գեներատիվ ԱԲ գործիքների տարածումը քաղաքական ուժերին տվել է նոր գործիքակազմ․ դրանց միջոցով հնարավոր է արագ և համեմատաբար էժան ստեղծել տարբեր տեսակի տեսանյութեր, պատկերներ կամ ինֆոգրաֆիկներ։
Մեդիա փորձագետ, CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նշում է, որ քաղաքական արշավներում ԱԲ գործիքների կիրառումը խնդիր չէ, հատկապես եթե այն օգտագործվում է ստեղծարար նպատակներով։ Սակայն կարևոր է, որ նման բովանդակությունը պարզ ձևով մակնշված լինի։

Ինչ իրավունքներ ունեն տուժած քաղաքացիները
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը որոշակի պաշտպանություն տալիս է նման դեպքերում։
Ըստ Պապյանի՝ մարդու ինքնությունը բացահայտող տվյալներն օրենքով պաշտպանված են։
«Տուժած քաղաքացիները կարող են դիմել օմբուդսմենին, անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ կիբերոստիկանությանը և պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասում է Պապյանը։
ԱԲ քաղաքականության հարցերով անկախ խորհրդատու Փրաթմ Ջունեջան ուշադրություն է հրավիրում կարևոր տարբերության վրա։ Նրա խոսքով՝ հանրային գործիչների դեպքում դիփֆեյքերը հաճախ ընկալվում են որպես քաղաքական պայքարի կամ սատիրայի մաս, քանի որ նրանք մշտապես գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ Սակայն բոլորովին այլ իրավիճակ է, երբ նման տեխնոլոգիաները կիրառվում են շարքային քաղաքացիների նկատմամբ։
«Երբ դիփֆեյքի զոհ են դառնում շարքային մարդիկ, առաջանում է լուրջ խնդիր․ նրանք գրեթե չունեն լծակներ դա հեռացնելու կամ դրան հակադարձելու համար։ Եթե խոշոր քաղաքական շարժումներն սկսեն ապատեղեկատվություն տարածել կամ պարզապես դիփֆեյք ստեղծել ձեր կամ իմ նման մարդկանց դեմքով, ամենայն հավանականությամբ կտուժի նա, ով չունի իրեն պաշտպանելու հնարավորություն», – ասում է Ջունեջան, որը Հայաստան էր ժամանել քաղհասարակության ներկայացուցիչների համար ԱԲ մասին աշխատարաններ վարելու:
«Արհեստական» Սամվել Կարապետյանի օրինակով
Հայաստանում ԱԲ տեխնոլոգիաների կիրառման ամենաքննարկվող օրինակներից մեկը «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կերպարով գեներացված տեսանյութը դարձավ։
Տեսանյութում նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունն օգտագործել էր տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանի արտաքինն ու նրա փաստաբանի ձայնը՝ հայտարարելու «Տաշիր Գրուպ»-ի սեփականատիրոջ՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին լուրը։
ԱԲ-ով պատրաստված շուրջ յոթ րոպեանոց ուղերձը ցուցադրվել է փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրային միջոցառման ժամանակ և միայն Facebook-ում հավաքել է երկու միլիոնից ավելի դիտում։
Այս քայլն ուշագրավ է նաև այն պատճառով, որ այդ պահին Կարապետյանը տնային կալանքի տակ էր։ Թեև տեսականորեն հնարավոր էր նրա իրական մասնակցությամբ տեսանյութի նկարահանումը, քաղաքական ուժը նախընտրել էր օգտագործել ԱԲ տեխնոլոգիան՝ այդպիսով ընդգծելով իր «նորարարական» դիրքավորումը։
Սամվել Կարապետյանը քաղաքական գործընթացների կենտրոնում հայտնվեց 2025 թ-ի հունիսին, երբ հայտարարեց, որ պատրաստվում է «իր ձևով» պաշտպանել իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին։ Դրանից հետո ռուսաստանահայ գործարարին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, և նա կալանավորվեց, իսկ ավելի ուշ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։
Միջազգային նախադեպ և էթիկական սահմաններ
Նմանատիպ օրինակ է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեպքը, որի մասին հիշում է Փրաթմ Ջունեջան. «Երբ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը բանտում էր, նախընտրական թիմը պատրաստեց նրա «դիփֆեյքը» (կամ, ինչպես ոմանք անվանում են, «սոֆթֆեյքը», քանի որ այն արվել էր համաձայնությամբ)։ Ես դեռ չունեմ լիարժեք ձևավորված կարծիք նման երևույթի էթիկական կողմի վերաբերյալ, բայց եթե մարդն անարդարացիորեն հայտնվել է բանտում և չի կարող հրապարակայնորեն հաղորդակցվել, լսարանի հետ կապ հաստատելու համար հնարավոր է օգտագործել փոխհամաձայնեցված ԱԲ մոդելներ»։
Թափանցիկության խնդիրը
Միևնույն ժամանակ փորձագետները կարևոր են համարում, որ նմանատիպ բովանդակությունը հստակ մակնշվի։
Օրինակ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաճախ հրապարակում է ԱԲ-ով գեներացված տեսանյութեր՝ իրական և հորինված կերպարներով, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ միջազգային առաջնորդների մասնակցությամբ։ Սակայն տեսանյութերում սովորաբար նշված չէ, որ դրանց բովանդակությունը սինթետիկ է։
Փրաթմ Ջունեջայի կարծիքով՝ սա կարող է խնդիր առաջացնել Հայաստանի տեղեկատվական դաշտում, քանի որ նման տեսանյութերը հաճախ այնքան բնական են թվում, որ մարդիկ կարող են հեշտությամբ հավատալ դրանց իսկությանը, հատկապես ցածր որակով դիտելու կամ, օրինակ, Telegram-ով փոխանցելու դեպքում։
«Տեղեկատվական միջավայրն ավելի մեծ ներդրումների կարիք ունի հեղինակավոր և վստահելի աղբյուրների, ինչպես նաև փաստերի վրա հիմնված բովանդակության տարածման մեջ», – ասում է Ջունեջան։
Ըստ նրա, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը և հանրային կյանքին, բովանդակություն ստեղծողները բարոյական պատասխանատվություն են կրում՝ լինելու հնարավորինս ազնիվ և թափանցիկ։ «Նախազգուշացում չդնելը հաճախ գիտակցված ընտրություն է», – համոզված է Ջունեջան։
Միևնույն ժամանակ հարցը միանշանակ չէ՝ արդյո՞ք չմակնշված ԱԲ բովանդակությունը կարելի է անմիջապես դասել կեղծ լուրերի շարքին։
Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը դա ավելի շատ համեմատում է «համակարգված կեղծ վարքագծի» (coordinated inauthentic behavior) հետ։
«Այդպիսի վարքագիծը որոշ սոցիալական ցանցերում ընդհանրապես արգելված է։ Օրինակ՝ Meta-ն մի քանի անգամ հայտարարել է, որ հարյուրավոր օգտահաշիվներ արգելափակվել են, քանի որ ոչ օգտատերերն էին իրական, ոչ էլ նրանց տարածած բովանդակությունն ու մեկնաբանությունները», – ասում է Պապյանը։
ԱԲ ապատեղեկատվություն և սոցիալական ցանցերի կարգավորումներ
Սոցիալական ցանցերն այսօր ցանկացած քաղաքական ուժի համար հաղորդակցության հիմնական հարթակներն են, և հենց այստեղ է տարածվում նրանց բովանդակությունը՝ իրական, քարոզչական, սինթետիկ կամ դիփֆեյք։
Եթե պաշտոնական կուսակցական էջերը համեմատաբար քիչ են դիմում ԱԲ-ի միջամտությանը, ապա անանուն կամ նորաստեղծ էջերն ու օգտահաշիվները հաճախ դառնում են նման բովանդակության հիմնական տարածողները։
CivilNet լրատվական կայքի CivilNetCheck փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը նշում է, որ վերջին երկու տարիներին ԱԲ գործիքները զգալիորեն զարգացել են, ինչի պատճառով նույնիսկ ուշադիր դիտելու դեպքում երբեմն դժվար է հասկանալ՝ բովանդակությունն իրական է, թե կեղծ։
«Սոցցանցերում հաճախ հանդիպում ենք ԱԲ-ով պատրաստված տեսանյութերի, որտեղ քաղաքական գործիչների դեմքերն ու խոսքերը փոփոխված են։ Մի տեսանյութում, օրինակ, Նիկոլ Փաշինյանի սրտիկ անելու ժեստը ներկայացված էր այնպես, իբր նա այն անում է Թուրքիայի դրոշի ֆոնին։ Մեկնաբանություններից պարզ էր, որ շատ մարդիկ հավատացել էին տեսանյութին», -ասում է Գրիգորյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջերում ԱԲ-ով ստեղծված բովանդակություն գրեթե չկա, բայց CivilnetCheck-ը դրանք նկատում է ՔՊ-ի հետ փոխկապակցված էջերում:
«Օրինակ, կան ֆեյսբուքյան էջեր, որոնք կապ ունեն ՔՊ-ի հետ և տարածում են իրենց հակառակորդներին սևացնող կամ վիրավորական պատկերներ ու տեսանյութեր», – ասում է Անի Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի, առաջին դեպքը չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր օպոնենտներին սևացնելու համար օգտագործում է նման գործիքներ, – «Նույնը, տեխնիկապես ավելի սահմանափակ հնարավորություններով, կատարվում էր 2023-ի Երևանի ավագանու ընտրություններից առաջ»։
Երբ տեխնոլոգիան առաջ է ընկնում վերահսկողությունից
Ըստ փորձագետների՝ սոցիալական մեդիայի հարթակները որոշ չափով կարողանում են հայտնաբերել ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը, սակայն այդ գործընթացը հաճախ հետ է մնում տեխնոլոգիական զարգացումներից։
Փրաթմ Ջունեջայի խոսքով՝ վերջին տարիներին խոշոր սոցիալական հարթակները կրճատել են բովանդակության մոդերացիայի թիմերը։
«Վերջին երկու տարիներին սոցիալական մեդիայի խոշոր հարթակների մեծ մասը կտրուկ կրճատել է բովանդակության մոդերացիայի թիմերը: Telegram-ը նվազագույն մոդերացիա է իրականացնում, իսկ Meta-ն ու X-ը՝ շատ ավելի քիչ, քան նախկինում: Մարդիկ դա փոխարինել են «համայնքային նշումներով» (community notes), որոնք ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Մենք շատ ավելի առաջ ենք գեներացման կարողություններով, քան հայտնաբերման»,- ասում է Փրաթմ Ջունեջան։
Տվյալների հետ աշխատանք
Սինթետիկ պատկերների հետ աշխատանքը համեմատաբար հեշտ է նկատել կամ ստուգել, սակայն տեքստերի և հատկապես տվյալների դեպքում խնդիրները տեղափոխվում են այլ հարթություն։
Եթե քարոզարշավի ընթացքում որևէ կուսակցություն տվյալներ է ստանում ԱԲ չաթբոթից և առանց ստուգելու հրապարակում դրանք, օրինակ՝ ինֆոգրաֆիկի տեսքով, ապա ապատեղեկատվության պատասխանատվությունն ընկնում է հենց այդ քաղաքական ուժի վրա, ոչ թե օգտագործված ԱԲ համակարգի։
Բացի այդ, ԱԲ գործիքների մեծ մասը հիմնված է ամերիկյան կամ չինական տվյալների վրա։ Այդ պատճառով Հայաստանի վերաբերյալ համեմատություններ անելիս կամ օրինաչափություններ դուրս բերելիս հաճախ կարող են ստացվել կասկածելի կամ ոչ ճշգրիտ արդյունքներ, որոնք պահանջում են մասնագիտական կամ պաշտոնական մեկնաբանություն և ստուգում։
ԱԲ-ով տվյալների հետ աշխատելիս խնդիրները կարող են լինել նաև ավելի խորքային։ Մեդիա փորձագետ Պապյանի խոսքով՝ քաղաքական ուժերը պետք է զգուշավոր լինեն հատկապես անձնական տվյալների օգտագործման հարցում։
«Քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ անձնական տվյալներ ներբեռնել չի կարելի, որովհետև դա համարժեք է երրորդ կողմին՝ օտար պետության վերահսկողության տակ գտնվող կոմերցիոն ընկերությանը Հայաստանի քաղաքացիների անձնական կամ տնտեսության համար զգայուն տվյալներ փոխանցելուն», – ասում է Պապյանը։
Ըստ նրա, դրա հետևանքով կարող է տեղի ունենալ մեծածավալ տվյալների արտահոսք, որը նույնիսկ կարող է քննության առարկա դառնալ անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից։
Անվտանգության տեսանկյունից Փրաթմ Ջունեջան քաղաքական ուժերին և գործիչներին խորհուրդ է տալիս պահպանել թափանցիկություն՝ պաշտպանելով ժողովրդավարական գործընթացները։
«Մենք գործ ունենք տեխնոլոգիայի հետ, որը կարող է խառնել մարդկանց պատկերացումներն ու համոզմունքները։ Որքան շատ ենք օգտագործում նման գործիքներ, այնքան մեծանում են նաև կիբերհարձակումների ռիսկերը։ Պետք է զգուշանալ այս հարթակներում տվյալներ մուտքագրելուց և լրջորեն մտածել այն ծրագրերի մասին, որոնք օգտագործում ենք», – ասում է նա։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, և ԱԲ տեխնոլոգիաների ազդեցությունը տեղեկատվական դաշտում, հավանաբար, կաճի։
«Ամփոփ Մեդիան» շարունակելու է հետևել այս զարգացումներին՝ արձագանքելով այն դեպքերին, երբ սինթետիկ բովանդակությունն օգտագործվում է ապատեղեկատվության կամ հանրային կարծիքի մանիպուլյացիայի նպատակով։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/03/2026









