Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Խոսքը դատական գործընթացների կազմակերպման պետական տուրքերի կտրուկ թանկացման մասին է, որ տեղի ունեցավ մոտ չորս տարի առաջ՝ 2021 թ․-ի հոկտեմբերին, Ազգային ժողովի կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից շուրջ վեց ամիս հետո։
Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը դարձավ 6000 դրամ՝ նախկին 1500-ի փոխարեն, իսկ առավելագույն շեմ սահմանվեց 25.000.000 դրամը(մոտ 64,000 դոլար)՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։
Ահա թե, մասնավորապես, ինչի համար են չորս անգամ ավել վճարում դատարանի միջոցով արդարադատությանը հասնելու ցանկություն ունեցող քաղաքացիները՝
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների,
- դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների,
- դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճենների (կրկնօրինակներ),
- գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների և տարբեր ձևաչափերով տեղեկության կրկնօրինակները տրամադրելու։
«Ամփոփ Մեդիան» փորձել է հասկանալ՝ արդյոք տուրքերի թանկացման պատճառով չի՞ խախտվել քաղաքացիների դատարան դիմելու սահմանադրական իրավունքը, և որքանո՞վ է «բեռնաթափվել» դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Նաև ուսումնասիրել է դատարանների վրա ծախսերի և տուրքերից հավաքագրված գումարի հարաբերակցությունը՝ պարզելու, թե որքանով են իրականացել ռեֆորմի հեղինակների՝ 4 ագամ ավել տուրք հավաքագրելու կանխատեսումները։
Նախապատմություն
Արդարադատության նախարարությունն օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ նշել էր, որ դատարան դիմելու դրույքաչափերը 1999 թվականից ի վեր չեն փոխվել, մինչդեռ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն այս տարիների ընթացքում բարելավվել է։ Արդարադատության՝ այդ օրերի փոխնախարար Վահե Դանիելյանը նշել էր, որ նախնական հաշվարկներով պետական տուրքերը պետք է ավելանան չորս անգամ՝ «եթե գնահատում ենք 2020-ի ցուցանիշներով»։
Փոփոխությունների հեղինակները չեն թաքցնում, որ ոչ նյութական պատճառներից էր դատարանների գերծանրաբեռնված աշխատանքը, որը թոթափման կարիք ուներ։ Տուրքերի թանկացման միջոցով ակնկալվում էր նաև կանխել «ապօրինի, անտեղի կամ դատարկ հայցերով» դատարանների ծանրաբեռնումը։
«Պատկերացրեք՝ ընդամենը 1500 դրամով մարդը պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկը ծանրաբեռնում, աշխատացնում է։ Սա այն դեպքում, երբ մեր Սահմանադրական դատարանն էլ, Եվրոպական դատարանն էլ ասում են, որ պետական տուրքը պետք է լինի նաև նախականխող ու փոխհատուցվող միջոց»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հաստատում է, որ փոփոխության հետևանքով բարձրացել է և՛ ընդհանուր իրավասության, և՛ վարչական, և՛ սնանկության դատարանում մուտքագրվող դիմումների, հայցադիմումների, ըստ այդմ վերաքննիչ, վճռաբեկ բողոքների սահմանված պետական տուրքերը։
«Պետական տուրք է սահմանվել նաև այն դեպքերի համար, երբ անձինք ազատված են եղել այդ պարտավորությունից։ Այժմ մարդիկ հաշվարկում են, արժե՞, օրինակ, 1000 կամ 4000 դրամ տուգանքի դեպքում դիմել դատարան, վճարել նույնքան կամ ավելի պետական տուրք, կատարել փաստաբանի, փոստային և այլ ծախսեր, թե՞ պարզապես վճարել տուգանքը»,- ասում է իրավաբանը։
Դրույքաչափերի փոփոխությունից հետո զգալիորեն բարձրացել է նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսական ծանրաբեռնվածությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Մարիամ Անտոնյանը «Ամփոփ Մեդիային» փոխանցեց, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենց ծախսերը 2-3 անգամ ավելացել են, քանի որ կազմակերպությունն է վճարում իրենց պաշտպանյալի գործին առնչվող պետտուրքերը։
«Օրինակ, եթե նախկինում առաջին և վերաքննիչ ատյաններում պետական տուրքի մասով գործի ծախսը կազմում էր մոտ 14000 դրամ, հիմա այն դարձել է մոտ 50000 դրամ»,- ասում է իրավապաշտպանը։
Քաղաքացիական հասարակության մտահոգությունները
Նախագծին դեմ էր արտահայտվել Մարդու իրավունքների՝ այդ օրերի պաշտպան Արման Թաթոյանը։ Նա դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու պետական տուրքի նոր դրույքաչափերը։
Հասարակական կազմակերպությունները ևս քննադատել էին այս նախագիծը՝ նշելով, որ տուրքերի նվազագույն չափի՝ միջինում 4 անգամ ավելացումը խոչընդոտ է փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար և հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։
Ինչ փոխվեց և չփոխվեց
«Ամփոփ Մեդիան» հարցման միջոցով Դատական դեպարտամենտից և Ֆինանսների նախարարությունից փորձեց պարզել, թե որքան փաստացի ծախս է կատարվել դատարանների վրա 2020-2024 թվականներին, և որքան են եղել դատարաններից ստացված եկամուտները։
Ստացված պատասխանը վկայում է, որ տուրքերից ձևավորված եկամուտները 2020-2022 թթ․ կայուն աճել են, սակայն 2023-ից սկսած՝ նվազման միտում կա։ 2024 թ․ ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2020-2021 թթ․ ցուցանիշներից, բայց ցածր՝ 2022 և 2023 թվականների համեմատ։
Դատական համակարգի պահպանման ծախսերը, ընդհակառակը, տարեցտարի աճում են։ Եթե 2021-ին պետությունը հատկացրել էր 12 միլիարդ դրամ, ապա 2024-ին՝ շուրջ 18 միլիարդ։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ևս փաստում է, որ դրույքաչափերի ավելացումից հետո էլ փոխհատուցումն ամբողջությամբ չի ապահովվում։
«Դատարանը բիզնես չէ, որ ծախսաարդյունավետ կերպով գործի։ Այն ծախսածից ավել աշխատելու նպատակ չունի և չի կարող ունենալ»,- ասում է Դավիթ Ղարիբյանը։
Դատավորները, հաշվի առնելով անձի գույքային դրությունը, կարող են նաև ազատել անձին պետական տուրք վճարելու պարտականությունից կամ հետաձգել այն։ Նախագծի ներկայացման ժամանակ այս հնարավորության մասին էին հիշեցնում Արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան դատարանի մատչելիության իրավունքի խախտման մեղադրանքների։
Դատական դեպարտամենտի՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2020-2024 թվականների ընթացքում պետական տուրքերից ազատված գործերի քանակը կազմել է 2 438: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020-ին՝ 718 գործ, իսկ ամենացածրը եղել է դրույքաչափերի բարձրացման տարում՝ 381 գործ։
2025 թվականի մայիսի 14-ի դրությամբ՝ Հայաստանում պաշտոնավարում է 318 դատավոր։ Մեր ուսումնասիրման առարկա էր նաև դատավորների ծանրաբեռնվածության դինամիկան վերջին հինգ տարիների ընթացքում՝ մասնավորապես քաղաքացիաիրավական, վարչական և սնանկության գործերով։
Ստորև ներկայացված գծապատկերում կարելի է տեսնել քաղաքացիկան գործերի թիվը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որն ուսումնասիրել ենք Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից։
Օրենքի փոփոխությանը հաջորդած երկու տարիների ընթացքում դիմումների քանակը չի նվազել, հակառակը՝ 2021 թվականի համեմատ 2022-ին քանակն ավելացել է ավելի քան 29 հազարով, 2023-ին՝ շուրջ 28 հազարով։ Նվազումը, սակայն, զգալի է 2024 թվականին, երբ ստացված դիմումների քանակը գրեթե 12 հազարով պակաս է եղել։
Նման տեմպերով նվազման պատճառը, սակայն, ակնհայտորեն, դրույքաչափերի փոփոխությունը չէ։ Ծանրաբեռնվածության թոթափմանը, ինչպես մեզ փոխանցել են Արդարադատության նախարարությունից, զգալիորեն նպաստել է այն հանգամանքը, որ 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործեր 2023-ից փոխանցվում են նոտարներին։
Բացի դրանից, թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական և թե՛ սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը, ինչը թույլ է տալիս ավելի արագ քննել գործերը։ Մյուս կողմից՝ քաղաքացիական գործերով ակնհայտ անհիմն հայցերը սահմանվել են որպես հայցադիմումը մերժելու հիմք՝ առանց գործ հարուցելու։
Իրավապաշտպան Մարիամ Անտոնյանը ևս այն կարծիքին է, որ գործերի քանակի նվազումը տուրքերի բարձրացման հետևանք չէ։
«Ծանրաբեռնվածության թոթափման մասին խոսելիս՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ որ դատարանի մասին է խոսքը։ Օրինակ, քաղաքացիականում՝ այո, ակնհայտ է, որ որոշ առումով թեթևացել է ծանրաբեռնվածությունը։ Բայց քրեական գործերի մասով աճ կա»,- ասում է մասնագետը։
Անտոնյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունները կիրառական ազդեցություն չեն ունեցել, եթե հիմնվենք գործերի քանակի վիճակագրության վրա։ Վիճակագրությունը, ըստ մասնագետի, ցույց է տալիս գործերի կրկնակի աճ՝ 2022 թվականին մոտ 10 հազար, 2023-ին՝ ավելի քան 13 հազար, իսկ 2024-ին՝ ավելի քան 21 հազար գործ:
Ընդհանուր իրավասության դատարանում 10,000 բնակչի հաշվով՝ քաղաքացիական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2020-2023 թվականներին Լոռու և Շիրակի մարզերը ծանրաբեռնվածությամբ առաջին տեղում են եղել, սա այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում երկու մարզում էլ եղել է քաղաքացիական գործ քննող 9 դատավոր։
Պատկերը փոխվել է միայն 2024-ին․ նախորդ տարի գործերի ամենամեծ թիվը եղել է Երևանում, որին հաջորդել է Արարատի և Վայոց Ձորի մարզային դատարանը։
Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավորի բաժին հասած գործերի քանակով ամենածանրաբեռնվածը Արարատի և Վայոց Ձորի դատարանն է, որտեղ նախորդ տարի 7 դատավորներից յուրաքանչյուրին բաժին է ընկել 1431 գործ։ Կոտայքի մարզի դատարանը հաջորդ ամենածանրաբեռնվածն է եղել 2024-ին։ Այստեղ գործում է 6 դատավոր, որոնցից յուրաքանչյուրը քննում է քաղաքացիական 1137 գործ։ Իհարկե, շատ դեպքերում դատավորների ծանրաբեռնվածությունն անհամաչափ է, քանի որ, կախված աշխատանքային փորձից կամ այլ հանգամանքներից՝ գործերի բաշխումը դատավորների միջև կարող է տարբեր լինել։
Ստորև կարելի է տեսնել դատարանների ծանրաբեռնվածությունը Վարչական, Վերաքննիչ վարչական, Վերաքննիչ քաղաքացիական և Սնանկության դատարաններում 2020-2024 թվականներին (Խմբ․ դատական համակարգի կառուցվածքի մասին մատչելի տեսահոլովակն այստեղ)։
Նկատելի է, որ բոլոր դատարաններում գործերի թիվը վերջին տարիներին աճել է։ Աճը հատկապես զգալի է Վարչական դատարանում, որտեղ գործերի թիվը 2023-ի համեմատ 2024-ին 10,352-ով ավել էր։ Հետևաբար, ավելացել է նաև դատավորների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում։
Ըստ իրավապաշտպան Մարիամ Անտանյանի՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրից (ՀԸԳՀ – CEPA) բխում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ընդունում, ինչպես նաև դատավորների թվի ավելացում։
Ռազմավարությունը Կառավարությունն արդեն ընդունել է։ Դավիթ Ղարիբյանը նշում է, որ CEPA-ի ստորագրումից ի վեր, դատավորների մոտ 90 հաստիք է ավելացել։
«Հետաքրքիր մի բան. հիմա գործող 320 դատավորների 60%-ը հենց 2018 թվականի ապրիլից հետո նշանակված դատավորներ են։ Այսինքն CEPA-ի ընդունումից հետո և թիվն է ավելացել, և համակարգում սերնդափոխություն է եղել»։
Չնայած տուրքի դրույքաչափերի միջինում քառակի բարձրացմանը, դատավորների թվի ավելացմանը և դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ընդունմանը, որոշ դատարանների ծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, որոշ դեպքերում այն նույնիսկ ավելացել է։
Դատական համակարգի ծանրաբեռնվածությունը որոշ դեպքերում նվազել է՝ ոչ այնքան տուրքերի բարձրացման, որքան գործընթացների մեխանիկական պարզեցման հաշվին։ Միևնույն ժամանակ, տուրքերից հավաքագրված գումարները չեն ծածկում դատական համակարգի պահպանման աճող ծախսերը, ինչն ընդգծում է, որ վարչական և ֆինանսական նման միջամտությունները բավարար չեն համակարգում էական բարելավումներ ապահովելու համար։
Հեղինակ՝ Օֆելյա Սիմոնյան
Գծապատկերները՝ Օֆելյա Սիմոնյանի, Կարինե Դարբինյանի
Հիմնական նկարը պատրաստվել է արհեստական բանականության գործիքով
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը (հեղինակները)։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/05/2025