Դըրբըզեք

Օպերատոր Բենիամին Կարախանյանի անձնական արխիվը կարիք ունի թվայնացման

Արցախյան ազատամարտի ու պատմամշակութային ժառանգության վավերագրողը

Oպերատոր Բենիամին Կարախանյան

1988թ․ սկիզբ առած Արցախյան շարժման վավերագրումը մի քանի հոգու ուսերին էր։ Oպերատոր Բենիամին Կարախանյանը նրանցից մեկն էր։ 36 տարի առաջ Արցախի հանրային հեռուստատեսությունը եթեր մտավ այդ մարդկանց շնորհիվ։

Շարժման հասակակից հեռուստատեսության եթերում հիմնականում շարժումն ու գոյամարտն էր։ Փոփոխական հաջողություններով ընթացող ազատամարտի շատ ու շատ դրվագներ վավերագրել է օպերատոր Բենիամին Կարախանյանը։

Կյանքի 35 տարիներն Արցախի հանրայինում անցկացրած մեր զրուցակիցը 74 տարեկանում մեծ դժվարությամբ է տեսախցիկը ցած դրել ու դուրս եկել Արցախից։

«Սեպտեմբերի 19-ին որ սկսեցին խփել Ստեփանակերտին, արդեն պարզ էր, որ պատերազմը վերսկսվել է։ Անմիջապես գնացի հեռուստատեսություն, Հրայրին՝ տնօրենին, ասացի՝ էն ջահելներին մի ուղարկի մահվան բերան․ մի տեսախցիկ տվեք, ես կգնամ դիրքեր, կնկարահանեմ՝ ինչ պետք է։ Հրայրը թե՝ ես էլ եմ շատ ուզում, Բենո, բայց ՊԲ-ն չի թույլատրում․․․Այդպես էլ ոչ մի կադր չունեցանք վերջին պատերազմից»,-ափսոսանքով պատմում է արցախյան գրեթե բոլոր պատերազմների վավերագիրը։

Առաջնագծում տիրող իրավիճակը, տղաների հերոսություններն ու ազատագրված տարածքներում արված առաջին կադրերը հեռուստատեսություն հասցնելու համար թե քանի անգամ է մահվան աչքերին նայել, ձյաձ Բենոն չի հիշում, բայց մի քանի դրվագ շատ է տպավորվել։

«Գնացել էինք Թալիշի ազատագրումը նկարահանելու։ Գումարտակի հրամանատարն էր մեզ ուղեկցում, քանի որ շուրջ բոլոր ականապատված էր ու նեղ արահետով պետք է շարժվեինք։ Նկարահանումն ավարտեցինք, ու երբ արդեն պիտի վերադառնայինք Ստեփանակերտ, ուղեկցող չկար։ Հրամանատարն ասաց՝ հիշո՞ւմ եք արահետը, ասացի՝ հա, մենք հետ կգնանք։ Ես ու երջանկահիշատակ Վարդգես Բաղրյանն էինք։ Կես ճանապարհին ադրբեջանցիները նկատեցին մեզ ու ականանետով հո չէին խփում․․․ Տեսաերիզը հանեցի, տվեցի Վարդգեսին, ասացի՝ ես առաջ եմ ընկնում, էլ ինչ կլինի՝ կլինի․ դու մի քիչ դանդաղեցրու ընթացքդ, որ գոնե դու ողջ մնաս ու կադրերը հասցնես հեռուստատեսություն»։

Այդ անգամ երկուսին էլ բախտը ժպտում է՝ ողջ են մնում, Թալիշի ազատագրման կադրերն էլ եթեր են հեռարձակվում։

Կշեռքի մի նժարին վավերագրությունը փրկելն էր, մյուսին՝ գերեվարվելու վտանգը

Ազատագրական պայքարի պատմությունը Բենիամին Կարախանյանի կադրերում ամփոփվել ու սրբությամբ են պահվել։ Մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր են ստեղծվել դրանց հիման վրա․ առաջինը «Պոլիգոն»-ն էր։

Ֆիլմը 1992 թվականին է ստեղծվել՝ Արցախի Հանրայինի ակունքներում կանգած երկու օպերատորների՝ Բենիամին Կարախանյանի ու Գագիկ Սիմոնյանի ջանքերով։

«Վավերագրելիս ուղղակի մտածում ես տեղի ունեցողը ֆիքսելու ու գալիք սերունդներին փոխանցելու մասին։ Ֆիլմ ստեղծելու գաղափարը հետո է ծնվում, երբ արդեն բավականին կադրեր ես ունենում ու զգում ես, որ դրանք ֆիլմի վերածելու կարիք կա»։

Քանի որ 1990-ականներին Արցախում ֆիլմարտադրության որևէ հնարավորություն չկար, «Պոլիգոն»-ը, իսկ 1995թ․ նաև հաջորդ վավերագրական ֆիլմը՝ «Անպաշտպան աշխարհամասը», միս ու արյուն են ստանում Մոսկվայում։

Զրուցակիցս այսօրվա պես է հիշում հատկապես «Անպաշտպան աշխարհամաս» ֆիլմի շնորհանդեսից հետո եղած արձագանքը․ ռուսական հեռուստաալիքները խնդրում էին, որ ֆիլմը ցուցադրելու իրավունք տրվի նաև իրենց․․․

Արցախյան առաջին պատերազմից մինչև վերջերս՝ Արցախի հայաթափումը, Բենիամին Կարախանյանի արած կադրերով մի քանի տասնյակի հասնող ֆիլմեր են ստեղծվել՝ այդ թվում մշակութային ֆիլմաշար։

Տասնամյակների ընթացքում ստեղծված ժառանգության զգալի մասը զրուցակցիս հաջողվել է փրկել, բառի բուն իմաստով՝ փրկել ոչնչացումից։

«Սեպտեմբերի 27-ն էր։ Ուրիշի մեքենայով պիտի դուրս գայինք Ստեփանակերտից․ ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո պետք է ղեկին նստեի ու ընտանիքս հանեի Արցախից։ Որոշել էի, որ անձնական արխիվս, ինչ էլ լինի, պիտի փրկեմ։ Տանն էլ գիտեին, որ առանց արխիվի դուրս եկողը չեմ։ Բեռնախցիկում խնամքով տեղավորեցի տեսաերիզները, կոշտ սկավառակը, մի խոսքով՝ ամբողջ արխիվը։ Հնարավորինս ծածկեցինք, որ Հակարիի մոտ չնկատեն ու ճանապարհ ընկանք։ Մինչև կամուրջն անցնելը գրեթե բոլորս վստահ էինք, որ ինձ բռնելու են ու տանեն Բաքու․․․»,- թեթևակի ժպիտով հիշում է զրուցակիցս։

Այն, որ մեծ էր «բռնվելու» վտանգը, իրոք, անժխտելի է, բայց կատարվածից հետո պատմությունը չփրկելու տարբերակը քննարկման ենթակա չէր։

Հակարիի մոտ՝ ադրբեջանական ապօրինի անցակետում, մեքենայի բեռնախցիկը բացել են տալիս, բայց, բարեբախտաբար, ադրբեջանցիները չեն նկատում տեսաերիզները։ Կամուրջն անցնում են՝ փրկելով Արցախից ու նրա փառավոր անցյալից մնացած եզակի վավերագրությունները։

Տեսաերիզների թիվը կամ մոտավոր տևողությունը զրուցակիցս չի հիշում, բայց հստակ հիշում է՝ արխիվում 1992-ից սկսած կադրեր կան։ Ցավով է նշում՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի վավերագրություններ անձնական արխիվում չի պահել, քանի որ Արցախի հանրայինն արդեն թվայնացման հնարավորություն ուներ և այդ առումով հանգիստ էր։

«2020թ․ հասել ենք Լելե Թեփե, «Եղնիկներ», շրջել Ջրականի գրեթե բոլոր դիրքերով, եղել ամենահեռավոր հատվածներում, բայց, ցավոք, ոչ մի կադր այդ օրերից ինձ համար չեմ արխիվացրել։ 44-օրյայի վավերագրություններն Արցախի Հանրայինի արխիվում էին, դրանք էլ չեն փրկվել․․․»։

2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ դիրքեր մեկնելու ու պատերազմը վավերագրելու առաջարկը մերժվում է, Բենիամին Կարախանյանը դուրս է գալիս փողոց ու հեռախոսով նկարում այն, ինչ աչքը որսում է։

Փրկված պատմության անորոշ ճակատագիրը

Արխիվային կադրերից մոտ մեկ տերաբայթ (ՏԲ) զրուցակիցս կարողացել է թվայնացնել, բայց մեծածավալ արժեքավոր նյութ դեռ տեսաերիզների վրա է։ Ադրբեջանական վանդալիզմից փրկել հաջողվել է, բայց հնարավորինս արագ դրանք թվայնացնելու անհրաժեշտություն կա։

Օպերատոր Բենիամին Կարախանյանի արխիվի մի մասը

Պատմության փրկված նմուշները պահպանելու, սերունդներին փոխանցելու կարևորությունը, թվում է թե, բոլորը պիտի հասկանան։ Փաստացի, այսքանից հետո այդ բեռն էլ է մնացել Բենիամին Կարախանյանի վրա։ Հիմա էլ փորձում է հովանավորներ գտնել, որպեսզի Արցախյան ազատամարտի եզակի վավերագրությունները, պատմամշակութային ժառանգության մասին պատմող նյութերը թվայնացվեն ու սերունդներին փոխանցվեն։

«Իմ ձեռքին տեսախցիկն էր ու միշտ մտածել եմ՝ ֆիքսեմ, վավերագրեմ տեսածս, որ փոխանցեմ սերունդներին։ Ու հիմա ափսոսում եմ, ցավում եմ, որ տիրություն անող չկա։ Ես այսօր կամ, վաղը չեմ լինելու։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարելի է տիրություն չանել այս ժառանգությանը․․․ Մեր պատմությունն է այս կադրերում, փրկել է պետք, տիրություն անել է պետք»,-ծանրացած սրտով ավելացնում է Արցախի հանրային հեռուստատեսության նվիրյալ, 74-ամյա վավերագիրը։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Վիզուալ նյութերը տրամադրել է Բենիամին Կարախանյանը
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/10/2024