2023 թ․-ին Հայաստանի Հանրապետության բնակչության 23.7%-ը կամ շուրջ 700,000 մարդ ապրել է աղքատության մեջ։ Բավական բարձր այս ցուցանիշը շարունակում է մտորելու առիթ լինել, անգամ այն պարագայում, երբ նախորդ՝ 2022թ․-ի համեմատ, աղքատության մակարդակը ՀՀ-ում նվազել է 1.1 տոկոսային կետով։
0,6 տոկոսային կետով էլ նվազում է գրանցվել մանկական աղքատության ցուցանիշների պարագայում, բայց ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն չի ունեցել։ Հայաստանում յուրաքանչյուր երեք երեխայից մեկը շարունակում է ապրել աղքատության մեջ։ 2023թ.-ին 0-18 տարեկան երեխաների շրջանում աղքատ երեխաները կազմել են 31.7%, նախորդ տարվա 32.3%-ի նմատմամբ։
Հայաստանում յուրաքանչյուր երեք երեխայից մեկն ապրում է աղքատության մեջ։
Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմեր` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը:
2019թ.-ից Հայաստանում աղքատության ցուցանիշները հաշվարկվում են Համաշխարհային բանկի վերանայված մեթոդաբանությամբ, ինչը ենթադրում է, որ աղքատության մակարդակը նախկին երեք գծի փոխարեն ներկայացվում է չորս գծով՝ պարենային կամ ծայրահեղ աղքատներ, աղքատներ ըստ ստորին, վերին և միջին գծերի (ցուցանիշները ստորև գծապատկերում):
Ըստ այդմ, 2023-ին, վերին գծի աղքատ են համարվել նրանք, ում ամսական ծախսած գումարը մեկ չափահաս անձի հաշվով չի գերազանցել 64,146 դրամը։ Շատ կամ չափավոր աղքատ են համարվել նրանք, ում սպառումը ցածր է եղել ստորին գծից՝ չգերազանցելով 43,036 դրամը, և ծայրահեղ աղքատ կամ թերսնված՝ նրանք, ովքեր սպառել են մինչեւ 29,786 դրամ կամ օրական 1000 դրամից էլ պակաս գումար: Իսկ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից՝ կազմելով մինչև 53,590 դրամ։ Սա աղքատության վերին և ստորին գծերի միջինն է։
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, 2023թ. II եռամսյակի դրությամբ կազմել է 80,045 դրամ, իսկ պարենային զամբյուղինը, այսինքն միայն սննդի համար ամսական մեկ շնչի հաշվով հաշվարկված գումարը՝ 43,268 դրամ։
Հայաստանում ծայրահեղ աղքատ համարվում են այն քաղաքացիները, ում ամսական սպառվող գումարը մեկ չափահաս անձի հաշվով կազմում է մինչև 29,786 դրամ։ ՀՀ-ում ավելի քան 32,000 քաղաքացի պաշտոնապես համարվում է ծայրահեղ աղքատ (2023թ․):
Այլ կերպ ասած, առնվազն 32,000 մարդ Հայաստանում թերսնված և քաղցած է։
Աղքատության մակարդակն ըստ մարզերի
Աղքատության մակարդակն ըստ մարզերի ներկայացնում ենք՝ հիմնվելով 2022թ-ի տվյալների վրա, քանի որ դեռևս հասանելի չեն 2023 թ.-ի համապատասխան տվյալները՝ դրանք համադրելով 2019թ․-ի մինչքովիդային, 2020թ․-ի քովիդային/պատերազմական և 2021թ․-ի հետքովիդային/հետպատերազմական տվյալների հետ՝ դինամիկան առավել տեսանելի դարձնելու համար։
Ստորև նշված աղյուսակն ավելի նպատակային օգտագործելու համար յուրաքանչյուր ընթերցող կարող է աղյուսակի տարեթվերին սեղմել կամ որոնման պատուհանի միջոցով առանձնացնել մարզերից մեկի տողը՝ ուսումնասիրելու տվյալ մարզի աղքատության մակարդակները նշված տարիներին։
Ըստ այս տվյալների, 2022-ին Հայաստանի ամենաաղքատ մարզերն են՝ Շիրակը (41.6%), Արմավիրը (40.8%), Տավուշն (37.4%) ու Գեղարքունիքը (33.9%)։ Աղքատության ամենացածր մակարդակը Սյունիքում է (5.4%) և Արագածոտնում է (7.9%)։
Արագածոտնի պարագայում նշված ցուցանիշը առնվազն տարօրինակ է թվում, երբ այն համադրում ենք նախորդ երեք տարիների ցուցանիշների հետ և նկատում, որ մինչև քովիդը, այսինքն 2019թ․-ին, Արագածոտնը 51.4%-ով գլխավորում էր ամենաաղքատ մարզերի ցանկը։ Սրա վերաբերյալ ՀՀ Վիճակագրական կոմիտեն տալիս է իր հիմնավորումը՝ նշելով, որ 2019-ին Արագածոտնի աղքատության այսքան բարձր մակարդակի պատճառը նշված մարզում զգալի քանակով ապահով տնային տնտեսությունների շրջանում «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությանը» մասնակցելուց հրաժարումներն են եղել։
Եթե Արագածոտնում աղքատության մակարդակի կտրուկ նվազում է գրանցվել, ապա Արմավիրում և Տավուշում աղքատությունը հետքովիդային/հետպատերազմյան տարիներին զգալիորեն բարձրացել է։ 2022-ին աղքատությունն աճել է նաև մայրաքաղաք Երևանում։
Ուշագրավ է Արմավիրի աղքատության մակարդակի աճը։ 2019-ի համեմատ 2022-ին Արմավիրում աղքատության մակարդակն աճել է շուրջ երկու անգամ։ Այս ցուցանիշով Արմավիրը առաջին անգամ հայտնվել է ամենաաղքատ մարզերի քառյակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնակը և առաջ անցնելով Գեղարքունիքի ու Տավուշի մարզերից։ Քառյակի առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Շիրակի մարզը, որը բոլոր ժամանակների ամենաաղքատ մարզն է։
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում քննարկվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունների համաձայն, ներդրվելու է նաև անապահովության նպաստների նոր գործիք, որով նախատեսվում է հասցեական լուծումներ տալ՝ հնարավորություն ստեղծելով ծայրահեղ աղքատ բոլոր ընտանիքներին ներառել համակարգ։
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակներ՝ Մարիամ Անդրեասյան, Կարինե Դարբինյան
Թեմատիկ ինֆոգրաֆիկների հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Կարինե Դարբինյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
- Բուժման նպատակով ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ
- Բենզինն ու դիզելը թանկացել են, այլ վառելանյութերը՝ էժանացել
- Օղին թանկացել է, գինին՝ էժանացել․ հունվար-հուլիս, 2024թ․
- Ռեստորանային ու հյուրանոցային ծառայությունները թանկացել են 3.1%-ով
- Մեկ տարում տրանսպորտը թանկացել է 10%-ով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/09/2024